Էրդողանը Աստանայում խոսել է «Միջին միջանցքի» զարգացման անհրաժեշտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ Ջոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունների լայն շրջանակ՝ ածխաջրածնային հանքավայրերի շահագործումից մինչև հանքանյութերի տեղափոխում։

Նա խոսել է էներգետիկ անվտանգության հիմքերն ամրապնդելու, էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին։

«Ցանկանում ենք, որ Ղազախստանից մեր երկրի տարածքով ավելի մեծ ծավալի նավթ հասնի համաշխարհային շուկաներ։ Մենք աշխատում ենք Կասպից ծովով անցնող Միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ՝ ինտեգրելով մեր երկաթուղային կապերը, նավահանգիստների ենթակառուցվածքները և մաքսային թվայնացված համակարգերը։ Մեր նպատակը շարունակում է մնալ ոչ միայն մեր երկրները միմյանց ավելի մոտեցնելը, այլև Եվրասիական տարածաշրջանը համաշխարհային տնտեսությունում ավելի մրցունակ դիրքի հասցնելը»,-ասել է Էրդողանը։

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը ազատ է արձակվել

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունից հետո ձերբակալված գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել․ այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ էր կատարել։

Ջեքի Չանի մասնակցությամբ նոր ֆիլմը կնկարահանվի Ադրբեջանում և Ղազախստանում

Ջեքի Չանի մասնակցությամբ «Աստծո զրահը 4․ Վերջնագիր» ֆիլմը կնկարահանվի Ադրբեջանում և Ղազախստանում․ գրում է Variety-ն։

Սա կլինի 72-ամյա դերասանի՝ Կենտրոնական Ասիայում նկարահանվող առաջին ֆիլմը։

Ռեժիսոր Ռոբերտ Կունի ֆիլմի նկարահանումները նախատեսվում է սկսել հուլիսին․ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է 2027 թվականի երկրորդ եռամսյակում։

«Սա ղազախ գործընկերների հետ իմ առաջին նախագիծն է, բայց ոչ վերջինը։ Շուտով մենք շատ ավելին կհայտարարենք», – ասել է Չանը։

«Սա իսկապես պատմական պահ է Կենտրոնական Ասիայի ֆիլմարտադրության համար՝ հյուրընկալել լեգենդար ֆրանշիզ՝ Ջեքի Չանի մասնակցությամբ: Մեզ համար սա և՛ մեծ պատիվ է, և՛ մեծ պատասխանատվություն՝ տարածաշրջանի ստեղծարար արդյունաբերության զարգացման տեսանկյունից», – ասել է պրոդյուսեր Իգոր Ցայը։

Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդ»-ին․ Ռուբեն Մխիթարյան

Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»: Արդյունքը նույնը կլիներ, բայց գոնե մի լավ ֆուրշետից կօգտվեր․ գրել է Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Հայաստանը Եվրատեսիլին 2006-ից 2017-ին մասնակցել է 11 անգամ և Եզրափակիչ փուլ չի անցել ՄԻԱՅՆ 1 անգամ: Դա կազմում է մասնակցության 9%-ը:

Մեծն թմբկահար վարչապետի օրոք 2018-ից 2026 թվականին Հայաստանը Եվրատեսիլին մասնակցել է 7 անգամ, որից 3 (ԵՐԵՔ) անգամը Եզրափակիչ չի անցել: Դա կազմում է մասնակցության 43%-ը:

Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ Մեծն թմբկահարի Հանրային հեռուստաալիքում տիրող «գերկոմպետենտ» կառավարման և իհարկե Սփյուռքի հայերի սատարման իսպառ կորստի մասին»,- գրել է նա։

Սկանդալ Վրաստանում. ընդդիմադիր կուսակցությունը «երազողներին» հիշեցրել է, թե ովքեր էին նրանք Սաակաշվիլիի օրոք

Վրաստանի խորհրդարանում սկանդալ է բռնկվել. նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը «Վրացական երազանք»-ի պատգամավորներին հիշեցրել է, թե ովքեր էին նրանցից շատերն այժմ բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։ Ի պատասխան՝ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեղադրել է ընդդիմությանն անպատվաբեր վարքագծի համար և պահանջել է տալ տեղեկություն, թե ինչո՞ւ է Գախարիան ինքը թաքնվում Բեռլինում․ գրում է Eadaily.com-ը։

Միջադեպը սկսվել է «Գախարիան՝ հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության կողմից սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութից։

Տեսանյութը սկսվում է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից. «Ո՛չ մի «ազգայնական» (Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ)՝ ո՛չ մի կառավարական մարմնում»։

Տեսանյութի ստեղծողները հիշեցրել են, որ «Վրացական երազանք»-ի ներկայիս շատ առաջնորդներ հարմարավետ պաշտոն են վայելել Սաակաշվիլիի օրոք։ Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին ծառայել է որպես պետնախարար։ Ռեժիսոր Գիորգի Խաինդրավան՝ «Վրացական երազանք»-ի ամենաակնառու քարոզիչներից մեկը, նույնպես կառավարության անդամ է եղել։ Խորհրդարանական մեծամասնության մյուս անդամները բարձր պաշտոններ են զբաղեցրել նախարարություններում, իսկ որոշները խորհրդարանում են հայտնվել որպես «Ազգային շարժման» անդամներ։

Ամենամեծ հարվածը կրել է պատգամավոր Թենգիզ Շարմանաշվիլին։ Ֆեյսբուքում տարածվել է նրա հին լուսանկարը, որտեղ նա նստած է իր գրասենյակում՝ Սաակաշվիլիի մեծ դիմանկարի ֆոնին։ 2011 թվականին նախկին նախագահը նրան նշանակել էր Վրաստանի դեսպան Հայաստանում։

ԵԱՏՄ-ն քննարկում է ընդհանուր էներգետիկ շուկայի տարրերի ներդրումը մինչև 2030 թվականը հետաձգելու հարցը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում քննարկվում է ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի որոշակի տարրերի ներդրումը մինչև 2030 թվականը հետաձգելու հնարավորությունը․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին նշվում է Ղազախստանի էներգետիկայի նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։

Նախարարությունը հիշեցրել է, որ 2024 թվականին որոշում է կայացվել ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործարկումը 2025 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

«Միևնույն ժամանակ՝ ԵԱՏՄ-ն քննարկում է նաև որոշակի շուկայական տարրերի, այդ թվում՝ կազմակերպված առևտրային մեխանիզմների ներդրումը մինչև 2030 թվականը հետաձգելու հնարավորությունը», – նշվում է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ «ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ներդրումը պահանջում է անդամ պետությունների կողմից հետագա համակարգված աշխատանք՝ ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնելու, առկա խոչընդոտները վերացնելու և շուկայի գործունեության միասնական մոտեցումներ մշակելու համար»։

Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿ

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք․ հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են:

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 17։40-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» բանտի խցերից մեկում կախված դի կա․ գրում է shamshyan.com-ը։

«Դեպքի վայր են ժամանել քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ծառայողները, որտեղ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։
Նշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է դատապարտյալ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝  տղամարդն ինքնասպան է եղել՝ կախվել է։

Մհեր Ղ․-ն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով»,- նշում է կայքը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 17։40-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» բանտի խցերից մեկում կախված դի կա․ գրում է shamshyan.com-ը։

«Դեպքի վայր են ժամանել քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ծառայողները, որտեղ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։
Նշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է դատապարտյալ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝  տղամարդն ինքնասպան է եղել՝ կախվել է։

Մհեր Ղ․-ն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով»,- նշում է կայքը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։