Ճապոնիան արագորեն վերածվում է պատերազմական պետության․ Հս․ Կորեայի առաջնորդի քույր

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չոնը, մեղադրել է Ճապոնիային արագորեն «պատերազմական պետության» վերածվելու համար․ գրում է Euronews-ը։

Հայտարարությունը հնչել է մի ժամանակ, երբ Տոկիոն աստիճանաբար հեռանում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որդեգրած խաղաղասիրական քաղաքականությունից՝ ավելացնելով ռազմական ծախսերը և ընդլայնելով պաշտպանական համագործակցությունները։

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի առաջնորդի քույրը, որն Աշխատավորական կուսակցության գլխավոր գործերի վարչության տնօրենն է, հայտարարել է, որ «Ճապոնիայի վերափոխմամբ պայմանավորված՝ երկրի ղեկավարությունը կձեռնարկի լրացուցիչ ռազմական քայլեր»:

«Ճապոնիան, որը պատերազմական հանցագործություններ իրականացրած պետություն է, արագորեն վերածվում է պատերազմական պետության», – հայտարարել է Կիմ Յո Չոնը։

Կիմը որպես Վաշինգտոնի՝ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում «վտանգավոր ռազմական քայլերին» աջակցելու ապացույցներ ներկայացրել է Տոկիոյի՝ ամերիկյան Tomahawk հեռահար թևավոր հրթիռների վերջին փորձարկումը և մայիսին Ֆիլիպիններում ԱՄՆ գլխավորած զորավարժություններին մասնակցությունը։

Ճապոնիան մինչև 1945 թվականին Երկրորդ աշխարհամարտում պարտվելն ամբողջությամբ օկուպացրել էր Կորեան։ Պատերազմից հետո թերակղզին բաժանվեց երկու առանձին պետության։

Չինաստանը ևս վերջերս մտահոգություն է հայտնել Ճապոնիայի «նոր ռազմականացման» կապակցությամբ։

Թրամփի գոլֆի ակումբի մոտ զինված տղամարդու են ձերբակալել

Իրավապահ մարմինների աշխատակիցները Հարավային Կալիֆոռնիայում՝ Թրամփի գոլֆի ակումբի մոտ, ձերբակալել են զինված տղամարդու․ հայտնում է BBC-ն՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի հայտարարությանը։

Դեպարտամենտի տվյալներով՝ դաշնային գործակալները հայտնել են գոլֆի դաշտում կասկածելի անձի մասին, որից հետո նա ձերբակալվել է։ Ձերբակալված տղամարդը 38-ամյա Ջինին Ջոն Թեյլն է։

Նրան «նկատել են գոլֆի դաշտով քայլելիս՝ լուսանկարելով և տեսանկարահանելով, ինչպես նաև, կարծես, հետևելով անվտանգության պլանավորման աշխատանքներին»։

Դաշնային իրավապահ մարմինների աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ներկայում որևէ հիմք չկա կարծելու, որ տղամարդը մահափորձ էր ծրագրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այնուամենայնիվ, հետաքննությունը շարունակվում է։

Նշվում է, որ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում է՝ Հանրապետական կուսակցության դրամահավաքի համար կազմակերպված ճաշկերույթին մասնակցելու համար։

Բաքուն ողջունել է Փաշինյանի «իրական Հայաստան» հայեցակարգը

Պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած «իրական Հայաստան» հայեցակարգը․ թուրք լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը բաղկացած է ոչ միայն թղթի վրա հայտարարություններից։ Նա հավելել է, որ Ադրբեջանը «գործնական քայլերով հաստատել է խաղաղության հարցում իր հանձնառությունը»։

«Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը որպես հիմնարար մոտեցում ընդունել է «իրական Հայաստան» հայեցակարգը։ Մենք ակնկալում ենք, որ դա կներառվի Սահմանադրության մեջ։ Մենք մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նրանք հայտարարություններ են արել նոր սահմանադրություն ընդունելու մասին», – նշել է Հաջիևը։

Նա հավելել է, որ նոր սահմանադրության ընդունումից հետո Հայաստանը խնդիրներ չի ունենա խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։

«Մեր նպատակն է ավարտել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացները՝ դրանք զուգահեռաբար անցկացնելով», – հավելել է նա։

Ալիևի օգնականը նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր աշխարհաքաղաքական իրականության մի մասն է։ «Դա ծառայում է թե՛ մեր, թե՛ Հայաստանի շահերին, քանի որ երկիրը գիտակցում է տարածաշրջանում տարանցիկ հնարավորությունների անհրաժեշտությունը», – նշել է Հաջիևը։

Լատվիայի ԱԳ նախարարը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում Կիևի վրա Ռուսաստանի հարձակման ժամանակ

Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն որոշ ժամանակ անցկացրել է ապաստարանում՝ օգոստոսի 5-ի գիշերը Կիևի վրա Ռուսաստանի իրականացրած զանգվածային օդային հարվածի ժամանակ․ գրում է eurointegration.com.ua-ն։

