Գերբեռնվածություն, զսպման միջոցների խախտումներ և աշխատանքային շահագործման դեպք․ ՄԻՊ-ը՝ Վարդենիսի կենտրոնի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատությունում խնամք ստացող անձանց իրավունքների ապահովման վիճակին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև դիտարկվել է նախորդ մշտադիտարկման այցերի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցների ընթացքը։

Հատկանշական է, որ նախորդ այցերի շրջանակում բարձրացված որոշ խնդիրներ ստացել են լուծումներ։

Մասնավորապես՝

• համայնքի կողմից կազմակերպվել են դեպի կենտրոն տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները,
• ընդլայնվել և իրականացվում են խնամարկյալների ատամնաբուժական ծառայությունները,

• որոշ բաժանմունքներում անհատականացվել են հիգիենիկ պարագաները։ Միևնույն ժամանակ, խնդիրը դեռևս ամբողջությամբ լուծված չէ որոշ բաժանմունքներում, որտեղ շահառուների ոչ բոլոր ներքնազգեստներն ունեն անհատականացված նշումներ, իսկ լոգարաններում առկա լոգանքի սպունգերի համար նախատեսված պայուսակների մի մասի վրա շահառուների անունները բացակայում են կամ առկա նշումները ջնջված են։

Այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրվել են նաև նախկինում և շարունակում են մնալ չլուծված։

Մասնավորապես՝

• տուն-ինտերնատը շարունակում է մնալ գերբեռնված, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում մահճակալներն իրար շատ մոտ են տեղադրված, առանձին դեպքերում՝ իրար կպած՝ խնամարկյալների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ,

• շարունակում է մտահոգիչ մնալ հոգեբույժի թափուր հաստիքների համալրման դժվարությունը,
• խնամարկյալների նկատմամբ դրսևորվում է մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող տարբերակված մոտեցում, արձանագրվել է նաև աշխատանքային շահագործման դեպք,

• շարունակում են արձանագրվել զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, մատյանները պատշաճ չեն վարվում։ Չնայած կիրառվում են դեղորայքային հանդարտեցման միջոցներ՝ կոնկրետ շահառուների վարքային դրսևորումները մեղմելու նպատակով, դրանք չեն արձանագրվում որպես զսպման միջոցներ,

• բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են, առկա է կողապահարանների պակաս կամ բացակայություն և այլն,
• շուրջօրյա խնամքի որոշ բաժանմունքների սանհանգույցներն ու լոգարաններն ունեն վերանորոգման կարիք,
• շարունակում է մտահոգիչ մնալ խոհանոցի և լվացքատան մասնաշենքերի վիճակը, որոնք վերանորոգման խիստ կարիք են ունեցել դեռևս նախորդ այցերի ժամանակ,

• շուրջօրյա խնամքի կենտրոնում շարունակում է մտահոգիչ մնալ հարմարեցված և մատչելի միջավայրի բացակայությունը։ Օրինակ՝ բաժանմունքների մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի հետևանքով տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող խնամարկյալներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու դժվարություններ,

• արձանագրվել է նաև ծխելու համար համապատասխան առանձնացված տարածքի բացակայությունը։ Շահառուների հետ անցկացված զրույցների և այցի ընթացքում կատարված դիտարկումների համաձայն՝ ծխող շահառուները ծխում են բնակելի սենյակներում կամ միջանցքներում,

• արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. խնամարկյալներն իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,
• խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում,

• առկա է խնամարկյալներին զբաղվածությամբ ապահովելու շարունակական լավարկման անհրաժեշտություն,
• շահառուներին տրամադրվող խնամքը և առօրյայի կազմակերպումը շարունակում են ունենալ ինստիտուցիոնալ բնույթ և բավարար չափով անհատականացված չեն,

• անհատական բջջային հեռախոս չունեցող խնամարկյալները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարողանում զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ (խորհրդապահական) կապ հաստատել համապատասխան մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Այդ հանգամանքը շարունակում է մնալ մտահոգիչ՝ ինչպես վերջիններիս սոցիալական կապերի պահպանման, այնպես էլ պատասխանատու պետական մարմինների հետ կապ հաստատելու հնարավորությունն ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից։

