Դո՞ւք էլ եք նույնքան լավ մաթեմատիկայից, որքան Դոնալդ Թրամփը․ ԱՄՆ նախագահը կոգնիտիվ թեստ է հանձնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կայացած հանրահավաքի ժամանակ կրկին հայտարարել է, որ «գերազանց հանձնել» է կոգնիտիվ 3 թեստ՝ կարծես փորձելով ցրել իր հոգեկան առողջության շուրջ տարածված աղմուկը․ գրում է Euronews-ը։

Ճանաչողական թեստը «կատարյալ հանձնելու» մասին իր պարծենկոտ խոսքում որպես օրինակ ԱՄՆ 79-ամյա նախագահը նշել է կենդանիներին ճանաչելու կարողությունն ու թվաբանական առաջադրանքները։

«Առաջին հարցը շատ հեշտ է՝ պատկերված են առյուծ, ընձուղտ, արջ և շնաձուկ․ հարցնում են․ «Սրանցից ո՞րն է արջը»», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ թեստն ինքնին կազմված է ստանդարտ առաջադրանքներից, սակայն վերջին մոտ 10 հարցը շատ բարդ էր։

«Այս սենյակում գտնվողները խելացի մարդիկ են, սակայն ձեզնից շատերը չէին կարողանա պատասխանել այդ 10 հարցին», – հավելել է Թրամփը։

Որպես «բարդ» հարցերի օրինակ՝ նա նշել է. «Ասում են՝ ընտրեք մի թիվ, ցանկացած թիվ․ եկեք վերցնենք 99։ Այդ թիվը բազմապատկեք իննով, բաժանեք երեքի, գումարեք 4․293, այնուհետև բաժանեք երկուսի, հանեք 93, բաժանեք իննի․ ի՞նչ թիվ կստանաք»։

Նա հավելել է, որ շատերը չեն կարողանում ճիշտ պատասխանել այս հարցին, իսկ ինքը ճիշտ է պատասխանել։

 

ՀՀ-ում եվրոպական գագաթնաժողովը կարող է կարճատև լինել, սակայն Կովկասի համար մրցակցությունը կտևի տարիներ․ միջազգային մամուլի ամփոփում

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) հանդիպումն առաջինն է Կովկասում, և այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանն ամրապնդում է կապերը Եվրոպայի հետ՝ միաժամանակ զգուշորեն ձգտելով ազատվել Ռուսաստանի ճիրաններից․ գրում է France24-ը։

Կանադայի վարչապետի մասնակցությունն այս գագաթնաժողովին հաղորդում է հակաթրամփյան երանգ։

Ըստ գերմանական Merkur պարբերականի՝ այնտեղով, որտեղ մի ժամանակ գտնվում էր Խորհրդային Միությունը, այժմ անցնում է խզման գիծ՝ Ռուսաստանի և լիբերալ Եվրոպայի «ազդեցության ոլորտների» միջև։ Հունիսին Հայաստանում՝ Ռուսաստանի ազդեցության ոլորտում, տեղի կունենան ևս մի կարևորագույն ընտրություններ։ Մասնագետների կարծիքով՝ երկրում աճում է հետաքրքրությունը «Եվրամիության հետ այս կամ այն կերպ մերձենալու» նկատմամբ։ Ռուսաստանի ազդեցությունը հարևանների նկատմամբ թուլանում է Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Լրատվամիջոցն ընդգծում է, որ Բրյուսելի ազդանշաններից պարզ է դառնում, որ ԵՄ-ն շատ լուրջ է վերաբերում հայկական ընտրություններին։

Euronews-ը գրում է, որ Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՔՀ) Հայաստանի մայրաքաղաքում է հավաքել աշխարհի տարբեր երկրներից 47 առաջնորդների, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին:

Ակնկալվում է, որ կքննարկվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային և անվտանգային հայտարարությունները: Ինչպես նշվում է, քանի որ Հայաստանը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Մերձավոր Արևելքում հակամարտության քննարկումը մեծ նշանակություն կունենա։ Բանակցությունները կկենտրոնանան նաև Թրամփի դերի վրա Եվրոպայում։ Մասնակիցները կքննարկեն, թե ինչպես կարող են Ատլանտյան օվկիանոսի այս կողմի առաջնորդները դիմակայել Թրամփի վերջին հայտարարություններին։

