ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել է ամերիկյան հողում իրանական «սպառնալիքի» մասին, մինչդեռ Սպիտակ տունը նվազեցրել է ռիսկի նշանակությունը․ Reuters

Անցյալ ամիս ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նահանգային և տեղական իրավապահ մարմիններին զգուշացրել է, որ Իրանի կառավարությունը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ներսում որոշակի թիրախների համար։ Չնայած այս ամենին՝ Սպիտակ տունը փորձում էր նվազեցնել հարձակման հավանականությունը․ գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ մարտի 20-ի զեկույցում ՀԴԲ-ն և այլ դաշնային հետախուզական գործակալություններ զգուշացրել են, որ Իրանի կառավարությունը «մշտական ​​սպառնալիք է ներկայացնում» ԱՄՆ ռազմական և կառավարական անձնակազմի և շենքերի, իսրայելական հաստատությունների, ինչպես նաև ԱՄՆ-ում իրանցի այլախոհների համար։ Ամերիկյան հանրության համար լուրջ սպառնալիքների մասին զեկույցում ոչինչ չի ասվում։

Նշվում է, սակայն, որ վերջին ամիսներին հետախուզական այլ գնահատականներին ի պատասխան՝ նախագահ Թրամփն իր հրապարակային հայտարարություններով նվազեցրել է ամերիկյան հողի վրա իրանական հարձակումների հավանականությունը։ Երբ մարտի 11-ին Սպիտակ տան դիմաց նրան հարցրել են՝ արդյոք նա անհանգստանո՞ւմ է ԱՄՆ-ի տարածքի դեմ իրանական հարձակման առումով, Թրամփը պատասխանել է. «Ոչ, չեմ մտահոգվում»։

Նա այս շաբաթ սրեց հակամարտության վերաբերյալ իր հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այս գիշեր», եթե Իրանը չկատարի իր պահանջները, սակայն ավելի ուշ իր սպառնալիքը հետաձգեց երկու շաբաթով։

 

Մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել

ABC Media-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն Կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Հակակոռուպցիոնից տեղեկացնում են, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն տրամադրել չեն կարող:

ABC Media-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է նաև Սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։

Մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել

ABC Media-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն Կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Հակակոռուպցիոնից տեղեկացնում են, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն տրամադրել չեն կարող:

ABC Media-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է նաև Սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։

Արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք. Երևան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ հայտնում է ՍԱՏՄ-ն։

««Խոզի ֆիլե եփած-ապխտած»՝ արտադրված 16․03․2026թ, «Վետչինա տնական, եփած երշիկային արտադրանք մսային պաղեցված մթերք»՝ արտադրված 16․03․2026թ, «Եփած երշիկ բժշկական»՝ արտադրված 16․03․2026թ, «Կիսաապխտած երշիկ Գյումրի»՝ արտադրված 13․03․2026թ, արտադրատեսակները Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ-ն սկսել է քննարկել սեփական միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ՌԴ ԱՀԾ

Եվրամիությունը սկսել է գաղտնի ուսումնասիրել սեփական միջուկային զենքի արտադրության հնարավորությունները զարգացնելու հնարավորությունը՝ «ռուսական սպառնալիքը» զսպելու համար․ այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, նշվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։

«Ըստ երևույթին՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և նրա հանցակիցներն ուկրաինական հակամարտության հրահրողների դերը համարում են չափազանց համեստ։ Նրանք երազում են Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծած հիտլերյան Գերմանիայի առաջնորդների չարագույժ փառքի մասին», – նշվում է հայտարարությունում։

Արտաքին հետախուզության ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը վտանգավոր ուղի է ընտրել, որն անխուսափելիորեն հանգեցնում է համաշխարհային անվտանգության ճարտարապետության և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման միջազգային համակարգի հիմքերի խաթարմանը՝ իրականացնելով իր նոր՝ «արշավ դեպի Արևելք» ծրագիրը։

Նշվում է, որ սկզբնական փուլում Ֆոն դեր Լեյենը և նրա ընկերակիցները համաձայնել են «ապահովել նման նախապատրաստությունների վերաբերյալ առավելագույն գաղտնիություն»։

«Այս ժամանակահատվածում Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կշարունակեն ավելի սերտ համակարգել իրենց ազգային միջուկային դոկտրինները: Հետագայում նախատեսվում է պաշտոնականացնել համաեվրոպական միջուկային զսպման դոկտրին, որը հիմնված կլինի ֆրանսիական և բրիտանական ռազմատեխնիկական ներուժի, ինչպես նաև ԵՄ երկրների ֆինանսական և ենթակառուցվածքային ներդրումների վրա, որոնք չունեն միջուկային զենք: Միաժամանակ՝ ԵՄ-ն կպահպանի լիովին ինքնավար միջուկային ուժերի հրամանատարություն ստեղծելու հնարավորությունը», – նշվում է հայտարարությունում։

ԵՄ նման ծրագրերը «հիմնված են լուրջ արդյունաբերական և տեխնիկական հիմքի վրա»:

