Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ Օվերչուկ

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, և Ռուսաստանը կհասկանա Երևանի ընտրությունը. ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, մենք կհասկանանք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Նրանք խոսում են Եվրամիությանը մերձենալու իրենց ցանկության մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։ Հայաստանը շատ լավ հասկանում է դա… Ինչ-որ պահի նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն դա անել», – նշել է նա Կազանում կայացած ֆորումի ժամանակ։

«Հայաստանը մեզ համար շատ մտերիմ երկիր է, դաշնակից։ Այն Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ մեզ միավորող մարդկային կապերը շատ խորն են, շատ լուրջ և շատ երկարատև։ Եվ մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի ժողովրդի նկատմամբ»,- ընդգծել է Օվերչուկը։

 

Ներկայիս համաշխարհային աշխարհաքաղաքական համատեքստում Միջին միջանցքի կարևորությունն է՛լ ավելի է մեծանում․ Ալիև

Մեր համագործակցությունը թյուրքական պետությունների հետ տրանսպորտի ոլորտում ընդլայնվում է։ Ներկայիս համաշխարհային աշխարհաքաղաքական համատեքստում Միջին միջանցքի կարևորությունն է՛լ ավելի է մեծանում․ այսօր Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

««Զանգեզուրի միջանցքը», որը կառուցվում է, կդառնա Միջին միջանցքի հիմնական հատվածներից մեկը։ Միջին միջանցքի մաքսային ընթացակարգերը պարզեցվում են։ Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում մշակված e-Permit համակարգն ապահովում է էլեկտրոնային թույլտվությունների արագ տրամադրումը»,- ասել է նա։

Նա նշել է, թե թյուրքական աշխարհը, որը «մեր ընտանիքն է, պետք է դառնա 21-րդ դարի ազդեցիկ աշխարհաքաղաքական ուժի կենտրոններից մեկը»:

 

Թրամփն ընդունելի է համարում Իրանի միջուկային գործունեության դադարեցումը 20 տարով

Լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն մերժե՞լ է Իրանի վերջին առաջարկը, և թե ի՞նչ փուլում է այն հիմա, նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ եթե առաջին նախադասությունն իրեն դուր չի գալիս, նա պարզապես մի կողմ է նետում փաստաթուղթը։

«Իսկ ո՞րն էր առաջին նախադասությունը»,- հարցրել է լրագրողը։

«Անընդունելի նախադասություն», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ եթե փաստաթղթում նշվում է որևէ տեսքով միջուկային հնարավորության մասին, ինքը մնացածն այլևս չի կարդում։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հրադադարը կնքել է այլ ազգերի խնդրանքով։

«Ես, անկեղծ ասած, առանձնապես կողմ չէի լինի դրան, բայց մենք դա արեցինք՝ ընդառաջ գնալով Պակիստանին՝ հրաշալի մարդկանց՝ ֆելդմարշալին և վարչապետին», – ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, որ իր համար ընդունելի կլինի Իրանի միջուկային գործունեության դադարեցումը 20 տարով՝ հավելելով, որ «դա պետք է լինի իրական 20 տարի»։

 

Թրամփն ընդունելի է համարում Իրանի միջուկային գործունեության դադարեցումը 20 տարով

Լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն մերժե՞լ է Իրանի վերջին առաջարկը, և թե ի՞նչ փուլում է այն հիմա, նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ եթե առաջին նախադասությունն իրեն դուր չի գալիս, նա պարզապես մի կողմ է նետում փաստաթուղթը։

«Իսկ ո՞րն էր առաջին նախադասությունը»,- հարցրել է լրագրողը։

«Անընդունելի նախադասություն», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ եթե փաստաթղթում նշվում է որևէ տեսքով միջուկային հնարավորության մասին, ինքը մնացածն այլևս չի կարդում։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հրադադարը կնքել է այլ ազգերի խնդրանքով։

«Ես, անկեղծ ասած, առանձնապես կողմ չէի լինի դրան, բայց մենք դա արեցինք՝ ընդառաջ գնալով Պակիստանին՝ հրաշալի մարդկանց՝ ֆելդմարշալին և վարչապետին», – ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև նշել է, որ իր համար ընդունելի կլինի Իրանի միջուկային գործունեության դադարեցումը 20 տարով՝ հավելելով, որ «դա պետք է լինի իրական 20 տարի»։

 

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

Տեղեկություններ են ստացվել, որ պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են հունիսի 7-ի ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով։

Այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և վերահսկողության տպավորություն ստեղծելու նպատակով կազմվում են աշխատակիցների ցուցակներ։

«Հայաստան» դաշինքը նմանատիպ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում է փաստահավաք գործունեություն։

Հաշվի առնելով իրավական գործընթացներում արձանագրվող կողմնապահությունը՝ ահազանգող անձանց խնդրում ենք, հնարավորության դեպքում, հավաքել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ՝ սպառնալիքներ հնչեցնող անձանց ինքնությունը բացահայտող տվյալներ, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերով արձանագրված տեղեկություններ։

Ընդգծում ենք, որ պաշտոնեական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ ընտրելուն հարկադրելը հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում։ Կոչ ենք անում պաշտոնատար անձանց զերծ մնալ հանցավոր գործողություններից։

Միևնույն ժամանակ ընտրողներին հիշեցնում ենք, որ ընտրությունը գաղտնի է, իսկ գաղտնիության խախտումը՝ հանցագործություն։ Ոչ ոք իրավունք չունի և չի կարող վերահսկել ձեր քվեարկությունը։

 

«Ռոսսելխոզնադզոր»-ը ստուգումներ կանցկացնի մի շարք հայկական ձեռնարկություններում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Տիգրան Պետրոսյանի հետ բանակցություններից հետո, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ ստուգումներ կանցկացնի մի քանի հայկական ձեռնարկություններում․ գրում է ТАСС-ը։

«Ռոսսելխոզնադզոր»-ը կստուգի նաև այն ձեռնարկությունները, որոնց առաքումները Ռուսաստան կասեցվել էին կեղծ ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) կասկածելի ներմուծման պատճառով։

«Անասնաբուժական փաստաթղթերում հայտարարագրված ծիածանափայլ իշխանը ձևաբանական բնութագրերով չէր համապատասխանում ներմուծված ձկանը։ Այն ուներ այս տեսակի համար ոչ տիպիկ գունավորում և անբնականորեն մեծ էր՝ ավելի քան 5,5 կգ։ Սա ցույց է տալիս, որ ձուկը պատկանում է սաղմոնի այլ ընտանիքի կամ իշխանի մեկ այլ տեսակի, ինչը կեղծ ապրանքների նշան է։ Սաղմոնի բուծումն ու վաճառքն ավելի բնորոշ են եվրոպական երկրներում, և նման արտադրանքը կարող է ենթարկվել հատուկ տնտեսական միջոցառումների (պատժամիջոցների)», – հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, հայկական կողմի խնդրանքով, «Ռոսսելխոզնադզոր»-ը նախատեսում է ստուգել հանրապետությունում գործող բուսաբուծական ձեռնարկությունները՝ ապահովելու համար իսկապես հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ արտադրանքի մատակարարումը։

«Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային գրասենյակն այժմ ուժեղացրել է Հայաստանից Ռուսաստան առաքվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական վերահսկողությունը։

ՀՀ-ում ընտրությունները ոչ միայն իշխանության համար ներքին պայքար են, այլև հանրաքվե երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ․ Common Space

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և 2 դաշինք, որոնք պայքարում են խորհրդարանում տեղերի համար։ Քարոզարշավի մեկնարկի հետ մեկտեղ՝ քաղաքական ուժերն արդեն աշխատում են հասարակական կարծիքը մոբիլիզացնելու և իրենց մրցակիցների դեմ տրամադրելու ուղղությամբ․ գրում է Common Space-ը։

Ինչպես նշվում է, ընտրարշավը ձևավորվում է մի քանի հիմնական հակասությունների ազդեցության ներքո, այդ թվում՝ խաղաղության ձգտում/խաղաղության գործընթացի վերանայում, եվրոպական/ռուսական կողմնորոշում և պոպուլիստական/ժողովրդավարական միտումներ։

Յուրաքանչյուր կուսակցություն թիրախավորում է հայ ընտրազանգվածի տարբեր շերտեր՝ հույս ունենալով, որ իր ուղերձն ու ռազմավարությունը բավարար կլինեն խորհրդարանում ներկայացվածություն ապահովելու համար։

Նշվում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին հայերը կմասնակցեն խորհրդարանական ընտրությունների, որոնք պաշտոնապես ներքին են, բայց քաղաքականապես շատ ավելի լայն նշանակություն ունեն։ 2026 թվականի ընտրությունները ոչ միայն իշխանության համար ներքին պայքար են, այլև հանրաքվեի նման բան՝ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ։ Թվում է, թե վարչական ռեսուրսներն ու ֆինանսական կարողություններն իշխող ուժին զգալի առավելություն են տալիս։

Ըստ հոդվածի՝ ՀՀ-ի ընտրություններում հիմնական խնդիրը մրցակցության բացակայությունը չէ, այլ դրա որակը։ Ներկայում քաղաքականությունը խիստ բևեռացված է և հաճախ հիմնված է Նիկոլ Փաշինյանի աջակցության կամ դիմադրության վրա։ Սա վտանգում է նեղացնել քաղաքական բանավեճը և ընտրությունները վերածել առաջնորդության վերաբերյալ հանրաքվեների, այլ ոչ թե ապագային ուղղված ծրագրերի։ Այս ընտրություններում կան իրական սպառնալիքներ և ապատեղեկատվության կամ հիբրիդային միջամտության ռիսկեր։

 

Չինաստանը համաձայնել է գնել 200 Boeing ինքնաթիռ․ Թրամփը գոհ է իր կնքած գործարքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ համաձայնել է գնել 200 Boeing ինքնաթիռ․ գրում է Fox News-ը։

Fox News-ի հաղորդավար Շոն Հաննիթիի հետ հարցազրույցում Թրամփը Չինաստանի առաջնորդի հետ իր բանակցությունները որակել է որպես «շատ լավ» և ասել, որ ինքնաթիռների վերաբերյալ պայմանավորվածությունը գերազանցել է Boeing-ի սպասումները։

«Մի բան, որին Սի Ծինփինն այսօր համաձայնվեց․ նա պատրաստվում է պատվիրել 200 ինքնաթիռ։ Դա կարևոր բան է։ Boeing՝ 200 խոշոր ինքնաթիռ։ Դա նշանակում է շատ աշխատատեղեր։ Սա շատ մեծ թիվ է։ Boeing-ը ցանկանում էր 150 հատ, սակայն ստացավ 200-ը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Պայմանագրի պայմանները՝ ներառյալ մատակարարման ժամկետները և ինքնաթիռների մոդելները, չեն հրապարակվել։

Իսրայելական հեռուստաալիքը Հայաստանը սխալմամբ ներկայացրել է որպես Ադրբեջան

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչի հեռարձակման ժամանակ Իսրայելի Kan 11 պետական հեռուստաալիքը սխալ է թույլ տվել՝ շփոթելով Հայաստանի և Ադրբեջանի դրոշները։ Երկու երկրներն էկրանին ցուցադրելիս օգտագործվել է ադրբեջանական դրոշը․ այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Պետախ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:

Նրա խոսքով՝ միջադեպը մեծ արձագանք և դժգոհություն է առաջացրել Իսրայելի հայ համայնքում։