Խնամարկյալներն իրենց ազգականների հետ կապ են հաստատում միայն սոցիալական աշխատողների անձնական բջջային հեռախոսներով։

Փաստացի հեռախոսակապից օգտվելու համար խնամարկյալներն ուղղակիորեն կախվածության մեջ են շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատակիցներից։ Նման պրակտիկան խնդրահարույց է և կարող է հանգեցնել չարաշահումների,
• շարունակում է արդիական մնալ տուն-ինտերնատի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը։

Այցի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ ներառված են նաև արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները, կուղարկվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բարձրացված հարցերի շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների կազմակերպումը։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերը հետևողականորեն շարունակելու և զարգացնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով անձանց անկախ կյանքի իրավունքի իրացումը, համայնքահեն ծառայությունների զարգացումը և հասարակական կյանքում լիարժեք ներառման ապահովումը։

Շարքից հանված ամերիկյան ռազմական ինքնաթիռների թիվը հասել է 81-


Հարեվաններ


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի կողմից շարքից հանված ամերիկյան ռազմական ինքնաթիռների թիվը հասել է 81-ի:

Արաղչիի խոսքով՝ մայիսին ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունն ընդունել էր 42 ռազմական ինքնաթիռի կորուստը, մինչդեռ այժմ այդ թիվը 81 է:

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ իրական կորուստները շատ ավելի բարձր են, և որպես ապացույց նշել, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) թույլ չի տալիս գործող սենատորին ստուգել այն բազաները, որոնք, իր պնդմամբ, կարգին վիճակում են:

«Դուք կարող եք որոշ ժամանակ խաբել բոլոր մարդկանց…», – հայտարարել է Արաղչին:



ՀԱԵ-ում ընդունված կանոնները պետք է պահպանվեն. Ուզում են կուսակրոնության ինստիտուտը խախտել՝ շատ լավ. վարչապետ

08.10.2026

Քաղաքականություն

ՀԱԵ-ում ընդունված կանոնները պետք է պահպանվեն. Ուզում են կուսակրոնության ինստիտուտը խախտել՝ շատ լավ. վարչապետ

Թբիլիսիում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

ՀՀ անկախության 35-ամյակի շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ցուցահանդեսի բացման նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավայի ուղեկցությամբ այցելել են Վրաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացել ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին, ձևավորմանը և ներկայացվելիք ստեղծագործություններին։

Ժաննա Անդրեասյանը հաջողություն է թանգարանի տնօրեն Կարինե Քոչարին և ցուցահանդեսի ստեղծագործական ու կազմակերպչական թիմին։

Ցուցահանդեսը գործելու է 2026 թվականի հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը:

Ցուցադրության հայեցակարգային առանցքն է կազմում Երվանդ Քոչարի նորարարական «Տարածական նկարչությունը»: Նախագծում ներառված են նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, ինստալյացիաներ և այլ մեդիաներ, որոնք ընդգծում են մաեստրոյի ապագամետ մտածողության կենդանի շարունակականությունն ու ներուժը:

Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կներկայացվի նաև «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» եռալեզու (հայերեն, վրացերեն, անգլերեն) նոր պատկերագիրք-կատալոգը (հեղինակ՝ Կարինե Քոչար)։ Հրատարակությունն ընդգրկում է վերջին տարիների արժեքավոր արխիվային բացահայտումներն ու նորահայտ փաստագրական տվյալները:

Միջոցառումն իրականացվում է Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում՝ «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) և Վրաստանի ազգային թանգարանի միջև ձևավորված համագործակցությամբ:

Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջև


Հարեվաններ


ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հարցազրույցում անդրադառնալով Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, հայտարարություն էր արել Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ այդ հայտարարությանը։

«Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջև. Հայաստանը արդեն եղել է նման վտանգի առջև և եղել է նման իրավիճակում»,- ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն իր դաշնակցային պարտականությունները ՀՀ-ի առջև չի կատարել։

«Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, պարոն Մեդվեդևը ինչո՞ւ է դա անում. մանավանդ ես նրա հետ աշխատելու, շփվելու առիթ ունեցել եմ, այսինքն՝ երկար մենք իրար հետ աշխատել ենք, բայց հիմա այդ կսմիթները, սպառնալիքները ինչի՞ համար են. հիմա ես էլ, ասենք, բռնեմ ասեմ՝ նույն այդ տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել, որ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում։

Չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում, այսինքն՝ դա լավ ժանր չէ։ Հայաստանը Հայաստան է, և Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու, Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ Հայաստանի Հանրապետության, ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության։ Սա է մեր ճանապարհը»,- նշեց վարչապետը։



Խաղաղությունը կարելի է փլուզել 1 օրում, բայց էսօրվա իրավիճակին հասնելու համար ևս 30 տարի է պետք. Վարչապետը՝ Շաքիի դեպքի մասին

08.10.2026

Քաղաքականություն

Խաղաղությունը կարելի է փլուզել 1 օրում, բայց էսօրվա իրավիճակին հասնելու համար ևս 30 տարի է պետք. Վարչապետը՝ Շաքիի դեպքի մասին

Օտարերկրացի տղամարդը Հայաստանում կանանց թրաֆիքինգի մեջ է կասկածվում․ նա ձերբակալվել է

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։

Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 30-ամյա օտարերկրացին, ներկայանալով տարբեր անուններով, նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, անձամբ կամ այլ անձանց միջոցով, շահագործման նպատակով հավաքագրել է համաերկրացի մի խումբ կանանց և խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով կազմակերպել նրանց տեղափոխումը Հայաստան։

Այնուհետև վերցրել է անձնագրերը և տեղափոխել Կոտայքի մարզի Առինջ գյուղի առանձնատներից մեկն ու մեկուսացրել առանձին սենյակներում, ապա օգտագործելով նրանց անօգնական վիճակն ու ազատ տեղաշարժի հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը՝ բռնություն գործադրելով և դրա գործադրման սպառնալիքով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ համերկրացի տղամարդկանց հետ և կատարել սեքսուալ բնույթի այլ գործողություններ։

Հետագա միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները Առինջ գյուղի նշված առանձնատնից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխվել մի խումբ անձանց, այդ թվում՝ հիշյալ կանանց մատուցած ծառայություններից օգտված հաճախորդների։

Թրաֆիքինգի և աշխատանքային շահագործման ենթարկված անձանցից ընդունվել են հաղորդումներ։
30-ամյա տղամարդը և մեկ այլ օտարերկրացի ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են։

Հիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից


Հայաստան


ՆԳՆ բարեփոխումների շրջանակում վարորդների համար ներդրվել են բոնուսային բաղադրիչներ, որոնք հնարավորություն են տալիս թվային լուծումների միջոցով օգտվել տույժերը նվազ վճարելու հնարավորությունից։

Շարունակում է գործել տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների համար սահմանված տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։

Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգն ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդն էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոսով նվազեցված տուգանքի չափով։ Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։

Համակարգում հոկտեմբերի 6-ի դրությամբ գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 163 320 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 1 205 784 որոշում։ Տուգանքի նվազեցման արդյունքում վճարված գումարը կազմել է շուրջ 4 մլրդ 113 մլն դրամ։

Հարգելի՛ քաղաքացիներ, օգտագործեք թվային լուծումները՝ տուգանքները նվազ վճարելու և ավելորդ միջնորդություններից խուսափելու համար։



Ադրբեջանցի զինվորը հանցանք է գործել, արտահանձնման թեմա չկա. Ի՞նչ ասեմ՝ ցկյանս մնալու է ՀՀ-ո՞ւմ. վարչապետ

Ադրբեջանցի զինվորը հանցանք է գործել, արտահանձնման թեմա չկա. Ի՞նչ ասեմ՝ ցկյանս մնալու է ՀՀ-ո՞ւմ. վարչապետ

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն ներկայացրել է դեպքի վերաբերյալ պարզաբանում


Մամուլում վերջին օրերին տարածված այն տեղեկատվության և հրապարակումների վերաբերյալ, թե քաղաքացին հանրային տրանսպորտում վնասել է մատը, ինչից հետո «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը իբր լքել է դեպքի վայրը՝ առանց որևէ օգնություն առաջարկելու, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ներկայացրել է դեպքի վերաբերյալ պարզաբանում։

