
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ զինված ուժերը չեն պատկանում որևէ քաղաքական ուժի կամ անձի, և դրանք ստեղծված են պետության ու հասարակության հաշվին։ Մարուքյանը նշել է, որ բանակի տեխնիկան և սպառազինությունը ձեռք է բերվել քաղաքացիների վճարած հարկերի միջոցով, հետևաբար դրանք բոլորինն են։ Նա նաև ընդգծել է, որ անտեղի է համարում այն մոտեցումը, թե բանակի զինատեսակները կամ տեխնիկան կարող է կապվել որևէ կուսակցության հետ։
Մարուքյանը քննադատել է զորահանդեսի շուրջ բացասական մեկնաբանությունները՝ կարծիք հայտնելով, որ ավելի ճիշտ կլիներ ոչ թե միջոցառումը թիրախավորել, այլ քննարկել, թե ինչ քայլեր են պետք ձեռնարկել բանակի զարգացման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ նա շնորհավորել է զորահանդեսի կապակցությամբ զինվորականներին և նշել, որ, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից անցկացվող բազմաթիվ զորավարժությունները, Հայաստանի համար նույնպես կարևոր է ակտիվորեն իրականացնել զորավարժություններ՝ օգտագործելով ներկայացված տեխնիկան։
«Էդ ԶՈւ-ն Նիկոլ Փաշինյանն իր հոր տնից չի բերել, մեր ԶՈւ-ն է, մեր բանակի մարտիկներն են, զենքերն էլ, որ առել է՝ մեր վճարած հարկերից է առել»,-նշել է նա: