Ինդոնեզական Բալի կղզու ափերի մոտ հրդեհվել է ուղևորատար լաստանավը, որը շարժվում էր դեպի հարևան Լոմբոկ կղզի։ Փրկարարները տարհանել են 211 մարդու և հայտնաբերել 19-ամյա ուղևորուհու մարմինը, հայտնում է Associated Press-ը։
Putri Yasmin լաստանավը շարժվում էր Բալիից դեպի Լոմբոկ, երբ չորեքշաբթի տեղական ժամանակով մոտ 04:15-ին նավի վրա հրդեհ է բռնկվել։ Նավը տեղափոխում էր նաև 44 ավտոմեքենա և 53 մոտոցիկլ։
Մատարամի փրկարար ծառայությունն աղետի ազդանշանը ստացել է հրդեհի սկսվելուց մոտ կես ժամ անց և դեպքի վայր փրկարար նավեր է ուղարկել։

Ինդոնեզիայի Որոնման և փրկարարական ազգային գործակալության տվյալներով՝ օրվա կեսին փրկարարներին հաջողվել է այրվող լաստանավից տարհանել 211 մարդու, որոնց թվում՝ Ավստրալիայի երկու քաղաքացու։ Հայտնաբերվել է նաև 19-ամյա Ինդոնեզիայի քաղաքացուհու մարմինը։
Փրկարարական գործողությունն անցկացվել է բարդ պայմաններում՝ ուժեղ ալեկոծության պատճառով։ Դեպքի վայրում ալիքների բարձրությունը հասնում էր 4 մետրի։ Գործողությանը ներգրավվել են վեց նավ, ուղղաթիռ, երկու փչովի նավակ և երկու մասնավոր զբոսանավ։
Առնվազն երկու տուժած տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։

Սկզբում հաղորդվում էր, որ նավի վրա գտնվել է 131 մարդ, նրանց թվում՝ անձնակազմի 17 անդամ, ըստ նավային մանիֆեստի։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարեցին, որ լաստանավում մարդկանց փաստացի թիվն ավելի մեծ է եղել, քան նշված էր փաստաթղթերում։ Տարբերության պատճառները դեռ չեն պարզվել։
Փրկվածների պատմելով՝ հրդեհը, ենթադրաբար, սկսվել է բեռնատար ավտոմեքենայից, որից հետո արագ տարածվել է նավով մեկ։ Հրդեհի պատճառները պարզվում են։
Փրկարարական գործողությունը շարունակվում է, իշխանությունները շարունակում են ստուգել ուղևորների վերաբերյալ տվյալները և պարզել նավում գտնվող բոլոր մարդկանց ճակատագիրը։
Միջադեպը տեղի է ունեցել Ինդոնեզիայի մեկ այլ՝ Mutiara Sentosa 2 լաստանավում Յավա կղզու ափերի մոտ բռնկված հրդեհից երկու շաբաթ էլ չանցած։ Այդ ժամանակ զոհվել էր առնվազն հինգ մարդ։
Ինդոնեզիան, որն ունի ավելի քան 17 հազար կղզի, լայնորեն օգտագործում է լաստանավերն ուղևորափոխադրումների համար։ Նավերի վթարները տեղի են ունենում պարբերաբար, և պատճառներից մեկը մասնագետները համարում են անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ անբավարար վերահսկողությունը։