Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում․ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են անսասան աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների մեկամյակի կապակցությամբ։

«Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը՝ դրա տառին և ոգուն համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը։

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրությունների և փոխըմբռնման հուշագրերի լիարժեք իրականացմանը, ինչպես նաև երկու երկրների հետ իր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում, բայց ինչպես ասում է նախագահ Թրամփը` «Խոստումները տրված են, խոստումները կատարված են»։ Հայաստանի և Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, և մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա»,- ասված է հաղորդագրությունում։

 

Երևանի Հալաբյան փողոցում նորածին երեխա են թողել

Այսօր ժամը 20։43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա․ հայտնում են ՆԳՆ-ից։

«Նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է հաղորդագրությունում։

Ազգային խայտառակություն․ իշխանությունը ցուցադրաբար առճակատում է Մայր Աթոռի հետ․ Եկեղեցու պահպանության խորհրդի նախագահ

Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելը Հայաստանի ներքաղաքական կյանքի հերթական դրվագը չէ․ Facebook-ի իր էջում գրել է Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը։

«Սա այն դեպքերից է, երբ պետության գործողություններն արդեն դուրս են գալիս ընթացիկ քաղաքական պայքարի շրջանակից և առնչվում ազգային ինքնության հիմնասյուներին… Առավել ևս, երբ դատարանի քննության առարկա է դարձել մի հարց, որը, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, վերաբերում է բացառապես նրա ներքին կանոնական կյանքին։ Եթե պետությունն իրեն իրավունք է վերապահում միջամտելու Եկեղեցու ներքին ինքնակառավարմանը , ապա խոսքն այլևս մեկ անձի կամ մեկ դատական գործի մասին չէ։ Դատարանի առաջ կանգնած էին ոչ միայն Վեհափառ Հայրապետն, այլև Գերագույն Հոգևոր Խորհրդի վեց եպիսկոպոս։ Այդ տեսարանը պարզապես դատական գործընթաց չէր։ Դա պետական իշխանության ցուցադրական առճակատումն էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ….

Այդ կադրերը մնալու են…Դրանք տեսել է ամբողջ աշխարհը։ Եվ այդ կադրերում աշխարհը տեսավ մի պետություն, որի անամոթ իշխանությունը քաղաքական պայքարը տեղափոխել է իր ազգային Եկեղեցու դաշտ… Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սովորական կրոնական կազմակերպություն չէ, Եկեղեցին այն ազգային հաստատությունն է, որը գրեթե տասնյոթ դար ուղեկցել է հայ ժողովրդին պետականության կորստի, ցեղասպանության, բռնագաղթի և հայրենազրկման բոլոր փուլերում։

Եթե այսօր թիրախավորվում է այդ ինստիտուտը, ապա շատերի համար թիրախավորվում է նաև այն պատմական հիշողությունը, որի վրա հենված է հայ ժողովրդի ինքնությունը…Իշխանությունը գալիս ու գնում է… Այդպես եղել է միշտ, բայց պատմությունը երբեք չի արդարացնում այն իշխանություններին, որոնք իրենց քաղաքական պայքարը տեղափոխում են ազգային սրբությունների դաշտ… Հնարավոր է տարիներ անց ոչ ոք չհիշի այս գործի մասին, դատավորի անունը կամ դատարանի որոշումը, բայց շատերը կհիշեն մեկ բան՝ այն օրը, երբ Հայաստանի իշխանությունը դատարանի առաջ կանգնեցրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր Խորհրդի վեց եպիսկոպոսների։ Պատմության մեջ նման օրերը ունենում են մեկ անուն՝ ազգային խայտառակություն…..»,- նշել է նա։

 

Հայաստանն ու Թուրքիան Վրաստանի քաղաքացիների նախընտրելի երկրներն են

2026 թվականի 2-րդ եռամսյակում Վրաստանի տարածքից արձանագրվել է Վրաստանի ռեզիդենտ ճանապարհորդների 741 հազար ելք արտասահման, ինչը 3,6 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից․ գրու  է Aliq.ge-ն։

«Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) այսօր հրապարակած ելքային զբոսաշրջության II եռամսյակի տվյալների համաձայն՝ ելքերի ամենամեծ մասը՝ 44%-ը, իրականացրել են 31-50 տարեկան ճանապարհորդները։