«Սեպտեմբերի 24-ին թիվ 33 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում քաղաքացին վնասել է մատը։ Հենց քաղաքացու ներկայացմամբ էլ՝ նրա ձեռքը հայտնվել է ավտոբուսի դռան այն փակիչ-ծխնու հատվածում, որը դռները բացելիս դեպի ներս է ծալվում։

Դեպքը տեղի է ունեցել երթևեկության համեմատաբար ինտենսիվ ժամի ընթացքում։ Վարորդը, հաշվի առնելով երթևեկության պայմանները և ուղևորների քանակը, հայելու միջոցով ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել տեսնելու բոլոր ուղևորներին։ Վարորդը միայն լսել է ուղևորների կողմից դուռը փակելու հորդորը, ինչն անմիջապես կատարել է, ապա կանգառում կրկին բացել դուռը։ Այդ պահին վարորդը հայելու միջոցով տեսել է իջնող ուղևորին։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ վարորդը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն միջադեպի մասին տեղեկացել են միայն ավելի ուշ՝ քաղաքացու ներկայացրած բողոքից հետո։ Տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչները կապ են հաստատել քաղաքացու հետ և մինչ օրս գրեթե ամենօրյա ռեժիմով կապի մեջ են նրա հետ՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակով և անհրաժեշտության դեպքում աջակցելու պատրաստակամությամբ։

Միաժամանակ ընկերությունը փորձել է պարզել դեպքի իրավական և ապահովագրական ընթացակարգը։ Մասնավորապես, ընկերության տեղեկություններով՝ բժշկական կենտրոնը, որտեղ դիմել է քաղաքացին, դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին համապատասխան տեղեկատվություն չի փոխանցել, ինչի հետևանքով ապահովագրական պատահարի գրանցման համար անհրաժեշտ ընթացակարգը ժամանակին չի մեկնարկել։

Ինչ վերաբերում է քաղաքացու կողմից կատարված բժշկական և այլ ծախսերին, դրանց փոխհատուցման հարցը կարգավորվում է գործող ապահովագրական ընթացակարգով։ Եթե դեպքի մասին համապատասխան տեղեկատվությունը ժամանակին փոխանցված և ապահովագրական պատահարը գրանցված լիներ, այդ գործընթացը հնարավոր կլիներ սկսել համապատասխան կարգով։ Քանի որ միջադեպի պահին վարորդը տեղյակ չի եղել ուղևորի վնասվածքի մասին, անհրաժեշտ տվյալները նույն պահին չեն փոխանցվել ապահովագրական ընկերությանը։

Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բոլոր վարորդներին հստակ հրահանգավորված է հանրային տրանսպորտում ցանկացած միջադեպի դեպքում, այդ թվում՝ ուղևորի ինքնազգացողության վատացման պարագայում, կանգնեցնել տրանսպորտային միջոցի ընթացքը, տեղեկացնել ընկերության համապատասխան ստորաբաժանմանը և գործել ստացված հրահանգներին համապատասխան։

Անհրաժեշտության դեպքում վարորդը պարտավոր է օգտագործել ավտոբուսներում առկա առաջին բուժօգնության պարագաները, դիմել շտապօգնության ծառայություն, ինչպես նաև վերցնել ուղևորի կոնտակտային տվյալները՝ հետագա կապն ապահովելու համար։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ցավում է տեղի ունեցած միջադեպի համար և ուղևորին մաղթում է շուտափույթ ապաքինում։ Ընկերությունը շարունակում է կապի մեջ լինել քաղաքացու հետ և պատրաստ է իր իրավասությունների շրջանակում աջակցել իրավիճակի պատշաճ կարգավորմանը։

Միաժամանակ կոչ ենք անում հանրային քննարկումների ընթացքում առաջնորդվել բացառապես փաստերով և զերծ մնալ չճշտված կամ իրականությանը չհամապատասխանող այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են թյուր պատկերացում ստեղծել ընկերության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ»,- նշում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։