Արաղչիի այցը Նյու Յորք չեղարկվել է․ հայտնի է պատճառը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի այցը Նյու Յորք չի կայանա․ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ այցը չեղարկվել է վիզայի խնդրի պատճառով։

Արաղչին հրավիրվել է միջազգային խաղաղության և անվտանգության հարցերով արտաքին գործերի նախարարների հատուկ հանդիպմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանի նախագահության շրջանակում։

Ռուբիոն ընտրություններից առաջ Փաշինյանին կհիշեցնի «ԱՄՆ-ի նկատմամբ ունեցած պարտականությունների» մասին․ ТАСС

Խորհրդարանական ընտրություններից 2 շաբաթ առաջ՝ մայիսի 26-ին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան հիշեցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա «պարտք ունի ամերիկացիների առաջ»․ ТАСС-ի հետ զրույցում հայտնել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումները վաղուց են ակտիվանում, և ամերիկյան կողմը 2025 թվականի օգոստոսին արդեն «Եվրամիությունից խլել է տարածաշրջանում հաղորդակցությունների և տրանսպորտի բացման հետ կապված օրակարգը»։

Մասնագետը հիշեցրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ին Երևան կատարած այցը, որի ընթացքում պարզվել է, որ «ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանը դարձնել իր խաղաղ միջուկային տեխնոլոգիաների փորձարկման վայր և նախատեսում է կառուցել տվյալների կենտրոն»։

«Մի կողմից՝ Ռուբիոյի այցն այս դիվանագիտական շփումների շարունակությունն է, եթե դրանք տեղի ունենան։ Մյուս կողմից՝ դա նաև Եվրամիությանը չզիջելու ջանք է։ Հատկապես ընտրություններից առաջ կարևոր է Փաշինյանին ևս մեկ անգամ հիշեցնել, որ նա պարտական է ոչ միայն եվրոպացիներին, այլև ամերիկացիներին», – նշել է նա։

Սիլաևի խոսքով՝ առաջիկա հանդիպման ժամանակ Վաշինգտոնն ու Երևանը կարող են, ի թիվս այլնի, էներգետիկայի վերաբերյալ քաղաքական հռչակագիր ստորագրել։

 

Քանի՞ անգամ կարելի է մեկնաբանել, արձագանքել այդ ապուշությանը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման լուրերի մասին

Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են, Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը խզելու հարցում։ Հակառակը, քիչ առաջ ես հավաստիացրի ևս մեկ անգամ, որ մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք․  այսօր ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Մեդվեդևի այսօրվա հայտարարությանը, որ «Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ խզման ուղին է ընտրել»։

«Այդ դեպքում ինչի՞ համար են այս հայտարարությունները, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով» հարցին նա պատասխանեց․ «Չեմ ուզում մեկնաբանել, չգիտեմ, փորձեք ձեր ենթադրություններն անել»։

Ինչ վերաբերում է 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման մասին տարածվող լուրերին, նա ասաց․ «Քանի՞ անգամ կարելի է մեկնաբանել, արձագանքել այդ ապուշությանը, կատարյալ անհեթեթությանը։ Մեր հերքումից հետո նույնը կրկնելը կարող է վկայել միայն կա՛մ իսկապես չհասկանալու, այսինքն՝ ուղեղով այդ ամեն ինչը չլսել, չհասկանալու մասին, կա՛մ սրիկայության։ Այսինքն՝ երբ ասում ենք՝ չկա այդպիսի բան, ու նորից կրկնում են, ուրեմն ամենավերջին ստահակն ու սրիկան է այդ կրկնողը»։

Լրագրողի բերած օրինակներին ի պատասխան, որ Ադրբեջանն առաջ է տանում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը, փառատոներ կազմակերպում, ՀՀ ԱԳ նախարարն ասաց․ «Հազար անգամ ասել ենք՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղության օրակարգում, մեր պայմանավորվածությունների շրջանակում»։

 

 

 

Երկաթուղու այն բացակայող հատվածը, որի պատճառով Գյումրի-Կարս կապը չի գործում, պետք է կառուցվի, այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնելու․ Արարատ Միրզոյան

Հայաստանը պատմական հնարավորություն ունի դառնալու այլընտրանքային օղակ Արևմուտք-Արևելք այս նոր ապրանքային շարժի, առևտրի մեջ։ Այդ շարժն այսպես թե այնպես լինելու է, մենք պատմական հնարավորություն ունենք դառնալու կարևոր առանցքային հանգույցներից մեկը, և այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնելու․ այսօր ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Չի կարելի, դա մենք ինքներս մեզ երբեք չենք կարող ներել, հետևաբար՝ այդ հարցը պետք է լուծվի։ Երկաթուղու այն բացակայող հատվածը, որը չկա, և հետևաբար՝ Գյումրի-Կարս կապը չի գործում, պետք է կառուցվի։ Հիմա խոսում ենք ռուսաստանցի գործընկերների հետ։ Կստացվի՞ իրենց հետ համատեղ, կստացվի, չի ստացվի, որևէ այլ լուծում կգտնենք, բայց այդ հարցը պետք է լուծվի»,-ասաց նա։

Դու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը.

«Իմ սիրելի՛ ընկեր Ռուբեն Վարդանյան, այսօր քո ծննդյան օրն է, բայց հայ ժողովրդի համար սա նաև ուժի, արժանապատվության և հայրենասիրության օր է։

Դու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ, և քո կամքը հույս ու հավատ է ներշնչում հազարավոր մարդկանց։

Ծննդյանդ օրվա առթիվ մաղթում եմ քեզ առողջություն, անսպառ ուժ և շուտափույթ ազատություն ադրբեջանական գերությունից։

Թող արդարությունը հաղթի, և դու շուտով վերադառնաս քո ընտանիքի, ընկերների և հայրենի ժողովրդի մոտ, կրկին լինես մեր կողքին։

Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից։

Հարգանքով՝ քո ընկեր Գագիկ Ծառուկյան»,- գրել է Ծառուկյանը։

Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում․ հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Ղալիբաֆը ստացել է պատգամավորների մեծ թվով ձայներ՝ 235 ձայն։

Իրանցի գործիչը պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականից և կպաշտոնավարի ևս 1 տարի։

 

 

Մենք մեր կառավարության հենց առաջին նիստում ընդունելու ենք «Սաֆարովի կանխարգելման օրենքը», որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը․ Սամվել Կարապետյան

Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի ու Ալիևի պլանավորած 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ մեր տնտեսական բոլոր ծրագրերն անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին․ այսօր հրավիրած նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Դրա համար մենք մեր կառավարության հենց առաջին նիստում ընդունելու ենք գլխավոր օրենքը՝ «Սաֆարովի կանխարգելման օրենքը», որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը, ինչպես մենք բոլորս տեսել ենք»,-ասաց Սամվել Կարապետյանը։  

Բանտերի բնակչությունը․ որքա՞ն գումար են ծախսում ՀՀ-ն ու Ադրբեջանը բանտարկյալների վրա․ զեկույց

Եվրոպայի խորհրդի զեկույցը ցույց է տվել, որ Ադրբեջանը 2-րդ տեղում է Եվրոպայում՝ մեկ շնչի հաշվով բանտարկյալների թվով՝ 270 կալանավոր 100․000 բնակչի հաշվով, իսկ Վրաստանը՝ 4-րդ՝ 232 կալանավոր 100․000 բնակչի հաշվով։

SPACE I 2025 զեկույցի համաձայն, որը ներառում է ԵՄ-ի և հարևան երկրների 51 բանտային համակարգեր, Թուրքիան առաջին տեղում է՝ 458 կալանավոր՝ 100․000 բնակչի հաշվով։

Հայաստանում 100․000 բնակչի հաշվով կա 87 կալանավոր։

Հունվարի 31-ի դրությամբ` Եվրոպայի խորհրդի երկրներում կա ավելի քան 1.1 միլիոն կալանավոր։

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի բանտերը նաև առաջատարներից են բանտարկյալների խտության առումով. Ադրբեջանում յուրաքանչյուր 100 ազատ տեղի համար կա 98 կալանավոր, իսկ Վրաստանում՝ 90 կալանավոր։ Այս ցուցանիշի հիման վրա Ադրբեջանը ներառված է բանտերում «գրեթե լրիվ զբաղվածություն» ունեցող երկրների ցանկում։

Ադրբեջանում բանտարկյալ կանանց համամասնությունը համեմատաբար ցածր է՝ 3.1%։ Սակայն Ադրբեջանում 50 տարեկան և բարձր կալանավորների տոկոսային ցուցանիշների վերաբերյալ տվյալներ չկան։ Վրաստանի դեպքում կին կալանավորների տոկոսն ավելի բարձր է, քան Ադրբեջանում (4.4%), սակայն բացարձակ թվերով այն կազմում է 377, ինչը ցածր է Ադրբեջանի 863 ցուցանիշից։

Մեկ աշխատակցի հաշվով կալանավորների հարաբերակցության վերաբերյալ տվյալները նույնպես Ադրբեջանում հասանելի չեն։ Իշխանությունները նշել են, որ, օրենսդրության համաձայն, նման վիճակագրությունը համարվում է գաղտնի տեղեկատվություն։ Վրաստանի, ինչպես նաև մի շարք այլ երկրների դեպքում նույն հարաբերակցությունը համարվում է «Շատ բարձր (միավորն ավելի քան 25%-ով բարձր է եվրոպական միջին արժեքից)»։

Հաշվետվության համաձայն` Ադրբեջանում ազատ արձակված 297 կալանավորից 62-ը ներում է ստացել, 3-ը՝ հիվանդության պատճառով, իսկ 56-ը՝ այլ հիմքերով։ Ազատազրկման միջին ժամկետի առումով Ադրբեջանը 2-րդ տեղում է՝ Ուկրաինայից հետո, որտեղ այն կազմել է 39 ամիս, մինչդեռ Ադրբեջանում՝ 36, իսկ Վրաստանում՝ 14 ամիս։ Ադրբեջանում ազատազրկման միջին ժամկետը 4 անգամ ավելի երկար է, քան եվրոպական երկրներում։

Նշվում է, որ ադրբեջանական բանտերում կալանավորների 16.8%-ը պահվում է նախնական կալանքի կենտրոններում։ Վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանի բանտարկյալների թիվը, կարծես, կայուն աճում է։ 2020 թվականին յուրաքանչյուր 100.000 մարդու հաշվով կազմել է 208.7, իսկ 2025 թվականին՝ 270.6: Վրաստանի դեպքում այդ թիվը նվազել է 2024 թվականի համեմատ, երբ բանտարկյալների թիվը կազմել է 260.7՝ 100․000 մարդու հաշվով, մինչդեռ 2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ այն կազմել է 231.9: Սա 15.5%-ով նվազում է 2024 թվականի համեմատ: Ընդհանուր առմամբ, 2015-2025 թվականների միջև գրանցվել է 11% անկում։

Ադրբեջանում բանտարկյալների վրա ծախսված ընդհանուր գումարը 2024 թվականին հասել է 113.8 միլիոն եվրոյի (132 միլիոն դոլար), իսկ Վրաստանում՝ 82.4 միլիոն եվրոյի (95.5 միլիոն դոլար):

Հայաստանում կիրառվում է տարիքային տարբեր դասակարգում (100․000 մարդու հաշվով)՝

  • 18-25 տարեկան՝ 252 կալանավոր
  • 25-35 տարեկան՝ 877 կալանավոր
  • 35-45 տարեկան՝ 846 կալանավոր
  • 45-60 տարեկան՝ 576 կալանավոր
  • 60 տարեկան և բարձր՝ 133 կալանավոր

Հայաստանում հանցագործությունների դասակարգման այլ տեսակ է կիրառվում (100.000 մարդու հաշվով)՝

  • մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ՝ 281
  • առողջության դեմ ուղղված հանցագործություններ՝ 88
  • ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ՝ 16
  • սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ՝ 56
  • սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ՝ 2
  • անօրինական հափշտակություններ՝ 424
  • սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ՝ 8
  • տնտեսական հանցագործություններ՝ 5
  • հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործություններ՝ 13
  • հասարակական անվտանգության դեմ ուղղված ընդհանուր բնույթի հանցագործություններ՝ 13
  • զենքի, հրազենի կամ հանրության համար վտանգավոր այլ նյութերի և առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ՝ 21
  • երթևեկության անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ` 47
  • համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ՝ 2
  • թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց խառնուրդների, պրեկուրսորների, ուժեղ կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ՝ 258
  • պետական անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններ՝ 6
  • հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործություններ՝ 13
  • կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ՝ 21
  • արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործություններ՝ 3
  • զինվորական ենթակայության կարգի և զինվորական հարաբերությունների դեմ ուղղված հանցագործություններ՝ 2
  • զինվորական ծառայություն անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործություններ՝ 2
  • զենք-զինամթերքի, ռազմական սարքավորումների կամ այլ ռազմական գույքի, նյութերի, սարքավորումների կամ առարկաների օգտագործման, պահպանման, շահագործման կամ վարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ, որոնք մեծ վտանգ են ներկայացնում շրջապատի համար՝ 3
  • հատուկ ծառայություններ կատարելու և մարտական ծառայություն կատարելու կարգի դեմ ուղղված հանցագործություններ հատուկ հանգամանքներում՝ 1:

Հայաստանը կալանավորների համար ծախսում է մոտավորապես 28․2 միլիոն եվրո։

 

Վենեսուելացի կալանավորները բողոքի ակցիա են իրականացրել բանտի տանիքին

Վենեսուելայի Բարինաս բանտի կալանավորները կիրակի բողոքի ակցիա են իրականացրել կալանավայրի տանիքին՝ այրելով ներքնակներ և պահանջելով հեռացնել բանտի տնօրենին․ գրում է Reuters գործակալությունը։

«Մենք արդարություն ենք ուզում։ Նրանք՝ պահակներն ու բանտապահները, կրակում են մեզ վրա»,- ասել է բանտարկյալներից մեկը։

Բանտարկյալները պատմել են, որ իրենք խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում, երբ բանտի անձնակազմը կրակ է բացել՝ վիրավորելով մի քանի հոգու։

«Վենեսուելայի բանտի դիտարան» ՀԿ-ի տարածած տեսանյութերում կալանավորները պահանջել են պաշտոնից հեռացնել վերջերս նշանակված բանտի տնօրեն Էլվիս Մակուարե Գերերոյին։

Բանտարկյալների խոսքով՝ բանտապահները խլել են իրենց հագուստը, արգելել են այցելությունները, ինչպես նաև իրենց վրա ճնշում է գործադրվել թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար։

 

Փաշինյանը ՀՀ-ի համար «խաղաղության երաշխավոր» չէ, այլ «խարդախ, որը որոշ ժամանակով իշխանության գլուխ է բարձրացվել»․ Մեդվեդև

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է կառուցողական տրամադրված ղեկավարություն Երևանում: Ուղու ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է․ հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը РИА Новости-ի հետ զրույցում։

Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին, որը կվնասի ամբողջ հայ ազգին և երկրի տնտեսությանը։

«Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել արդյունավետ, փոխշահավետ համագործակցությունը և իրավահավասար փոխգործակցությունը Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեր դաշնակիցը պետք է ունենա կառուցողական տրամադրված ղեկավարություն, որը պատրաստ է բարեկամանալ Ռուսաստանի հետ», – նշել է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի վտանգավոր ուղու հետևանքով Հայաստանի ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան և ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը։

«Ինչպես երևում է, նա մեզ համարում է հիմարներ։ Միևնույն ժամանակ՝ նա մեծ սխալ է թույլ տվել իր հաշվարկներում և հետապնդում է մի ուղի, որը չափազանց վտանգավոր է իր երկրի համար», – նշել է Մեդվեդևը։

Նա հիշեցրել է, որ Փաշինյանի քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը ստիպված լինի ռուսական գազ գնել եվրոպական գներով, որոնք ներկայիս գնից եռակի թանկ են։ Անվտանգության խորհրդի փոխնախագահն առաջարկել է Հայաստանի վարչապետին հարցնել քաղաքացիներին, թե արդյոք նրանք պատրա՞ստ են նման գնի։

«Հայաստանը մեզ համար պատմականորեն շատ մտերիմ երկիր է, մեր ռազմավարական գործընկերը։ Ես ընդգծում եմ՝ Հայաստանի եղբայրական ժողովուրդը, ոչ թե որևէ հայ ղեկավար», – նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը փոխե՞լ է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ որպես գործընկերոջ։

Մեդվեդևը հավելել է, որ Փաշինյանի հետ իր առաջին զրույցի ժամանակ բարձրացրել է Ռուսաստանի և հայ ժողովրդի առանձնահատուկ հարաբերությունների թեման։

«Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, նա ասաց. «Դուք երբեք չեք ընդունի ինձ. ես ձեզ համար օտար եմ», – հիշել է Մեդվեդևը։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը հավելել է, որ այդ պահին ինքը վստահեցրել է Հայաստանի կառավարության ղեկավարին, որ Մոսկվայի համար «չկան բարեկամներ կամ թշնամիներ»։ Այդ ժամանակ Մեդվեդևը Փաշինյանին հիշեցրել է, որ Ռուսաստանում «ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում»։

Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ զրույցը որևէ ազդեցություն չի ունեցել Հայաստանի վարչապետի վրա. «Նա ուշադրություն չդարձրեց այս խոսքերին և չգնահատեց Ռուսաստանից եղբայրական օգնության և աջակցության բազմաթիվ օրինակները»։

Ավելին, Մեդվեդևն ընդգծել է, որ Փաշինյանը Հայաստանի համար «խաղաղության երաշխավոր» չէ, այլ պարզապես «խարդախ, որը որոշ ժամանակով իշխանության գլուխ է բարձրացվել»։