Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ապրիլի 23-24-ի և 26-27-ի գիշերային ժամերին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-24-ին, 26-27-ին կեսօրից, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-27-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Ապրիլի 25-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ։

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ին՝ 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ 20-24 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին 2-4 աստիճանով։

Խամենեին դեմ է բանակցությունների շարունակմանը և Վաշինգտոնի հետ երկխոսության երկարաձգմանը

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթացը վտանգի տակ է Իրանի ղեկավարության ներսում առկա սուր անհամաձայնությունների, ինչպես նաև միջուկային հարցի վերաբերյալ Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մերձավոր շրջապատի կոշտ դիրքորոշման պատճառով։

Այս մասին գրում է Iran International-ը։

Աղբյուրները պնդում են, որ Իրանի պատվիրակության՝ բանակցությունների նոր փուլի համար Իսլամաբադ նախատեսված ուղևորությունից առաջ Գերագույն առաջնորդի մերձավոր շրջապատից հրաման է տրվել չքննարկել միջուկային ծրագիրը։ Սա առաջացրել է Իրանի արտաքին գործերի նախարարության կտրուկ արձագանքը. ըստ տեղեկությունների՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նման պայմաններում բանակցություններին մասնակցելը անվանել է «անօգուտ» և նման դիրքորոշումը գործնականում հավասարեցրել է դիվանագիտական ​​գործընթացի համար «մահվան դատավճռի»։

Ըստ տեղեկությունների՝ դիվանագիտական ​​​​խումբը նաև նկատողություն է ստացել նախկինում սահմանված «կարմիր գծերը» խախտելու համար։ Ավելին, մայիսի 2-ին նախատեսված նոր բանակցությունները, ի վերջո, չեղարկվել են Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի սրման և կողմերի միջև փոխադարձ մեղադրանքների պատճառով։

Թեհրանում ներքաղաքական պառակտումը նույնպես լրացուցիչ ճնշում է ստեղծում։ Ըստ աղբյուրների՝ Խամենեին դեմ է բանակցությունների շարունակմանը և Վաշինգտոնի հետ երկխոսության երկարաձգմանը։ Իրանի խորհրդարանը նրա դիրքորոշումը բնութագրել է որպես «կոշտ և որոշիչ երկրի անվտանգության ուղու համար»։

Միևնույն ժամանակ, իրանական վերնախավի ներսում սրվում է հակամարտությունը բանակցությունների կողմնակիցների և ավելի արմատական ​​ուժերի միջև։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը քննադատել է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի հակառակորդներին՝ նախազգուշացնելով երկրի ներսում քաղաքական ճգնաժամի հետագա սրման սպառնալիքի մասին։

Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

Թուրքական «Kars Manşet» լրատվական կայքում հրապարկվել է «Մինչ Իգդիրում Ալիջան սահմանային անցակետը պատրաստվում է բացմանը, Կարսը սպասում է» վերնագրով նյութ։

Թուրքական աղբյուրը գրում է, որ Ալիջան սահմանային անցակետի «վերաբացման» աշխատանքները շարունակվում են մեծ թափով ու մոտենում են ավարտին։

Ալիջան սահմանային անցակետի մաքսային կետում, ենթակառուցվածքներում և ծառայողական շենքերում աշխատանքները մեծամասամբ ավարտվել են, և նպատակ կա անցակետը շահագործել այս ամսվա վերջին։

Նշվում է, որ տարիներ շարունակ փակված սահմանային անցակետի վերաբացման հետ մեկտեղ ակնկալվում է տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային ցանցերի ակտիվացում։ Իսկ Աքյաքա (Կարս) շրջանում գտնվող սահմանային անցակետի վերաբերյալ նշվել է, որ դեռևս որևէ կոնկրետ զարգացում չկա:

Ermenihaber

Մոջթաբա Խամենեին ոտքի 3 վիրահատություն է տարել, դեմքի պլաստիկ վիրահատություն է սպասվում. NYT

Մոջթաբա Խամենեին ոտքի 3 վիրահատություն է տարել և կարող է պրոթեզավորման կարիք ունենալ։

Նա ապաքինվում է ձեռքի վիրահատությունից հետո, մինչդեռ դեմքի շրջանում ծանր այրվածքները դժվարացնում են նրա խոսելը։ Պլաստիկ վիրահատություն է սպասվում:

Այս մասին գրում է NYT-ն։

Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է. Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ստեփանակերտի Աստվածածնի Հովանու մայր տաճարը քաղաքի հպարտությունն էր, նրա քրիստոնեական հավատի և ազգային վերազարթոնքի խորհրդանիշը: Այն քաղաքի ուժի կենտրոնն էր, կառուցված էր Սուրբ Զվարթնոցի նմանությամբ և հայոց ավանդական բերդերի ամրությամբ:

Պատահական չէ, որ քաղաքը զավթած թշնամական հրոսակների համար այն աչքի փուշ էր, նրա հայ և քրիստոնեական էության մասին ամեն օր հիշեցնող կենդանի վկայություն: Վերջին օրերին նրանք ավերել են այս հոյակերտ տաճարը, որի կառուցման մեջ հազարավոր հայ մարդկանց տաղանդ ու ջանք էր դրվել, որի պատերի մեջ տասնյակ հազարավոր հայ մարդիկ էին աղոթել, հազարները մկրտվել և պսակադրվել: Ավերելով այն, թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի:

Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում:

Հատուցում, որպեսզի սա շարունակ չկրկնվի մեզ հետ, որպեսզի մեզնից չխլեն ամենաթանկը՝ մեր հույսն ու հավատը: Այդ հատուցումը գալու է, և այն կգա, եթե մենք գիտակցենք, թե մեզ բոլորիս իրականում ինչ է սպառնում, եթե մենք չթոթափենք մեր վախերը, ազատվենք մեր մեջ սողոսկած թշնամու հլու կամակատարներից, համախմբվենք, ու նորից գործենք որպես միասնական ազգ»,- գրել է նա:

Վարորդից՝ հավաքարար, հնոցապանից՝ տնտեսվար․ ՊՎԾ-ում հեշտ պաշտոնափոխ են լինում

Հայաստանի պետական կառավարման համակարգում երբեմն կարելի է հանդիպել որոշումների, որոնք ավելի շատ հիշեցնում են աճպարարություն, քան կառավարման տրամաբանություն։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից ստորագրված մի շարք հրամաններ հենց այդպիսի տպավորություն են թողնում։ Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը, որոնք ստորագրվել են տարբեր ժամանակահատվածներում՝ 2024, 2025 և 2026 թվականներին, ցույց են տալիս, որ աշխատակիցները կարճ ժամանակահատվածում «փոխել են» իրենց մասնագիտությունները՝ առանց ակնհայտ հիմնավորման։

Օրինակ՝ ՊՎԾ նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանի հրամաններից մեկով աշխատակիցը, որը նախկինում զբաղեցրել է վարորդի հաստիք, վերանշանակվում է որպես հավաքարար։ Մյուս փաստաթղթերում նույն անձը կամ նմանատիպ հաստիք ունեցող աշխատակիցները ներկայացվում են արդեն որպես հնոցապան, ապա՝ կրկին այլ գործառույթ իրականացնող անձ։

Հատկանշական է, որ ներկայացված 3 հրամաններում՝ 2024 թվականի փաստաթղթում կիրառվում են «հավաքարար» և «տնտեսվար» ձևակերպումներ, 2025 թվականի հրամանով «վարորդ» բառը փոխարինվում է «հավաքարար»-ով։

Այս փոփոխությունների դինամիկան ակնարկում է, որ նույն աշխատակիցը մի քանի ամսվա ընթացքում «անցնում է» տարբեր մասնագիտական դերերով։

Հիշեցնենք՝ Պետրոսյանը 2021-2025թթ․ զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը:

Այսպիսով, 2025-ին Ռոմանոս Պետրոսյանի կողմից ստորագրված փաստաթղթերից մեկում՝ սահմանվում է հետևյալ ձևակերպումը․ «ադմինիստրատոր՝ համակարգչային ցանցերի» բառերը փոխարինել «իրավախորհրդատու» բառով, իսկ «հնոցապան» հաստիքը՝ «տնտեսվար»-ով։ Այսինքն՝ տեխնիկական մասնագետը մեկ որոշմամբ դառնում է իրավաբանական ոլորտի աշխատակից, իսկ հնոցապանը՝ տնտեսվար։

Նկատենք, որ բոլոր հրամաններն սահմանված են նույն հիմքով՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների համապատասխան հոդվածներով։ Ուշագրավ է հատկապես այն, որ ավելի ուշ՝ 2026 թվականի N 65-Լ հրամանով նույն տրամաբանությունը շարունակվում է։

Այնուամենայնիվ, հարց է առաջանում ՝ ինչո՞ւ է պետական կարևոր կառույցում տեղի ունենում նման «մասնագիտական մետամորֆոզ»»։ Իրականում փոխվու՞մ են աշխատակիցների գործառույթները, թե՞ միայն անվանումները, և արդյոք սա չի՞ օգտագործվում աշխատավարձերի վերաձևավորման համար։ Պետական կառույցում տեղի ունեցող գործընթացները հիշեցնում են իլյուզիոնիստի ներկայացում, որտեղ մարդը մի ակնթարթում կարող է փոխել իր «դերը»։

Այս ամենը հաշվի առնելով՝ դժվար է խուսափել հեգնական համեմատությունից։

Հասմիկ Մովսիսյան

«Ընտրություններին քո մասնակցության դեպքում ինչպե՞ս է Նիկոլը հեռացվելու հունիսի 7-ին»․ Սամվել Ֆարմանյան

«Ընտրություններին քո մասնակցության դեպքում ինչպե՞ս է Նիկոլը հեռացվելու հունիսի 7-ին»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առիթը բաց չէի թողնում ուսանողներիս երկու խորհուրդ փոխանցելու.
     1.) Որևէ թեմայով, որևէ մեկի հետ բանավիճելուց առաջ պարտադիր ճշտեք ու արձանագրեք ՀԱՐՑԸ, որի շուրջ բանավիճում եք: Մարդիկ առհասարակ, հայերս՝ հատկապես, բանավիճելիս շատ հաճախ տաքանում ու մոռանում ենք, թե ինչի մասին է բանավեճը՝ ինչի շուրջ ենք վիճում ու տարակարծ:
     2.) Որքան կարևոր է հարցերին ճիշտ պատասխանելը, նույնքան կարևոր է ճիշտ հարցեր տալը: Մեզ թվում է, որ կարող ենք ցանկացած հարց տալ: Բայց մոռանում ենք, որ սխալ տրված հարցը չի կարող ճիշտ պատասխան ունենալ: Օրինակ էի անգամ բերում՝ կարո՞ղ եք ճիշտ պատասխան ակնկալել Chat GPT-ից, եթե սխալ եք ձևակերպել հարցը:
     Գալով մեր հաճախորդին՝ այս բանավեճի միակ առարկան հետևյալն է. (Q) Ինչպե՞ս Նիկոլին հեռացնել իշխանությունից: Բանավեճի այլ առարկա ՉԿԱ:
     Քոչարյանին տրվող միակ հարցն էլ հետևյալն է. (Q) Քո մասնակցության դեպքում ինչպե՞ս է Նիկոլը հեռացվելու հունիսի 7-ին: Բացատրի՛ր: Ուրիշ հարց չկա՜:
     Ու ի՞նչ է քոչենց արձագանքը:
     1.) Դուք վատն եք…
     2.) Մենք խնդիր չունենք 8 տոկոս հավաքելու…
     Հիմա պատկերացրեք, որ նույն հարցը տվել եք Chat GPT-ին ու ստացել եք այն պատասխանը, ինչ տալիս են նրանք: Դուք թեկուզ արհեստական, դա բանականություն կանվանեի՞ք»:

Համակարգչային խաղի վաճառքով կվերանորոգեն միջնադարյան ամրոցը


Warhorse Studios-ը բարեգործական նախաձեռնություն է սկսել։ Այն կապված է Kingdom Come: Deliverance համակարգչային խաղի հետ կապված պատմական օբյեկտի վերականգնման հ…

Թրամփը համարում է, որ Եվրոպան «ձախողել է ՆԱՏՕ-ի ստուգարքը». Սպիտակ տուն

Ըստ նրա՝ չնայած Եվրոպայից հնչած բազմաթիվ հայտարարություններին, Վաշինգտոնը գործնականում բավարար քայլեր չի տեսել…

Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել

Լիբանանի հարավում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է լրագրող Ամալ Խալիլը, իսկ նրա գործընկեր Զեյնաբ Ֆարաջը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լիբանանյան Al-Akhbar լրատվական կայքը:

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Բինթ Ջբեյլ շրջանում։

Հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ուժերը հետապնդել են Խալիլին և Ֆարաջին, որոնք առաջին ավիահարվածից ապաստան էին գտել մոտակա տներից մեկում, սակայն այդ տունը ևս հայտնվել է իսրայելական ուժերի թիրախում։

Չնայած 10-օրյա հրադադարին՝ իսրայելական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել Լիբանանի վրա։

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մարտի սկզբից՝ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2454 մարդ։

Ապրիլի 14-ին Միացյալ Նահանգներում տեղի էին ունեցել Իսրայելի և Լիբանանի միջև 43 տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։ Երկու կողմերը ներկայացված էին դեսպանների մակարդակով։

Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է Վաշինգտոնում ապրիլի 23-ին։