Էրդողանին «սպառնալու համար» ընդդեմ կին պատգամավորի հայց է ներկայացվել

Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» (TİP) Ստամբուլի պատգամավոր Սալիհա Սերա Քադըգիլի նկատմամբ․ գրում է ermenihamber-ը։

«Պատգամավորը մեղադրվում է երկրի նախագահին վիրավորելու և սպառնալու համար:

Հետաքննության հիմքում 2026-ի հուլիսի 31-ին Իզմիրում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Քադըգիլի հնչեցրած որոշ արտահայտություններն են։ Դատախազության տարածած հայտարարության համաձայն՝ քրեական հետապնդումը հարուցվել է սեփական նախաձեռնությամբ՝ ելույթում տեղ գտած ձևակերպումների պատճառով:

Նշենք, որ պատգամավորը ելույթում ասել էր. «Թայիփ Էրդողանից փրկվելը մեր ամենամեծ և ամենաառաջին առաջնահերթությունն է ու երդվում եմ, որ փրկվելու ենք: Խոստանում եմ, որ փրկվելու ենք: Սրանում կասկած չունենաք»»,- նշում է լրատվամիջոցը:

Ո՞վ չունի սանիտարական գրքույք․ ՍԱՏՄ-ն կվերահսկի սնունդ առաքողներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2026թ. օգոստոսի 1-ից սկսվել են լայնածավալ վերահսկողական միջոցառումները՝ ուղղված սննդամթերքի առաքման ոլորտի կարգավորմանը. հայտնում է գերատեսչության լրատվական ծառայությունը։

«Տեսչական մարմնի՝ առաքում իրականացնող կազմակերպություններին ու անձանց տրամադրված վերջնաժամկետը՝ առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական գրքույկների ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար, սպառվել է։

Վերստին հորդորում ենք առաքում իրականացնող կազմակերպություններին և անձանց խստորեն պահպանել իրավական այս նորմը և տեղեկացնում, որ կհրապարակվեն ոչ միայն արձանագրված խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կկատարեն Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Զելենսկին պաշտոնից ազատել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է ԱՄՆ-ում երկրի դեսպան Օլգա Ստեֆանիշինային․ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր նոր միջազգային կոալիցիայի ստեղծման մասին․ նրա խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսված է այն երկրների համար, որոնք չեն ցանկանում Ուկրաինային զենք մատակարարել, սակայն պատրաստ են համագործակցել երկրի հետ տնտեսական ոլորտում։

Իրանում Ալամութ ամրոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ ի՞նչ կապ ունի այն հայերի ու Արցախի հետ

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող 48-րդ նստաշրջանն Ալամութի ամրոցը և դրան հարակից ամրությունները պաշտոնապես ներառել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում․ տեղեկանում ենք monumentwatch.org-ից։

«Ալամութը Հյուսիսային Իրանի անմատչելի լեռներում տեղադրված իսմայիլիտ աղանդավորների երկիրն էր՝ Մուլահիդների երկիրը կամ Մուլուդը, որ Մերձավոր Արևելքում 12-13-րդ դարերում հայտնի էր տարբեր երկրներում տեռորներ կազմակերպելով:

Եվ ահա Առաջաձորի խաչքարային մի արձանագրություն հայտնում է, որ հայ զորականը մասնակցել է այդ երկրի դեմ մոնղոլների նախաձեռնած արշավանքին. «Թվ. :ՉԶ: (1257 ). իշխանութ[եամբն] Ջալալին, պատրոնութ[եամ]բն Հասանայ, ես՝ Սահլուն գնացել եմ ի Մուլոդն ու գնացել եմ ի Սոնեթ ու գնացել եմ ի Կասարիայ ու :Բ: հետի ի առազմ եմ մտել ու խաղաղութ[եամբ] ի դուս եկել: Կանգնեցի խաչս ինձ և ամուս[ն]ոյ իմո. յաղաւթս յիշէք»։

Իրանում Ալամութ ամրոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ ի՞նչ կապ ունի այն հայերի ու Արցախի հետ

Զուգարանակոնք, ներքնակ, բազմոց․ աղբն օրերով կուտակվում է աղբամանների մոտ

Զուգարանակոնք, ներքնակ, բազմոց ու անգամ ճամպրուկ․ ինչ ասես չես տեսնի Երևանի աղբարկղերի կողքին։

Խոշոր աղբը, որը չի տեղավորվում աղբարկղերում, քաղաքացիները դնում են դրանց կողքին՝ հաճախ չիմանալով, թե ում դիմեն, որպեսզի չմնա բակում։

Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններում մատների վրա կարելի է հաշվել աղբամանները, որոնց կողքին կուտակված շինաղբ և կահույք չկա։

Ծեծկռտուք՝ Երևանի «Ավան» հոգեկան ԱԿ-ում․ բռունցքները գործի են դրել զինակոչիկները

Հուլիսի 28-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 18։00-ի սահմաններում ՆԳՆ-ում տեղեկություն է ստացվել, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում 2 զինակոչիկներ միմյանց ծեծել են, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։

Մեր տեղեկություններով՝ տեղում Ավանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։45-ի սահմաններում, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում վիճաբանության ժամանակ զինակոչիկներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Արթուր Ղ․-ն և 19-ամյա Արեգ Հ․-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նշված անձինք կենտրոնի դիմաց, այլ անձանց ներկայությամբ, շարունակել են վիճաբանությունը՝ կրկին փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց։

Ոստիկանները նշված վայրից մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել Արթուր Ղ․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Մաքսիմ Ղ․-ին և ձեռնարկում են միջոցառումներ՝ Արեգ Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին»,- նշում է լրատվամիջոցը։

Չալաբյանի գործի նախաքննությունն ավարտվել է․ ի՞նչ է հայտնում Քննչական կոմիտեն

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Չ․-ն, լինելով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի փետրվարի 4-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ուժային կառույցից։

«Այցի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ օտարերկրյա պետությունում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ օտարերկրյա պետության ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը:

Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցանք կատարած անձը և հսկող դատախազի որոշմամբ Ա․Չ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն):

Ա․Չ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում:

Պայքարից ոչ ոք հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան

Պայքարը շարունակվում է, ու ոչ ոք դրանից հետ չի կանգնելու, ես՝ նույնպես․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Դաշնակցական պատգամավորը, որ մանդատ էր ստացել նաև նախորդ տարվա գումարման խորհրդարանում՝ 2022-ից, Facebook-ի իր էջում գրել է նախորդ տարիների իր գործունեության մասին, ինչին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Իրանի ղեկավարությունը երկերեսանի է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանի ղեկավարությանը երկերեսանի քաղաքականության համար՝ պնդելով, թե նրանք բանակցություններ են «աղերսում», իսկ հետո հրապարակավ հերքում բանակցությունների մասին տեղեկությունները։

«Նրանք խնդրում են հանդիպում, բանակցություններ են ընթանում, հետո հայտարարում են, թե ոչինչ չի քննարկվում, և իրենք միայն Օմանի հետ գործ ունեն»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Նա նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին՝ պնդելով, որ այն արդեն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից։

 

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով Դ. Համբարյանի 2026 թվականի օգոստոսի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Դավիթ Համբարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»,- նշված է կարգադրության մեջ: