Միայնությունն ու սոցիալական մեկուսացումը կարող են կրճատել առանց հիվանդությունների կյանքի տևողությունը, ընդ որում՝ տղամարդիկ և կանայք դրանից տարբեր կերպ են տառապում․ գրում է Euronews-ը։
Սոցիալական մեկուսացումը նշանակում է սահմանափակ շփումներ և մասնակցություն այլ մարդկանց կյանքին, մինչդեռ միայնությունը շրջապատող աշխարհից կտրված լինելու սուբյեկտիվ զգացողությունն է։ Չնայած այս երկուսը նույնը չեն, Nature Communications ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը պարզել է, որ երկուսն էլ կապված են առողջ կյանքի ավելի քիչ տարիների հետ։
Հետազոտությունները պարզել են, որ, միջին հաշվով, միայնությունն ու սոցիալական մեկուսացումը մարդկանց «արժենում» են հիվանդություններից զերծ մոտ 6 տարի՝ ազդելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա։
Հետազոտողներն այսպիսի եզրակացության են եկել 40-ից 69 տարեկան ավելի քան 270․000 մեծահասակի տվյալների վերլուծությունից հետո։
«Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը պարզել է, որ սոցիալական մեկուսացումը և միայնությունը կարող են զգալի ազդեցություն ունենալ հիվանդություններից զերծ կյանքի տևողության վրա», – ասել է Թուլեյնի համալսարանի պրոֆեսոր, առաջատար հեղինակ Լու Ցին։
Լավ լուրն այն է, որ առողջ ապրելակերպի պահպանումը կարող է մեղմել սոցիալական մեկուսացման բացասական ազդեցությունը։ Վատ լուրն այն է, որ այն, կարծես, չի փոխհատուցում միայնության պատճառած վնասը։ 50 տարեկանում միայնություն և սոցիալական մեկուսացում ապրող անհատներն ավելի քիչ են ապրել առանց լուրջ քրոնիկ հիվանդությունների, քան նրանք, ովքեր չեն բախվել այդ գործոններին։
Տղամարդիկ և կանայք նույն կերպ չեն տառապում միայնությունից և սոցիալական մեկուսացումից։ Քանի որ կանայք կարող են առաջնահերթություն տալ հուզական կապին, նրանց հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն ավելի սերտորեն են կապված միայնության հետ, մինչդեռ տղամարդկանց հոգեկան առողջության դեպքում ավելի ուժեղ կապ է նկատվում սոցիալական մեկուսացման հետ։
Կանանց շրջանում միայնությունն ու սոցիալական մեկուսացումը հանգեցրել են ֆիզիկական առողջության վատթար վիճակում անցկացված 2,4 տարվա և հոգեկան առողջության վատթար վիճակում անցկացված 3,7 տարվա, իսկ տղամարդկանց դեպքում դա նշանակել է ֆիզիկական հիվանդություններից զերծ կյանքի 1,7 տարվա և հոգեկան խանգարումներից զերծ կյանքի 5,8 տարվա կորուստ։
Հեղինակները նշել են, որ սեռերի միջև առկա այս տարբերությունը կարող է բացատրվել նրանով, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ստանում աջակցություն և հասնում հոգեբանական բարեկեցության. տղամարդիկ հակված են ավելի շատ ապավինել ֆիզիկական ներկայությանն ու հաճախակի սոցիալական շփումներին, իսկ կանայք՝ հուզական աջակցությանը։