Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է Ուկրաինայի կողմից իրանական առևտրային նավի վրա հարձակումը։

Նա նշել է, որ ուկրաինացի պաշտոնյաները, ինչպես Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ անմիջական շփումներում, այնպես էլ գրավոր հաղորդագրություններում, պնդել են, որ միջադեպը միտումնավոր չի եղել։ Սակայն Բաղային նշել է, որ Ուկրաինայի նախագահի հայտարարությունները վկայում են նպատակային հարձակման մասին։

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու և նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

Հիշեցնենք՝ Թեհրանը մեղադրել է Կիևին Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակման համար։ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Կիևը պետք է փոխհատուցի հարձակման հետևանքով առաջացած վնասները։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ՝ քննարկելով միջադեպը։ Ուկրաինայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի գործողությունները, այդ թվում՝ իրանական նավին հարվածը, ուղղված են եղել բացառապես «ռուսական ագրեսիայից երկրի պաշտպանությանը» և նպատակ չեն ունեցել վնաս հասցնելու քաղաքացիական նավերին կամ մարդկանց։ Սիբիհան նաև կոչ է արել Իրանին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման:

Ուելսն առաջին երկիրն է, որը հրաժարվում է տեսնել Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

Ուելսը դարձել է առաջին երկիրը, որը երկուշաբթի օրը հրապարակավ հրաժարվել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի վերընտրությանն աջակցելուց՝ հղում անելով «ղեկավարման հարցում ձախողումներին»։

Հայտարարությունը հնչել է ՖԻՖԱ-ի մրցաշարերում բաժնեմասեր մասնավոր ներդրողներին վաճառելու հայտարարության ֆոնին Ինֆանտինոյի ղեկավարության նկատմամբ վստահության կորստից հետո։

Ուելսի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ չի աջակցի Ինֆանտինոյի թեկնածությանը 2027-2031 թվականների ժամկետի համար․ գրում է Euronews-ը։

«Ֆուտբոլի լավագույն շահերն առաջին տեղում չդնելը ձախողում է, որը մենք չենք կարող ընդունել», – նշվում է Ուելսի ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարությունում։

ՖԻՖԱ-ն շաբաթ օրը հայտարարել է, որ հրաժարվում է մասնավոր ներդրողներին խոշոր մրցաշարերում բաժնեմասեր գնելու թույլտվության ծրագրերից՝ կոշտ դիմադրությունից հետո։ Հայտարարության մեջ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն նշել է, որ նախագիծը «պառակտումներ է առաջացրել», որոնք «այլևս չեն համապատասխանում ի սկզբանե սահմանված նպատակին»։

«Մեր նպատակը միշտ եղել է և միշտ կլինի միավորվելը և կատարելագործվելը։ Արդյունքում՝ այս առաջարկը չի շարունակվի», -հավելել է նա

Ֆուտբոլի աշխարհի կառավարող մարմինը հուլիսի վերջին ներկայացրել էր առաջարկ, որը, ըստ դրա, կմեծացներ իր 211 անդամ ասոցիացիաների ֆինանսավորումը՝ նոր դուստր ձեռնարկության միջոցով, որը կկառավարի իր առևտրային գործունեությունը և միջոցառումները, այդ թվում՝ աշխարհի առաջնությունները։

«ՖԻՖԱ-ի առաջխաղացման ձեռնարկություն» (FFE) անվամբ ձեռնարկությունը նպատակ ուներ շահույթ ստանալ այն բանից, ինչը Ինֆանտինոն նկարագրել է որպես սպորտի «ուշագրավ առևտրային արժեք»՝ հրավիրելով երրորդ կողմերին՝ ոչ վերահսկող ներդրումներ կատարելու նոր կազմակերպությունում։

ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ FFE-ն կարող է մինչև 4.2 միլիարդ դոլար (3.6 միլիարդ եվրո) ներգրավել՝ հիմնվելով 20 միլիարդ դոլարի (17 միլիարդ եվրո) սկզբնական բաժնետոմսերի գնահատման վրա։

ՈՒԵՖԱ-ն իր հայտարարության մեջ նշել է․ «Մենք չենք կարող շարունակել այսպես՝ գաղտնի ծրագրերով, որոնք արագացված ժամկետներում են մշակվում, մշակվում են անդեմ անհատների կողմից և կասկածելի օգուտ են բերում խաղին։ Մենք պետք է բացահայտենք մեղավորներին և պատասխանատվության ենթարկենք նրանց։ ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈՒԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային ընտանիքի շատ այլ անդամների վստահությունը»։

Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ կպահանջի համերաշխություն ԵՄ երկրներից՝ Սեուտայի փախստականների ճգնաժամի հարցում:

«Իհարկե, մենք կպահանջենք համերաշխություն ԵՄ բոլոր երկրներից», – նշել է նա RTVE-ի հետ զրույցում, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։

Նախարարը նշել է, որ առանց համերաշխության չկա Եվրամիություն, և յուրաքանչյուր ոք, ով մերժում է այն, աշխատում է Եվրոպայի դեմ: Նա նաև հիշեցրել է, որ Սեուտայի և Մելիլյայի սահմանները ոչ միայն Իսպանիայի, այլև ԵՄ հարավային սահմաններն են:

«Երբ Լամպեդուզայում կրկնվող միգրացիոն ճգնաժամեր էին, որոնք Իտալիայի կառավարությունը չէր կարողանում հաղթահարել… Իսպանիան միշտ համերաշխություն էր ցուցաբերում՝ թե՛ քաղաքական, թե՛ գործնական: Եվ հենց սա է, ինչ մենք պահանջում ենք եվրոպական մյուս երկրներից», – նշել է Ալբարեսը:

ԵՄ մի շարք ներկայացուցիչներ նախկինում քննադատել են Իսպանիայի միգրացիոն քաղաքականությունը: Ուրբաթ օրը ԵՄ մի շարք երկրների, այդ թվում՝ Իտալիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի և Դանիայի իշխանությունները կոչ են արել ժամանակավորապես կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգեն գոտուն՝ Մարոկկոյից Սեուտա անկլավ միգրանտների հոսքի պատճառով:

Թեհրանը հերքել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ սկսելու մասին տեղեկությունները

Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե կողմերը մոտ են համաձայնության և որ բանակցությունները կսկսվեն այսօր։

Նրա խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր կմեկնի Իրաք՝ Արբաինի երթի արարողությանը մասնակցելու համար, սակայն այդ այցը մասնավոր է։ Նա հավելել է, որ իրանական բանակցային պատվիրակության մնացած անդամները գտնվում են երկրում։

Արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ քննարկումները երկկողմ բանակցություններ են` Պարսից ծոցի երկու ափամերձ պետությունների միջև։

Բաղային նշել է, որ Օմանի հետ բանակցությունների նպատակն է ապահովել Հորմուզի նեղուցով նավագնացության ուղու ապահովությունը։

Նա հավելել է, որ այլ երկրներ կարող են խաղալ ինչպես ապակառուցողական, այնպես էլ կառուցողական դեր այս բանակցային գործընթացում։

Դավթաշենի կամրջի տակ դի է հայտնաբերվել.Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա. հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

1 օրենքով հարցը լուծվում է․ Նարեկ Կարապետյանն առաջարկեց ՔՊ-ին ընդունել «հակասաֆարովյան օրենք»

Մեր քաղաքական մտքի նպատակն է՝ ունենալ խաղաղություն, բայց դրա հետ միասին՝ ժողովրդագրորեն անվտանգ Հայաստան․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր ԱԺ նիստում առաջարկեց իշխող ՔՊ-ին ընդունել «հակասաֆարովյան օրենք»։

«Մենք ունենք առաջարկ․ եկեք ընդունենք օրենք, որով իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել մեր երկրում և ունենալ գույք կամ հող մեր երկրում»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով․ «1 օրենքով այդ հարցը լուծվում է»։

Ի դեպ, ըստ նրա, Թուրքիան նմանատիպ օրենք ունի Հայաստանի մասին՝ ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն այնտեղ հող գնելու։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Վարդապետյանին 

ՀՀ պահեստազորի զիծառայողների նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ` Ա. Վարդապետյանին։

«Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով 22.07.2026 թ. Ձեզ է հասցեագրվել թիվ 2130114 դիմում-բողոք/հաղորդումը՝ «Օլիմպավան» մարզահամալիրում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ենթադրյալ ոչ իրավաչափ գործունեության վերաբերյալ։

Դիմումում նշել էի, որ «Օլիմպավան» մարզահամալիրում ենթադրյալ տնտեսական բնույթի հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ամբողջ մարզահամալիրի կապարակնքումը չի համապատասխանում համաչափության և անհրաժեշտության սկզբունքներին, անհիմն սահմանափակում է մարզահամալիրում պարապող երեխաների, մարզիկների և այլ օրինական օգտվողների իրավունքները, ինչպես նաև հանգեցնում է նրանց օրինական շահերի անհամաչափ սահմանափակման։

Միաժամանակ խնդրել էի, Ձեր լիազորությունների շրջանակներում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երեխաների և մարզիկների խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև նրանց մարզական գործընթացի բնականոն և անընդհատ շարունակականության ապահովման ուղղությամբ։

Սակայն մինչ օրս ինձ չի տրամադրվել որևէ տեղեկություն դիմումում բարձրացված հարցերի կապակցությամբ Ձեր կողմից իրականացված ուսումնասիրությունների, տրված հանձնարարականների կամ ձեռնարկված այլ միջոցառումների վերաբերյալ։ Նման պայմաններում հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ Դուք փաստացի կիսում եք քննչական մարմնի որդեգրած այն մոտեցումը, համաձայն որի՝ ամբողջ մարզահամալիրի կապարակնքումը դիտարկվում է որպես անհրաժեշտ և իրավաչափ միջոց։ Մինչդեռ ենթադրյալ տնտեսական բնույթի հանցագործության առկայությունն ինքնին չի կարող իրավական բավարար հիմք հանդիսանալ ամբողջ մարզահամալիրի գործունեության կասեցման և երրորդ անձանց իրավունքների ու օրինական շահերի նման ծավալով սահմանափակման համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ տեղեկացնել, թե Ձեր կողմից ինչ միջոցներ են ձեռնարկվել կամ նախատեսվում են ձեռնարկվել «Օլիմպավան» մարզահամալիրում պարապող երեխաների և մարզիկների խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև նրանց օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։

Խնդրում եմ նաև հայտնել, արդյոք Ձեր կողմից իրավասու մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ, ցուցումներ կամ առաջարկություններ՝ նշված իրավունքների խախտումները վերացնելու և հետագայում նման խախտումները բացառելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ պատերազմ է ամբողջ տարածաշրջանի դեմ․ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունները՝ կետերով

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում։

Բաղայիի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․

  • Այս պահին Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չի վարում, իսկ Օմանի հետ բանակցությունները վերաբերում են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման վերաբերյալ համաձայնության ձեռքբերմանը։ Դրանց նպատակն է սահմանել ժամանակավոր երթուղի, որը կապահովի Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը։
  • Քանի դեռ պահպանվում է ծովային շրջափակումը, և շարունակվում են Միացյալ Նահանգների գործողությունները, Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակում որևէ էական փոփոխություն տեղի չի ունենա։
  • ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ պատերազմ է ամբողջ տարածաշրջանի դեմ։ Վերջին հինգ ամիսների ընթացքում ականատես եղանք, որ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում մեծացրել է անկայունությունը։
  • Պակիստանը միջնորդի դեր է կատարում Իրանի և Միացյալ Նահանգների միջև քննարկումներում․ Քաթարը նույնպես աջակցություն է ցուցաբերում։ Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, և Չինաստանը կիսում է մեր մտահոգությունները՝ կապված ԱՄՆ-ի հակամարտային վարքագծի սրման հետ։ Մեր չինացի բարեկամները ջանքեր են գործադրում իրավիճակի սրումը կանխելու համար, սակայն նոր միջնորդի ներգրավումը ճիշտ չի լինի։

Կուբան կրկին մթության մեջ է

Կուբայի ազգային էլեկտրացանցը կիրակի ուշ երեկոյան կրկին խափանվել է, ինչի հետևանքով շուրջ 10 միլիոն բնակչություն ունեցող կղզին հայտնվել է մթության մեջ․ գրում է Reuters գործակալությունը։

Կիրակի տեղի ունեցած խափանումը հաջորդում է հուլիսին գրանցված երեք համապետական հոսանքազրկումներին․ իրավիճակն ավելի է բարդանում ԱՄՆ-ի սահմանած նավթային շրջափակման պատճառով, որը լրացուցիչ ճնշում է գործադրում կղզու արդեն իսկ հնացած էներգետիկ ենթակառուցվածքների վրա․ վառելիքի պակասի պատճառով կղզին չի կարողանում շահագործել իր էլեկտրակայանները և բավարար էլեկտրաէներգիա արտադրել։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որը մաքսատուրքեր սահմանեց Կուբային նավթ վաճառող կամ մատակարարող երկրներից ԱՄՆ ներկրվող ցանկացած ապրանքի համար, իսկ Վենեսուելայի գործողությունից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ վենեսուելական նավթ այլևս չի ուղարկվի Կուբա՝ նշելով, որ Կուբայի կառավարության տապալումը մոտ է։

Ես բացարձակ խնդիր չունեմ ո՛չ Միրզոյանի կամ Կոնջորյանի կնոջ, ո՛չ Ռուբինյանի եղբոր հետ, բայց այդ ո՞նց է ստացվում, որ հենց նրանք են բարձր աշխատավարձով պաշտոններ զբաղեցնում․ Աննա Գրիգորյան

Երբ 2018 թվականին Գագիկ Ծառուկյանն առաջադրում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, ինքն ուղղակի խոշոր սեփականատեր էր, ընդհանրապես օրենքի և օրինականության հետ կապված խնդիր չուներ։ Այն պահից սկսած, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դիրքորոշումներ հնչեցրեց, միանգամից հայտնվեց կալանքի տակ, սա օբյեկտիվ իրականությունն է, որը դուք չեք կարող չտեսնել․ այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով իշխող խմբակցությանը։

«Օրինակ՝ Սամվել Կարապետյանը 2021 թվականից հետո հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, և այն պահից սկսած, երբ հնչեցրել է որևէ միտք, որը ձեր քաղաքականությանը հակառակ է, միանգամից հայտնվել է կալանքի տակ։ Եթե այսօր Ռոբերտ Քոչարյանը չզբաղվեր քաղաքականությամբ, նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում չէր լինի»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ում նկատմամբ հարուցել քրեական գործ՝ բացառապես պայմանավորված է նրանով, թե տվյալ մարդը քաղաքականության մեջ է, թե ոչ, և ինչպիսի դրսևորումներ այն ունի։

Պատգամավորը խոսեց նաև քաղաքական հովանավորչության մասին․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ես բնականաբար չեմ ճանաչում, հավանաբար լավ էլ մասնագետ է, նշանակվել է Ամիո բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնես զարգացման գլխավոր տնօրեն։ Առաջին հայացքից ի՞նչ մի խնդիր կա։ Ամբողջ հարցն այն է, որ Ամիո բանկի 25%-ը պատկանում է Կառավարությանը, և այն բանից հետո, երբ Կառավարությունը 25% մասնաբաժին է ձեռք բերում Ամիո բանկում, այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձր պաշտոնի»։

Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ըստ նրա, հանդիսանում է նաև Viva Armenia-ի կառավարման մարմնի անդամ․ «Էլի, առաջին հայացքից ի՞նչ խնդիր կա։ Ամբողջ խնդիրն այն է, որ Viva Armenia -ում Կառավարությունն ունի 20% մասնաբաժին։ Սա ձեզ մոտ որևէ հարց չի՞ առաջացնում, քաղաքական հովանավորչության խնդիր չե՞ք տեսնում»։

Անդրադարձավ նաև վերջին օրերին մեծ աղմուկ հանած նորությանը՝ Հայկ Կոնջորյանի կնոջը, որը նշանակվել է «Հայփոստ»-ում տնօրեն և բավականին բարձր աշխատավարձ է ստանում, Արարատ Միրզոյանի կնոջը, որը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ղեկավարն է։

«Ես, իհարկե, բացարձակ խնդիր չունեմ ո՛չ Արարատ Միրզոյանի կնոջ հետ, ո՛չ Լևոն Ռուբինյանի և մնացածի հետ, կարող է՝ լավ էլ մարդիկ են, լավ էլ մասնագետներ են, բայց այդ ո՞նց է ստացվում, որ հենց պետությունը, կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում, այնտեղ գնում են ու բարձր աշխատավարձով պաշտոններ են զբաղեցնում»,-ասաց նա։