ՀՀ-ն, ասես, անտեսել է Զելինսկիի հակառուսական նողկալի հարձակումները․ ՌԴ ԱԳՆ

Երևանը, կարծես, անտեսել է Հայաստան կատարած այցի ժամանակ Վլադիմիր Զելենսկիի՝ Մոսկվային ուղղված նողկալի հարձակումները․ ТАСС -ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Իհարկե, Մոսկվան նկատել է Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան, որը հստակորեն ոգեշնչված էր Բրյուսելով, և նրա հակառուսական նողկալի հարձակումները, որոնք հայ հյուրընկալողները մանրակրկտորեն անտեսել են», – նշել է դիվանագետը։

Կալուգինի խոսքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների անցկացումը Հայաստանում տեղավորվում է հայ բնակչության համար գրավիչ եվրոպական «միրաժ» ստեղծելու տրամաբանության մեջ՝ հատկապես խորհրդարանական ընտրությունների նախօրեին։

«Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքում արված հայտարարությունում նշվում է 2,5 միլիարդ եվրո թիվը՝ Հայաստանում «հնարավոր ներդրումների» համար։ Սա ճիշտ նույն գումարն է, որը ԵՄ-ը խոստացել էր մի քանի տարի առաջ, բայց այդ ամբողջ ընթացքում չի կարողացել ապահովել», – նշել է դեպարտամենտի ղեկավարը։

«Այլ կերպ ասած՝ եվրոպացիները փորձում են «վաճառել» գոյություն չունեցող մի բան, և ոչ առաջին անգամ։ Հայտարարության մեջ նաև նշվում է Մեծամորի ատոմակայանը՝ հանրապետության էներգամատակարարման հիմնասյուներից մեկը, շահագործումից հանելու համատեղ աշխատանքի կարևորությունը՝ հմայիչ քողի տակ»,- հավելել է դիվանագետը։

Ինչպես նշել է Կալուգինը, այս ամենը միայն հաստատում է, որ եվրոպացիների, այսպես կոչված, «հավասար գործընկերների» նկատմամբ մոլուցքային ուշադրությունը հիմնված է բացառապես օգտատիրոջ մոտեցման վրա, ինչը բազմիցս ընդգծվել է։ «Բրյուսելում ոչ ոք նույնիսկ հաշվի չէր առնում Հայաստանի շահերը, որը մինչև վերջերս ձգտում էր չեզոք դիրքորոշում պահպանել ուկրաինական ճգնաժամի հարցում։ Եվրոպացիները իրենց ռուսաֆոբ օրակարգը բերեցին հանրապետություն և, կամա, թե ակամա, դրա մեջ ներքաշեցին նաև Երևանին։ Ըստ էությա՝, նրանք երկիրն օգտագործեցին որպես իրենց քաղաքական սխեմաների համար հարմար հարթակ»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը։

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին. հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Դոնի Ռոստովում ուսումնասիրել է շենքի ներկա վիճակը, որտեղ պարզվել է, որ երկար տարիների անգործությունից հետո այն հայտնվել է անմխիթար վիճակում։

Թեմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել նորոգման աշխատանքներ և վերականգնել շենքի կրթական ու հոգևոր պատմական առաքելությունը։

ՌԴ-ի դեսպանատունն աբսուրդային է անվանել Մեծ Բրիտանիայի պնդումները ՀՀ-ի ընտրություններին միջամտելու մասին

Մեծ Բրիտանիայի կառավարության պնդումները Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին անհեթեթ են թվում Լոնդոնի բացահայտ նեոգաղութատիրական քաղաքականության ֆոնին․ նշվում է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ։

«Բրիտանական մեղադրանքները Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին ավելի աբսուրդային են թվում Երևանում արևմտաեվրոպական աժիոտաժի ֆոնին։ Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում նպաստել է Կիևի պետական հեղաշրջմանն, այժմ ուղղված է նաև Հայաստանին։ Ժամանակն է, որ Արևմուտքը դադարեցնի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես վերջերս արեց Մոլդովայում և Ռումինիայում», – նշել է դիվանագիտական առաքելությունը։

 

ԵՄ-ը փորձում շահագործել ՀՀ-ում կայանալիք ընտրություններն իր սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար․ ՌԴ ԱԳՆ

Երևանի, այսպես կոչված, եվրոպական ուղին կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների Մոսկվայի հետ հարաբերություններում. ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

Դիվանագետին խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, թե Հայաստանը չափազանց մոտեցել է կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր հարաբերությունները երկրի հետ։

«Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն ազդանշանների օրինակ է, որոնք մենք փոխանցել և շարունակում ենք փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հանրությանը տարբեր մակարդակներում», – բացատրել է նա։

Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ «ԵՄ-ը որևէ հստակ այլընտրանք չի առաջարկում անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման ապահովման գործիքների առումով, որոնք հիմք են հանդիսանում երկրի ինքնիշխանության համար»։

«Եվ սա հասկանալի է. Բրյուսելի շահագրգռվածությունը ոչ թե Հայաստանի կամ Հարավային Կովկասի երկրների մասին հոգ տանելն է, այլ, առաջին հերթին, իր սեփական աշխարհաքաղաքական նպատակների լուծումը, որոնք այսօր կենտրոնացած են Ռուսաստանի հետ բախման վրա», – հայտարարել է դիվանագետը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ը փորձում շահագործել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն այս նպատակով։ Հանրապետությունում արդեն տեղակայվել են երկու առաքելություններ՝ նման Մոլդովայում ընտրարշավների ժամանակ տեղակայվածներին», – նշել է նա։

Կալուգինի խոսքով՝ նշված նպատակներն, իհարկե, կարող են ազնիվ թվալ, բայց իրականում առաքելությունների նպատակն ակնհայտ է՝ ամրապնդել ԵՄ-ի վերահսկողությունը հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի և տնտեսության նկատմամբ՝ դրանով իսկ նպաստելով նրա անջատմանը Մոսկվայից։

Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, եվրոպացի մասնագետները բառացիորեն ձգտում են «դարձնել» Ռուսաստանին թշնամի՝ ստեղծելով կեղծ տպավորություն, որ Մոսկվան «դեմ է անկախ Հայաստանի ստեղծմանը»։ Ավելին՝ եվրոպացիները անհիմն մեղադրում են Ռուսաստանին «հիբրիդային հարձակումների» և հանրապետության ներքին գործերին միջամտության մեջ, «չնայած ինչ-ինչ պատճառներով՝ նրանք իրենց սեփական խորը ներգրավվածությունը դրանցում այդպիսին չեն համարում»։

«Եվ ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ը բազմիցս բռնվել է այլ երկրներում ընտրական գործընթացները կազմակերպելու փորձերի ժամանակ։ Մենք նկատում ենք, թե ինչպես են որոշ հայկական լրատվամիջոցներ և պաշտոնյաներ միանում այս հաղորդագրությունների տարածմանը», – եզրափակել է դիվանագետը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը և Հայաստանը կապված են անվտանգության պարտավորություններով, սակայն Եվրամիությունը Երևանին այս ոլորտում որևէ իրական այլընտրանք չի առաջարկում։

«ՀԱՊԿ-ն մնում է այս ճարտարապետության կարևոր տարր։ Մեզ համար Երևանի կողմից կազմակերպությանն անդամակցության «սառեցումը» չի փոխում այդ պարտավորությունների էությունը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է փոխարինել նման երաշխիքներին։ Ինչպես տեսանք ԵՄ-ի կողմից Երևանում անցկացված գագաթնաժողովների ժամանակ, ոչ ոք իրական այլընտրանք չի առաջարկում»,- նշել է դիվանագետը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը, իր հերթին, «ոչ միայն առաջարկել է այն, ինչ կարող է, այլև տարիներ շարունակ փաստացի և արդյունավետորեն ապահովել է Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը»։

«Մենք հանրապետության հիմնական առևտրատնտեսական գործընկերն ենք։ 2025 թվականի վերջին նրա արտաքին առևտրաշրջանառության 36%-ը մեր երկրի հետ էր (մինչդեռ ԵՄ-ն կազմում էր մոտ 10%)։ Գյուղատնտեսական արտադրանքի 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների 78%-ը գնում է ռուսական շուկա։ Արտաքին առևտրային գործարքների 98%-ը կատարվում է ազգային արժույթներով։ Հայաստանում մեկնարկել են տասնյակ ներքին բիզնես նախագծեր, որոնց ընդհանուր ներդրումային ծավալը կազմում է 4,2 միլիարդ դոլար։ Ռուսաստանն էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորն է։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանի համար կենսականորեն կարևոր ապրանքներն ու էներգետիկ ռեսուրսները մատակարարվում են շուկայական գներից զգալիորեն ցածր գներով»,- նշել է պաշտոնյան։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պետ՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդին․ հայտնում է Մայր Աթոռը։

«Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր ընտրությունը վառ վկայությունն է Վրաց Եկեղեցուն ու ժողովրդին բերած Ձեր տարիների նվիրյալ սպասավորության։ Մեր աղոթքն է, որ Ամենակալ Տերն Իր առատ շնորհներով մշտապես զորավիգ լինի Ձեզ հայրապետական բարձր առաքելության մեջ՝ խաղաղության ու օրհնության շավիղներով առաջնորդելու բարեպաշտ վրաց ժողովրդին։

Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Հայոց և Վրաց Եկեղեցիների միջև դարավոր եղբայրական կապերը՝ խարսխված մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո և հարուստ հոգևոր ու պատմական ժառանգության վրա, վստահ ենք, Ձեր Պատրիարքության օրոք ևս կշարունակեն ամուր հիմք ծառայել մեր Եկեղեցիների, ժողովուրդների և պետությունների գործակցության համար»։

Նորին Սրբությունը Շիո Երրորդ Կաթողիկոս-Պատրիարքին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների արգասաբեր հովվապետական ծառայություն՝ ի փառս Աստծո, և ի բարօրություն Վրաց Եկեղեցու ու հավատավոր վրաց ժողովրդի»,- ասված է հայտարարության մեջ։

Բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման․ Լուկաշենկոն՝ բելառուս զինվորականներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրի վրա հնարավոր հարձակման համար բելառուսական բանակի պատրաստվածությունը ստուգելու անհրաժեշտության մասին։ Նա այս հայտարարությունն արել է զինվորական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ։

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ ժամանակակից զինված հակամարտությունները ցույց են տալիս, որ հաղթանակը հնարավոր չէ միայն օդային հարվածներով։

«Վերջին հակամարտությունում ներգրավված էին ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը։ Նրանք ռմբակոծեցին և հրթիռներ արձակեցին։ Եվ հաղթեցի՞ն նրանք։ Ոչ։ Առանց ցամաքային գործողության անհնար է որևէ արդյունքի հասնել», – նշել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման և կարողանա արագ արձագանքել հնարավոր սպառնալիքներին։

 

 

Ադրբեջանն Արցախի հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ՝ 62 երկրներից և միջազգային կազմակերպություններից մայիսի 2-ին այցելել են Արցախի տարբեր հայկական մշակութային վայրեր և թանգարաններ՝ ականատես լինելով դրանց ադրբեջանականացման ակտիվ գործընթացները․ տեղեկացնում է Monument Watch-ը։

«Մասնավորապես պատվիրակները՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել են Շուշիի 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցի, որը, 2020 թվականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի կանխամտածված կրկնակի ռմբակոծությունից հետո «վերականգնման» քողի տակ ձևախեղվել և խեղաթյուրվել է՝ խախտելով կառույցի պահպանության միջազգային նորմերը․ մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված մշակութային արժեքների պահպանության իսկության և ամբողջականության սկզբունքները (նկ․ 3)։

Ադրբեջանական հայտնի լրատվականներից մեկը նշում է, որ դիվանագետները ծանոթացել են պատմամշակութային հուշարձանին, ինչպես նաև՝ բազմակրոն ժառանգության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերին, որն իրականում ոչ թե բազմակրոնություն է, այլ հայկական ինքնության ոչնչացում, տարածաշրջանից հայկական հետքերի մաքրում և հայկական գոյության ժխտում։

Նույն օրը Հիքմեթ Հաջիևը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց։ Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ «Եկեղեցին վերականգնվել է՝ իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պահպանվում են, գտնվում են պետական պաշտպանության ներքո և վերականգնվում են ազգային օրենսդրությանը համապատասխան»

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Շուշիի գորգերի թանգարանի մասնաճյուղին (նկ․ 4), որտեղ դիվանագետներին հայկական պատմական արցախյան գորգերից մաքրված տարածքում ներկայացվել են ադրբեջանական գորգերը, ինչպես նաև հայկական Արծվագորգերը և Վիշապագորգերը՝ ադրբեջանականի անվան տակ։ Տեսանյութում երևում են արցախյան զարդանախշերով և տիպաբանությամբ գորգերը, որոնք ներկայացվում են որպես ադրբեջանական ժառանգություն»,- նշում է կայքը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

«Ինտերը» սպասում է Մխիթարյանի որոշմանը

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս փետրվարից դիտարկում է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու հնարավորությունը, մինչդեռ իտալական ակումբը սպասում է ֆուտբոլիստի վերջնական որոշմանն իր ապագայի վերաբերյալ․ գրում է ArmSport-ը։

«Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է տարածել հայ ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն «Ինտերի» հետ լրանում է այս տարվա հունիսին:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս նա կայացնի իր վերջնական որոշումը՝ ցանկանում է արդյոք շարունակել ելույթնե՞րը, թե՞ կհեռանա մեծ ֆուտբոլից»,- նշում է կայքը:

Շենավանի գյուղապետը համագյուղացու հետ անձնական հարցերը «պարզել» է ձեռքերով ու ոտքերով, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Լոռու մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Շենավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածել է հասցրել քաղաքացու դեմքին և մարմնի տարբեր հատվածներին․ նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել են «ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էնֆիզեմա» ախտորոշումներ։

Պարզվել է, որ մայիսի 2-ին ժամը 23։30-ի սահմաններում Սպիտակ համայնքի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող ավտոգազալցակայանի առջևի հատվածում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Մխիթար  Մ․-ն  ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գոռ Ա․-ի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- նշում է լրատվամիջոցն՝ ավելացնելով, որ ըստ տեղեկությունների՝ Մխիթար  Մ-ն Շենավանի վարչական ղեկավարն է։

 

«Ով չի հասկացել, կհասկացնենք»․ ԿԳՄՍՆ կդիմի դատախազություն

Այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին․ սոցցանցի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։

Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել, կհասկացնենք»,- նշել է նա։

Դպրոցում քաղաքական քարոզի մասին վերջերս նաև ABC Media-ն էր ահազանգել։ Այդ մասին պատմող ռեպորտաժն առաջարկում ենք դիտել ստորև։