Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունները մոտենում են ավարտին․ Արաղչի

Հորմուզի նեղուցով նավագնացության վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին․ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Կառավարության այսօրվա նիստի սկզբում արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանի և Օմանի միջև բանակցությունների ներկայիս վիճակը․ նա նշել է բանակցությունների առաջընթացը և հայտարարել, որ դրանք գտնվում են եզրափակիչ փուլում և մոտենում են ավարտին», – ասված է Արաղչիի Telegram ալիքում տեղադրված գրառման մեջ։

Ավելի վաղ Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցը բացելու թույլտվություն չի տվել։

Պարսից ծոցի երկրներում դժգոհ են Իրանի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունից. WSJ

Պարսից ծոցի երկրները դժգոհ են ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ վարած քաղաքականությունից՝ համարելով, որ Վաշինգտոնը հստակ ռազմավարություն չունի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տեղեկությունների հանաձայն՝ տարածաշրջանի երկրներում գտնում են, որ ԱՄՆ-ի անհետևողական քաղաքականության հետևանքով Իրանը շարունակում է հարվածել Պարսից ծոցի պետություններին։

Բացի այդ՝ դաշնակիցները կոչ են անում Վաշինգտոնին ավելի հետևողական քաղաքականություն վարել և ուժեղացնել տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը։

Սերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել էլեկտրաէներգիան

Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը երկրի բնակիչներին կոչ է արել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ երկրում շարունակվող ուժեղ շոգի ֆոնին։

Նրա խոսքով՝ բարձր ջերմաստիճանի հետևանքով գետերում ջրի մակարդակը զգալիորեն նվազել է, ինչը վտանգում է էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Վարչապետը նշել է, որ էներգահամակարգը դեռևս կայուն է, սակայն արտադրության ծավալները նվազել են, ուստի քաղաքացիներին հորդորել է սահմանափակել հատկապես օդորակիչների օգտագործումը։

Ավելի վաղ Սերբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ գետերի ջրի ցածր մակարդակը խոչընդոտում է նաև վառելիքի փոխադրումը բեռնանավերով և ազդում հիդրոէլեկտրակայանների աշխատանքի վրա։

Մահացել է դերասան Վինսենթ Պաստորեն

Ամերիկացի դերասան Վինսենթ Պաստորեն, որը հայտնի է «Սոպրանոները» հանրաճանաչ սերիալում դերակատարմամբ, մահացել է Նյու Յորքում 80 տարեկանում․ գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ դերասանին մահացած են գտել իր տանը․ մահվան պատճառն անհայտ է։

Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի օկուպացված Շուշի և Ստեփանակերտ

Marriott Bonvoy ընկերությունը հրաժարվել է դեպի օկուպացված Արցախ զբոսաշրջային փաթեթից․ այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։

Խոսքը 14-ժամյա շրջայցի մասին էր, որը ներառում էր այցելություններ Շուշի և Ստեփանակերտ, սակայն երթուղու նկարագրության չկար հիշատակում Արցախի հայկական պատմության, բռնազավթման, իրականացված էթնիկ զտման և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։

Հայ Դատի հանձնախմբերի և հայկական այլ կառույցների ճնշման արդյունքում ընկերությունը չեղարկել է առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։

Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվին

Մարոկկոյի թագավոր Մոհամեդ VI-ի որոշմամբ Տիզնիտ-Դախլա ավելի քան 1055 կմ երկարությամբ մայրուղին անվանակոչվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին․ այդ մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով MAP լրատվական գործակալությանը։

Ինչպես գրում է MAP պետական գործակալությունը, թագավորը Թրամփին ուղղված նամակում նշել է, որ որոշումը պայմանավորված է 2020 թվականին նրա վարչակազմի կողմից Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանության ճանաչմամբ։

Մոհամեդ VI-ի խոսքով՝ մայրուղին ռազմավարական նշանակություն ունի՝ միացնելով Մարոկկոյի հյուսիսն ու հարավը, նաև Եվրոպան և Աֆրիկյան մայրցամաքը։

MAP-ի տվյալներով՝ Թրամփը հուլիսի 26-ին շնորհակալություն է հայտնել Մարոկկոյի թագավորին այդ որոշման համար և հայտնել, որ հույս ունի մոտ ապագայում անցնել մայրուղու ամբողջ երկայնքով։

Շղթայական ավտովթար՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. կա վիրավոր

Օգոստոսի 2-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում․ բախվել են «Nissan», «Opel» և «Գազել» մակնիշի բեռնատարը․ գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ևս մեկ տուժած տեղում ստացել է բուժօգնություն, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից։

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դիզվառելիքի համար նախատեսված երկաթե բաքին, որն էլ իր հերթին հարվածել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոբուսին։

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ – ABCMEDIA

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։

Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանը հայտարարեց Կառավարության հրաժարականի մասին, ինչից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց նրան վարչապետի պաշտոնում։

Իրանում հերքել են Հորմուզի նեղուցի վերաբացման մասին տեղեկությունները

Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ ավելի վաղ տարածված տեղեկությունները կեղծ են․ գրում է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Լրատվականի փոխանցմամբ՝ նեղուցում սահմանափակումները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են ԱՄՆ-ի «թշնամական գործողությունները»։

Նշվում է, որ նավերի անցումը թույլատրվում է միայն հատուկ սահմանված երթուղիներով և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի համաձայնությամբ։

Նոր գումարման խորհրդարան՝ նոր ու հին դեմքերով

ԱԺ 9-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Խորհրդարանում չեն լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, որոնց բացակայությունը, Գագիկ Ծառուկյանի կարծիքով, զգալու են շատերը։
Նոր խորհրդարանում չի լինի նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Նախորդ գումարման խորհրդարանը տեսավ Արցախի վերջին պատերազմն ու բռնազավթումը, սահմանազատումը՝ Տավուշում։ Եղան հարյուրավոր բանավոր հարց ու ելույթներ, օրենսդրական նախաձեռնություններ, հայտարարության նախագծեր, 160-ից ավելի գործուղում։ Բացի այդ՝ 600 միլիոն դրամից ավելի պարգևավճար ստացան պատգամավորները․ իսկ ընտրողները դրանից բացի տեսան սկանդալներ, հայհոյանքներ, վեճեր։

Խորհրդարանի նախկին դեմքերից շատերը իրենց տեղում են՝ նոր պաշտոններով։ Օրինակ՝ ՔՊ-ականներից Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահի թեկնածու է, Վահագն Ալեքսանյանը՝ փոխնախագահի։  ԱԺ-ում ՔՊ-ականների աթոռներին կլինեն Նազելի Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակը, Արայիկ Հարությունյանը՝ Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավարը, Վիլեն Գաբրիելյանը, որ 8-րդ գումարման պատգամավորի մանդատից զրկվել էր Գյումրիում սկանդալային միջադեպից հետո։

Ընդդիմադիր «Հայաստան» կուսակցությունների դաշինքը 8-րդ գումարման խորհրդարանում 28 պատգամավոր ուներ, 9-րդին՝ 16-ով պակաս։ Երկու նոր անուն ունի դաշինքը․ Սևակ Խաչատրյանն ու Մեսրոպ Մանուկյանը։

Ընդդիմադիր ուժերի շարքում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն է որպես նոր ուժ նոր դեմքերով; Կուսակցության երկրորդ համար Արամ Վարդևանյանն է նախկինում խորհրդարանում պատգամավոր եղել «Հայաստան» խմբակցության ցուցակով։

Ի տարբերություն նախորդ գումարմանը՝ ՔՊ-ն խորհրդարանում չունի Սահմանադրական մեծամասնություն։