ԱՄՆ-ն առաջիկայում կվճարի ՄԱԿ-ի բյուջեի իր պարտքի մի մասը․ Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ Միացյալ Նահանգներն առաջիկայում կմարի կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքի մի մասը։

«Դա շատ շուտով տեղի կունենա»,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գուտերեշը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վերջերս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է ՄԱԿ-ի բյուջետային պարտքի դիմաց 725 միլիոն դոլար փոխանցելու մտադրության մասին։ Նշենք, որ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին և խաղաղապահ missiաներին (գործողություններին) ԱՄՆ կառավարության չվճարված պարտքի ընդհանուր ծավալն անցնում է 4 միլիարդ դոլարից։

Անոմալ տապի ծանր հետևանքները Եվրոպայում․ 35 հազարից ավելի զոհ

Եվրոպայում ռեկորդային շոգի պատճառով արձանագրվել է մահվան առնվազն 35 հազար դեպք, հայտնում է The Guardian-ը: Ամենաշատ զոհերն արձանագրվել են Գերմանիայում, որտեղ ծայրահեղ բարձր ջերմաստիճանին զոհ է գնացել մոտ 14 հազար մարդ:

Ֆրանսիայում մահացությունների թիվն անցել է 7,3 հազարը, իսկ Իսպանիայում անոմալ տապի հետևանքով մահացել է շուրջ 5 հազար մարդ։ Իտալիայում զոհերի թիվը տատանվում է 5-ից 8 հազարի միջակայքում, իսկ Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Նիդերլանդներում միասին վերցրած ցուցանիշը մոտեցել է 5 հազարի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ՝ վերջին երկու տասնամյակում Եվրոպայում ծայրահեղ շոգերից մահացությունն ավելացել է ավելի քան 30%-ով, և կլիմայական գլոբալ փոփոխությունների պատճառով այս ցուցանիշը շարունակելու է աճել:

Դեռևս մայիսից Եվրոպայում անոմալ բարձր ջերմաստիճան էր արձանագրվել՝ սահմանելով նոր ռեկորդներ մի շարք երկրներում։ Անտառային հրդեհների տեղեկատվական եվրոպական համակարգի տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Եվրամիության տարածքում այրվել է շուրջ 626,8 հազար հեկտար հողատարածք:

Քաղաքացին կամավոր հանձնել է ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ․ ՆԳՆ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումը:

Կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Շերամի թաղամասում գտնվող կիսակառույցի մոտ զենք-զինամթերք է թողել։

Ահազանգով մեկնած քրեական ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 3 նռնակ, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

3 նախարարության անվանումները կփոխվեն

3 նախարարության անվանումները կփոխվեն, ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Ասում էիք՝ Ղարաբաղը մեր հայրենիքն է, ինչո՞ւ մի երկու կոպեկ էնտեղ ներդրում չեք արել․ Առաքելյան

27.08.2026

Քաղաքականություն

Ասում էիք՝ Ղարաբաղը մեր հայրենիքն է, ինչո՞ւ մի երկու կոպեկ էնտեղ ներդրում չեք արել․ Առաքելյան

Կկառուցվի, կվերակառուցվի, կվերանորոգվի 30 քոլեջ, կշարունակվի ատեստավորումը․ խորհրդակցություն տնօրենների հետ

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը, ՄԿՈՒ ոլորտում իրականացվող և նախատեսվող փոփոխությունները։

Քննարկմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, ոլորտային այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հինգ տարում ՄԿՈՒ համակարգ ընդունվածների թիվն աճել է շուրջ 45 տոկոսով

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ՄԿՈՒ հաստատություններում ընդունելության նախնական արդյունքները։ Ըստ նրա՝ եթե 2021–2022 ուսումնական տարում համակարգ էր ընդունվել շուրջ 11 հազար ուսանող, ապա այս տարի նախնական ցուցանիշը 16738 է։ Այսպիսով՝ հինգ տարվա ընթացքում ընդունվածների թիվն աճել է շուրջ 45 տոկոսով, ինչը փաստում է, որ պետական քաղաքականությունը նպաստել է ոլորտի գրավչության բարձրացմանը։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ հիմնական դպրոցն ավարտող յուրաքանչյուր երրորդ սովորող կրթությունը շարունակում է ՄԿՈՒ հաստատությունում։ Այս առումով նախարարի տեղակալը կարևորել է սովորողների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքը դեռևս 8-րդ դասարանից՝ ընդգծելով նաև քոլեջների ակտիվ դերակատարությունը։

Քոլեջներին առաջարկվում է ակտիվացնել ոչ ֆորմալ կրթական ծրագրերը

Արաքսիա Սվաջյանը քոլեջների տնօրենների ուշադրությունը հրավիրել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի զարգացման հնարավորության վրա։ Սոցիալական կրեդիտի համակարգի շրջանակում քաղաքացին տարեկան մինչև 100 հազար դրամի եկամտային հարկի հետվերադարձի հնարավորություն ունի՝ կրթական ծրագրերից օգտվելու համար։ Այս պահին երաշխավորված ծրագրերի թիվը հասել է 2099-ի, որոնցից 1244-ը երաշխավորվել է միայն 2026 թվականին։


Սակայն ծրագրերի գերակշիռ մասը ներկայացրել է մասնավոր հատվածը, իսկ քոլեջների մասնակցությունը դեռևս սահմանափակ է։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քոլեջներին առաջարկել է այս հնարավորությունը դիտարկել նաև որպես արտաբյուջետային միջոցներ ներգրավելու գործիք՝ մշակելով այնպիսի վերապատրաստման ծրագրեր, որոնց իրականացման համար հաստատություններն ունեն մասնագիտական և նյութական ռեսուրս։

Կշարունակվի դասախոսների ատեստավորումը

Անդրադառնալով դասախոսների մասնագիտական զարգացմանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ 2024 թվականին ատեստավորվել է 276, իսկ 2025 թվականին՝ 181 մասնագետ։ Ատեստավորմանը նախորդում է վերապատրաստումը, և պոտենցիալ մասնակիցների շուրջ 90 տոկոսը կամ ավելին հաջողությամբ ատեստավորվում է։ Դրական արդյունքի դեպքում դրույքաչափը բարձրանում է մինչև 200 հազար դրամ, որի նկատմամբ կիրառվում է նաև 30-50 տոկոս հավելավճար՝ ըստ հավաքած միավորների։ Այս տարի ատեստավորման համար ներառվել են նոր ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, փոխադրումների կազմակերպում և կառավարում, գինեգործություն, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա, էլեկտրական կայաններ և այլն։

Քոլեջների հանրակրթական առարկաներ դասավանդող 174 դասախոս անցել է կամավոր ատեստավորում և ստանում է բարձրացված աշխատավարձ։
Նախարարի տեղակալը տնօրեններին կոչ է արել խրախուսել մյուս դասախոսներին ևս մասնակցելու կամավոր ատեստավորմանը։

Մասնագիտական զարգացման մեկ այլ ուղղություն է տարակարգի տրամադրումը։ Մասնագիտական կրթության ոլորտում արդեն ութ դասախոս, իսկ հանրակրթական առարկաների գծով՝ երկու մանկավարժ, տարակարգ է ստացել։

Կկառուցվի, կվերակառուցվի և կվերանորոգվի 30 քոլեջ

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ որակյալ մասնագիտական կրթության կարևոր նախապայմաններից է նաև ժամանակակից ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի առկայությունը։ Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է 30 քոլեջի կառուցում, վերակառուցում և վերանորոգում, որոնք ամբողջությամբ հագեցվելու են նոր գույքով և ժամանակակից նյութատեխնիկական բազայով։

COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև հոկտեմբերի վերջին երկու շաբաթվա ընթացքում նախատեսվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) միջոցառմանը, որի շրջանակում Հայաստանը նախատեսում է հյուրընկալել շուրջ բազմահազար պատվիրակների:


Այս ընթացքում Երևանի դպրոցներում և քոլեջներում առկա դասեր չեն կազմակերպվելու, սակայն նախատեսված ուսումնական գործընթացը պետք է լրացվի և պատշաճ կազմակերպվի։

Աշնանը կանցկացվի ՄԿՈՒ ոլորտի համաժողով

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է նաև, որ այս աշնանը նախատեսվում է կազմակերպել ՄԿՈՒ ոլորտին նվիրված աշխատաժողով, որը կդառնա ոլորտում առկա խնդիրները, հաջողված փորձը և զարգացման հնարավորությունները համատեղ քննարկելու հարթակ։

ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ամբողջությամբ վերանայվում են լիցենզավորման և հավատարմագրման, քոլեջների ֆինանսավորման կարգերը, որոնք այժմ մշակման փուլում են գտնվում։ Նախատեսվում է նաև այլ իրավական ակտերի ընդունում՝ պայմանավորված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմամբ։

Նշվել է, որ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ), որը մինչ այժմ գործում էր Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կազմում, այսուհետ կգործի որպես առանձին հիմնադրամ։ Նորաստեղծ կառույցը գործունեություն է իրականացնելու երեք հիմնական ուղղությամբ՝ մասնագիտական կրթության և դրա բովանդակության զարգացում, մասնագիտական կարողությունների կատարելագործում, ոչ ֆորմալ կրթության համակարգում, ինչպես նաև գործատուների հետ համագործակցության զարգացում։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատասխանել է քոլեջների տնօրենների հարցերին՝ անդրադառնալով ՄԿՈՒ հաստատությունների ֆինանսավորման նոր կարգին, համակարգի թվայնացմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի իրականացմանը, գերակա մասնագիտությունների համար կրթաթոշակների տրամադրմանը, ChatGPT Edu գործիքի կիրառմանը և մի շարք այլ հարցերի:

Երկարատև սթրեսը կարող է բացասաբար ազդել երեխայի նյարդային և իմունային համակարգերի գործունեության, աճի և ընդհանուր առողջության վրա. Աննա Հակոբյան

Բռնության միջավայրում ապրող երեխաները հաճախ ունենում են քնի խանգարումներ, ախորժակի փոփոխություններ, հաճախակի գլխացավեր, որովայնային ցավեր, հոգնածություն, ընդհանուր թուլություն և ավելի հաճախ են հիվանդանում: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Երկարատև սթրեսը կարող է բացասաբար ազդել երեխայի նյարդային և իմունային համակարգերի գործունեության, աճի և ընդհանուր առողջության վրա»,- նշել է նա։

«Մերսեդես»-ով փակել են «Կիա»-ի ճանապարհը, դուրս բերել վարորդին, հայհոյել, հարվածել․ երկու անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում վարորդների միջև տեղի է ունեցել միջադեպ։

Ըստ տեղեկության՝ «Մերսեդես»-ի վարորդը, ձայնային ազդանշան տալու չնչին առիթով խախտելով երթևեկության կանոնները, վազանց է կատարել ու մեքենայով փակել «Կիա» մակնիշի մի մեքենայի ճանապարհը։ Այնուհետև բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Մերսեդես»-ի վարորդը ու նրա ուղևորը, բռնություն գործադրելով, մեքենայից դուրս են բերել «Կիա»-ի վարորդին, հնչեցրել հայհոյանքներ, հասցրել հարվածներ։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են Ավանի Թեմրուչի փողոցի բնակիչ «Մերսեդես»-ի 30-ամյա վարորդն ու Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ 25-ամյա ուղևորը, ձերբակալվել ու տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ «Մերսեդես»-ը տեղափոխվել է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

ՀՀ նախագահն ու Իշխան Զաքարյանն անդրադարձել են Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում Իշխան Զաքարյանը նախագահին ներկայացրել է առաջիկա Համահայկական խաղերին ընդառաջ Կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները, նախատեսվող նախաձեռնություններն ու ծրագրերը։

Նախագահն ու Իշխան Զաքարյանն անդրադարձել են Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ոչ միայն մարզական, այլև Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական միասնականության և երիտասարդների միջև կապերի զարգացման տեսանկյունից։

Իշխան Զաքարյանը մանրամասներ է ներկայացրել նաև ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող՝ Ջրվեժի անտառպարկի հարակից տարածքում նախատեսվող Համահայկական խաղերի մարզական ավանի ծրագրի վերաբերյալ։ Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է ավանի հիմնարկեքը։

Նախատեսվող մարզական ավանը լինելու է բազմաֆունկցիոնալ համալիր, որը Համահայկական խաղերի ընթացքում կծառայի մասնակիցների կեցության և խաղերի կազմակերպման նպատակներին, իսկ խաղերից դուրս կշարունակի գործել որպես երիտասարդական, մարզական և Հայաստան-Սփյուռք համագործակցության մշտական հարթակ։

Ընդգծվել է, որ ավանը հնարավորություն կտա տարվա ընթացքում Հայաստանում հյուրընկալել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդներին՝ համատեղ կրթական, մշակութային, մարզական, երիտասարդական և այլ ծրագրերի իրականացման համար։ Այն կարող է դառնալ տարբեր երկրներից ժամանող երիտասարդների հանդիպման, շփման և համագործակցության շարունակական միջավայր՝ նոր կապերի ու նախաձեռնությունների ձևավորման համար, ինչպես նաև լավ հարթակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ և վերջինիս կողմից իրականացվող համահայկական նախաձեռնությունների ու ծրագրերի համար։

Հանդիպման ընթացքում կարևորվել է Համահայկական խաղերի՝ որպես Հայաստանի և Սփյուռքի հայության համախմբման, տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման և երիտասարդ սերնդի ներգրավվածության խթանման կարևոր հարթակի դերը։

Անդրադարձ է կատարվել նաև Համահայկական խաղերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին։

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի Հանրապետության բարեկամ ժողովրդին Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Մեծապես կարևորում ենք ժողովրդավարական ընդհանուր արժեքների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի նպաստ մեր երկու ժողովուրդների բարօրության:

Հավատացած եմ նաև, որ Եվրոպական միության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ:

Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: