Ադրբեջանցի փորձագետները ժամանել են Երևան` մասնակցելու «Երևանյան երկխոսություն» համաժողովին

Ադրբեջանցի փորձագետները ժամանել են Երևան` մասնակցելու «Երևանյան երկխոսություն» համաժողովին․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանից երեք փորձագետներ՝ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը և Զաուր Շիրիևը։

Նրանք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներ են, որի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև փոխգործակցությունը։

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը

Եվրոպական Հանձնաժողովը բարձր է գնահատել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը։

Մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ «Հայաստանի իշխանությունները Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում ամուր քաղաքական հանձնառություն են ցույց տվել։ Չնայած այն հանգամանքին, որ ՎԱԳԾ-ն Հայաստանին է փոխանցվել միայն վերջերս՝ բազմաթիվ բարեփոխումներ կամ արդեն իսկ նախաձեռնվել են, կամ ծրագրվում են Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասված է զեկույցում։

Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակ անց Հայաստանի կառավարությունը՝ Ներքին գործերի նախարարության համակարգման միջոցով արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրավորել է պահանջվող օրենսդրական և քաղաքական փոփոխությունների զգալի մասը, իսկ փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն այժմ գտնվում են զարգացման առաջանցիկ փուլում։

Զեկույցում մանրամասն նկարագրվում են Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի չորս ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը.

  • Փաստաթղթերի անվտանգություն. Կնքվել է պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիր՝ կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի առաջիկայում թողարկվելիք անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։ Բացի այդ, 2025 թվականի հուլիսին Հայաստանն ընդունել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական և անվտանգ էլեկտրոնային ռեգիստր, որը ևս էական առաջընթաց է տվյալների հավաքագրման և օգտագործման հարցում։
  • Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում. Հայաստանն ակտիվորեն մշակում է Սահմանների համալիր կառավարման (IBM) 2026-2029 թվականների ռազմավարությունը։
    Հայաստանն առաջընթաց է գրանցել նաև մի շարք ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես, 2026 թվականի հունվարից գործարկվել է Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը, ընթացքի մեջ է նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի և կացության թույլտվությունների ընթացակարգերի ամբողջական թվայնացումը։ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ևս անցել է միջգերատեսչական համաձայնեցման փուլը և ներկայումս գտնվում է վերջնականացման գործընթացում։ Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների և ոչ ԵՄ երկրների հետ՝ հետընդունման (readmission) ոլորտում։
  • Հասարակական կարգ և անվտանգություն.
    2018-ից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել և միջազգային չափանիշներին համապատասխանեցրել է իր հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից «Հանցավորության կանխարգելման 2026-2033թթ․ ռազմավարության» մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի հանձնառությունը՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման և նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։
  • Թրաֆիքինգի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագիրն ընդունվելու է 2026թ-ին և այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել ԵՄ կողմից։
    Եվրոպական կողմը դրական է գնահատում նաև անձնական տվյալների պաշտպանության նոր և անկախ մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ կլինի անձնական տվյալների պաշտպանության եվրոպական սկզբունքներին և լավագույն փորձին։
  • Հիմնարար իրավունքներ. Հայաստանն այժմ մշակում է «Խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքը՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն՝ բռնությունից և շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։

Ողջունելով դրական դինամիկան՝ Եվրոպական Հանձնաժողովը շեշտել է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ և պայմանավորված է բոլոր հենանիշների արդյունավետ և հետևողական իրականացմամբ։

Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ, որոնք կոչված են օժանդակելու Հայաստանին արձանագրված բացերը լրացնելու հարցում։
Հանձնաժողովը շարունակելու է հետևել Գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշների կատարմանը՝ ԵՄ անդամ երկրների փորձագետների աջակցությամբ և այս նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։ Արձանագրվել է նաև, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի բարեփոխումների ջանքերին աջակցելու գործին՝ տրամադրելով հատուկ տեխնիկական և ֆինանսական օգնություն, մասնավորապես՝ Հայաստանի համար նախատեսված «Դիմակայունության և աճի» ծրագրի շրջանակներում։
Վերլուծելով Գործողությունների ծրագրի առաջին խումբ հենանիշերի (օրենսդրություն և քաղաքականության շրջանակ) շրջանակներում Հայաստանի իրականացված բոլոր քայլերը՝ Եվրոպական Հանձնաժողովը եզրահանգել է, որ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և ապաստանի ոլորտներում Հայաստանը ծրագրի իրականացման «առաջանցիկ փուլում է» (at an advanced stage of fulfilment), իսկ հանրային անվտանգության և հիմնարար իրավունքների ոլորտներում «լավ առաջընթաց է արձանագրել» (progressing well)։

Գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հայտարարությունների ընթացքում Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գերակայությանը, ընդգծել է, որ հաճույքով են ներկայացնում առաջին առաջընթացի զեկույցը և շնորհավորել է դրա խիստ դրական բնույթի համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել նախորդ տարվա նոյեմբերից ի վեր կատարված արդյունավետ աշխատանքն ու արձանագրված առաջընթացը։
Եվրոպական Հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին։

2020թ․ պատերազմի ժամանակ տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին․ Մակրոն

Շատերը երկար ժամանակ կարծում էին, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանու ներքո։ 2020 թվականի պատերազմը, այն, ինչ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսանք, որ դա այն հովանավորչությունը չէ, ինչպես շատերը պատկերացնում էին, տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանինայսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Շատերին թվում էր, թե Հարավային Կովկասը կարծես միշտ պետք է պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից։  Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ խաղաղությունը, որ դուք ընտրել եք, իրատեսական է, և որ բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության»,- ասաց նա։

 

Ադրբեջանում հավատարմագրված ամերիկացի և եվրոպացի դիվանագետները կարևորել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը․ Euronews

Եվրոպացի և ամերիկացի դիվանագետները ծանոթացել են Ադրբեջանի կողմից Ղարաբաղում իրականացված աշխատանքներին և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը հայտնում է Euronews-ը։

Ադրբեջանում հավատարմագրված ամերիկացի և եվրոպացի դիվանագետների պատվիրակությունը շաբաթավերջին այցելել է Արցախ։ Նշվել է, որ Հայաստանի հետ խաղաղությունն ավելի արագ է զարգանում՝ քաղաքական և տնտեսական նոր նախաձեռնությունների շնորհիվ։

Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպան Մարիան դը Յոնգը Euronews-ին հայտնել է, որ Նիդեռլանդները լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացին։ Դիվանագետի խոսքով՝ Նիդեռլանդները հնարավորություններ է փնտրում աջակցություն ցուցաբերելու կապի և ներդրումների ոլորտում։

Ուկրաինայի դեսպան Յուրի Հուսևն ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը «լավ օրինակ է, թե ինչպես են երկու երկրները լուծել երկարատև հակամարտությունը՝ հարգելով միջազգային իրավունքը»։

Ընդգծելով ԱՄՆ դերը խաղաղության գործընթացում՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատան փոխղեկավար Էմի Քարլոնը Euronews-ի հետ զրույցում նշել է, որ Բաքուն ու Վաշինգտոնը «ձեռնարկում են կոնկրետ գործողություններ՝ խաղաղության և երկկողմ գործընկերության համար»։

ՀՀ-ն և ԵՄ-ը կխորացնեն քաղաքական երկխոսությունը, կամրապնդենք տնտեսական կապերը և կաշխատեն ավելի անվտանգ, բարգավաճ և կայուն ապագայի ուղղությամբ․ հայտարարություն

Այսօր Եվրոպական Միությունը և Հայաստանն անցկացրեցին իրենց առաջին գագաթնաժողովը Երևանում՝ ամրապնդելով համագործակցությունը կապի, անվտանգության և պաշտպանության, տնտեսական զարգացման և մարդկանց միջև շփումների ոլորտներում։ Այս մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է. «Այս առաջին գագաթնաժողովը մեր գործընկերությունը բարձրացնում է նոր մակարդակի և սահմանում է հստակ ուղղություն և օրակարգ առաջիկա տարիների համար։ Այս աշխատանքի հիմքում ընկած է տարածաշրջանում խաղաղության և կայունության մեր համատեղ հանձնառությունը։ Առաջ շարժվելով՝ մենք նաև կխորացնենք քաղաքական երկխոսությունը, կամրապնդենք տնտեսական կապերը և կաշխատենք ավելի անվտանգ, բարգավաճ և կայուն ապագայի ուղղությամբ։ Մեր համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, Հարավային Կովկասի համար ընդհանուր տեսլականի և ինքնիշխան ընտրությունների նկատմամբ լիակատար հարգանքի վրա»։

«Գագաթնաժողովը ծառայել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների գնահատմանը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ ավելի լայն մարտահրավերներին, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և հարաբերությունների կարգավորմանը, անդրադառնալու համար։

Նախագահ ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ միասին, ներկա են գտնվել ԵՄ-ՀՀ կապի գործընկերության ստորագրմանը, որը կարևոր քայլ է տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ամրապնդման գործում։ Լիովին համահունչ լինելով ԵՄ-ի միջտարածաշրջանային կապի օրակարգին և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, այն կխթանի առևտուրը, կստեղծի աշխատատեղեր, կամրապնդի դիմադրողականությունը և կաջակցի տարածաշրջանային կայունությանը: Գործընկերությունը կհաստատվի կապի վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսության միջոցով, ինչպես նաև գագաթնաժողովում մեկնարկած բարձր մակարդակի տրանսպորտային երկխոսության միջոցով։

Բացի այդ՝ մենք խթանում ենք երկրի տնտեսական աճը՝ հայտարարելով հետաքրքրությունների արտահայտման կոչ, որով հրավիրում ենք ԵՄ-ի, Եվրոպական տնտեսական տարածքի և Հայաստանի ընկերություններին երկրում մշակել ռազմավարական ներդրումային նախագծեր: Թվային ենթակառուցվածքների, կիսահաղորդչային հմտությունների, նորարարական էկոհամակարգերի և մասնավոր ներդրումների մոբիլիզացման ոլորտներում ընտրված մասնավոր հատվածի գործընկերների հետ մտադրությունների առաջին նամակների ստորագրումը նպատակ ունի զգալի դրական ազդեցություն ունենալ երկրի վրա։

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի կողմից առաջին առաջընթացի զեկույցը հանդիսավոր կերպով հանձնվեց հայերին: Այս առաջին զեկույցը հաստատում է լավ առաջընթացը և առաջարկություններ է ներկայացնում դրա իրականացման հաջորդ քայլերի վերաբերյալ։

Բացի այդ՝ առաջնորդները ներկա են գտնվել Եվրոպական սահմանային և ափամերձ պահպանության գործակալության (Frontex) և Հայաստանի ներքին գործերի նախարարության միջև աշխատանքային համաձայնագրի նախաստորագրմանը, որը կխթանի սահմանների և միգրացիայի կառավարման ոլորտում համագործակցությունը՝ աջակցելով Հայաստանին վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործում։

Անվտանգության և պաշտպանության ոլորտում առաջնորդները ողջունեցին ԵՄ գործընկերության առաքելության ստեղծումը Հայաստանում։ Հայաստանի խնդրանքով ԵՄ-ը կօգնի բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը։ Բացի այդ՝ Հայաստանի զինված ուժերը ստացան ԵՄ օգնության առաջին մատակարարումները Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն եվրո», – նշվել է հայտարարությունում։

Ի՞նչ էր ատացոլում և կարևորում Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը․ արևմտյան մամուլի ամփոփում

Հայաստանը, որը երկար ժամանակ համարվում էր Ռուսաստանի մտերիմ դաշնակիցը Հարավային Կովկասում, ավելի ու ավելի է շրջվում դեպի Եվրամիություն: Հետևաբար, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում պատահականություն չէ, այլ արտացոլում է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությունը, մայիսի 5-ին Երևանը հյուրընկալում է նաև ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը․ գրել է Deutsche Welle-ն։

The Irish Times-ի թղթակիցը Երևանից հաղորդել է, որ գագաթնաժողովի օրը ոստիկանության խմբեր էին տեղակայված Երևանի կենտրոնի գրեթե բոլոր փողոցների անկյուններում՝ այն փոքրիկ երկրի մայրաքաղաքում, որը սահմանակից է Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին և Վրաստանին։

Լրագրողն ընդգծել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ֆորումին Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությունը և վերջին զարգացումներն այս գագաթնաժողովին հաղորդել էին «Թրամփ-թերապիայի» սեանսի տպավորություն։ Իրանական պատերազմը լրացուցիչ լարվածություն է ստեղծել արդեն իսկ լրջորեն քայքայված տրանսատլանտյան հարաբերությունների վրա։

Բացի այդ՝ հեղինակի խոսքով՝ ութերորդ հանդիպումը Երևանում անցկացնելու որոշումը նշանակալի հայտարարություն էր։ Պատմականորեն Ռուսաստանից կախված Հայաստանը ցանկանում է ավելի սերտ կապեր հաստատել ԵՄ-ի և Արևմուտքի հետ, ինչը զայրացրել է Մոսկվային։ Ռուսաստանը զգալի ռեսուրսներ է հատկացնում հաջորդ ամիս Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր հետքն ունենալու համար՝ զգուշացնելով հայերին չշարունակել եվրոպամետ ուղին։

Լրագրողը նաև հիշատակել է, որ գագաթնաժողովի սկզբում առաջնորդները վայելել են հայկական երաժշտության ցուցադրություն։

Reuters-ը լուսանկար է հրապարակել և նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ։

The Associated Press-ը նկատել է, որ երևանյան երկու հանդիպումներն ընդգծում են, թե ինչպես է Հայաստանը ձգտում շրջվել դեպի Արևմուտք և փորձել ազատվել Ռուսաստանի ազդեցությունից։ Փաշինյանը, ով պաշտոնավարում է 2018 թվականից և հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին է բախվում, քաղաքականապես կշահի եվրոպական հանդիպումների կողմից ձեռք բերված միջազգային հեղինակությունից։ Փաշինյանի կառավարությունը, հավանաբար, կվերադառնա հիմնականում լռելյայն, քանի որ ընդդիմությունը չի կարողանա առաջարկել հավաստի այլընտրանքային ծրագիր։ Գործակալությունը նաև շեշտել է, որ գագաթնաժողովը նաև տեղի է ունենում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև լարվածության աճի պահին։

Եվրոպական գագաթնաժողովների անցկացումը ՀՀ-ում պետք է դիտարկել խորհրդարանական ընտրությունների համատեքստում․ ռուսական մամուլի ամփոփում

Այսօր Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչ պետք է դիտարկել հունիսի սկզբին հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Այս մասին Взгляд թերթի հետ զրույցում նշել է «Վալդայ» ակումբի փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ Փաշինյանի համար հատկապես կարևոր է ԵՄ-ից հնարավորինս շատ աջակցություն ստանալը։ «Իրականում, միանգամից երկու շատ մեծ միջոցառում կազմակերպելու նպատակը քաղաքացիներին եվրոպական ինտեգրման ներկայիս քաղաքականության արդյունավետությունը ցույց տալն է», – հավելել է նա։

«Փաշինյանի կառավարությունը ձգտում է ընդգծել հանրապետության կարգավիճակը որպես Եվրոպայի անբաժանելի մաս։ Միևնույն ժամանակ, այսօր «Հին աշխարհում» կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խանգարում են դաշինքին համարվել իսկապես միասնական։ Միակ բանը, որը իսկապես միավորում է կազմակերպության բոլոր անդամներին, նրանց հակառուսական քաղաքականությունն է», – ընդգծում է փորձագետը։

Ըստ քաղաքագետ Նիկոլայ Սիլաևի՝ այսօր Հայաստանում տեղի ունեցող գագաթնաժողովները բացահայտ հակառուսական բնույթ ունեն։ Դրանք բոլոր միջազգային խաղացողներին հստակ ցույց են տալիս, որ Երևանը ընդունում է խաղի այս կանոնները և հրաժարվում է Մոսկվայի հետ նորմալ հարաբերություններից։

«Փաշինյանին անհրաժեշտ է Բրյուսելի բարեհաճությունն՝ ընտրությունների ընդունելի արդյունքի հասնելու համար։ Եվ Զելենսկիին հանրապետություն հրավիրելը դարձել է Եվրոպայի բարեհաճության համար վճար, որը ամեն կերպ օգտվում է վարչապետից քարոզարշավից առաջ», – պնդում է փորձագետը։

«Մի կողմից՝ Հայաստանի վարչապետը շարունակում է բանավոր համոզել ընտրողներին, որ իր հարաբերությունները Ռուսաստանի հետ լավն են։ Մյուս կողմից՝ նա բացառապես հույսը դնում է եվրոպական օգնության վրա, վճարելով դրա համար՝ խզելով կապերը Մոսկվայի հետ։ Մենք տեսնում ենք, որ Բրյուսելն արդեն նրան անկյուն է գցել, որից դուրս գալը չափազանց դժվար է», – եզրափակել է Սիլաևը։

Փորձագետ Ֆարհադ Իբրահիմովը Вести-ի հետ զրույցում ընդգծել է, որ Եվրամիության հետ մերձեցումն անխուսափելիորեն ճնշում կստեղծի Երևանի վրա։

Նրա խոսքով՝ Եվրամիությունն Իրանի համար լիովին թշնամական տարր է, և Բրյուսելի հետ Երևանի մերձեցումը մեծապես նյարդայնացնում է Թեհրանին։

Շատ իրանցի քաղաքական գործիչներ, հասարակական կարծիքի առաջնորդներ և իրանական լրատվամիջոցներ նշում են, որ Երևանի վարքագիծն Իրանի նկատմամբ անբարյացակամ է։

Коммерсантъ-ը գրել է, որ մեծ Եվրոպան տեղավորվում է Երևանում։ Եվրոպական քաղաքական հանրությունը միասնություն է փնտրում Հայաստանում։

Կայքը նաև ընդգծել է, որ ՀՀ-ում եվրոպական գագաթնաժողովի անցկացումը հնարավոր է՝ ազդանշան է Դոնալդ Թրամփին, ով շատ հպարտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտելով։ Մինչ ԱՄՆ նախագահը ներկայումս զբաղված է Իրանով, դաշնակիցները «զորքեր են իջեցրել» Կովկաս՝ կարծես ընդգծելու համար եվրոպական համերաշխության, հանդուրժողականության և բազմամշակութայնության սահմանները ընդլայնելու իրենց կարողությունը։

Վերլուծական հոդվածներում երևանյան գագաթնաժողովներին են անդրադարձել նաև РБК– ն, НТВ-ն,  Московский Комсомолец-ը։

Ձեր թավշյա հեղափոխությունն ի ցույց դրեց ձեր հանձնառությունը եվրոպական արժեհամակարգին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

2018-ին Ձեր թավշյա հեղափոխությունը ի ցույց դրեց ձեր երկրի հանձնառությունը Եվրոպական արժեհամակարգին, ժողովրդավարությանը․ Փաշինյանի և Անտոնիու Կոշտայի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք հենց նոր ստորագրեցինք փոխկապակցվածության գործընկերության փաստաթուղթը, որը մեր համագործակցությունը նոր մակարդակի է բերում։ Եթե ես սկսեմ առաջին հենասյունից, այս երեքից, առաջինը տրանսպորտն է: Շատ քիչ երկրներն են այդքան եզակի դիրքավորված, ինչպես Հայաստանը։ Ձեր խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը ներուժ ունի կապելու Եվրոպան Հարավային Կովկասի հետ և Կենտրոնական Ասիայի և, ինչպես դուք նկարագրեցիք, վերածելով Հայաստանը անկյունաքարային տրանսպորտային հանգույցի։ Մենք արդեն պատրաստ ենք աշխատել սահմանակետերը վերականգնելու, վերակառուցելու, երբ ձեր հարևան երկրների հետ սահմանները բացվեն։ Մենք գիտենք, թե ինչքան կարևոր է Հայաստանի համար կուռ ինտեգրվելը ռեգիոնալ տրանսպորտային ցանցերում»,-ասել է ֆոն դեր Լայենը։

ԵՀ նախագահի խոսքով՝ երկրորդ կարևոր հենասյունը էներգետիկան է․ Հայաստանի արագ զարգացումը արևային էներգետիկայի ոլորտում նշանակալի է։

«Երկրորդ գերակայությունը անվտանգային ոլորտներում գերակայությունն է․ Հայաստանը պետք է նաև դիմակայի հիբրիդ սպառնալիքներին, ինֆորմացիոն դաշտի մանիպուլյացիաներին։ Եվրոպական մեր գործընկերությունը նպաստելու է դրա դեմն առնելուն»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ի հետ առաջին առաջընթացի զեկույցը խիստ դրական է։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ չորրորդ գերակա ուղղությունը տնտեսական աջակցությունն ու սոցիալական դիմակայությունն է։

ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա

Դուք չեք փոխել ՀՀ աշխատանքային դիրքը, բայց դուք արմատապես փոխել եք պայմանները ձեր երկրում տիրող․  Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ժողովրդավարական Հայաստանի ձեր տեսլականի կապակցությամբ։ ԵՄ–ն աջակցում է ՀՀ սոցիալ–տնտեսական բարեկեցության օրակարգին»,-ասել է Կոշտան։

Նա գովել է Փաշինյանի խիզախությունը ու պետական մտածողությունը՝ նշելով, որ նա այդ ամենն անում է հանուն Երկրի ավելի լավ ապագայի։

«Երեկ Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությունը գագաթնաժողովին ձեր երկրների միջև նոր մթնոլորտի վկայությունն է։ Կայուն և բարեկեցիկ Հարավային կովկասը ՀՀ ապագայի գրավականն է, և ԵՄ-ն շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը և կարգավորման գործընթացին՝ զուգընթաց աշխատելով դրա կերտման համար։

ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց։ ԵՄ-ն Հայաստանի և տարածաշրջանի համար երկարաժամկետ գործընկեր է։ Ավելի ուժեղ էներգետիկ և  տրանսպորտային փոխկապակցվածության շնորհիվ կարող ենք աշխատատեղեր ստեղծել և վստահությունը խրախուսելով՝ հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմքն է հանդիսանում։

ՀՀ–ն կարող է ապավինել ԵՄ-ին այս փոխակերպման ուղին անցնելու համար։ Հանձնառու ենք աջակցել ՀՀ–ի ազգային անվտանգությանն ու դիմակայությանը»,-ասել է Անտոնիու Կոշտան։

 

 

Կարծում էինք՝ աշխարհագրական սարսափելի դիրքում ենք գտնվում, ԵՄ մեր գործընկերներն ասացին՝ ՀՀ դիրքը գերազանց է․ Նիկոլ Փաշինյան

Կա պատմական այնպիսի ընկալում, թե ՀՀ-ն սարսափելի աշխարհագրական դիրքում է գտնվում։ Այսօր ԵՄ մեր գործընկերներից լսեցինք, որ ՀՀ-ն գերազանց աշխարհագրական դիրք ունի, գտվում է Արևելքի և Արևմուտքը իրար կապող ամենակարճ ճանապարհի վրա․ ԵՄ պաշտոնյաների հետ համատեղ հայտարարության ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Պատմական այս ձևակերպումները արտահայտում են ժամանակաշրջանի փոփոխությունները, երբ մենք, նույն տեղում գտնվելով, քաղաքական գործընթացների արդյունքում աշխարհագրական սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի գերազանց դիրք»,-ասել է նա։

Մեր դիրքը օգտագործվում է էր մեր բոլոր խնդիրները բացատրելու համար, հիմա դա պիտի ծառայի իրականացնելու համար ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալու տեսլականն իրագործելու համար։

Սա միակ նրբությունը չէ պատմական փոփոխությունների, այսօր ԵՄ-ն ընդունել է հայտարարություն, որով կոչ է անում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում։