ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանում է՝ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար

ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը հայտարարել է Ադրբեջան իր առաջին պաշտոնական այցի մեկնարկի մասին։

Այ մասին նա գրել է իր X սոցիալական հարթակի էջում։ Կասիսը նշել է, որ Շվեյցարիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ իր գործընկերությունը և մտադիր է խորացնել համագործակցությունն առևտրի, նորարարության և տնտեսության ոլորտներում, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը Հարավային Կովկասում երկխոսության, խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար։

ԵԱՀԿ գործող նախագահը նաև ընդգծել է, որ այս այցը կնշանավորի տարածաշրջանային ավելի լայն դիվանագիտական շփումների սկիզբը։ Նրա հաջորդ երկիրը կլինի Թուրքմենստանը։

Դաշնային նախարարի այցը կլինի տարածաշրջանային շրջագայության առաջին փուլը, որը կշարունակվի աշնանը Հայաստան և Վրաստան այցելություններով։

Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6000-ը

Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 6125-ի․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի խորհրդարանի անդամ Խորխե Ռոդրիգեսին։ 

Ռոդրիգեսի՝ Telegram-ում հրապարակած գրաֆիկի համաձայն՝ հիվանդանոցներում բուժօգնություն է ստացել գրեթե 61.000 մարդ։

Նշվում է, որ աղետի հետևանքով առաջացած փլատակների 16․5 տոկոսն արդեն հեռացվել է տարածքից։

ԱՄՆ-ն նախատեսում է փակել 5 հյուպատոսություն, այդ թվում` Կանադայում, Ճապոնիայում և Ինդոնեզիայում գործող ներկայացուցչությունները

ԱՄՆ Պետնախարարությունը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախատեսում է փակել արտերկրում գործող դիվանագիտական հինգ ներկայացուցչություն․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թեմային ծանոթ աղբյուրների։ 

Անցյալ շաբաթվա վերջին Կոնգրեսի մի շարք հանձնաժողովներ ուղարկված ծանուցման մեջ Պետնախարարությունը հայտնել է, որ նախատեսում է փակել Գրենադայի Սենթ Ջորջս, Ճապոնիայի Նագոյա, Ինդոնեզիայի Մեդան, Կամերունի Դուալա և Կանադայի Վինիպեգ քաղաքներում գործող իր դիվանագիտական ներկայացուցչությունները։

Անցյալ տարվա սկզբին՝ Թրամփի նախագահության երկրոդ ժամկետի առաջին ամիսներին, Պետնախարարությունը սկսել էր արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների փակման նախապատրաստական աշխատանքները։

Նշվում է, որ քայլը կապված չէ որևէ կոնկրետ աշխարհաքաղաքական զարգացման հետ։ Ըստ հրապարակման՝ այն ԱՄՆ պետական ապարատը վերափոխելու՝ Թրամփի ավելի լայն քաղաքականության մաս է, որի նպատակն է պետական կառավարման համակարգը համապատասխանեցնել «Ամերիկան՝ առաջին հերթին» (America First) օրակարգին։

Անտառային հրդեհ է մոլեգնում Նիդեռլանդների հարավարևելքում գտնվող արգելոցում

Նիդեռլանդների հարավարևելքում հրշեջները փորձում են մարել անտառային հրդեհը, որը գիշերում ընդգրկել է100 հեկտար տարածք․ գրում է Euronews-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ 

Հրդեհը բռնկվել է երկուշաբթի կեսօրին՝ Գերմանիայի սահմանի մոտ՝ Լիմբուրգ նահանգի Օոստրում գյուղի մերձակայքում գտնվող արգելոցում։

Նշվում է, որ հրդեհին նախորդել էին շոգի ալիքներ, որոնք չորացրել են գետերի հուներն ու բուսածածկը։

Սա Արևմտյան Եվրոպայում վերջին շրջանում գրանցված անտառային հրդեհների հերթական դեպքն է։ Գիտնականները նման ծայրահեղ եղանակային երևույթները կապում են մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխության հետ։

Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակ. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում՝ կամրջի տակ, դի կա. գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ 78-ամյա Վանիկ Չ.-ի դին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը մոտ հայտնաբերվել է 2 նամակ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

ԿԳՄՍՆ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հայտնել է, որ դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ։

«Այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ, որում ներկայացրել եմ այդ որոշման պատճառները, ինչպես նաև իմ պաշտոնավարման ընթացքում առկա համակարգային խնդիրները, որոնց հետևանքով փաստացի անհնար է դարձել նախարարի խորհրդականի պաշտոնից բխող լիազորությունների լիարժեք իրականացումը։

Միտումնավոր աշխատանքային մեկուսացման պայմաններում անհնար է արդյունավետ ծառայել այն նպատակներին, որոնց համար ստանձնել էի այդ պատասխանատվությունը։ Եթե որևէ մեկին հետաքրքրում է իրական պատկերը և իմ որոշման հիմքերը, կարող է ծանոթանալ նախարարին ներկայացված իմ պաշտոնական դիմում-զեկուցագրին։ Շնորհակալություն եմ հայտնում նախարարության բոլոր այն գործընկերներին, որոնց հետ ունեցել եմ պատիվ աշխատելու և շփվելու:

Իմ պաշտոնավարման ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, որոնց ճանաչեցի, որոնց հետ ձևավորվեցին մասնագիտական ու մարդկային հարաբերություններ, և որոնց հետ մեզ միավորեցին գաղափարներն ու պետական շահին ծառայելու ձգտումը։ Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, իսկ արժանապատիվ աշխատանքն ու սկզբունքներին հավատարիմ մնալը՝ մնայուն։

Առաջիկայում կանդրադառնամ այն խնդիրներին, որոնք, իմ համոզմամբ, անհետաձգելի կարգավորման կարիք ունեն։ Եթե դրանք հնարավոր չեղավ լուծել ի պաշտոնե, կփորձենք դրանց լուծմանը նպաստել հասարակական հիմունքներով՝ ի շահ պետության, ոլորտի զարգացման և բոլոր շահառուների։»,- գրել է Արման Անտոնյանը։

Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել, այդ թվում՝ Հայաստանում

Իտալիան նպատակ ունի եվրոպական մակարդակով տարածել Ալբանիայում ստեղծված միգրանտների կենտրոնների մոդելն՝ առաջարկելով ԵՄ տարածք անօրինական ճանապարհով ժամանած օտարերկրյա քաղաքացիների արտաքսման կենտրոններ ստեղծել երրորդ անվտանգ երկրներում, մինչև նրանց ապաստանի և ներգաղթի գործերը կուսումնասիրվեն․ գրել է Euronews-ը։

Առաջարկը, որը հրապարակվել է իտալական առաջատար լրատվամիջոցների կողմից և հաստատվել է կառավարության պաշտոնյաների կողմից, կներկայացնի Ներքին գործերի նախարար Մաթեո Պիանտեդոզին Եվրամիության ներքին գործերի նախարարների արտակարգ խորհրդում։

Հանդիպումը կազմակերպվել է Մարոկկոյի տարածքում գտնվող իսպանական անկլավ Սեուտայում բռնկված միգրացիոն արտակարգ իրավիճակից հետո։

Նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ ռեսուրսների հարցը մնում է բաց։ «Մենք պետք է մշակենք ներգաղթի վերաբերյալ ընդհանուր ռազմավարություն։ Իտալիայի կառավարությունը խնդրել է այս հանդիպումը՝ Դանիայի սոցիալ-դեմոկրատական կառավարության հետ համատեղ, որպեսզի ԵՄ-ում իրականացվի Միգրացիայի և ապաստանի մասին պայմանագիրը։ Այլ կերպ ասած՝ ակտիվացվեն վերադարձները», – հանդիպումից առաջ տեղական լրատվամիջոցներին ասել է արտգործնախարար Անտոնիո Տայանին։

Սեուտայում ճգնաժամն Իտալիայի և Իսպանիայի միջև միգրանտների կառավարման հարցում նոր լարվածության առաջացման պատճառ է դարձել։

Տայանին պաշտպանել է վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարության դիրքորոշումն՝ այն որակելով «խիստ և չափավոր», միաժամանակ քննադատելով Պեդրո Սանչեսի գլխավորած Իսպանիայի կառավարության ռազմավարությունը, ով մեղադրվում է միգրացիայի նկատմամբ չափազանց հնազանդ մոտեցում որդեգրելու համար։

«Մադրիդի մոտեցումը հակասում է իտալականին, որին գրեթե բոլոր մյուս երկրներն են աջակցում», – նշել է իտալացի բարձրաստիճան դիվանագետը։

Իտալիայի արտաքին գործերի նախարարը դատապարտել է «գաղափարախոսական մանիպուլյացիաները», որոնք, նրա խոսքով, Իսպանիայի կառավարությունը ստեղծել է միգրացիայի հարցի շուրջ՝ բացատրելով, որ համագործակցության ծրագիրը կարող է հանգեցնել «անհրաժեշտ քաղաքականության», որը հեռու է «կարգախոսներից և կեղծ խոստումներից»։

Կառավարության նպատակն է ստեղծել Եվրոպական Միությունից դուրս կենտրոնների ցանց, որը նվիրված կլինի միգրանտների կառավարմանը և վերադարձին՝ հիմնված ծագման և տարանցիկ երկրների հետ համագործակցության վրա։

Գաղափարն առաջին անգամ առաջ է քաշել Իտալիայի վարչապետը հունիսի վերջին։ Նոր կենտրոնները, ըստ Իտալիայի առաջարկի, կֆինանսավորվեն դաշինքի կողմից։

Նախնական ցանկում ներառված են մի քանի աֆրիկյան պետություններ և որոշ երկրներ, որոնք գտնվում են ավանդական միգրացիոն ուղիներից դուրս։ Հավանական թեկնածուների թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։

Ուգանդան ամենահավանական համարվող տարբերակներից է։ Հաղորդվում է, որ Գերմանիան, Ավստրիան և Նիդեռլանդները արդեն հետաքրքրություն են հայտնել աֆրիկյան երկրում հնարավոր նախագծերի նկատմամբ։

Չեռնոգորիան նույնպես կարող է ընդգրկվել եվրոպական ռազմավարության մեջ, չնայած քննարկումները դեռևս նախնական փուլում են։ Հիմնական հարցերից մեկը, որը դեռևս պետք է լուծվի, վերաբերում է ծրագրի ֆինանսական ծածկույթին՝ ներառյալ ԵՄ-ի և ազգային մակարդակով ներդրումները։

Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի. Shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանից կալանավորված անձը դիմել է փախուստի. հայտնում է Shamshyan.com-ը։

Դատարան են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու դատական դեպարտամենտի պաշտոնյաները։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հայտնում փախուստի դիմած անձի ինքնությունը։

1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 137 մլն 16 հզր 645 ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը․ հայտնում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ա.Դ.-ի և ընկերության 100 տոկոս մասնակից և իրական շահառու Հ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 15 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Հ.Գ.-ն կալանավորվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հայտարարության մեջ։

ՀԱՊԿ անդամները նոյեմբերին կքննարկեն ՀՀ-ին քվեարկելու իրավունքից զրկելու հարցը

ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Այդ հարցի վերաբերյալ որոշումը, եթե անհրաժեշտ լինի, կկայացվի կոնսենսուսով»,- գործակալության հետ զրույցում նշել է Վասիլևը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է քաղաքացիների քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքի, ինչպես նաև Կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքի կասեցման հնարավորությանը՝ երկու տարվա ընթացքում Կազմակերպության բյուջետային պարտքերի մարման պարտավորությունները չկատարելու դեպքում։

«Փաստորեն, այս իրավիճակը գործում է ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարության քվոտային պաշտոնների համար և նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ միացյալ շտաբից», – եզրափակել է նա։

Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։