Վրաստանի ռեզիդենտ այցելուներն կատարել են 388,7 հազար զբոսաշրջային տիպի այցելություն արտերկիր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 0,8%-ով։

Այցելությունների մեծ մասը (47,4%-ը) իրականացրել են Վրաստանի ռեզիդենտ 31-50 տարեկան տղամարդիկ, իսկ կանանց  կատարած այցելությունների քանակը կազմել է ընդհանուր այցելությունների 46,3%-ը։

II եռամսյակում արտասահման են մեկնել հիմնականում ընկերներին/հարազատներին այցելելու նպատակով՝ 34,9%:

Այցելությունների մեծ մասն իրականացվել է Թուրքիա և Հայաստան՝ համապատասխանաբար 201,1 հազար և 112,9 հազար այցելություն»,- նշում է կայքը։

 

7 ժամ տևած հանդիպում․ Փեզեշքիանը պատմել է Մոջթաբա Խամենեիի հետ ունեցած  հանդիպման և քննարկված հարցերի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնաբանել է իր հանդիպումը գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի հետ։

Իրանի պետական հեռուստատեսության հետ զրույցում Մասուդ Փեզեշքիանը Մոջթաբա Խամենեիի հետ հանդիպումը համարել է դրական և արդյունավետ։ Փեզեշքիանի խոսքով՝ հանդիպումը շատ լավ է անցել և տևել է մոտ 7 ժամ։ Նա նշել է, որ այդ ընթացքում քննարկվել են Իրանին վերաբերող գրեթե բոլոր հարցերը։

Իրանի նախագահն ընդգծել է, որ հանդիպման հիմնական թեմաներն են եղել բնակչության կենսամակարդակը, զբաղվածությունը և բնակարանային պայմանները. «Մենք նաև քննարկել ենք պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրները։ Այս հանդիպմանը մանրամասն քննարկվել են կառավարության և ժողովրդի դիրքորոշումը, ժողովրդական աջակցությունը, միասնությունը և համերաշխությունը»։

Փեզեշքիանը հավելել է, որ գերագույն առաջնորդի ամենակարևոր առաջարկությունն է պահպանել «միասնությունն ու համերաշխությունը» երկրում։

Իրանի նախագահն ընդգծել է, որ ստեղծված պայմաններում ոչինչ ավելի կարևոր չէ, քան միասնությունը, քանի որ «թշնամու հիմնական նպատակներից մեկը երկրի ներսում անհամաձայնություն ստեղծելն է»։

Նշենք, որ Փեզեշքիանը նախորդ օրը հանդիպել է Մոջթաբա Խամենեիի հետ՝ իր պաշտոնավարման երրորդ տարվա մեկնարկի կապակցությամբ։

 

Պոլսո Հայոց պատրիարքարանը աջակցություն է հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին 

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Պատրիարքարանից նշել են, որ վերջին շրջանում հայ Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ որդեգրված բացասական դիրքավորումը խոր ցավ ու վիրավորանք է առաջադրել Հայաստանի և Սփյուռքի մեր հավատացյալ ժողովրդի մեջ։

«Մայր Աթոռը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հավատքի լուսաբևեռն ու ազգային և հոգևոր միության ամուր սյունը։ Եկեղեցին իր ամբողջ նվիրապետությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի գլխավորությամբ շարունակում է իր քրիստոսավանդ, ազգանվեր ու ազգաշեն առաքելությունը։ Այս առումով Վեհափառի և եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացները, նրանց քրեական հանցագործության ամբաստանություններով աշխարհիկ ատյաններ կանչելը խորապես վիրավորում է Հայ Եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։ Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում ՀՀ Սահմանադրությամբ Եկեղեցուն տրված երաշխիքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»,-ասված է հայտարարության տեքստում։