«Հատկանշական է, որ Գերմանիան, Իտալիան, Չեխիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեդիան և Իսպանիան արդեն իսկ զգալի իրավասություններ ունեն միջուկային զենքի առանձին բաղադրիչների մշակման գործում», – նշել է ծառայությունը:

Նրանց տարածքներում պահվում է շահագործումից հանված ատոմակայաններից ճառագայթված միջուկային վառելիքի մեծ քանակություն:

«Հնարավոր է, որ այն չարտոնված կերպով դուրս բերվի պահեստից՝ ատոմային ռումբ պատրաստելու համար պիտանի պլուտոնիումի հետագա առանձնացման համար։ Ավելին, գերմանացի մասնագետները կարող են մոտավորապես մեկ ամսվա ընթացքում գաղտնի կերպով ձեռք բերել մեկ միջուկային պայթուցիկ սարքի համար բավարար քանակությամբ զինամթերքի պլուտոնիում», – նշել է մամուլի ծառայությունը։

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը

Ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը. տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեց Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Փաստաբանը հավելեց, որ ներկայացված մեղադրանքը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, ընթանում է նախաքննություն. «Կարող եմ հաստատել, որ ձերբակալված է նախկին օրենսգրքի 308-րդ հոդվածքի 2-րդ մասով. հիմա Հակակոռուպցիոն կոմիտեում ենք»,- ասաց նա:

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը

Ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը. տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեց Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Փաստաբանը հավելեց, որ ներկայացված մեղադրանքը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, ընթանում է նախաքննություն. «Կարող եմ հաստատել, որ ձերբակալված է նախկին օրենսգրքի 308-րդ հոդվածքի 2-րդ մասով. հիմա Հակակոռուպցիոն կոմիտեում ենք»,- ասաց նա:

Մեկին աղջիկ ես տալիս, հարցուփորձ ես անում, հիմա ՔՊ-ին չասե՞նք՝ ի՞նչ ես արել այս տարիներին. Արթուր Խաչատրյան

Նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժեր զոռ են տալու երևակայությանը, խոստումների արկղ են բացելու՝ սա կանենք, նա կանենք, սա կհասցնենք, լավ կլինի, բայց երբ մարդ հիմնարկություն մեկին աշխատանքի է ընդունում, հարցնում է՝ իսկ ի՞նչ ես արել, ի՞նչ հաջողություն ես արձանագրել, հասարակ բան՝ մեկին աղջիկ ես տալիս, չես ասում, չէ՞՝ տղա ջան, ի՞նչ ես անելու, ասում ես՝ ի՞նչ ես արել։ Հիմա երկիրն ինչ-որ իշխանության ենք տալիս, որպեսզի կառավարի, բա մի հատ չհարցնե՞նք՝ ով ինչ է արել, ինչ հաջողություն է արձանագրել, որ հիմա մեծ խոստումներ է տալիս․ այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը ներկայացնելիս ասաց դաշինքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։

Նա նախ ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է եղել Հայաստանի Հանրապետությունում հեռավոր 1998-ին, երբ ձևավորվեց իրենց իշխանությունը։

«Հիշո՞ւմ եք, հետպատերազմյան տնտեսություն՝ հիմնականում քայքայված, արդյունաբերական ձեռնարկություններ չկային, սեղանիկները կհիշեք, թուրքական էժան շոկոլադ, իրանական վաֆլի, արտադրական ձեռնարկություններ չկային, ներդրողներ չկային․․․Մի քանի տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական, արդյունաբերական և ենթակառուցվածքային փոփոխությունների արդյունքում արագորեն սկսեց աճել, այնքան արագ, որ Համաշխարհային բանկը Հայաստանը կոչեց «Կովկասի վագր»»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ 2001-2008 թվականներին ՀՀ տնտեսական աճը միջինում 12%-ին մոտ էր, բացվեցին խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, օրինակ՝ «Կանազ»-ը վերագործարկվեց, կառուցվեցին ճանապարհներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար։

«Միայն Մեղրիից կառուցված երկրորդ ճանապարհը՝ Շվանիձորով անցնող։ Հիմա ասում են՝ Մեղրին ուզում էին տալ, բա որ ուզում էին տային, էդ ճանապարհն ինչի՞ կառուցվեց։ Սելիմի լեռնանցքը, և դա բերեց նրան, որ մենք ունեցանք մեծ ներդրումներ, երկրի աճ և երկար արտագաղթից հետո առաջին անգամ դրական միգրացիա»,-ասաց նա։

«Մի անգամ մենք տնտեսությունը հանել ենք ճգնաժամից։ Այսօր էլի տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Ի՞նչ է Հայաստանն արտահանում։ Ո՞րն է Հայաստանի ամենատնտեսական ճյուղը։ Ո՞ւր է մեր արդյունաբերական պոտենցիալը, ո՞ւր է այս իշխանությունների գովերգած բարձրտեխնոլոգիական արդյունաբերությունը, իսկ այն տնտեսական աճը, որ ցույց են տալիս, պարտքի հետևանք է։ Պարտքը կրկնապատկել են այս 8 տարվա ընթացքում, հասցրել են 15 միլիարդի, ինչի՞ վրա է ծախսվել։ Այդ պարտքի բեռը մենք ենք տանում, մեր սերունդները, երեխաները, որոնք նոր են ծնվել, միջինում ամեն մեկիս վրա 5000 դոլարի պարտք կա»,– ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ արդեն հունիսի 8-ից դաշինքի քաղաքականությունը միտված է լինելու արդյունաբերության վերածննդին, բարձրտեխնոլոգիական տնտեսության ստեղծմանը․ «Մենք ունենալու ենք մրցունակ Հայաստան՝ հիմնված մեր մրցակցային առավելությունների վրա, մեր բնակչության ունակությունների և կարողությունների վրա։ Ստեղծելու ենք «Արտադրված է Հայաստանում» քաղաքականությունը, ամեն բան, որ արտադրվելու է Հայաստանում, պետք է ասոցացվի բարձր որակի և տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Արդյունաբերությունը կազմելու է համախառն ներքին արդյունքի 25%-ը, համարյա կրկնապատկվելու է։ Ինչպես դա կարող ենք անել, առաջին հերթին, իհարկե, հարկային արտոնությունների միջոցով, դրանից բացի՝ թիրախային աջակցության ծրագրերով»։

 

Իրանի հետ ժամանակավոր հրադադարը չի լուծում ԱՄՆ-Իսրայել արշավի հիմքում ընկած ռազմավարական անհամապատասխանությունը․ Foreign Affairs

Երկշաբաթյա հրադադարի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը գոնե ժամանակավորապես վերջ դրեց Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև մարտական գործողություններին: Սակայն դա քիչ բան է արել ԱՄՆ-Իսրայել արշավի հիմքում ընկած ռազմավարական անհամապատասխանությունը լուծելու համար, որը ոչ մի կառավարություն չի ցանկացել հրապարակավ ընդունել. երկու գործընկերները նույն պատերազմն են մղել հիմնարար տարբեր պատճառներով․ գրում է Foreign Affairs-ը։

Իսրայելի համար իսլամական հանրապետության հետ անմիջական բախման հեռանկարը տասնամյակներ շարունակ մեծ նշանակություն է ունեցել: Այն ռեժիմն ուսումնասիրել է այնպիսի մանրակրկիտությամբ, որին Վաշինգտոնը հազվադեպ է հանդիպել: Քանի որ Իսրայելը գիտակցում է, որ ռեժիմի գոյատևումն իսլամական հանրապետության հիմնարար սկզբունքն է, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կենտրոնացել է ղեկավարության վերացման և ռեժիմի փոփոխության վրա՝ որպես արշավի հիմնական նպատակ:

Ի տարբերություն դրա՝ Թրամփի վարչակազմը մտավ հակամարտության մեջ՝ ենթադրելով, որ ռազմական ուժի բավականաչափ ցուցադրումը կարող է ռեժիմի ղեկավարությանը ստիպել գործարքի գնալ: ԱՄՆ-ի ռազմավարական պլանավորումն Իրանի վերաբերյալ մշտապես առաջնահերթություն է տվել հրթիռների քանակի և ուրանի հարստացման մակարդակի կարգավորելի հարցերին՝ միջուկային համաձայնագրի հասնելու նպատակով, մինչդեռ Թեհրանի իրական գաղափարախոսական նվիրվածությունը ռեժիմի պահպանմանը երկրորդական է համարվում։

Այս երկու տեսությունները միմյանց չեն լրացնում։ Դրանք հակառակ ուղղություններով են ձգվում։ Ամերիկա-իսրայելական արշավի ռազմավարական անհամապատասխանությունը հետևանքներ ունի՝ հատկապես Վաշինգտոնի համար: 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը պատրաստ էր արշավը մղել ռեժիմի փոփոխության համար, նախքան Թրամփը Նեթանյահուին անհապաղ հրահանգեց ընդունել հրադադարը։ Այժմ թվում է, թե Թրամփը կրկին նախագծել է առնվազն ժամանակավոր հրադադար: Բայց եթե նա ցանկանում է պահպանել ավելի երկարատև բանակցությունները, ապա ստիպված կլինի բախվել Իսրայելի կառավարության հետ, որի պատերազմի նպատակներն ավելի արմատական են, քան իր սեփականը:

Դաշնակիցների միջև մինչ այժմ կառավարվող լարվածությունը կարող է արագ վերածվել իրական և սուր պառակտման: Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնը քիչ լավ տարբերակներ ունի պատերազմն իր սեփական պայմաններով ընդմիշտ դադարեցնելու համար:

Համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է․ ARCA-ն՝ խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել տեխնիկական խնդիրների վերաբերյալ․

«Տեղեկացնում ենք, որ 08/04/2026-ին՝ 05:30-06:30 ժամանակահատվածում, իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։

Արդյունքում, ժամը 07:30-09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել։

Այս պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է։

Շնորհակալ ենք Ձեր համբերատարության համար և ներողություն ենք հայցում հնարավոր պատճառված անհարմարությունների համար»,- ասված է հայտարարության մեջ։