Միևնույն ժամանակ, Չերնամորյանը կարծում է, որ տեղի ունեցածը խմբագրական սխալի հետևանք է, ոչ թե միտումնավոր սադրանք: Չերնամորյանը հիշեցրել է Kan 11-ի հետ կապված մեկ այլ սկանդալի մասին, որ տեղի էր ունեցել 2025 թվականին: Այն ժամանակ «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանն ասել էր. «Չեմ հավատում, որ մենք նրանց Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս ենք տվել: Survivor՝ հենց այսպես ենք մեզ զգում այս երգը լսելուց հետո»: Այդ միջադեպից հետո Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դիմել էր Իսրայելի հանրային հեռարձակողին՝ պարզաբանումների պահանջով: Ի պատասխան՝ հայկական կողմը պաշտոնական նամակ էր ստացել կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազից, որով վերջինս ներողություն էր խնդրում մեկնաբանի արտահայտությունների համար: Ավելի ուշ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան հանդես էր եկել նաև հրապարակային ներողությամբ:

 

Ավելի շատ մենախոսություն, քան երկխոսություն․ The Economist-ն անդրադարձել է Փաշինյանի «թերություններին»

2023 թվականին Հայաստանը պարտվեց հարևան Ադրբեջանի դեմ պատերազմում։ Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանից՝ Հայաստանի վաղեմի հովանավորից հիասթափված՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է շրջվել դեպի Ամերիկա և Եվրոպա և աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։

Շատ հայեր չեն սիրում Փաշինյանին։ Զոհված զինվորների որմնանկարները պատել են Երևանը՝ հիշեցնելով պատերազմի ժամանակ նրա ձախողումների մասին․ գրում է The Economist-ը։

Կայքը հիշեցնում է, որ մայիսի 4-5-ին ՀՀ-ում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի ընթացքում դրսում ցուցարարները ծածանել են Արցախի դրոշը։ Տարածքից որոշ փախստականներ ցանկանում էին, որ իրենց հարազատների մարմինները տեղափոխվեն Հայաստան, մյուսները կոչ էին անում Ադրբեջանին ազատ արձակել ռազմագերիներին։ Մի քանի ցուցարարներ այն կարծիքին են, որ արևմտամետ շրջադարձը հակառակ արդյունքը կտա։

«Նա Հայաստանը վերածում է աշխարհաքաղաքական խաղերի թատերաբեմի», – նշել է կայքի հետ զրուցած ցուցարարներից մեկը։

Ազգայնական քաղաքական գործիչները ևս դժգոհություն են հայտնում։ Ռուսահայ օլիգարխ Սամվել Կարապետյանը, որը գլխավորում է ամենահայտնի ընդդիմադիր խումբը, տնային կալանքի տակ է կառավարության տապալման կոչ անելու համար (նա հերքում է մեղադրանքը)։ Կարապետյանը մեղադրել է կառավարությանն Ադրբեջանի պահանջների առաջ խոնարհվելու համար։ Ըստ նրա՝ Փաշինյանը «փորձում է պատերազմ հրահրել» Ռուսաստանի հետ։ Նման տեսակետները հազվադեպ չեն Երևանում, սակայն դրանք հազվադեպ են գյուղական վայրերում, որտեղ կառավարությունը կառուցել է ճանապարհներ և դպրոցներ։

Կայքն ընդգծում է՝ Փաշինյանն ունի թերություններ։ Նրա պայքարը կոռուպցիայի դեմ թուլացել է, և նա ունի պոպուլիստական միտք, որը զայրացնում է նրա հակառակորդներին։

«Փաշինյանից ավելի շատ մենախոսություն ենք ստանում, քան երկխոսություն», – կարծում է «Քարնեգի Եվրոպա» կենտրոնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։

Կրեմլը նույնպես կարող է միջամտել։ Ռուսաստանը մատակարարում է Հայաստանի գազի 85%-ը և երկրում ունի ռազմաբազա։ Ռուսական ընկերությունները կենսականորեն կարևոր ենթակառուցվածքներ ունեն, որոնք ՀՀ նախկին ղեկավարների կնքած պարտքերի մեղմման գործարքների ժառանգություն են։ Ռուսաստանը վերջերս արգելել է «Ջերմուկ»-ի որոշ խմբաքանակների վաճառքը՝ կասկածելի սանիտարական պատճառներով։ Նման մարտավարությունը, հավանաբար, կխորացնի հայերի անվստահությունն իրենց հին հովանավորի նկատմամբ։