Հայտնի է «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Վարդևանյանի փորձը և պրոֆեսիոնալիզմը։

Ռուբինյանը ընդդիմությանը կոչ է արել միասին փոխել ԱԺ-ում ձևավորված քաղաքական մշակույթը

ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ հասարակության շրջանում ձևավորվել է ընկալում, ըստ որի՝ խորհրդարանը դարձել է «անարդյունավետ բանավեճերի, փոխադարձ վիրավորանքների և անհարկի լարվածության» հարթակ։

Նրա խոսքով՝ վտանգ կա, որ 9-րդ գումարման Ազգային ժողովն այդ առումով կարող է չտարբերվել կամ նույնիսկ ավելի վատը լինել։

«Ես ուզում եմ առաջարկել, որ մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը․ ես, բնականաբար, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ կարող ենք հենց հիմա բոլորս պայամանավորվել․ «եկեք բարեկիրթ լինենք, եկեք չվիրավորենք իրար» և այլն։

Դա կլինի պատրանք, «խաղաղություն աշխարհին»-ի պես կենաց։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը՝ ինչու՞ է վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ես ունեմ իմ տարբերակը և իմ առաջարկած լուծումը, ամենևին չհավակնելով վերին ատյանի ճշմարտություն լինելու դերին, հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք։

Ես առաջարկում եմ, և համարում եմ այս օրը զրոյական կետ՝ իմ և ձեր հարաբերություններում և ընդհանրապես, զրոյական կետ խորհրդարանական հարաբերություններում։ Ընդունել կոնսենսուս՝ բարեկիրթ, սուր, շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև և կառուցողական խորհրդարանական աշխատանք»,- ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ 2018 թվականից հետո խորհրդարանում անհանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվել, քանի որ ընդդիմությունը «չի ընդունել ժողովրդի կայացրած ընտրությունը»։

ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացնում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Սահմանադրության 158–րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացում. այդ մասին ուղերձի ընթացքում հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը։

«Այս պայմաններում մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները, իսկ հաջորդիվ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահը նորընտիր ԱԺ-ի լիազորությունների ժամկետը սկսելուց հետո անհապաղ վարչապետ է ներկայացնում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը կներկայացնի վարչապետի թեկնածուին, և համապատասխանաբար տեղի կունենա նշանակում՝ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն։

Ո՞ւր է Վեհափառը. ԱԺ առաջին նիստն անցնում է լարված մթնոլորտում

ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը մեկնարկեց լարված մթնոլորտում․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը հարցրեց՝ որտե՞ղ է կաթողիկոսը։

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Վեհափառը նոր գումարվող խորհրդարանի առաջին նիստին հրավիրված չէ։

Կարապետյանի հնչեցրած հարցը կրկնեցին նաև ընդդիմադիր այլ պատգամավորներ, իսկ նիստը նախագահող Կնյազ Հասանովը հորդորեց չխանգարել։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները նախագահի ելույթից հետո չծափահարեցին, իսկ երբ Կնյազ Հասանովն ընթերցում էր պատգամավորների երդման տեքստը, ոտքի կանգնեցին։

Այսօր իր աշխատանքներն է սկսում ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորած նոր ազգային ժողովը․ Վահագն Խաչատուրյան

Այսօր իր աշխատանքներն է սկսում ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորած նոր ազգային ժողովը․ ՀՀ 9-րդ գումարման ԱԺ-ի 1-ին նստաշրջանի ելույթի ընթացքում հայտարարել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը բերված նպաստով․ ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ ԱԺ-ում գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, իսկ  քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների։

Մոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Մոսկվայի կենտրոնում՝ Կուդրինսկայա հրապարակում գտնվող ռեստորանում, պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք․ գրում է TACC-ը՝ հղում անելով Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությանը։

Կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկ սարքը ռեստորան է բերել մի կին, որը զոհվել է պայթյունի հետևանքով։

Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Նոր խորհրդարան՝ նոր ու հին դեմքերով

9-րդ գումարման Ազգային ժողովը մեկնարկում է 105 պատգամավորով՝ առանց որևէ ուժի Սահմանադրական մեծամասնության։ Նոր խորհրդարանում ընդգրկված են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» (29) և «Հայաստան» (12) դաշինքները, իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը(64): Ովքե՞ր կլինեն, և ովքե՞ր չեն լինի։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

Բրոուդ Փիք լեռան վրա ձնահյուսից զոհվել է ռեկորդակիր լեռնագնաց Նիրմալ Պուրջան

Նեպալցի լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է Պակիստանում գտնվող Բրոուդ Փիք լեռան (8 051 մ) վրա տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով. հայտնել է Elite Exped ընկերությունը, որի համահիմնադիրներից էր Պուրջան։

«Այսօր խոր վշտով և սրտի մեծ ցավով հաստատում ենք, որ Նիրմալ «Նիմսդայ» Պուրջան ողբերգականորեն զոհվել է Բրոուդ Փիք լեռան վրա տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով։ Հաստատվել է նաև, որ այս արշավախմբի մյուս մասնակիցները, ցավոք, չեն փրկվել։ Այսօր մենք սգում ենք ոչ միայն Նիմսդայի, այլև այս ողբերգության հետևանքով զոհված յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ նրա վստահելի գործընկերների և ուղեկցողների՝ Պուր Բահադուր Գուրունգի (Յուկտա) և Նիմու Շերպայի մահը»,- նշվում է ընկերության Instagram-ում հրապարակված հայտարարության մեջ։

Հուլիսի 29-ին Նեպալից, Պակիստանից, ԱՄՆ-ից, Օմանից և Չինաստանից ժամանած 10 լեռնագնացներից բաղկացած խումբը սկսել էր վերելքը դեպի Բրոուդ Փիք։ Արշավախումբը ղեկավարում էր 43-ամյա Պուրջան։

Հուլիսի 30-ին, տեղական ժամանակով կեսօրին մոտ, լեռան վրա ձնահյուս է տեղի ունեցել, որից հետո խմբի հետ կապը կորել է։ GPS սենսորների տվյալներով՝ լեռնագնացներին ձնահյուսը մոտ մեկ կիլոմետր ներքև է շպրտել։

2019 թվականին Նիրմալ Պուրջան լեռնագնացության պատմության մեջ մտավ՝ ռեկորդային կարճ ժամանակում՝ 6 ամիս և 6 օրում, նվաճելով աշխարհի բոլոր 14 ութհազարանոցները։ Այդ ռեկորդը պահպանվեց մինչև 2023 թվականը։ Նա նաև առաջին լեռնագնացն էր, որը 48 ժամվա ընթացքում բարձրացել էր Էվերեստ, Լհոցզե և Մակալու գագաթները։ Պուրջան ծառայել է Մեծ Բրիտանիայի բանակի Գուրխաների բրիգադում, ինչպես նաև Թագավորական ծովային հետևակի հատուկ նշանակության ստորաբաժանումում։

Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին զինվորականները հսկողության տակ են վերցրել կարևոր օբյեկտները

Իսպանիայի Սեուտա քաղաքում շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին զինվորականները հսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակության կարևոր օբյեկտները։

Ոստիկանությունը հերթապահում է սուպերմարկետների մուտքերի մոտ․ ավելի վաղ քաղաքում անկարգություններ էին գրանցվել, որոնց ընթացքում մարդկանց խմբերը ուժով փորձել էին ներխուժել խանութներ։

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա կնոջ մարմին. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. գրում էր Shamshyan.com-ը:

Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրենց ցած է նետել։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 50-55 տարեկան կնոջ մարմին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Սվետլանա Դ․-ն է, ով մասնագիտությամբ դաշնակահար է։