Հարևան երկրի դրոշ այրելը խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով դաշնակցականների կողմից Թուրքիայի դրոշը վառելու հերթական քայլին։

«Ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավել ևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա:

Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ»,- գրել է նա:

Լավագույնը նրանք են, ովքեր ձեր հետ բիզնեսներում «օրթա՞խ» են եղել․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի (« Կալուգաի Սամո») վերջին հայտարարություններին՝ կապված Բաքվում գտնվող նախկին պաշտոնյաների հետ։

Պատգամավորը հարցականի տակ է դրել քաղաքացիներին «լավագույնների» և «մյուսների» բաժանելու ընդդիմադիր տրամաբանությունը։

Վահագն Ալեքսանյանը նկատել է, որ Սամվել Կարապետյանը «մեր լավագույն հայրենակիցներ» է անվանում Բաքվի բանտերում գտնվող Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին կամ Ռուբեն Վարդանյանին։ Պատգամավորը շեշտել է, որ թեև բոլորն էլ մաղթում են նրանց շուտափույթ վերադարձ, սակայն նման որակումներն առնվազն տարակուսելի են։

«Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում էլ ուրիշ լավագույն քաղաքացի չկա՞։ Օրինակ՝ հիմա զինվորական ծառայություն անցնող տղերքը լավագույնը չե՞ն։ Թե՞ լավագույնը հենց նրանք են, ովքեր ձեր հետ իշխանության մեջ են եղել կամ բիզնեսներում «օրթախ» (փայատեր) են եղել»,- նշել է Ալեքսանյանը։

Պատգամավորի խոսքով՝ նման հայտարարությունները վիրավորական են ՀՀ շարքային քաղաքացիների համար, ովքեր դուրս են մնում «լավագույնների» այդ նեղ ցանկից։

Ալեքսանյանն ընդգծել է, որ մարդկանց կարգավիճակը հարգելն ու ազատություն մաղթելը մեկ բան է, բայց նրանց բացառիկ «լավագույն» հռչակելը՝ բոլորովին այլ։

«Եթե այդ մարդիկ լավագույնն են, իսկ մյուսները ի՞նչ դասակարգումով են անցնում՝ վա՞տ, ավելի վա՞տ, թե՞ վատագույն։ Հայաստանի քաղաքացիներն էլ այդ կատեգորիայի՞ են բաժանվում»։

Վարչապետ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։ 

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը

։ 

– Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս է վարչապետ Փաշինյանը գնահատում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի ընթացքում մասնակիցները կրկին այրել են Թուրքիայի դրոշը։

– Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է։

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր ճանաչվեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեջ, հաղորդում է «Ռուսթավի 2»-ը։

Դատարանը բռնագրավել է Բուրչուլաձեի հողատարածքն ու տունը Իսպանիայում, ինչպես նաև Վրաստանի Ծկնեթի քաղաքում գտնվող տունը։ Գործին մասնակցում են նաև պաշտպանության նախկին փոխնախարար Գիորգի Խաինդրավան և նախկին պաշտպանության նախարար Վասիլ Մխեիձեի աներորդին։ Նրանք դատապարտվել են ութ տարվա ազատազրկման։

Մեկ այլ մեղադրյալ՝ Պաշտպանության նախարարության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Գուդուշաուրին, ստացել է չորս տարվա պայմանական ազատազրկում, 10,000 լարի (3,700 դոլար) տուգանք և մեկ տարվա արգելք նախարարությունում պաշտոն զբաղեցնելու համար։

Դատախազությունը պնդում է, որ 2023 թվականին Ջուանշեր Բուրչուլաձեն ՄՌՏ սկաներ է գնել չափազանցված գնով՝ 1,5 միլիոն դոլարով։ Այս գումարից նա յուրացրել է 496,000 դոլար և բաժանել այն իր հանցակիցների միջև, ըստ քննիչների։ 2025 թվականի հունվարին նախկին նախարարի ընտանիքը Իսպանիայում գնել է 465,300 դոլար արժողությամբ առանձնատուն։ Դատախազությունը կարծում է, որ Ջուանշեր Բուրչուլաձեն փորձում էր լվանալ իր անօրինական եկամուտը։

Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է 2025 թվականի սեպտեմբերին։ Նա 2021-ից 2024 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։

Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում


Սպորտ


Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Աննա Ամրոյանը հրում վարժությունում գլխավերևում պահել է նախ 125 կգ, ապա 133 կգ և 136 կգ կշռող ծանրաձողերը: Այս արդյունքով Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել և սահմանել է ԵԱ-ի հրում վարժության նոր ռեկորդ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

 

Պոկում վարժությունում, սակայն, հայ մարզուհին հաջող մոտեցում չի ունեցել և չի կարողացել արդյունք ապահովել երկամարտում:

 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրել է 96 ու 100 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 120 կգ կշռող ծանրաձողը:Երկամարտի 220 կգ արդյունքով նա 17-րդն էր:

 

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 88 կգ քաշային կարգում այսօր հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը: Նա զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը` երկամարտի 355 կգ արդյունքով։ Հայ ծանրորդը պոկումում գրանցել է 160 կգ արդյունք և 8-րդն էր։ Հրում վարժությունում Հարությունյանը 195 կգ արդյունքով 7-րդն էր։




Պիոտրովսկի, Ավետիսյան, Տիմատի. ովքեր են հայտնվել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթում

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Ռուսաստանի հետ կապված ձեռնարկություններ և բիզնեսներ…