Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ՝ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք. տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար:

Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր։

Հուշակոթողի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո հոգևորականաց դասը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար»,- ասված է հաղորդագրությունում:

 

ԵԱՏՄ-ից չենք պատրաստվում դուրս գալ․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսից հետո Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է տվել Կառավարությունում։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Մեր ռազմավարությունը մնում է նույնը։ Մենք ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք։
  • ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև փորձում ենք մեր լծակներն ու ներգրավվածությունն օգտագործել՝ մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։
  • Եվս մեկ դատական հայց եմ ներկայացնելու, երեկվա տվածս հարցազրույցից հետո հայտարարել են, որ ես հաստատել եմ, որ 300 հազար ադրբեջանցի է բնակեցվելու Հայաստանում։ Այդ կապակցությամբ 3-րդ հայցը կներկայացնեմ:
  • Այսօրվա զորահանդեսին 7 տարբեր երկրների արտադրության զենք էր ցուցադրվում։ Սա նշանակում է, որ մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները։
  • Դավիթ Իշխանյանի հայտարարությունը Բաքվի բանտից չեմ մեկնաբանելու։ Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում՝ Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրը լուծելու համար։

 

Պուտինն ու Տոկաևը կարևոր փաստաթղթեր են ստորագրել․ Ռուսաստանը Ղազախստանում ԱԷԿ կկառուցի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններից հետո ստորագրել են համատեղ փաստաթղթերի փաթեթ։
Այն ներառում է նաև Ռուսաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական դաշինքի 7 հիմնասյուներն ուրվագծող փաստաթուղթ։

Ռուսաստանն ու Ղազախստանը ստորագրել են նաև Ղազախստանում ատոմակայան կառուցելու վերաբերյալ համաձայնագիր։

«Ռուսաստանի կողմից Ղազախստանում ատոմակայանի կառուցումը երկրում ստեղծել է մի ամբողջ արդյունաբերություն»,- ասել է Պուտինը։

 

Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանի սպառնալիքներից հետո ԱՄՆ-ն տարհանել է դիվանագետներին Կիևից․ ԱՄՆ դեսպանատունը հերքում է

Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետները լքել են Կիևը՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի սպառնալիքներից հետո․ գրում է meduza.io-ն։

Կալլասը լրագրողներին ասել է, որ ուկրաինական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ «բոլոր դեսպանատները, բացի մեկից, մնում են Ուկրաինայում, իսկ Ամերիկան ​​հեռացել է»։

ԵՄ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Կիևին հարվածելու Ռուսաստանի սպառնալիքները վախեցնելու փորձ են, որը, նրա խոսքով, չի աշխատի։

Սակայն Կիևում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ այն գործում է սովորականի պես: Դեսպանատունն X-ի իր էջում գրել է, որ ցանկացած այլ տեղեկատվություն սխալ է:

 

ՀՀ-ում ընտրությունները տեղի են ունենում բևեռացված միջավայրում, որը ձևավորվել է անվտանգության և մի շարք այլ մտահոգությունների պատճառով․ HRW

Հունիսի 7-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնք կորոշեն երկրի հաջորդ կառավարությունը: Անկախ նրանից, թե որ կուսակցությունը կամ կուսակցությունները կհաղթեն, քվեարկությունից հետո տեղի ունեցողը կարող է ապացուցել, թե արդյոք Հայաստանն անկախությունից ի վեր բավականաչափ ամուր հիմքեր է կառուցել մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը վիճելի քաղաքական պահին պաշտպանելու համար․ նշում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը։

Հունիսի 7-ի խաղադրույքները հատկապես բարձր են: Ընտրությունները տեղի են ունենում բևեռացված միջավայրում, որը ձևավորվել է անվտանգության հետ կապված մտահոգությունների, սոցիալական դժվարությունների, 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանության, Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության շուրջ ինտենսիվ բանավեճերի և արտաքին ընտրական միջամտության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Հայաստանը Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ է, որը կառավարության հրավերով ուղարկել է ընտրությունների դիտորդական առաքելություն: Հայաստանը նաև կողմ է մարդու իրավունքների վերաբերյալ տարածաշրջանային և միջազգային հիմնական պայմանագրերին, չնայած մարդու իրավունքների ոլորտում նրա ցուցանիշները անհավասար են:

Գործող կառավարության օրոք Հայաստանը ձգտել է ավելի սերտ ինտեգրման Եվրամիության հետ և հանձնառու է իրավունքների հետագա բարեփոխումներին: Չնայած առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ հավաքների և խոսքի ազատության պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջխաղացման և ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտներում, պահպանվում են մտահոգություններ խտրականության, կանանց նկատմամբ բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, լրատվամիջոցների ազատության, հսկողության և ոստիկանության կողմից չարաշահումների համար պատասխանատվության վերաբերյալ։

Տեղական խմբերը, լրագրողները և անկախ դիտորդները նույնպես բարձրացրել են ընտրություններին վերաբերող մտահոգություններ, այդ թվում՝ վարչական ռեսուրսների չարաշահման, պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշման, քարոզարշավի ֆինանսավորման ռիսկերի, ենթադրյալ ընտրակաշառքի, բևեռացված հռետորաբանության և հաշվետվողականության թույլ մեխանիզմների մասին։
Human Rights Watch-ը մշտապես հաղորդել է Հայաստանում ոստիկանության կողմից չարաշահումների համար պատասխանատվության բացակայության մասին։

Քվեարկությունից առաջ ոստիկանության կողմից չարաշահումների, սպառնալիքների, ընտրողների վրա ճնշման կամ լրագրողների և ակտիվիստների վրա հարձակումների մասին մեղադրանքները պետք է անհապաղ և արդյունավետորեն հետաքննվեն։ Իշխանությունները պետք է նաև հստակեցնեն, որ իրավապահ մարմինները կպաշտպանեն խաղաղ հավաքները, և ուժի կիրառման ցանկացած միջոց կլինի օրինական, խիստ անհրաժեշտ և համաչափ։

Հունիսի 7-ի քննությունը կլինի ոչ միայն այն մասին, թե ով կհաղթի, այլև այն, թե արդյոք բոլորի իրավունքները հարգվում են քվեարկությունից առաջ, ընթացքում և հետո։

Ինչո՞ւ է Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցն այդքան կարևոր․ Washington Examiner

Երևան այցելած պետքարտուղար Մարկո Ռուբիոն ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց իր հայ գործընկերոջ հետ։ Այցը կարևոր խորհրդանշական արժեք ունի երկրում կայանալիք վճռորոշ ընտրություններից առաջ։ Սակայն խոսքը միայն լուսանկարների և հաճելի զրույցների մասին չէր. գրել է Washington Examiner-ը։

Ռուբիոն Երևանում ստորագրեց երեք համաձայնագիր։ Դրանց թվում էին կարևոր հանքարդյունաբերական համագործակցության համաձայնագիրը և TRIPP միջանցքի առաջխաղացման շրջանակը։ Իրականում, այն վերածնունդ է հաղորդում հին Մետաքսի ճանապարհին՝ ամերիկյան պայմաններով։ Սա տարածաշրջանային քաղաքականության մեջ սեյսմիկ փոփոխություն է։ Մոսկվան երկար ժամանակ ծառայել է որպես Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավոր՝ պահպանելով երկրի առևտրային և էներգետիկ կախվածությունը սերտորեն կապված ռուսական ցանցերի հետ։ Դա սկսեց փոխվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը չկարողացավ պաշտպանել Հայաստանն ադրբեջանական բազմակի հարձակումներից հետո։

Ռուբիոյի այցն ազդանշան է այն մասին, որ Վաշինգտոնը մտադիր է ամրապնդել այս բացը։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի ազդեցությունը տեղահանելը հեշտ գործ չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Միացյալ Նահանգների համար: Մոսկվան ռազմական բազա է պահում հայկական հողում, և տասնամյակներ շարունակ ռուսամետ կառավարությունները ձևավորել են տնտեսական ենթակառուցվածքներ և էլիտար ուժային ցանցեր: Ռուսական խողովակներով դրամական փոխանցումներն ու առևտրային հոսքերը շարունակում են տնտեսապես նշանակալից լինել շարքային հայերի համար: Մոսկվայի խնդիրն այն է, որ Ադրբեջանի դեմ նրա անգործությունը խաթարել է Ռուսաստանի նկատմամբ հանրային աջակցությունը:

Ռուբիոյի այցի ժամանակը համընկնում է նաև Հայաստանի վերջին տարիների ամենակարևոր քաղաքական պահի հետ: Փաշինյանը պատրաստվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին և բախվում է Մոսկվայի կողմից լայնածավալ ճնշման արշավի:

Ըստ պարբերականի՝ Հայաստանին աջակցելը կօգնի տարածաշրջանին ցույց տալ, որ Ամերիկան շատ ավելի շահավետ գործընկեր է, քան Ռուսաստանը։ Իր հերթին՝ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում տեղի ունեցողը կարող է խթանել տարածաշրջանային աճող միտման զարգացումը։

 

 

Խաղաղություն չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, «Ցռան Վերգոյի» նման, կանի այն ամենը, ինչ կասի «господин» Ալիևը․ Ասլանյան

Արդեն կլինի երկու տարի, ինչ մեզ վռնել են իշխող կուսակցությունից, բայց մենք՝ որպես ներսի ընդդիմություն, պարոն Աղազարյանի հետ միշտ պայքարել ենք այն ամենի ինչ, ինչի դեմ այսօր պայքարում ենք բացահայտ․ «Սարդարապատում» լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՔՊ-ական, «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» անդամ Հակոբ Ասլանյանը։

Անդրադառնալով Առաջին Հանրապետության օրn իշխանության կազմակերպած զորահանդեսին՝ պատգամավորն ասաց, որ զորքերն ու զինտեխնիկան հրապարակ բերելուց առաջ իշխանությունը պետք է Սարդարապատի հուշահամալիր այցելեր։

«Անկախության օրն ավելի կարևոր է, քան ինչ-որ զորահանես։ Ճանապարհին գալիս հետևում էի՝ ինչ է ցուցադրվում․․․ Դա մի նոր շոու է՝ ժողովրդին ցույց տալու, թե տեսեք՝ ի՜նչ զենքեր ունենք։ Այդ զենքերով Ադրբեջանի դեմ ոչինչ անել չես կարող, որովհետև եթե դրա կողքին դնենք, թե Ադրբեջանն ինչ զենքեր է գնել այս ընթացքում, պարզ կլինի՝ ինչպես նա մեզ կուլ կտա։ Բաքուն 30 տոկոս ավելացրել է ռազմական բյուջեն՝ այն հասցնելով 2․5 մլրդ դոլարի։ Դրան զուգահեռ մերոնք ռազմական բյուջեն կրճատել են 15 տոկոս։ Ես Փաշինյանին կընդունեի, և ժողովուրդն էլ կընդուներ, եթե նա հայտարարեր, որ ո՛չ թոշակն ու աշախատավարձն է ավելացնելու, ո՛չ ասֆալտ է անելու, այլ ռազմարդյունաբերությունն է ավելացնելու, որպեսզի մեկ-երկու տարի հետո իսկապես հնարավոր լիներ մեր հարևան չկամներին տեղը դնել»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը։

Դառնալով իշխանության՝ խաղաղություն հաստատվելու խոսույթին՝ Ասլանյանը շեշտեց՝ եթե դեռ համաձայնագիր չի կնքվել, ուղղակի հրադադարի համաձայնություն է ձեռք բերել, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։

«Եվ այդ համաձայնագիրը չի կնքվի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, վազելով, վախենալով «Ցռան Վերգոյի» նման, մեր Սահամանդրությունը կփոխի և ու կանի այն ամենը, ինչ կասօ «господин» Ալիևը»,- հավելեց Հակոբ Ասլանյանը։

 

 

 

Բայդենը կինը պատմել է, որ 2024 թվականին նախագահական քարոզարշավի բանավեճի ժամանակ կարծել է՝ ամուսինը կաթված է ստանում

ԱՄՆ նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենը պատմել է, որ կարծել է՝ 2024 թվականի նախագահական բանավեճի ժամանակ ամուսինը՝ նախկին նախագահ Ջո Բայդենը կաթված է ստանում․ գրում է BBC-ն։

«Ես վախեցած էի, որովհետև երբեք Ջոյին այդպես չէի տեսել՝ ո՛չ առաջ, ո՛չ դրանից հետո․ երբեք», – CBS News-ին ասել է Ջիլ Բայդենը։

«Չգիտեմ՝ ինչ պատահեց։ Դիտելիս մտածեցի. «Օ՜, Աստված իմ, նա կաթված է ստանում»։ Եվ դա ինձ շատ վախեցրեց», – ասել է տիկին Բայդենը։

Դեմոկրատները հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ բանավեճի վատ արդյունքներից հետո ուժեղ ճնշում էին գործադրում Բայդենի դեմ։ Ի վերջո, Բայդենը դուրս եկավ մրցավազքից՝ տեղը զիջելով այն ժամանակվա փոխնախագահ Քամալա Հարիսին։

«Միջանկյալ ընտրություններն ինձ չեն հետաքրքրում», – հավելել է նա։

Նրանք կարծում էին, որ սպասելով ինձ կստիպեն հանձնվել․ Թրամփն՝ Իրանի հետ պատերազմի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն մտահոգում Իրանի հետ երկարատև հակամարտության քաղաքական հետևանքները․ գրում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանի ղեկավարությունը սխալվել է, եթե կարծել է, որ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կստիպեն իրեն համաձայնություն կնքել Թեհրանի հետ։

«Նրանք կարծում էին, որ սպասելով ինձ կստիպեն հանձնվել», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանը հույսը դրել էր միջանկյալ ընտրությունների վրա։

«Միջանկյալ ընտրություններն ինձ չեն հետաքրքրում», – հավելել է նա։

ՀՖՖ-ն հաղթել է «Լոկոմոտիվին» – ABCMEDIA

Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) ամբողջությամբ մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի և Քանանյանների՝ ՀՖՖ-ի դեմ ներկայացրած հայցը․ տեղեկացնում են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից։

««Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն ՀՖՖ-ից պահանջում էր 2,012,229 եվրո՝ որպես ենթադրյալ ուղղակի վնասների փոխհատուցում, ինչպես նաև 1,445,000 եվրո՝ որպես ենթադրյալ բաց թողնված շահույթ։ Բացի այդ, Քանանյանները պահանջում էին 1,400,000 եվրո՝ որպես ենթադրյալ բարոյական վնասի փոխհատուցում։

Նշված գործերը կապված են պայմանավորված խաղերի վերաբերյալ գործի հետ։ 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստում 5 ակումբ՝ «Արագածը», «Տորպեդոն», «Մասիսը», «Լոկոմոտիվը» և «Երևանը», ինչպես նաև 58 անձ որակազրկվեցին պայմանավորված խաղերի պատճառով։ ՀՖՖ-ն, իր կանոնադրական և կարգապահական պարտավորություններից ելնելով, իրականացրել էր համապատասխան վարույթներ և կիրառել կարգապահական միջոցներ։

2022 թվականի հունիսի 28-ին ՀՖՖ 22-րդ հերթական ժողովի որոշմամբ դադարեցվել էր ակումբի անդամակցությունը ՀՖՖ-ին։ CAS-ը հաստատել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավաչափ է գործել՝ դադարեցնելով «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի անդամակցությունը։

Վերջին վճռով ամբողջությամբ մերժվել են նաև պահանջվող փոխհատուցման բոլոր պահանջները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերահաստատում է իր հաստատակամ դիրքորոշումը՝ պայքարելու պայմանավորված խաղերի և սպորտում ցանկացած անբարեխիղճ երևույթի դեմ։ Ֆեդերացիան շարունակելու է անել առավելագույնը՝ նման դեպքերը բացառելու, իսկ մեղավորներին իր իրավասության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրույթյունում։