«Միջին միջանցքի» զարգացումը և «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստեն տարանցիկ բեռնափոխադրումների աճին. Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու ջանքերին, Բաքուն ու Երևանը զգալի առաջընթաց են գրանցել այդ ուղղությամբ․ հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

«Կարելի է ասել, որ շատ քիչ ժամանակ է մնացել երկու երկրների (Ադրբեջանի և Հայաստանի – Խմբ.) միջև խաղաղության պաշտոնականացմանը։ Դրանից հետո Հարավային Կովկասը, որը մեծ ռազմավարական նշանակություն ունի, կսկսի այլ դեր խաղալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով»,- ասել է նա։

Յըլմազի խոսքով՝ «Միջին միջանցքի» զարգացումը և «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստեն տարանցիկ բեռնափոխադրումների աճին։

«Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում հավասարակշռության հաստատումը կապահովի ինչպես անվտանգության, այնպես էլ բարեկեցության աճ»,- նշել է թուրք պաշտոնյան։

Փաշինյանի՝ «սեպտեմբերին պատերազմ լինելու» մասին խոսքերը շատ տրամաբանական են․ Քրիստինե Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանի՝ «սեպտեմբերին պատերազմ լինելու» մասին խոսքերը շատ տրամաբանական են․ այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցի, թե ո՞րն է այդ երկիրը, որը պետք է սկսի այդ պատերազմը մեր դեմ, արդյոք կա՞ն նման տեղեկություններ։

«Մենք որևէ իրադարձության չենք սպասում տեղեկություններ հավաքելու Հայաստանի անվտանգային ռիսկերի վերաբերյալ, և դա անում ենք 24/7 ռեժիմով։ Ինչ վերաբերում է պարոն վարչապետի հայտարարությանը, կարծում եմ՝ շատ տրամաբանական բան է ասել պարոն վարչապետը։ Նրա ասածը հետևյալն է՝ եթե նախընտրական փուլում մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է»,- ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքեց՝ ասելով, որ այս խոսքերից հետևում է, որ ծառայությունը որևէ նման տվյալ չունի, և խոսքը եղել է քաղաքական հայտարարության մասին։

Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի վերաբերյալ.

«ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նկատի է ունենում Երևանում անցկացված ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի պատմական նշանակությունը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ներկայությունը ազդարարում է եվրոպական ղեկավարության ողջունելի պատրաստակամությունը՝ անմիջականորեն ներգրավվելու հայ հասարակության հետ։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, այնուամենայնիվ շեշտում է, որ դիվանագիտական ներկայությունը այժմ պետք է վերածվի կոնկրետ գործողությունների, որոնք կպաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունն ու նրա ժողովրդի իրավունքները։

Մինչ գագաթնաժողը ՀՀ-ԵՄ հարաբերություններում արձանագրեց «նոր գլուխ», մենք ԵՄ ղեկավարներին հիշեցնում ենք, որ այս հարաբերության հիմքը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), ենթադրում է դատական խստապահանջ բարեփոխումներ, ինստիտուցիոնալ դիմակայունություն և ժողովրդավարական արժեքների ամրապնդում։ Որպեսզի «Հայաստանի ապագան որոշվի ազատ և ժողովրդավար ձևով՝ իր քաղաքացիների կողմից», անհրաժեշտ է իրականացնել համապարփակ փոփոխություններ՝ ապահովելու ընտրական ամբողջականությունը, ընդդիմության իրավունքները, լրատվամիջոցների անկախությունը և ընտրական գործընթացի ընթացքում արտաքին միջամտություններից պաշտպանությունը՝ մի հասկացություն, որը, ցավոք, այս նույն գագաթնաժողովի ընթացքում որոշ եվրոպացի ղեկավարների կողմից չկիրառվեց։

Համատեղ հռչակագիրը ընդգծում է համագործակցության երեք հիմնական ուղղություն՝ էներգետիկա, կապակցվածություն և թվային ենթակառուցվածք։ Թեև այս տնտեսական հենասյուները կարող են կենսական լինել երկարաժամկետ աճի համար, եթե կիրառվեն ռազմավարական կերպով և ներքին բարեփոխումների հետ համադրաբար, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հարց է բարձրացնում, թե ինչպես այս տեխնիկական նախագծերը կուժեղացնեն Հայաստանի անմիջական անվտանգությունը, եթե դրանք չուղեկցվեն տարածաշրջանային ագրեսիայի դեմ հստակ դիրքորոշմամբ։

Կարևոր է նկատել, որ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր մտահոգություն և հիասթափություն է արտահայտում գագաթնաժողովի պաշտոնական քննարկումներից Արցախի ամբողջական բացակայության վերաբերյալ, չնայած Եվրոպական խորհրդարանի հստակ մանդատին (2026 թ. ապրիլի 30-ի բանաձև), որը բացահայտորեն՝

  • դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը,
  • պահանջում է Բաքվում պահվող հայ պատանդների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակում,
  • կոչ է անում պաշտպանել և միջազգային մոնիթորինգի ենթարկել Ադրբեջանի կողմից ներկայումս ոչնչացվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։

Գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը լուռ մնաց այս գոյաբանական խնդիրների վերաբերյալ։ Այս բացթողումը կտրուկ հակասություն է Եվրոպական խորհրդարանի կոչին՝ արդարության և միջազգային երաշխիքների ներքո Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համաձայն է Եվրոպական խորհրդարանի հետ, որ «ժողովրդավարական դիմակայունությունը» չի կարող գոյություն ունենալ վակուումում։ Եթե ԵՄ-ն պետք է լինի իրական ռազմավարական գործընկեր, ապա այն պետք է գործի իր իսկ ժողովրդավարական մանդատների հիման վրա։ Մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին դուրս գալ ենթակառուցվածքային պլանավորման շրջանակներից և ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ռազմավարական կապակցվածությունը չպետք է իրականացվի իրենց հայրենական տներից էթնիկ զտման ենթարկված 150000 հայերի համար արդարություն ապահովելու հաշվին»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի հետ դեռ կան չլուծված հարցեր, պահվող անձինք ունենք, բայց ուղին շատ լավատեսական է․ Արարատ Միրզոյան

Մենք սահմաններ ունենք 4 երկրի հետ, հյուսիսում Վրաստանը, որի հետ միշտ ունեցել ենք բարեկամական հարաբերություններ, հարավում Իրանը, որի հետ ևս միշտ ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ։ Իսկ արևմուտքում և արևելքում ունենք Թուրքիան և Ադրբեջանը, որոնց հետ ունենք փակ սահմաններ․ «Երևանյան երկխոսություն. Հարավային Կովկաս, խաղաղության և համագործակցության հեռանկարներ» պանելային քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Արդեն իսկ իրական խաղաղություն ունենք, արդեն դժբախտ պատահարներ չեն գրանցվում Ադրբեջանի հետ սահմանին։ Ավելին՝ Ադրբեջանը վերացրել է ապրանքների տեղափոխումը դեպի Հայաստան։ Ադրբեջանի հետ սկսել ենք երկկողմանի առևտուր, նավթամթերք ենք գնում Ադրբեջանից, նաև կվաճառենք որոշ մթերքներ ադրբեջանական ընկերություններին, ուստի՝ սա իսկապես խաղաղության ապացույց է»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Սակայն, ըստ նրա, դեռ կան չլուծված հարցեր։

«Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, և վերքերը շատ թարմ են։ Եվ 2 համայնքներն էլ դեռ կարիք ունեն իրական հաշտեցման։ Դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես՝ հումանիտար կարգի․  պահվող անձինք ունենք Բաքվում»,- նշեց նախարարը։

Բայց, ըստ նրա, հաշտեցման ուղին շատ լավատեսական է։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ իրավիճակն է՛լ ավելի լավ է․ «Հրաշալի երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բազմաթիվ առիթներ են եղել համագործակցության, հենց երեկ մեր ներկայացուցիչները մի հուշագիր ստորագրեցին համատեղ վերականգնելու պատմական Անիի կամուրջը»։

Նա համոզված է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի․ «Վստահ եմ և կարող եմ վստահորեն ասել, որ դա տեղի է ունենալու, քանի որ հայ-թուրքական երկխոսությունը, այսպես ասեմ, հասունացել է, որպեսզի նպաստավոր արդյունքի հասնենք»։

Ադրբեջան-Իտալիա. Մելոնին խոստանում է ավելի սերտ համագործակցություն Բաքվի հետ էներգետիկայի, պաշտպանության, անվտանգության ոլորտներում․ Stratfor

Իտալիան կխորացնի նավթագազային համագործակցությունն Ադրբեջանի հետ, քանի որ Մերձավոր Արևելքում էներգետիկ խափանումները բարձրացնում են ոչ ռուսական խողովակաշարերի և վառելիքի մատակարարման տարբերակների արժեքը․ գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։

Այնուամենայնիվ, մոտ ապագայում շահույթը, հավանաբար, ավելի շատ կգա առևտրային պայմանավորվածություններից, վերամշակման ոլորտների ինտեգրումից և քաղաքական համակարգումից։ Միևնույն ժամանակ՝ ադրբեջանական գազի ծավալների մեծ աճն անհավանական է։ Եթե խափանումները շարունակվեն, Իտալիան և այլ եվրոպական պետություններ, հավանաբար, կխորացնեն դիվանագիտական կապերը Բաքվի հետ, քանի որ նրանք փնտրում են ռուսական գազի այլընտրանքներ և հեղուկացված բնական գազի բաց երթուղիներ։

Ադրբեջանական գազն ու նավթը կազմում են Իտալիայի ներմուծման մոտ 16%-ը և 17%-ը համապատասխանաբար և կարևոր դեր են խաղացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր։

Ադրբեջանը պարտավորվել է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի արտահանումը Եվրամիություն՝ հասցնելով այն 20 միլիարդ խորանարդ մետրի, սակայն այս նպատակին, հավանաբար, չի հասնի առանց խոշոր ներդրումների։

2025 թվականին Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից Italiana Petroli-ի ձեռքբերումն Ադրբեջանին ավելի մեծ դեր կտա Իտալիայի վերամշակման, մանրածախ առևտրի և վառելիքի բաշխման շուկայում։

Կենտրոնը հիշեցնում է, որ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մայիսի 4-ին հայտնել, որ Իտալիան կխորացնի համագործակցությունն Ադրբեջանի հետ էներգետիկայի, պաշտպանության, անվտանգության, տրանսպորտի, լոգիստիկայի, ներդրումների և քաղաքական երկխոսության ոլորտներում։

Ադրբեջան-Իտալիա. Մելոնին խոստանում է ավելի սերտ համագործակցություն Բաքվի հետ էներգետիկայի, պաշտպանության, անվտանգության ոլորտներում․ Stratfor

Իտալիան կխորացնի նավթագազային համագործակցությունն Ադրբեջանի հետ, քանի որ Մերձավոր Արևելքում էներգետիկ խափանումները բարձրացնում են ոչ ռուսական խողովակաշարերի և վառելիքի մատակարարման տարբերակների արժեքը․ գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։

Այնուամենայնիվ, մոտ ապագայում շահույթը, հավանաբար, ավելի շատ կգա առևտրային պայմանավորվածություններից, վերամշակման ոլորտների ինտեգրումից և քաղաքական համակարգումից։ Միևնույն ժամանակ՝ ադրբեջանական գազի ծավալների մեծ աճն անհավանական է։ Եթե խափանումները շարունակվեն, Իտալիան և այլ եվրոպական պետություններ, հավանաբար, կխորացնեն դիվանագիտական կապերը Բաքվի հետ, քանի որ նրանք փնտրում են ռուսական գազի այլընտրանքներ և հեղուկացված բնական գազի բաց երթուղիներ։

Ադրբեջանական գազն ու նավթը կազմում են Իտալիայի ներմուծման մոտ 16%-ը և 17%-ը համապատասխանաբար և կարևոր դեր են խաղացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր։

Ադրբեջանը պարտավորվել է մինչև 2027 թվականը կրկնապատկել գազի արտահանումը Եվրամիություն՝ հասցնելով այն 20 միլիարդ խորանարդ մետրի, սակայն այս նպատակին, հավանաբար, չի հասնի առանց խոշոր ներդրումների։

2025 թվականին Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից Italiana Petroli-ի ձեռքբերումն Ադրբեջանին ավելի մեծ դեր կտա Իտալիայի վերամշակման, մանրածախ առևտրի և վառելիքի բաշխման շուկայում։

Կենտրոնը հիշեցնում է, որ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մայիսի 4-ին հայտնել, որ Իտալիան կխորացնի համագործակցությունն Ադրբեջանի հետ էներգետիկայի, պաշտպանության, անվտանգության, տրանսպորտի, լոգիստիկայի, ներդրումների և քաղաքական երկխոսության ոլորտներում։

Լևոն XIV-ը՝ 1 տարի Հռոմի պապ

Ուրբաթ կլրանա Հռոմի պապ Լևոն XIV-ի՝ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարման առաջին տարին․ գրում է Reuters գործակալությունը։

Առաջին ամերիկացի պապը, որ վերջերս աֆրիկյան 4 երկիր կատարած այցի ընթացքում կտրուկ դատապարտեց պատերազմն ու բռնապետությունը, այս ամիս պատրաստվում է հրապարակել իր առաջին ուսմունքային համապարփակ փաստաթուղթը, ինչպես նաև հունիսին մեկշաբաթյա այց կատարել Իսպանիա։

Լևոն XIV-ը, որը Հռոմի պապի պաշտոնում իր առաջին 10 ամիսների ընթացքում ունեցել է համեմատաբար ցածր հանրային ակտիվություն, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը քննադատելուց հետո հայտնվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիրախում։ Նա հինգշաբթի կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ․ սա կլինի գրեթե մեկ տարվա ընթացքում Թրամփի վարչակազմի պաշտոնյայի հետ նրա առաջին հանդիպումը։

Սուրբ Աթոռում ԱՄՆ դեսպանը երեքշաբթի հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը Կաթոլիկ աշխարհի առաջնորդի հետ քննարկելիս Ռուբիոն ակնկալում է «անկեղծ զրույց»։

Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել նախկին արտգործնախարար Չավուշօղլուի եղբոր վրա

Թուրքիայում զինված հարձակում է իրականացվել նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբոր՝ Այդըն Չավուշօղլուի վրա։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Ալանիայում գտնվող գործարարի գրասենյակում։

Ըստ տեղեկությունների՝ հարձակումից հետո Այդըն Չավուշօղլուն տեղափոխվել է հիվանդանոց և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Ոստիկանությունը դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չի հրապարակել միջադեպի վերաբերյալ, այդ թվում՝ հարձակվողի ինքնության և հնարավոր դրդապատճառների մասին։

 

19 գերի է մնացել, թողե՛ք աշխատենք, հետ բերենք․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

ՀԱՊԿ-ում գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները․ Ալեն Սիմոնյանը՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին։

Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է։

Նախկինում մենք եղել ենք ծնկած։ Մեր նախագահական ընտրությունները անցել են կեղծիքներով։ Դեռ ԿԸՀ-ի՝ արդյունքները չհայտարարած՝ Ռուսաստանը շնորհավորել է, նշանակել է «նամեսնիկ»։

Մենք անկախությո՞ւն ենք ունեցել քաղաքական իմաստով, մենք մինչև 18 թվականը անկախություն չենք ունեցել։

2020 թվականից հետո մենք տեսանք, ԼՂ ժողովուրդը տեսավ, թե ինչ տեղի ունեցավ․ դաշնակիցը մեզ առնվազն մենակ թողեց։

Ընդամենը 19 հոգի է մնացել հաստատված Ադրբեջանի բանտերում։ Թողեք գործ անենք, թողեք այդ մարդկանց հետ բերենք, քաղաքական շահարկումներ մի արեք։

Երեք նավս են այս երկրի վրա, երեքը հայ ժողովրդի անեծք են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը ու մնացածը բոլորը, որ հիմա եկել են, ձև են անում, թե ուզում են իշխանության գալ։

Եթե հրավեր լինի Ադրբեջան այցելելու, կայցելեմ։  Ակնկալում եմ, որ իմ գործընկերը նույնպես այցելի Երևան։

Միջադեպ Ազգային ժողովում. Ռուբեն Ռուբինյանը նկատողություն արեց թիմակցին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում միջադեպ է գրանցվել․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատողություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանին։

Նիստի ընթացքում Ռուբինյանը դիմել է Ազարյանին՝ կոչ անելով լքել դահլիճը․ «Տիկին Ջուլիետա Ազարյան, խնդրում եմ հիմա լքեք դահլիճը, հեռախոսով դահլիճից դուրս խոսեք»,- ասել է նա։

ԱԺ փոխնախագահը նաև նախազգուշացրել է պատգամավորին՝ նշելով, որ վերջինս խանգարում է նիստի բնականոն ընթացքը։

«Ձեզ նախազգուշացում՝  նիստն անընդհատ խանգարելու համար»,- հավելել է Ռուբինյանը։