ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն խորը ցավով տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ընկերության բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։

Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։

ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։

Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Ընկերությունը իր բոլոր աշխատակիցներին և կապալառուներին խստագույնս հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։

Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով – ABCMEDIA

Երևանում օգոստոսի 30-ին կեսօրից հետո, 31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ․ հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հանրապետության տարածքում օգոստոսի 30-ին կեսօրից հետո, 31-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Ֆինլանդիայի նախագահը չի հավատում, որ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ չի տեսնում ապացույցներ, որոնք վկայում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հարձակվելու Ռուսաստանի մտադրության մասին։

Նրա խոսքով՝ դաշինքի ռազմական ներուժը բավականաչափ ուժեղ զսպող գործոն է, որպեսզի Մոսկվան չհամարձակվի գնալ ուղիղ առճակատման։

 

Իրանում հայտարարել են ՀՀ-ի հետ սահմանին «Նորդուզ» սահմանային անցակետով տարանցումն արագացնելու մասին

Իրանում կոչ են արել վերացնել Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» սահմանային անցակետով առևտրի և տարանցման համար առկա խոչընդոտները։ Այդ մասին տերմինալ այցելության ընթացքում հայտարարել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Հոսեյն Ֆորուզանը. հայտնում է IRNA գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ սահմանային անցակետում առկա խնդիրների լուծումը պահանջում է մշտական վերահսկողություն և հստակ համակարգում սահմանին աշխատող բոլոր պետական և վերահսկողական կառույցների միջև։

Ֆորուզանը կոչ է արել գերատեսչություններին հրաժարվել մասնատված որոշումների ընդունումից, որպեսզի պարզեցվեն առևտրային և տարանցիկ ընթացակարգերը։ Նա նշել է, որ բեռնատար տրանսպորտի պարապուրդի ժամանակի կրճատումն ու մաքսային ծառայությունների արդյունավետության բարձրացումը անմիջականորեն կապված են արտահանման զարգացման հետ։

Մարսելում հայկական քանոն է հնչում

Ալեքսանդրա Օհանյանը ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում, բայց հայկական երաժշտությունն աստիճանաբար դարձել է նրա կյանքի կարևոր մասը։ Ալեքսանդրան քանոն է նվագում, դասավանդում և հայկական երաժշտությունը փոխանցում հաջորդ սերնդին՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Նրա համար քանոնը պարզապես գործիք չէ։ Այն կամուրջ է՝ Մարսելի և Հայաստանի, իր մանկության ու արմատների, երկու աշխարհների միջև։ Ինչպե՞ս հայկական երաժշտությունը դարձավ Մարսելում ծնված Ալեքսանդրայի ինքնության մի մասը՝ ռեպորտաժում։

Պարեկային ծառայության «Toyota»-ն կողաշրջվել է․ Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ բնակավայրի տարածքում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն ու «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները. հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota»-ն կողաշրջվել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Թե ով է վթարի մեղավորը՝ նույնպես պարզվում է, ինչպես նաև վարորդների ինքնությունը։

Խամենեին կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին միավորվել և դիմակայել ԱՄՆ-ին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին միավորվել ընդհանուր թշնամու՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ և հակազդել նրանց ծրագրերին։

«Իմ հորդորն ու բազմիցս կրկնած խորհուրդն իսլամական երկրների, հատկապես Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների ղեկավարներին հետևյալն է՝ ճանաչել իրենց իրական թշնամուն, հասկանալ նրա մտադրությունները և հակազդել նրան։ ԱՄՆ-ի հանցավոր ղեկավարները և կեղծ սիոնիստական ռեժիմը մահմեդականների այս միասնության և բարեկամության երդվյալ թշնամիներն են»,- ընդգծել է նա Իրանում նշվող «Միասնության շաբաթվա» առիթով հրապարակված գրավոր ուղերձում։

Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմում են ոչ միայն Իրանի և տարածաշրջանում նրա դաշնակիցների դեմ, այլև բոլոր մահմեդականների, այդ թվում՝ Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների դեմ։

Իրանական ժողովրդին ուղղված նախորդ ուղերձում Խամենեին երկրի բնակչությանը կոչ էր արել մոբիլիզացնել ներքին ռեսուրսները՝ իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմի հետևանքները մեղմելու նպատակով։

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարանի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Փրկարարների օգնությամբ երկու անձ դուրս է բերվել վտանգավոր տարածքից։ Մեկ անձ հոսպիտալացվել է։

Նեթանյահուի որդուն մահափորձի սպառնալիքի պատճառով շտապ դուրս են բերել ԱՄՆ-ից․ The Jerusalem Post

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, մահափորձի սպառնալիքի պատճառով շտապ հեռացել է ԱՄՆ-ից. հայտնում է The Jerusalem Post-ը։

Թերթի տեղեկություններով՝ Յաիր Նեթանյահուն Ֆլորիդայից հեռացել է անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ՝ անգամ առանց իր անձնական իրերը վերցնելու։

Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները

Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Շրջայցի ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով անցակետի՝ շահագործման համար պատրաստ լինելը»,- ասված է հայտարարության մեջ։