Պոլսո պատրիարքարանից հայտնել են, որ Սփյուռքում Եկեղեցին շարունակում է առանցքային դեր ունենալ ժողովրդի հոգևոր, ազգային և համայնքային կյանքում։ Հետևաբար Մայր Աթոռի հեղինակությունը թուլացնելու կամ նրա անձեռնմխելիությունը վիրավորելուն միտված ցանկացած քայլ վնասում է Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի միջև դարերով ամրացված կապերին։ «Պատմությունը վկայում է, որ պետականությունից զրկված ժամանակներում Հայ Առաքելական եկեղեցին եղել է մեր ժողովրդի անխորտակելի սյուներից մեկը։ Ուստի եկեղեցու վերաբերող հարցերի մասին Հայրապետին և եկեղեցական նվիրապետության բարձրացրած ձայնի մեջ հանցագործություն որոնելն անտեղի ու վիրավորական ենք համարում։ Այս գործընթացները վիրավորում են ոչ միայն Մայր Աթոռի միաբանությանը, այլև Հայ եկեղեցու նվիրապետական աթոռները, հոգևորականությանը և վնասում են միջեկեղեցական հարաբերություններին։ Որպես Թուրքիայի Հայոց պատրիարքական աթոռ, մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներին։ Պատասխանատուներին հորդորում ենք Հայ եկեղեցին անխոցելի պահել և եկեղեցական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտություններին»,-ասված է հայտարարության մեջ։

 

ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել․ «Ազատություն»

Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել՝ բանավոր. գրում է «Ազատություն»-ը՝ հղում անելով ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին։

«Ռուբեն Վարդանյանի կինն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, թե կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր: ԱԳՆ-ից «Ազատությանը» պարզաբանեցին, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկը մինչև այդ արդեն քննարկվել էր, փաստացի փոխանցվել վերջինիս հայտարարությունից հետո:

Հարցին, թե ԱԳՆ-ից կոնկրետ ով է հանդիպելու Վերոնիկա Զոնաբենդին, ԱԳՆ խոսնակը նշեց, որ «հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից՝ համագործակցաբար»: «Ազատության» տեղեկություններով՝ այս պահին համաձայնեցվում են հանդիպման ժամկետները»,- նշում է լրատվամիջոցը:

Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինն անցած հունիսին հայտարարեց մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային պատվիրակության այց Բաքու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Առաջատար ֆուտբոլային ֆեդերացիաները կոչ են արել հետաքննություն սկսել Ինֆանտինոյի գործողությունների վերաբերյալ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ), Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆԿԱԿԱՖ) և Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԱՖԿ) կոչ են արել ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի գործողությունների անկախ ստուգում անցկացնել, որն առաջարկել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության իրավունքների բաժնեմասը վաճառել մասնավոր ներդրողներին։

Այս մասին ասվում է 3 կազմակերպությունների բաց նամակում, որը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի կայքում։

Նախկինում հաղորդվել էր Ինֆանտինոյի՝ ԱԱ իրավունքների բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու ցանկության մասին, սակայն ֆուտբոլային համայնքի քննադատությունից հետո նա ավելի ուշ հրաժարվել է FIFA Forward Enterprise նախագծից։ Քննադատությունների ֆոնին ՖԻՖԱ-ի ղեկավարությունը Մարոկկոյում արտակարգ հանդիպում է անցկացրել Ինֆանտինոյի և խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում կազմակերպության փոխնախագահները վստահություն են հայտնել գործող նախագահին, իսկ ՖԻՖԱ-ն հայտարարել է ցանկության մասին՝ վերականգնելու իր հեղինակությունը ձախողված նախագծից հետո։

ՖԻՖԱ-ն նաև նամակներ է ուղարկել իր բոլոր անդամներին՝ ընդունելով թույլ տրված սխալները։

«Ֆուտբոլն աշխարհի ամենամեծ համատեղ կիրքն է. այն չի պատկանում որևէ անձի կամ հաստատության։ Այն պատկանում է խաղացողներին, երկրպագուներին, ակումբներին, անդամ ասոցիացիաներին և բոլոր հաստատություններին, որոնց վստահված է դրա ապագան։ Այս ոգով է, որ մենք՝ մեր անդամներին ներկայացնող կոնֆեդերացիաները, այսօր միասնական ենք։ Երբ վստահությունը խաթարվում է խաբեությամբ, երբ անհատն իրեն դասում է իրեն լիազորող կոլեկտիվից վեր, այդ պարտականությունն այլևս չի կատարվում։ Խոսքն ավելի հիմնարար բանի մասին է՝ խաղի ամբողջականության և այն ղեկավարելու համար ընտրվածների ամբողջականության մասին։ Ֆուտբոլում առաջնորդությունը սեփականության մասին չէ։ Խոսքն իշխանություն պահելու կամ այն պահանջելու մասին չէ։ Դա պարտականություն է ֆուտբոլային ընտանիքի նկատմամբ, որն այն վստահել է իր առաջնորդին», – նշվում է հայտարարությունում։

Կազմակերպությունները կոչ են արել հետաքննել Ինֆանտինոյի գործողությունները՝ նշելով, որ ՖԻՖԱ-ն չպետք է որևէ դեր խաղա գործընթացում, քանի որ կարող է անձնական շահագրգռվածություն ունենալ որոշակի եզրակացություններում։

Կազմակերպությունները նաև քննադատել են Մարոկկոյում կայացած հանդիպումը, քանի որ հրավիրվել էր միայն ՖԻՖԱ-ի կառավարման կոմիտեն, այլ ոչ թե ամբողջ գործադիր կոմիտեն։

«Վերջերս կայացած այս հանդիպումը միայն սրում է մտահոգությունները և շարունակում է այն վարքագիծը, որը մեզ հասցրել է այս կետին։ Սա խաղի պահապանի վարքագիծ չէ, այլ մեկի, որը կարծում է, որ խաղը պետք է հաշվետու լինի իրեն։ Որտեղ պետք է հաշվետու լինի, այնտեղ լռություն է, որտեղ պետք է բաց լինի, այնտեղ հեռավորություն է։ Սրանք այն հատկանիշները չեն, որոնց արժանի է ֆուտբոլային կազմակերպության ղեկավարությունը։ Ահա թե ինչու մենք այս դիրքորոշումն ենք ընդունել. ոչ թե քմահաճույքով կամ միայնակ, այլ միասին՝ խաղի նկատմամբ պարտքի զգացումից ելնելով։ Ֆուտբոլի ուժը միշտ եղել է նրա միասնությունը», – եզրափակել են կողմերն իրենց հայտարարությունում։

Անկարան տեղյակ չէ Թուրքիայի միջոցով Ուկրաինա ամերիկյան զենք փոխանցելու ծրագրերի մասին

Թուրքական իշխանությունները որևէ տեղեկություն չունեն Թուրքիայի միջոցով Ուկրաինա ամերիկյան զենք փոխանցելու Պետդեպարտամենտի ծրագրերի մասին․ РИА Новости-ին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը։

Տեղեկության համաձայն՝ ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է Թուրքիայում պահվող ամերիկյան զենքի համակարգերի, այդ թվում՝ MLRS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ATACMS բալիստիկ հրթիռների՝ Ուկրաինային ենթադրյալ փոխանցման մասին։

Փաստաթղթի համաձայն՝ փոխանցումը նախատեսվում է իրականացնել թուրքական մասնավոր MKE, ASFAT և ARCA Savunma ընկերությունների, բուլղարական մասնավոր VTIC International Ltd. ընկերության և ամերիկյան մասնավոր Pansophico և Patriot Defense Group ընկերությունների միջոցով։

«Մենք որևէ տեղեկություն չունենք Պետդեպարտամենտի ծրագրի մասին. ավելի լավ կլինի հարցն ուղղակիորեն ուղղել ամերիկյան կողմին», – նշել է գործակալության աղբյուրը։

Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք․ հարց՝ Վիլեն Գաբրիելյանին

Դուք ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, ադրբեջանցի տեսե՞լ եք․ այսօր ԱԺ նիստում Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Գարիկ Սարգսյանը։

«Հարցը խորքային է, խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ է պատահի, որ Դուք 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- հարցրեց Գարիկ Սարգսյանը։

«Ձեր հարցն ինչ-որ չափով սարկազմ է պարունակում, ինչը վատ բան չէ։ Դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ այդ տարիքում հետաքրքրություն եմ ներկայացրել, իսկ ադրբեջանցի երեխաների հետ շփվել, խաղացել եմ»,- պատասխանեց Վիլեն Գաբրիելյանը։

«Ինչ վերաբերում է հասուն տարիքում շփվելուն, շփվել եմ ադրբեջանցիների, թուրքերի հետ, մինչ պատգամավոր լինելն էլ Ռուսաստանի Դաշնությունում եմ շփվել, այլ երկրներում եմ շփվել։ Ինչ վերաբերում է հավաքագրված լինելուն, ապա միանշանակ և աներկբա՝ ո՛չ, չի՛ կարող նման բան լինել»,- հավելեց նա։