1000 նոր սոցբնակարանի ապահովման ծրագիր


Տեսանյութեր


ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՔՊԿ նախընտրական ծրագրի 96-րդ կետին՝ 1000 նոր սոցիալական բնակարանների ստեղծմանը։

«Մեր նախարարությունն ունի սոցիալական բնակարանային ֆոնդ, այս պահի դրությամբ մոտ 200 բնակարան ունենք, պլաններ ունենք շատացնելու մինչև 1000, որպեսզի տրամադրենք այնպիսի ընտանիքների, որոնք ունեն դրա կարիքը»,- ասել է նախարարը։

Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ ցանկը և պայմանները փոփոխվելու են, աշխատանքն ընթացքի մեջ է։ «Բազմաթիվ նախկին պետգույքի շենքեր հիմա վերափոխվում են սոցբնակարանների, ինչպես նաև կոնցեպտ ենք մշակելու, թե ինչպես ստեղծենք նաև նոր բնակարաններ։ Սա մեր հերթական կարևոր ծրագիրն է մեր խոցելի քաղաքացիների համար, որոնք ամանակավորապես կաեն սոցբնակարաններում, որպեսզի հետագայում ակրողանան մշտական բմակարան ունենալ։

Ծրագիրն արդեն սկսված է»,- մանրամասնել է Թորոսյանը։



Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին


Աշխարհ


ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստի աշխատանքներին:

 

Նիստի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հանդիպել է գործընկերների հետ, քննարկել խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

 

Մտքեր են փոխանակվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, ընդգծվել է նման ձևաչափում համագործակցության արդյունավետությունը: Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու խորհրդարանների աշխատակազմերի լավագույն փորձը, ինչպես նաև` մարտահրավերներն ու խնդիրները:



Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է Հայաստանի մոտեցումները կայուն զարգացման վերաբերյալ


Քաղաքականություն


Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Բանգկոկում անցկացվող ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) 82-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը։

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է տարածաշրջանային համագործակցությունը` որպես կայուն զարգացման ապահովման հիմք: Ընդգծվել է խաղաղության, դիմակայունության և փոխկապակցվածության ամրապնդման անհրաժեշտությունը, հատկապես կառուցվածքային սահմանափակումների բախվող երկրների համար: Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև դեպի ծով ելք չունեցող երկրների արտաքին ցնցումների նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու և դեպի շուկաներ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը:

 

ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությանն է հրավիրել այս տարի Հայաստանում հյուրընկալվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման հարցում ՀՀ նախագահության սկզբունքային մոտեցումներին ու տեսլականին: Այս առումով ընդգծվել է կենսաբազմազանության պաշտպանության առանցքային նշանակությունը պարենային անվտանգության, հանրային առողջապահության և տնտեսական կայունության ապահովման համար։

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները խթան են հանդիսացել տնտեսական համագործակցության և կայուն զարգացման առաջմղման համար՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Անդրադառնալով «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացմանը՝ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է հարևան երկրների հետ գործուն տնտեսական կապերի հաստատման, հաղորդակցությունների վերականգնման և տրանսպորտային ուղիների վերաբացման կարևորությունը՝ տարածաշրջանային դիմակայունության ամրապնդման համար։

 

Անդրադառնալով տեխնոլոգիական նորարարությամբ, սոցիալ-տնտեսական և կլիմայական գործոններով պայմանավորված գլոբալ սրընթաց փոփոխություններին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող համապարփակ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, էներգաարդյունավետության բարձրացմանը և էներգախնայողության խթանմանը։ Այս համատեքստում կարևորվել է միջուկային էներգիայի, արևային էներգիայի և էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի զարգացումը:

 

Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը՝ ուղղված միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների հետ բազմակողմ համագործակցության խթանմանը և կայուն զարգացման ուղղությամբ շոշափելի արդյունքների ապահովմանը։

 




Ղալիբաֆը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին, եթե Վենսը ժամանի. The New York Times


Քաղաքականություն


Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը, որը գլխավորել է իրանական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերջին փուլում, ներկայիս բանակցություններին կժամանի Իսլամաբադ միայն այն դեպքում, եթե դրանց մասնակցի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով երկու իրանցի պաշտոնյաների։

Նրանք հայտնել են, որ իրանական պատվիրակությունը նախատեսում է այցելել Իսլամաբադ ապրիլի 21-ին՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար։ Թերթի տվյալներով՝ Վենսը նույնպես ապրիլի 21-ին պետք է Վաշինգտոնից թռչի Պակիստան։



