ԱՄՆ-ում ներարգանդային վիրահատության միջոցով շտկել են երեխայի մոտ հայտնաբերված բնածին արատը

ԱՄՆ-ում բժիշկները նորարարական վիրահատության միջոցով հաջողությամբ շտկել են դեռևս մոր արգանդում գտնվող պտղի բնածին արատը․ գրում է BBC-ն։

Երեխայի մորը՝ լոնդոնաբնակ Մեյզի Սևիջին, վիրահատել են հղիության 26-րդ շաբաթում։

Այժմ արդեն 5 ամսական Թեոյի մոտ հայտնաբերվել էր գաստրոշիզիս՝ բնածին արատ, երբ ներարգանդային շրջանում պտղի որովայնի առաջային պատն ամբողջությամբ չի ձևավորվում, և աղիների մի հատված զարգանում է որովայնի խոռոչից դուրս՝ արտաքին միջավայրում։

Երբ բժիշկները պարզել են, որ երեխայի մոտ առկա է գաստրոշիզիս, ապագա մայրիկին ուղարկել են ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի Texas Children’s Hospital հիվանդանոց, որտեղ բժիշկ Մայքլ Բելֆորտի գլխավորած թիմը դեռևս ներարգանդային փուլում գաստրոշիզիսը բուժելու կլինիկական փորձարկումներ է իրականացնում։

Միջամտության ընթացքում բժիշկները մասամբ բացել են մոր արգանդը, ապա լապարոսկոպիկ վիրահատության միջոցով երեխայի օրգանները զգուշորեն տեղափոխել որովայնի խոռոչ։ Նշվում է, որ սա նմանատիպ կլինիկական փորձարկման երրորդ դեպքն է աշխարհում։

Այս լուրջ բնածին արատը Մեծ Բրիտանիայում ամեն տարի հանդիպում է մոտավորապես յուրաքանչյուր 3000 նորածնից մեկի մոտ։ Նույնիսկ լավագույն դեպքում նորածինները շաբաթներ անցկացնում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սնուցում ստանում ներերակային ճանապարհով, այնուհետև ենթարկվում վիրահատական միջամտության։

Իսկ հիվանդության ավելի բարդ տեսակների դեպքում, ինչպես Թեոյի մոտ էր, հետևանքները շատ ավելի ծանր են․ փոքրիկները կարող են մինչև վեց ամիս անցկացնել նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ենթարկվել բազմաթիվ վիրահատությունների, մինչև երկու տարի ստանալ ներերակային սնուցում և հնարավոր է՝ ունենան աղիների փոխպատ վաստման կարիք։

Իտալիայում 4-ամյա տղան կերել է պանիր և 9 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո մահացել

Իտալիայում մահացել է Մատիա անունով 13-ամյա տղան, որը 9 տարի կոմայի մեջ է անցկացրել պանրից թունավորվելուց հետո։ Տղայի մահվան մասին հայտնել է նրա հայրը

Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականին Կորեդո քաղաքում (Տրենտո նահանգ)։ Չորսամյա տղան կերել է Escherichia coli բակտերիայով աղտոտված հում կաթից պատրաստված պանիր։

Պանիրն ուտելուց կարճ ժամանակ անց երեխայի մոտ որովայնի ուժեղ ցավեր են առաջացել, և նրա վիճակը կտրուկ վատացել է։

Հիվանդանոցում Մատիայի մոտ ախտորոշվել է հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ, որը հանգեցրել է ուղեղի վնասվածքի, կաթվածահարության, կուրության և ծանր էպիլեպսիայի։ Տղան ընկել է կոմայի մեջ և այլևս գիտակցության չի եկել։

Թրամփը՝ ռոքնռոլի արքայի կերպարով․ ԱՄՆ նախագահը զայրացրել է երաժշտասերներին

Հանգստյան օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում շուրջ 40 գրառում է կատարել, որոնց մեծ մասն արհեստական բանականության (AI) միջոցով ստեղծված նկարներ են․ գրում է Euronews-ը։

Նախորդ երկու օրերին Թրամփի էջում տեղ գտած AI-ով ստեղծված պատկերների նոր «շքերթը» ներառել է Վենեսուելայի քարտեզը՝ ծածկված ԱՄՆ դրոշով և «51-րդ նահանգ» մակագրությամբ, ինչպես նաև Գրենլանդիայի վերևում պատկերված նրա դեմքը՝ «Բարև, Գրենլանդիա» գրությամբ։

Թեև մեմերի միջոցով տեղեկատվական պատերազմի շրջանակում ԱՄՆ նախագահը հաճախ է կատարում AI-ով ստեղծված պատկերներով հրապարակումներ, դրանցից մեկը հարուցել է երաժշտասերների զայրույթն աշխարհի տարբեր երկրներում․ այս անգամ նա իրեն ներկայացրել է ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի կերպարով։ Պատկերում Թրամփը ներկայացված է 1973 թվականին «Aloha from Hawaii» համերգի ժամանակ Փրեսլիի կրած փայլուն հանդերձանքով։

Թրամփի հրապարակումը բացասական արձագանք է գտել երաժշտասերների շրջանում։ Սոցցանցի օգտատերերից մեկը գրել է. «Ի տարբերություն Թրամփի՝ Էլվիսը պատվով և ռոքնռոլով ծառայել է մեր երկրին»։ Մեկ այլ օգտատեր գրել է. «Նա (Թրամփը – խմբ․) չի ձգտում պարզապես ուշադրության կենտրոնում լինել․ նա իրեն Էլվիս է պատկերացնում՝ նրա փառքի գագաթնակետին։ Նրա էգոն սահմաններ չի ճանաչում»։

Սա Թրամփի առաջին անդրադարձը չէ Էլվիսին․ նա Փրեսլիի երաժշտությունը բազմիցս է նվագել իր նախընտրական քարոզարշավների ժամանակ, իսկ երբեմն էլ իրեն համեմատել է ռոքնռոլի արքայի հետ։

Դավթաշենի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ին. հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումով, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,

Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Հալաբյան 22-38 համարների իրենց կոտորակներով, Մարգարյան 7 համարի,

Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հայտարարության մեջ։

Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է 215-280 միլիարդ ռուբլի․ Forbes

Wildberries-ի վաճառողները, հնարավոր է, կորցրել են մոտավորապես 215-280 միլիարդ ռուբլի՝ ընկերության պահեստների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով․ Data Insight հետազոտական գործակալության առաջատար վերլուծաբան Սերգեյ Սեմկոն Forbes-ին է ներկայացրել վաճառողների կորուստների գնահատականը։

Վերջինս հիմնված է 2024 թվականի տվյալների վրա, երբ Շուշարիում 112․000 քառակուսի մետր մակերեսով պահեստում հրդեհից հետո փոխհատուցվել է գրեթե 35 միլիարդ ռուբլի ապրանք։

Հարձակումների հետևանքով ապրանքներ կորցրած վաճառողների թիվն անհայտ է: Ըստ SellerDen-ի՝ շուկայի վաճառողների համար ծառայությունների էկոհամակարգի գործադիր տնօրեն Դենիս Վետրեննիկովի, որը նույնպես զրուցել է Forbes-ի հետ, հնարավոր է, որ տուժել է մի քանի հարյուր հազար բիզնես։

Օգոստոսի 2-ի դրությամբ հարձակումներից տուժած Wildberries-ի պահեստների ընդհանուր մակերեսը գնահատվում է 1.21-1.47 միլիոն քառակուսի մետր:

Հուլիսի կեսին տեղի ունեցած առաջին հարձակումներից հետո ընկերությունը հայտարարել է, որ ազդեցության մասշտաբները գնահատելու համար մոտ 30 օր կպահանջվի։ Ընդհանուր առմամբ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի 3-ի դրությամբ հարվածել են առնվազն 18 պահեստի։

