Նեթանյահուն խոստացել է «շանս տալ» Թրամփի խաղաղության ծրագրին և սահմանափակել Գազայի վրա հարձակումները․ Axios

ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ Իսրայելը կկատարի Գազայի հատվածի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները՝ չնայած վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններին․ այս մասին X սոցիալական հարթակում գրել է Axios-ի և Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի թղթակից Բարաք Ռավիդին՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

Նրա խոսքով՝ Սպիտակ տունը չի մտահոգվում Նեթանյահուի այն հայտարարություններով, որ Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» 15 կետանոց ծրագիրը և դուրս չի բերի իր զորքն անկլավից, մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չզինաթափվի։

ԱՄՆ պաշտոնյան Նեթանյահուի դիրքորոշումը կապել է հոկտեմբերի 27-ին կայանալիք Քնեսեթի ընտրությունների հետ։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն հասկանում է Իսրայելի վարչապետի քաղաքական նկատառումները, և խնդիր չի տեսնում, քանի դեռ նա շարունակում է կատարել Վաշինգտոնի խնդրանքները, մասնավորապես՝ Գազայի հատվածի վրա հարձակումները զսպելու վերաբերյալ։

Ռավիդի խոսքով՝ Նեթանյահուն անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Այնուհետև նա խոստացել է «շանս տալ ծրագրին» և սահմանափակել Գազայի վրա հարձակումները՝ ապառազմականացման գործընթացը սկսելու համար։ ԱՄՆ-ն կարծում է, որ Իսրայելի վարչապետը կատարում է այս խոստումը։

2000 մարդ հավաքվել էր Պորտուգալիայի եկեղեցում՝ դիտելու Ռոնալդուի հարսանիքը․ պարզվել է՝ հարսն ու փեսան այլ մարդիկ են

Օգոստոսի 8-ի կեսօրին Պորտուգալիայի Մադեյրա նահանգի Ֆունշալ քաղաքի տաճարում հավաքվել էր մոտ 2 հազար մարդ։ Նրանք ցանկանում էին տեսնել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքը, սակայն, ըստ Euronews-ի, ESPN-ի և այլ լրատվամիջոցների, հայտնվել են բոլորովին այլ արարողության ժամանակ․ գրում է meduza.io-ն։

Ֆուտբոլիստն ինքը հայտարարել էր, որ իր հարսանիքը տեղի կունենա Աշխարհի առաջնությունից հետո։ Նա չէր նշել, սակայն, արարողության ճշգրիտ ամսաթիվը կամ վայրը։ Սակայն անցյալ շաբաթ բրիտանական The Sun թերթը հայտնել էր, որ հարսանիքը տեղի կունենա օգոստոսի 8-ին՝ ժամը 15:00-ին, Մադեյրա նահանգի Ֆունշալ քաղաքի տաճարում (Ռոնալդուն այս տարածքից է)։ Ավելին, ըստ թերթի, Կրիշտիանուն պետք է հարսանիքը նշեր հյուրերի հետ Savoy Palace հյուրանոցում, որտեղ երկու հարկ ամրագրվել է «մասնավոր միջոցառման համար»։

Ենթադրյալ հարսանիքի օրը մարդիկ սկսել են հավաքվել Ֆունշալի տաճարում (Sé do Funchal)։ Երբ հարսնացուի մեքենան մոտեցել է, ներկաները հանել են իրենց սմարթֆոններն՝ արարողությունը նկարահանելու համար։ Սակայն մեքենայից դուրս է եկել ոչ թե Ջորջինան, այլ մեկ այլ կին։ Խորանի մոտ կանգնած է եղել ոչ թե Ռոնալդուն, այլ մեկ այլ տղամարդ։

Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը հանդիպել են Մադրիդում։ Ռոնալդուն այդ ժամանակ խաղում էր «Ռեալ Մադրիդում», իսկ Ջորջինան աշխատում էր որպես վաճառողուհի Gucci խանութում։ 2017 թվականի նոյեմբերին զույգը դուստր է ունեցել՝ Ալանա Մարտինան։ 2022 թվականի ապրիլին Ռոդրիգեսը երկվորյակներ է ունեցել․ դուստրը՝ Բելլա Էսմերալդան, ողջ է մնացել, իսկ որդին՝ Անխելը, մահացել է ծննդաբերության ժամանակ։ Ռոդրիգեսն իր նշանադրության մասին հայտարարել է 2025 թվականի օգոստոսին՝ հրապարակելով իր նշանադրության մատանու լուսանկարը։

Նրանց հարսանիքի ամսաթիվը և վայրը անհայտ են։

Թրամփն իր փաստաբանին նշանակել է խորհրդականի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է փաստաբան Ուիլ Շարֆին, որը նախկինում ներկայացրել էր իրեն դատարանում, որպես իր օգնական և Սպիտակ տան իրավական հարցերով խորհրդական նշանակելու որոշման մասին։

Օգոստոսի 9-ին ամերիկացի առաջնորդը Truth Social-ում հայտարարել է, որ «սեպտեմբերի 1-ից սկսած՝ Ուիլ Շարֆը կդառնա նախագահի օգնականն ու Սպիտակ տան իրավական հարցերով խորհրդականը»։ Նա կփոխարինի Դեյվիդ Ուորինգթոնին, որը, ըստ Թրամփի, «կտեղափոխվի մասնավոր հատված»։

Թրամփը հավելել է, որ Շարֆը նախկինում իրեն ներկայացրել է «շատ դեպքերում, այդ թվում՝ Գերագույն դատարանում»՝ Բայդենի վարչակազմի «կոռումպացված և անօրինական քարոզարշավի» ընթացքում։ Նա բազմիցս ընդգծել է, որ Բայդենի օրոք ինքը ենթարկվել է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների։

Իտալիան սահմանափակել է Շենգենյան ազատ տեղաշարժը Իսպանիայի հետ

Իտալիայի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրով ազատ տեղաշարժի սահմանափակումները պայմանավորված են ահաբեկչական սպառնալիքի կանխարգելման անհրաժեշտությամբ՝ Սեուտա քաղաքում անօրինական միգրանտների զանգվածային ներհոսքի ֆոնին։

Տայանիի խոսքով՝ Սեուտայում դեռևս հազարավոր միգրանտներ են գտնվում, այդ թվում՝ Սահարայից հարավ գտնվող երկրներից ժամանածներ։ Նա նշել է, որ Իտալիան չի ցանկանում հակադրվել Իսպանիային, սակայն անհրաժեշտ է ապահովել սահմանների անվտանգությունը։ Իտալիայի պաշտոնյան նաև հայտնել է, որ սահմանափակումները կվերացվեն, երբ իրավիճակը կրկին անվտանգ համարվի։

Իսպանիայի իշխանությունները, իրենց հերթին, պատասխան քայլով սահմանային վերահսկողություն են սահմանել։ Սեուտայում ստեղծված ճգնաժամի ֆոնին Իսպանիան նաև զինված ուժերի ներգրավմամբ ուժեղացրել է քաղաքի անվտանգությունը։

Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպան լայնածավալ պատերազմի շեմին է

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարծում է, որ Եվրոպան գտնվում է լայնածավալ պատերազմի շեմին։

«Կարծում եմ՝ մենք ավելի մեծ պատերազմի սկզբում ենք»,- ասել է Վուչիչը՝ նշելով, որ վերջին շրջանում ակնկալում էր խաղաղության հասնելու ուղղությամբ նախաձեռնություններ, սակայն դրանք, իր գնահատմամբ, չեն իրականացվել։

Սերբիայի նախագահը նաև նշել է, որ չի կարծում, թե Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի 2026 թվականին։ Նրա խոսքով՝ պատերազմը կարող է շարունակվել առնվազն մինչև հաջորդ գարուն, իսկ ներկայիս իրավիճակում ինքը «փոխզիջումային լուծումների հնարավորություն» չի տեսնում։

Ջո Բայդենն առաջին անգամ հանրության առաջ է հայտնվել առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկություններից հետո

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ հանրության առաջ է հայտնվել որդու՝ Հանթեր Բայդենի կողմից իր առողջական վիճակի վատթարացման մասին հայտարարությունից հետո։ Ինչպես գրում է Daily Mail-ը, Բայդենին նկատել են Ուիլմինգթոնի եկեղեցուց դուրս գալիս՝ պատարագից հետո։ Պարբերականի փոխանցմամբ՝ նախկին նախագահը տեսանելիորեն թուլացած է եղել։

