Չինաստանը մարտահրավեր է նետում Volkswagen-ին և MG-ին․ Aion-ը Եվրոպայի համար պատրաստում է էժան էլեկտրամոբիլ

Չինական Aion բրենդը պատրաստվում է բրիտանական շուկա մտնել նոր UT էլեկտրական հեչբեքով, որը կդառնա Volkswagen ID 3-ի և MG 4 EV-ի մրցակիցը։ Մոդելի վաճառքները կսկսվեն հոկտեմբերին, իսկ դրա գինը կկազմի 30 հազար ֆունտ ստեռլինգից պակաս, գրում է Autocar-ը։

Aion UT-ը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 431 կմ։ Մարտկոցը կարելի է լիցքավորել 30%-ից մինչև 80%՝ 24 րոպեում։

Ավտոմեքենան համալրված է 204 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով և կարող է 100 կմ/ժ արագության հասնել 7,3 վայրկյանում։

Մոդելը մշակվել է Միլանում։ Չափերով UT-ը փոքր-ինչ գերազանցում է Volkswagen ID 3-ին՝ այն ավելի երկար և լայն է։ Aion-ում դա բացատրում են չինացի գնորդների պահանջներով, որոնց համար հատկապես կարևոր է ընդարձակ ներքին տարածքը։

Ընկերությունում նախկինում UT-ը անվանել էին «Mini-ի չինական տարբերակ»՝ ընդգծելով ավտոմեքենայի կոմպակտ չափերը և դրա համալրման նկատմամբ ավելի պրեմիում մոտեցումը։

Սրահում տեղադրված է մուլտիմեդիա համակարգի 14,6-դյույմանոց էկրան և 8,8-դյույմանոց թվային գործիքակազմի վահանակ։ Չինական շուկայի համար նախատեսված ավտոմեքենաներում առջևի նստատեղերը կարելի է ամբողջությամբ ծալել՝ սրահը հետևի շարքի հետ միասին վերածելով քնելու վայրի նմանության։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այդ հնարավորությունը կպահպանվի բրիտանական տարբերակում։

Aion-ը խոստանում է օգտագործել որակյալ նյութեր, թեև որոշ տարրեր միայն նմանակում են ավելի թանկ հարդարանքը։ Օրինակ՝ պլաստիկե պատուհանագոգերը պատրաստված են այնպես, որ հիշեցնեն կարված կաշի, իսկ դռների ներքին մակերեսը ոճավորված է կարբոնի տեսքով։

UT-ը կվաճառվի մեկ համալրմամբ։ Լրացուցիչ վճարի դիմաց գնորդները կկարողանան ստանալ առջևի նստատեղերի օդափոխություն, պանորամային ապակե տանիք և բեռնախցիկի դռան էլեկտրաշարժիչ։

Բրիտանական շուկայի համար Aion-ը նաև վերակարգավորել է ավտոմեքենան՝ հաշվի առնելով տեղական ճանապարհների առանձնահատկությունները։ Ընկերությունը փոխել է կախոցի կարգավորումները, որպեսզի UT-ն ավելի լավ հաղթահարի Մեծ Բրիտանիայի ճանապարհների անհարթություններն ու փոսերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *