Չինաստանում Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզի կենտրոն Հոհոտում գործող «Yili Group»-ը տասնամյակների աշխատանքի արդյունքում դարձել է երկրում կաթնամթերք արտադրող ամենախոշոր ձեռնարկությունն ու մտել աշխարհի թոփ 5 ընկերությունների կազմի մեջ։
2025թ. Rabobank-ի կազմած վարկանիշային աղյուսակում «Yili»-ն աշխարհում կաթնամթերքի վաճառքի ծավալով զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ պահպանելով 2024թ. զբաղեցրած դիրքը։ Վարկանիշային աղյուսակը կազմելիս հիմնվում են ընկերությունների կողմից կաթնամթերքի վաճառքի արդյունքում գոյացած շահույթի վւա։

«Yili»-ն 2024թ. տվյալներով ավելի քան 14 միլիարդ դոլարի վաճառք է գրանցել և այդ ցուցանիշով առաջ է անցել համաշխարհային այնպիսի ապրանքանիշերից, ինչպիսիք են ֆրանսիական Lactalis-ը, շվեյցարական Nestlé-ը, ԱՄՆ-ում գործող Dairy Farmers of America-ն և ֆրանսիական Danone-ն։ Չինական ընկերության այս ցուցանիշը հատկանշական է նաև այն պատճառով, որ դրա շնորհիվ ձեռնարկությունը դարձել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող կաթնամթերք արտադրող չինական ընկերությունը։

Yili-ն էլ ավելի տպավորիչ արդյունք է գրանցել ասիական շուկայում այն 12 տարի անընդմեջ այս աշխարհամասում կաթնամթերքի սպառում ունեցող թիվ 1 ընկերությունն է և ամենախոշոր արտադրողը Չինաստանում։ Ընկերությունը լայն տեսականի է արտադրում կաթնամթերքի բոլոր կատեգորիաներում ներառյալ հեղուկ կաթը, կաթի փոշին, մածունը, պաղպաղակը, պանիրը և այլն։ «Yili»-ն ընդլայնում է արտադրական պորտֆելը և մուտք գործում նոր ոլորտներ, ինչպիսիք են հանքային ջրի, բուսական, մրգային և կաթնաթթվային մանրէներից պատրաստված ըմպելիքների արտադրությունը։

Ընկերությունն այժմ 77 արտադրական բազա ունի ողջ աշխարհում, որոնց թողարկած ապրանքները սպառվում են ավելի քան 80 երկրում Ասիայում, Եվրոպայում, Օվկիանիայի երկրներում և Հյուսիսային Ամերիկայում։

Տպավորիչ է հատկապես այն, որ Չինաստանի առաջատար տեխնոլոգիական նվաճումները լիովին ինտեգրված են արտադրական ողջ գործընթացում և բոլոր աշխատանքների շղթայի բոլոր օղակներում ռոբոտներն ու ավտոմատացված սարքավորումներն են իրականացնում` նվազագույնի հասցնելով մարդկային ուժի դերը և սահմանափակելով այն վերահսկող անձնակազմի մասնակցությամբ։
Հայկ Սահակյան