Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ ինքնուրույն դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, սակայն, նրա կարծիքով, ի վերջո ստիպված կլինի դա անել ճնշման ներքո, հաղորդում է Укринформ-ը։
Ելույթ ունենալով Ուկրաինական երիտասարդական ֆորումում՝ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան միջազգային գործընկերների հետ միասին մշակել է գործողությունների ծրագիր՝ ուղղված Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացմանը։
«Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք։ Դա մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր է այն մասին, թե ինչպես ճնշում գործադրել նրա (Պուտինի- խմբ.) վրա»,- ասել է Զելենսկին։
Նրա կարծիքով՝ այս ռազմավարության իրականացման մեջ կարևոր դեր է խաղում իրավիճակը ռազմաճակատում։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը պետք է պահեն իրենց դիրքերը, քանի որ դա Կիևին հնարավորություն է տալիս Մոսկվայի հետ բանակցել ավելի ուժեղ դիրքերից։
«Երբ մարտի դաշտում իրավիճակը բավարար չափով ուժեղ չէ, երկխոսությունը վերածվում է չափազանց մեծ փոխզիջումների, որոնք չեն բխում Ուկրաինայի շահերից»,- հայտարարել է նախագահը։
Զելենսկին Ուկրաինայի գլխավոր ռազմավարական խնդիրն անվանել է ռուսական ղեկավարության ծրագրերին հակազդելը։ Նրա համոզմամբ՝ Մոսկվան մտադիր է ավելացնել մոբիլիզացիան և բանակ ներգրավել հնարավորինս շատ մարդկանց։
Այս կապակցությամբ Ուկրաինայի նախագահը միջազգային գործընկերներին կոչ է արել մեծացնել ռազմական աջակցությունը, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։ Ուկրաինական ուժերի խնդիրների շարքում նա նաև առանձնացրել է պատասխան հարվածներ հասցնելը։
«Մենք պետք է պատերազմը վերադարձնենք Ռուսաստանի տարածք։ Դրանից հետո ռուսական հասարակությունը սեփական մաշկի վրա կզգա այս պատերազմի հետևանքները և ճնշում կգործադրի իշխանությունների վրա»,- հայտարարել է Զելենսկին։
Նա հայտնել է նաև, որ Ուկրաինան ավելի վաղ ԱՄՆ-ին է փոխանցել հետագա քայլերի վերաբերյալ առաջարկներ, որոնք, Կիևի կարծիքով, պետք է ուժեղացնեն Ռուսաստանի վրա ճնշումը և մոտեցնեն պատերազմի ավարտը։