Սկզբնական հարվածներից կարճ ժամանակ անց Wildberries-ը և դրա շուկայի գործընկերները հայտարարեցին ձեռնարկատերերին աջակցելու միջոցառումների մասին։ Հուլիսի վերջին ընկերությունը հայտնեց, որ տուժած վաճառողներին վճարվել է ավելի քան 40 միլիոն ռուբլի։ Սակայն մինչ օրս միայն փոքր ընկերություններն ու ձեռնարկատերերն են մասնակի փոխհատուցում ստացել պահեստավորված ապրանքների համար։ Վաճառողները բողոքում են, որ չեն հասկանում վճարման ընթացակարգը։ Փոխհատուցում ստացողներն ասում են, որ այն չափազանց փոքր է։

Ռուսաստանի իշխանությունները չեն հայտարարել տուժած վաճառողների համար որևէ կենտրոնացված օգնության մասին։

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում․ կողմ քվեարկեց իշխող ՔՊ խմբակցության 63 պատգամավոր, դեմ՝ 28-ը։

Նշենք, որ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը․ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցի, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել էր, որ դեմ կքվեարկի։

Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է Ուկրաինայի կողմից իրանական առևտրային նավի վրա հարձակումը։

Նա նշել է, որ ուկրաինացի պաշտոնյաները, ինչպես Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ անմիջական շփումներում, այնպես էլ գրավոր հաղորդագրություններում, պնդել են, որ միջադեպը միտումնավոր չի եղել։ Սակայն Բաղային նշել է, որ Ուկրաինայի նախագահի հայտարարությունները վկայում են նպատակային հարձակման մասին։

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու և նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

Հիշեցնենք՝ Թեհրանը մեղադրել է Կիևին Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակման համար։ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Կիևը պետք է փոխհատուցի հարձակման հետևանքով առաջացած վնասները։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ՝ քննարկելով միջադեպը։ Ուկրաինայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի գործողությունները, այդ թվում՝ իրանական նավին հարվածը, ուղղված են եղել բացառապես «ռուսական ագրեսիայից երկրի պաշտպանությանը» և նպատակ չեն ունեցել վնաս հասցնելու քաղաքացիական նավերին կամ մարդկանց։ Սիբիհան նաև կոչ է արել Իրանին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման:

Ուելսն առաջին երկիրն է, որը հրաժարվում է տեսնել Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

Ուելսը դարձել է առաջին երկիրը, որը երկուշաբթի օրը հրապարակավ հրաժարվել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի վերընտրությանն աջակցելուց՝ հղում անելով «ղեկավարման հարցում ձախողումներին»։

Հայտարարությունը հնչել է ՖԻՖԱ-ի մրցաշարերում բաժնեմասեր մասնավոր ներդրողներին վաճառելու հայտարարության ֆոնին Ինֆանտինոյի ղեկավարության նկատմամբ վստահության կորստից հետո։

Ուելսի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ չի աջակցի Ինֆանտինոյի թեկնածությանը 2027-2031 թվականների ժամկետի համար․ գրում է Euronews-ը։

«Ֆուտբոլի լավագույն շահերն առաջին տեղում չդնելը ձախողում է, որը մենք չենք կարող ընդունել», – նշվում է Ուելսի ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարությունում։

ՖԻՖԱ-ն շաբաթ օրը հայտարարել է, որ հրաժարվում է մասնավոր ներդրողներին խոշոր մրցաշարերում բաժնեմասեր գնելու թույլտվության ծրագրերից՝ կոշտ դիմադրությունից հետո։ Հայտարարության մեջ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն նշել է, որ նախագիծը «պառակտումներ է առաջացրել», որոնք «այլևս չեն համապատասխանում ի սկզբանե սահմանված նպատակին»։

«Մեր նպատակը միշտ եղել է և միշտ կլինի միավորվելը և կատարելագործվելը։ Արդյունքում՝ այս առաջարկը չի շարունակվի», -հավելել է նա

Ֆուտբոլի աշխարհի կառավարող մարմինը հուլիսի վերջին ներկայացրել էր առաջարկ, որը, ըստ դրա, կմեծացներ իր 211 անդամ ասոցիացիաների ֆինանսավորումը՝ նոր դուստր ձեռնարկության միջոցով, որը կկառավարի իր առևտրային գործունեությունը և միջոցառումները, այդ թվում՝ աշխարհի առաջնությունները։

«ՖԻՖԱ-ի առաջխաղացման ձեռնարկություն» (FFE) անվամբ ձեռնարկությունը նպատակ ուներ շահույթ ստանալ այն բանից, ինչը Ինֆանտինոն նկարագրել է որպես սպորտի «ուշագրավ առևտրային արժեք»՝ հրավիրելով երրորդ կողմերին՝ ոչ վերահսկող ներդրումներ կատարելու նոր կազմակերպությունում։

ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ FFE-ն կարող է մինչև 4.2 միլիարդ դոլար (3.6 միլիարդ եվրո) ներգրավել՝ հիմնվելով 20 միլիարդ դոլարի (17 միլիարդ եվրո) սկզբնական բաժնետոմսերի գնահատման վրա։

ՈՒԵՖԱ-ն իր հայտարարության մեջ նշել է․ «Մենք չենք կարող շարունակել այսպես՝ գաղտնի ծրագրերով, որոնք արագացված ժամկետներում են մշակվում, մշակվում են անդեմ անհատների կողմից և կասկածելի օգուտ են բերում խաղին։ Մենք պետք է բացահայտենք մեղավորներին և պատասխանատվության ենթարկենք նրանց։ ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈՒԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային ընտանիքի շատ այլ անդամների վստահությունը»։

Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ կպահանջի համերաշխություն ԵՄ երկրներից՝ Սեուտայի փախստականների ճգնաժամի հարցում:

«Իհարկե, մենք կպահանջենք համերաշխություն ԵՄ բոլոր երկրներից», – նշել է նա RTVE-ի հետ զրույցում, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։

Նախարարը նշել է, որ առանց համերաշխության չկա Եվրամիություն, և յուրաքանչյուր ոք, ով մերժում է այն, աշխատում է Եվրոպայի դեմ: Նա նաև հիշեցրել է, որ Սեուտայի և Մելիլյայի սահմանները ոչ միայն Իսպանիայի, այլև ԵՄ հարավային սահմաններն են:

«Երբ Լամպեդուզայում կրկնվող միգրացիոն ճգնաժամեր էին, որոնք Իտալիայի կառավարությունը չէր կարողանում հաղթահարել… Իսպանիան միշտ համերաշխություն էր ցուցաբերում՝ թե՛ քաղաքական, թե՛ գործնական: Եվ հենց սա է, ինչ մենք պահանջում ենք եվրոպական մյուս երկրներից», – նշել է Ալբարեսը:

ԵՄ մի շարք ներկայացուցիչներ նախկինում քննադատել են Իսպանիայի միգրացիոն քաղաքականությունը: Ուրբաթ օրը ԵՄ մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի և Դանիայի իշխանությունները կոչ են արել ժամանակավորապես կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգեն գոտուն՝ Մարոկկոյից Սեուտա անկլավ միգրանտների հոսքի պատճառով:

Թեհրանը հերքել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ սկսելու մասին տեղեկությունները

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե կողմերը մոտ են համաձայնության և որ բանակցությունները կսկսվեն այսօր։

Նրա խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր կմեկնի Իրաք՝ Արբաինի երթի արարողությանը մասնակցելու համար, սակայն այդ այցը մասնավոր է։ Նա հավելել է, որ իրանական բանակցային պատվիրակության մնացած անդամները գտնվում են երկրում։

Արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ քննարկումները երկկողմ բանակցություններ են` Պարսից ծոցի երկու ափամերձ պետությունների միջև։

Բաղային նշել է, որ Օմանի հետ բանակցությունների նպատակն է ապահովել Հորմուզի նեղուցով նավագնացության ուղու ապահովությունը։

Նա հավելել է, որ այլ երկրներ կարող են խաղալ ինչպես ապակառուցողական, այնպես էլ կառուցողական դեր այս բանակցային գործընթացում։