Նա այս մասին խոսել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բրաժեն ցավակցություն է հայտնել հարվածի հետևանքով զոհերի ընտանիքներին։

«Մենք նաև թաքնվել ենք ռմբապաստարանում։ Սա առաջին անգամը չէր, և, ցավոք, վերջինը չի լինի»,- ասել է նա։

Բրաժեն ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ «ռուսները կարող են կոտրել պատուհաններ և ոչնչացնել շենքեր», նրանք «երբեք չեն կարողանա ոչնչացնել Ուկրաինան կամ նրա ոգին»։

«Նրանք անկարող են կոտրել ուկրաինացիներին։ Եվ սա ամենակարևոր եզրակացությունն է, որ կարելի է անել այս այցից և այս բոլոր քննարկումներից», – ընդգծել է Լատվիայի արտաքին գործերի նախարարը։

Այս ֆոնին Սիբիհան ընդգծել է Ռուսաստանի վրա պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ.-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը․ հայտնում է Քննչական կոմիտեն։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

2026 թվականի օգոստոսի 5-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա Ս.Ա.-ն և Ա.Դ.-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է։

Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ․ Հիքմեթ Հաջիև

Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակը չափազանց բարդ է։ Բաքվից 200 կիլոմետր հարավ մոլեգնում է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմը։ 200 կիլոմետր հյուսիս շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը․ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Մեկնաբանելով «Մոսադ»-ի կողմից ադրբեջանական տարածքն օգտագործելու մասին պնդումները՝ նա նշել է, որ պաշտոնական Բաքուն Իրանը համարում է «եղբայրական երկիր»։

«Նախ՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար հիմնարար սկզբունքներ են։ Երկրորդ՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ։ Երրորդ՝ մենք բարոյական պարտականություն ունենք այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ։ Ինչպես արդեն ասացի, սահմանի մյուս կողմում ապրողները, անկախ իրենց ազգությունից կամ կրոնից, մեր եղբայրներն են։ Ինչպե՞ս կարող ենք դա թույլ տալ։ Չորրորդ՝ ինչպե՞ս է դա հնարավոր տեխնիկական տեսանկյունից։ Ինչպե՞ս են նրանք այստեղ հասնելու Իսրայելից։ Նրանք պետք է անցնեին Թուրքիայով։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը թույլ չեն տա դա։ Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ։ Այստեղ կան նաև կեղտոտ քարոզչության տարրեր», – նշել է Հաջիևը։

Նա ընդգծել է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին պնդումները չեն համապատասխանում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը։

Չեղարկե՛ք ընտրության արդյունքները, եթե գեթ մեկ պատգամավոր այստեղ ընտրակաշառքով է հայտնվել․ Արեգա Հովսեփյան

Եթե խորհրդարանում կան ընտրակեղծիքների արդյունքում ընտրված պատգամավորներ, ապա իշխանությունը պարտավոր է նախաձեռնել ընտրությունների արդյունքների չեղարկման գործընթաց․ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

«Եթե գեթ մեկ պատգամավոր այստեղ ընտրակաշառքով է հայտնվել, դուք իշխանություն եք, դիմեք, չեղարկեք ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ նշանակեք։ Ոչ ոք իրավունք չունի այս դահլիճում հայտնվել ընտրակեղծիքով։ Եթե դա այդպես է, ինչո՞ւ եք օրինականացնում անօրինականը»,-ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև Հայաստանում ադրբեջանցիների հնարավոր «վերադարձի» շուրջ քննարկումներին՝ նշելով, որ ընդդիմությունն այդ հարցը բարձրացնում է՝ հետագայում նոր իրողությունների առաջ չկանգնելու համար։

«Մենք այդ թեման բարձրացնում ենք, որպեսզի հետո ստիպված չլինեք հերթական անգամ ներողություն խնդրել։ Ինչո՞ւ եք ասում՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները կարևոր չեն, այդպես չեն աշխատում։ Բանակցային գործընթացում պետք է հաշվի առնել և վերլուծել հակառակ կողմի յուրաքանչյուր հայտարարություն»,- նշեց Հովսեփյանը։

Նա հավելեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները պետք է հրապարակայնորեն հերքի հենց Հայաստանի իշխանությունը։

«Եթե ասում եք, որ նման օրակարգ գոյություն չունի, ապա դա պետք է ասեք ոչ թե ընդդիմությանը, այլ Իլհամ Ալիևին։ Պետք է հայտարարեք՝ «Դուք ստում եք, նման օրակարգ չկա»»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Արեգա Հովսեփյանը քննադատեց նաև ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի ելույթը՝ նշելով, որ իշխող խմբակցությունը չպետք է սեփական պատկերացումները հայրենիքի մասին վերագրի ամբողջ հասարակությանը։

«Եթե դուք 64 պատգամավորով մինչ օրս չգիտեք, թե որն է ձեր հայրենիքը և ինչպես է ընկալվում հայ ժողովրդի պատմությունը, խնդրում եմ, ձեր պատկերացումները մի պրոյեկտեք ամբողջ ժողովրդի վրա»,- նշեց Հովսեփյանը։

Անդրադառնալով մանկապարտեզների թեմային՝ պատգամավորը հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարն իր անձնական միջոցներով կառուցել է 5 մանկապարտեզ՝ Իջևանում, Ստեփանավանում, Սպիտակում և Ալավերդիում, և շեշտեց, որ կուսակցությունը դատապարտում է մանկապարտեզների վաճառքը։

Միաժամանակ նա նշեց, որ ավելի ծանր խնդիր է Արցախի կրթական և մշակութային ենթակառուցվածքների ճակատագիրը։

«Արցախում 217 դպրոց, 7 քոլեջ և 4 համալսարան անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Շատ դպրոցներ, մշակույթի տներ և համայնքային կենտրոններ օգտագործվում են ռազմական նպատակներով։ Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի և այլ բնակավայրերի մի շարք կրթական հաստատություններ այսօր գործում են որպես ադրբեջանական հաստատություններ։ Այս ամենը հնարավոր է արձանագրել անգամ արբանյակային լուսանկարներով, քանի որ ձեր իշխանության օրոք մենք չենք կարող այնտեղ գնալ և դա տեսնել»,- ասաց նա։

Պենտագոնը մշակում է միջուկային նոր ռազմավարություն, որը կենտրոնացած կլինի Չինաստանի և Ռուսաստանի դեմ ուղղված գործողությունների վրա. NBC News

Պենտագոնը մշակում է միջուկային նոր ռազմավարություն, որը կենտրոնացած կլինի Չինաստանի և Ռուսաստանի դեմ ուղղված գործողությունների վրա․ գրում է NBC News-ը՝ հղում անելով թեմային ծանոթ 5 աղբյուրի։

Նոր ռազմավարությունը կենտրոնացած կլինի Չինաստանի կամ Ռուսաստանի հետ տարածաշրջանային պատերազմի դեպքում կարճ հեռահարության մարտավարական զենքի հնարավոր կիրառման վրա։ Նոր հայեցակարգը քննարկում է նաև ճգնաժամային իրավիճակներում ԱՄՆ-ի հնարավոր միջուկային արձագանքի տարբերակները։

Ռազմավարության նախագծի մշակումը, ըստ տեղեկությունների, վերահսկում է ԱՄՆ Պատերազմի նախարարության քաղաքականության հարցերով փոխնախարար Էլբրիջ Քոլբին։

Ներկայիս ռազմավարության համաձայն՝ Չինաստանին չպետք է թույլ տալ իր միջուկային ընդլայնվող ներուժի միջոցով ամրապնդել ազդեցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանը դառնա ավելի լուրջ սպառնալիք ՆԱՏՕ-ի համար։

Ունե՞նք օկուպացված տարածք, այո՛, ունենք․ ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանը չի զիջել միջանցք, չի զիջելու միջանցք։ Վաշինգտոնում լուծվել է հնարավոր միջանցքի հարցը․ 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Նշեք գեթ մի բան, որ զիջել է գործող իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքից։ Հայաստանն ունի՞ օկուպացված տարածք, այո՛, ունի։ Ինչպե՞ս է գործող իշխանությունը պատկերացնում այդ տարածքների դեօկուպացիան, սահմանազատման և սահմանագծման միջոցով»,- ասաց Սոնա Ղազարյանը։

Նա իր այս ելույթով արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովին, որը հայտարարել էր, որ հասարակության մի ստվար զանգված իշխանություններից «ավելի շուտ հերթական տարածքի հանձնում է սպասում, քան դիմադրության իրական պատրաստակամություն»։ 

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN TÜRK հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի մոտ ապագայում։

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը գրեթե ավարտել է նախագծի իր մասը։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է Կարսից նոր երկաթուղային գծի կառուցումը, իսկ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ պարտավորվել է կառուցել 42 կիլոմետրանոց հատված։

«Եթե ամեն ինչ ավարտվի, Ստամբուլի և Բաքվի միջև ազատ տեղաշարժը հնարավոր կլինի մոտ ապագայում»,- հայտարարել է Հաջիևը։

Ադրբեջանում ջրի պակասն ավելի լուրջ խնդիր է դառնում․ FAO

Ադրբեջանում ջրի պակասն ավելի ու ավելի լուրջ մարտահրավեր է դառնում․ Report-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ և FAO գործընկերության և համակարգման գրասենյակի ղեկավար Նասար Հայաթը։

«Աշխարհում քաղցրահամ ջրերի պաշարների մոտ 70%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Ադրբեջանում ջրի պակասը դառնում է ավելի ու ավելի լուրջ խնդիր։ Նախ, Ադրբեջանը բոլոր գետերի համար հոսանքն ի վար գտնվող երկիր է։ Ադրբեջանի քաղցրահամ ջրերի մեծ մասը գալիս է հարևան երկրներից հոսող գետերից։ Հետևաբար, անհրաժեշտ է որոշել, թե ինչպես արդյունավետ օգտագործել ջուրը», – նշել է նա։