Բայդենը 2025 թվականի մայիսին հայտնել էր, որ իր մոտ ագրեսիվ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Ավելի ուշ նա անցել է ճառագայթային թերապիայի կուրս։ 2025 թվականի հունիսին նրա կինը՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենը, հայտնել էր, որ հիվանդությունը տարածվել է նաև ոսկորների վրա։

Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին բախվել են «Mercedes GLS»-ը և «Tesla»-ն․ վերջինը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին․ կա 4 վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին, դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 38-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Mercedes GLS» մակնիշի և Երևանի բնակիչ 46-ամյա Գրիգոր Կ․-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին. Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 անչափահաս երեխաներ և նրանց մայրը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Վաշինգտոնի հանդիպումը պատմական ազդակ է ստեղծել ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը գրառում է տարածել անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի վերաբերյալ, որը ապահովեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։

«Մենք նշում ենք անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ-ի կողմից կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթնաժողովի տարեդարձը։ Այս հանգրվանը պատմական ազդակ ստեղծեց երկու երկրների միջև հարաբերություններում։ Մենք խրախուսում ենք երկու կողմերին էլ առաջ շարժվել այս ճանապարհով»,- X-ում նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեր ընդհանուր շահերից են բխում։ ԵՄ և ԱՄՆ գործընկերների հետ միասին Գերմանիան կշարունակի աջակցել այս գործընթացին», – ասված է հաղրդագրության մեջ։

Իրական խաղաղության հաստատման գործընթացում արցախահայության հարցի լուծումը ենթադրում է նրանց՝ սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի իրացում․ Սաղաթելյան

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդարձի, օկուպացված տարածքների ազատագրման և մյուս հարցերը պետք է լուծվեն, բայց դա անհնար է առանց այդ հարցերի հիմնարար կարգավորման և այդ հարցերը ծնող պատճառների վերացման․ գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Իրական խաղաղության հաստատման գործընթացում արցախահայության հարցի լուծումը ենթադրում է նրանց՝ սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի իրացում։

Հումանիտար հարցերի վերջնական կարգավորումն անհնար է առանց Բաքվում պահվող մեր բոլոր հայրենակիցների անհապաղ վերադարձի։ Առանց հումանիտար նման հարցերի լուծման անհնար է պատկերացնել իրական խաղաղություն։

Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման։

Ինչ վերաբերում է արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման օրակարգերի նույնացմանն ու համահավասարեցմանը․ քաղաքական և իրավական տեսանկյունից անընդունելի է Արցախի հայերի վերադարձի իրավունքի նույնացումը Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի հետ։

Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է՝ այդ թվույմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

Դրան հակառակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը ենթադրում է Հայաստանում որոշակի ժամանակ ապրած և իրենց կամքով Հայաստանից հեռացած ու փոխհատուցում ստացած ադրբեջանցիների պարտադրաբար բնակեցում Հայաստանում։

Չնայած դրան՝ Ադրբեջանն այդ ծրագիրն առաջ է տանում պետական մակարդակով, մինչդեռ Հայաստանը պետական մակարդակով ոչ միայն չի խոսում արցախահայերի հավաքական վերադարձի մասին, այլև ամեն կերպ հետապնդում է այդ իրավունքի մասին բարձրաձայնողներին։

Եթե ՀՀ գործող իշխանությունները մեծ ցանկություն ունեն քննարկելու այդ արհեստածին օրակարգը, ապա այն պետք է հակադրել Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու ջարդերի արդյունքում իրենց ծննդավայրը լքած հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումներով։

Ամփոփելով՝ իրական խաղաղությունն իսկապես նպատակ է, որին պետք է ձգտել, բայց խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին, խաղաղությունը պետք է երաշխավորի ազգի և պետականության անվտանգությունը, ոչ թե վտանգի այն։ Ուրեմն մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին»,- գրել է նա։

Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ․ հայտնում է Ոստիկանությունը։

Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը   դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։