Իսրայելը խոստովանել է, որ իր զինվորը կոտրել է Հիսուսի արձանը Լիբանանում


Աշխարհ


Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱՀԱԼ) երկուշաբթի՝ ապրիլի 20-ին հաստատել են սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարի իսկությունը, որտեղ երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը մուրճով կոտրում խաչված Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը Լիբանանի հարավում: «Նախնական հետաքննությունն ավարտելուց հետո պարզվել է, որ լուսանկարում պատկերվածը իսրայելական բանակի զինվոր է»,- ասվում է ՑԱՀԱԼ-ի X ցանցում տարածված հայտարարության մեջ:

Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արձանը գտնվում էր Լիբանանի հարավում, Դեբլ քրիստոնեական գյուղում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ «այդ միջադեպին վերաբերվում է առավելագույն լրջությամբ», և որ «զինվորի վարքագիծը լիովին հակասում է զինվորականներից ակնկալվող արժեքներին»: Բանակի հրամանատարությունը վստահեցրել է, որ «համապատասխան միջոցներ կձեռնարկի ներգրավվածների նկատմամբ», և նշել, որ համագործակցում է տեղի համայնքի հետ՝ «արձանն իր նախնական տեղում վերականգնելու համար»:

Իսրայելի ռազմական ղեկավարության դիրքորոշումը պաշտպանել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը և միջադեպի համար ներողություն է խնդրել բոլոր այն քրիստոնյաներից, որոնց զգացմունքները վիրավորված են եղել։



Իրանը չի քննարկում հարստացված ուրանը երկրից դուրս բերելու հարցը. Tasnim


Քաղաքականություն


Բանակցությունների ոչ մի փուլում Թեհրանը Վաշինգտոնի հետ չի քննարկել հարստացված ուրանի արտահանումն ԱՄՆ կամ որևէ այլ երկիր, հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին: Այս մասին հայտնում է Tasnim-ը:

«Ընթացիկ կամ նախորդ բանակցությունների ոչ մի փուլում չի բարձրացվել իրանական հարստացված ուրանը Միացյալ Նահանգներ կամ որևէ այլ երկիր տեղափոխելու հարցը»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունը նույնիսկ նման տարբերակ չի քննարկում։

Անցյալ շաբաթ, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը համաձայնել է իր հարստացված ուրանը փոխանցել ամերիկյան կողմին։

Իրանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ նման տարբերակն իրենց համար անընդունելի է:



Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար


Սպորտ


Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ ու հաղթեց 3։1 հաշվով։ Եվրոպայի գործող չեմպիոն Ամոյանն ապրիլի 21-ին ոսկե մեդալը կվիճարկի վրացի Ռամազ Զոիձեի հետ, որին անցյալ տարի հաղթել է ԵԱ-ի եզրափակիչում։

27-ամյա Մալխաս Ամոյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր շվեդ Կառլ Բաֆի հետ գոտեմարտով ու հաղթել 4։0 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ պարտության էր մատնել Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին՝ 10։0։

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս չորս ներկայացուցիչները պարտություն են կրել։

Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից և 7։3 հաշվով հաղթել Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Ստեֆանսկիին, իսկ կիսաեզրափակիչում 1։3 հաշվով պարտվել է վրացի Վախթանգ Լոլուային։ Ապրիլի 21-ին Խաչատրյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ։

Կարեն Ասլանյանը (63 կգ) մեկնարկային գոտեմարտում ժամկետից շուտ 9։0 հաշվով պարտության է մատնել ռումինացի Ռազվան Արնաուտին, իսկ քառորդ եզրափակիչում 2։5 հաշվով պարտվել է ռուսաստանցի Սերգեյ Եմելինին:

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) մեկնարկել է 1/8 եզրափակիչից, որտեղ 0։9 հաշվով պարտվել է Նորվեգիայի ներկայացուցիչ Տուրփալ Բիսուլթանովին։

Ալբերտ Վարդանյանը (130 կգ) մեկնարկային գոտեմարտում 0։4 հաշվով պարտվել է Եվրոպայի 11-ակի ու աշխարհի 5-ակի չեմպիոն, թուրք Ռիզա Կայալփին։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն ապրիլի 21-ին։



Եթե Իրանի հետ համաձայնություն չլինի, ես հազիվ թե հրադադարը երկարաձգեմ. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 7-ին իր հայտարարած հրադադարի ժամկետը լրանում է չորեքշաբթի երեկոյան, Վաշինգտոնի ժամանակով…