Աղբյուրները հայտնում են, որ Թրամփի կողմից Գերմանիայից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման հետևում «ռազմավարություն չկա»։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները չեն տեղեկացվել Գերմանիայից 5000 զինծառայողի դուրս բերելու որոշման մասին, մինչև Պենտագոնի ուրբաթ օրվա հայտարարությունը:

Լրատվամիջոցի պնդմամբ՝ Հայաստանում հանդիպումն ավելի հետաքրքիր կդառնա Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությամբ, ինչն առաջին դեպքն է, երբ ոչ եվրոպացի առաջնորդը միանում է այս ձևաչափին:

Bloomberg-ի դիտարկմամբ՝ Հայաստանը գտնվում է մրցակից կայսրությունների խաչմերուկում գործնականում այն ժամանակվանից, երբ Աստվածաշունչը նշում է, որ Նոյի տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա, որը բարձրանում է մայրաքաղաք Երևանի վերևում։ Տասնյակ եվրոպացի առաջնորդներ այսօր քաղաքում են՝ աշխարհաքաղաքական պայքարի ֆոնին։ Նրանք մրցում են կովկասյան տարածաշրջանում ազդեցության համար, որն առաջարկում է կենսականորեն կարևոր առևտրային միջանցք Եվրոպայի և Չինաստանի միջև՝ շրջանցելով Ռուսաստանը, և մուտք դեպի Կենտրոնական Ասիայի հսկայական էներգետիկ և հանքային հարստությունները։

Իրանի հետ պատերազմի հետևանքով առաջացած խառնաշփոթը միայն մեծացնում է տարածաշրջանի նշանակությունը։ Դոնալդ Թրամփը բարձրացնում է ԱՄՆ դրոշը Հայաստանի հետ համատեղ նախագծով՝ նրան տալով մինչև 99 տարի իրավունք կառավարելու հարևան Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ կապող տրանսպորտային միջանցքը։ Գործարքը տարածվում է նավթի և գազի խողովակաշարերի, ինչպես նաև թվային ենթակառուցվածքների վրա։ Թուրքիան և Իրանը նույնպես պնդում են իրենց շահերը պատմականորեն Ռուսաստանի կողմից գերիշխող տարածաշրջանում։ Վլադիմիր Պուտինը թեթև չի վերաբերվում մրցակցությանը։ Վերջերս Կրեմլի բանակցությունների ժամանակ նա հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էժան ռուսական գազից իր կախվածության մասին։ Հայաստանում նաև տեղակայված է Ռուսաստանի միակ ռազմաբազան տարածաշրջանում։

Հաջորդ ամիս Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են Ռուսաստանին ավելի շատ հնարավորություններ տալ ընդլայնելու իր ազդեցությունը: Ուկրաինայից Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայից Մայա Սանդուն այն առաջնորդների թվում են, որոնք մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը Երևանում, «ինչն ընդգծում է Եվրոպայի անվտանգության մտահոգությունները՝ ռուսական ագրեսիայի և ԱՄՆ-ի աճող անտարբերության պայմաններում»։ Եվրամիությունն անցկացնում է իր առաջին գագաթնաժողովը Հայաստանի հետ, որը ցանկանում է միանալ դաշինքին, նույնիսկ այն դեպքում, երբ ներկայում Մոսկվայի գլխավորած մաքսային միության մաս է կազմում։ Պուտինը զգուշացրել է Փաշինյանին, որ ՀՀ-ն չի կարող լինել երկուսում էլ։ Գագաթնաժողովը կարող է կարճատև լինել: Սակայն Կովկասի համար մրցակցությունը կտևի տարիներ շարունակ։ Euobserver-ն ընդգծում է, որ ԵՄ-ՀՀ գագաթնաժողովի ֆոնին և Հայաստանում վերջին սերնդի ամենահետևանքային խորհրդարանական ընտրություններից 6 շաբաթ առաջ ԵՄ-ն կիրառում է իր բոլոր գործիքները և դրանցից յուրաքանչյուրն ուղղում է սխալ թիրախի: Հայաստանում տեղակայված ԵՄ հիբրիդային արագ արձագանքման խումբն անկախ մոնիթորինգային մարմին չէ: Դրա պաշտոնական մանդատը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակին խորհրդատվություն տրամադրելն է:

Հայաստանի ընդդիմությունը և շատ անկախ դիտորդներ այս աջակցությունը բնութագրել են որպես «կանաչ լույս» ընտրությունների մանիպուլյացիաների համար՝ եվրոպական լեգիտիմություն շնորհելով այն կառավարությանը, որը ոչինչ չի արել դա վաստակելու համար: Ըստ աղբյուրի՝ ԵՄ-ն պետք է վերաուղղորդի իր մոնիթորինգի ռեսուրսները վարչապետի գրասենյակից դուրս և ուղղորդի դեպի իսկապես անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և ընդդիմության հետ կապված դիտորդական խմբեր։

Երկրորդ՝ Բրյուսելը պետք է հրապարակային հստակ հայտարարություն անի, որ Ընտրական օրենսգրքում վերջին րոպեին արված փոփոխությունները, որոնք նախատեսված են իշխող կուսակցությանն ընդլայնված լիազորություններ տալու համար, անհամատեղելի են այն ժողովրդավարական չափանիշների հետ, որոնք Հայաստանը պարտավորվել է պահպանել։

Երրորդ՝ ԵՄ-ն պետք է հստակեցնի, թե ինչ է միշտ ենթադրել իր գործընկերային պայմանականությունը. քաղաքական հակառակորդներին բանտարկելն՝ ընտրություններին նրանց մասնակցությունը կանխելու համար, և պետական ռեսուրսները երկրի գլխավոր կրոնական հաստատության դեմ ուղղորդելը եվրոպական ինտեգրման հետ համատեղելի վարքագծեր չեն։

ԵՄ-ն օգնեց Հայաստանին բացել դուռը դեպի Եվրոպա։ Դա կլիներ մի տեսակ ողբերգություն, եթե եվրոպական ֆինանսավորումը և ինստիտուցիոնալ աջակցությունը թույլ տային Փաշինյանին փակել այն։

Մոսկվան չի մոռանա․ մինչ Երևանը հյուրընկալում է Կիևից «սիրելի հյուրին», ՌԴ-ն եզրակացություններ կանի․ ռուսական մամուլի ամփոփում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ այցելել է Երևան: Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմական օգնությունը և Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների կարգավիճակը: Ավելին՝ Զելենսկին Սթարմերի միջոցով իր երախտագիտությունն է հայտնել Չարլզ III թագավորին՝ անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում իր ելույթի ժամանակ Ուկրաինային օգնելու անհրաժեշտության մասին արված դիտողությունների համար․ գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հայաստան այցի նախօրեին Ուկրաինայի նախագահը հանդիպումների համար ուրվագծել է երեք հիմնական նպատակ՝ պատերազմի արժանապատիվ ավարտը, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի օգնության արագացումը և Ուկրաինայի օդային պաշտպանության համակարգի ամրապնդումը։

РИА Новости-ն ընդգծել է՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի նշել Բրյուսելի կողմից Ուկրաինային ավանդական աջակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական հանձնաժողովի ութերորդ գագաթնաժողովի օրակարգի գերակա խնդիրների շարքում։

«Մենք կքննարկենք եվրոպական համագործակցությունը, մասնավորապես երեք ոլորտներում։ Առաջինը էներգետիկան է… Երկրորդը, որտեղ մեզ անհրաժեշտ է ավելի շատ եվրոպական անկախություն, պաշտպանությունն ու անվտանգությունն են… Եվ երրորդ տարրը հուսալի մատակարարման շղթաներն են», – նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

EADaily-ին մեջբերել է ուկրաինացի լրագրող և հեռուստահաղորդավարուհի Դիանա Պանչենկոյի գրառումն իր տելեգրամյան ալիքում։ Մասնավորապես, լրագրողը համարում է, որ ԵՄ առաջնորդներն ընտրություններից առաջ ժամանել են Հայաստանի մայրաքաղաք՝ Փաշինյանի համար հող նախապատրաստելու, ապա Հայաստանն իրենց շահերի համար օգտագործելու համար: Այնուամենայնիվ, նա ծիծաղելի է համարել այն փաստը, որ Զելենսկին հրավիրվել է միջոցառմանը։ «Զելենսկին կխոսի անվտանգության մասին։ Մինչդեռ Ուկրաինան ավերակների մեջ է, անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են թռչում գլխավերևում, տղամարդկանց առևանգում են իրենց տներից։ 2 միլիոն տղամարդ փախուստի մեջ է։ Ամբողջ աշխարհը խոսում է Զելենսկիի և նրա մերձավորների կողմից միլիարդներ յուրացնելու մասին։ Մինչդեռ ԵՄ առաջնորդները նրան հերոս կներկայացնեն», – գրել է լրագրողը։

Свободная Пресса-ն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Բրյուսելից ընտրական բոնուս ստանալ՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի տեսքով։ Այս միջոցառումն այդքան թունավոր չէր լինի, եթե Զելենսկու ներկայությունը չլիներ, որն ամբողջությամբ փոխում է միջոցառման իմաստը։

«ՀՀ ապագան» քննարկելու փոխարեն՝ ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա Ուկրաինայի զինված ուժերի համար նոր խրամատներ խնդրելու վրա։ Կայքը հայ ընտրողներին հիշեցրել է, որ Զելենսկին վերջերս հանդիպել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին և բացահայտորեն հիացել ղարաբաղյան հարցի «ուժային լուծմամբ»։

NEWS.ru-ի հետ զրույցում Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովն այն կարծիքն է հայտնել, որ Եվրամիությունը ցանկանում է իր ուժը ցույց տալ Միացյալ Նահանգներին Հայաստանում գագաթնաժողովի միջոցով, որտեղ կքննարկվի Ուկրաինան։ Նրա խոսքով՝ այսպես են եվրոպացի քաղաքական գործիչները ձգտում ընդլայնել իրենց ազդեցության ոլորտը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ներկայությունը միջոցառմանը ևս մեկ անգամ ցույց է տալիս նրա համերաշխությունը Եվրամիության հետ․ բացատրել է պատգամավորը։ Նովիկովը եզրափակել է, որ Զելենսկին ակնկալում է շարունակել քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն ստանալ ԵՄ երկրներից։

Московский Комсомолец-ն ընդգծել է՝ Զելենսկիի ժամանումը Հայաստանի մայրաքաղաք ավելին է, քան պարզապես դիվանագիտական արարողակարգ։ Ռազմական և քաղաքական հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը համարում է, որ սա պաշտոնական Երևանի կողմից ևս մեկ ցուցադրական քայլ է, որը հաստատում է եվրասիական ինտեգրման իրողություններից վերջնական խզման ուղղությունը։ «Եվրոպական քաղաքական հանրության՝ կազմակերպության, որն էապես «հակառուսական ակումբ» է՝ գագաթնաժողովի անցկացումը մի երկրում, որը պաշտոնապես մնում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, ապտակ է մեր համատեղ պայմանավորվածություններին», – նշել է է Անդրեյ Կլինցևիչը։

Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը, կարծես, որոշել է ամբողջությամբ փոխել իր առաջնահերթությունները՝ հենվելով արևմտյան երաշխիքների վրա, որոնք կրիտիկական պահին կարող են պարզունակ թղթի վրա խոստումներ լինել։ «Եվ մինչ Երևանը հյուրընկալում է Կիևից «սիրելի հյուրի», մենք պետք է համապատասխան եզրակացություններ անենք», – նշում է քաղաքագետը։

Մասնագետը առաջարկում է հետևել զարգացումներին՝ նշելով, որ եզրակացությունները խիստ կլինեն։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կստորագրի Հայաստանի էներգետիկ ոլորտի «վերացման» մասին համաձայնագիր․ ԶԼՄ-ներ

Երևանում կստորագրվի Հայաստանի էներգետիկ ոլորտի «վերացման» մասին համաձայնագիր. իր Telegram ալիքում գրել է ուկրաինացի լրագրող և հեռուստահաղորդավարուհի Դիանա Պանչենկոն։

Ըստ նրա՝ համաձայնագրի նախագծում, որ կողմերը նախատեսում են ստորագրել մայիսի 5-ին Երևանում, ասվում է. «ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ջանքերը՝ էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ապահովելու համար։ ԵՄ-ն կօգնի Հայաստանին հայկական ատոմակայանը շահագործումից հանելու հարցում». գրում է eadaily.com-ը։

ԵՄ անունից համաձայնագիրը կստորագրի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Լրագրողը հիշեցնում է, որ երկու ամիս առաջ՝ 2026 թվականի մարտի 10-ին, Փարիզում կայացած Ատոմային էներգիայի գագաթնաժողովում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բացահայտորեն հայտարարել է, որ ատոմային էներգիայի ԵՄ բաժնեմասի կրճատումը ռազմավարական սխալ է։ Այնուհետև նա հայտարարել է միջուկային տեխնոլոգիաների աջակցության նոր միջոցառումների մասին, այդ թվում՝ 200 միլիոն եվրո երաշխիքների մասին։

Այնուհետև նա մեջբերում է ԵՄ «առաջարկությունների» ժամանակագրությունը:

«Սկզբում Հայաստանին ասվեց հրաժարվել «կոնյակ» բառից: Հետո Հայաստանին ասվեց հրաժարվել Արցախից: Հիմա Հայաստանին ասվում է հրաժարվել միջուկային էներգիայից: Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասում է, որ դա սխալ է, բայց Հայաստանը դրա մասին մտածելու կարիք չունի: Եվ ոչ ոք չի մտածում ամբողջ երկրի էներգետիկ ոլորտի հրապարակային ոչնչացման մասին», – գրում է Պանչենկոն:

 

ԻՀՊԿ-ն հրապարակել է Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկողության քարտեզը

Հորմուզի նեղուցում Իրանի ԶՈՒ վերահսկողության և կառավարման ներքո գտնվող նոր գոտի է ստեղծվել։

ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) հայտնել է, որ տվյալ գոտին հարավից սահմանափակված է Իրանի Կուհ-ե Մոբարակ լեռան և ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքի հարավային մասի միջև եղած գծով, իսկ արևմուտքից՝ Իրանի Ղեշմ կղզու ծայրակետի և ԱՄԷ-ի Ումմ ալ-Քուվեյն տարածքի միջև եղած գծով:

 

 

Զելենսկին Հայաստանին ու Ադրբեջանին երկարատև խաղաղություն է մաղթել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մաղթել է Հայաստանին ու Ադրբեջանին երկարատև խաղաղություն։ Նա այս հայտարարությունն արել է Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում։

«Մենք մաղթում ենք վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, ինչպես նաև ձեր երկրներին համապարփակ և երկարատև խաղաղություն»,- նշել է Զելենսկին։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիրը Եվրոպայում խաղաղության պատմություն է, որը պետք է նշվի․ Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ի էջում գրառում է կատարել՝ նշելով․ «ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում իսկապես պատմական է։

Առաջին անգամ մենք հանդիպում ենք այստեղ՝ Հարավային Կովկասում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը Եվրոպայում խաղաղության պատմություն է, որը պետք է նշվի»։

Եվրոպական համայնքը վերջին տարիներին 3 մեծ դաս է քաղել․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Երևանում

Վերջին տարիներին եթե եվրոպական համայնքը մեկ մեծ դաս է քաղել՝ խոցելի ենք, երբ ունենք չափազանց շատ կախվածություն․ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Ցավալի գործընթաց էր այդ կախվածությունների մասին իմանալը։ Առաջինը՝ ներմուծված հանքահումքային վառելիքից։ ԵՄ ներքին շուկայի պարագայում արգելակող գործոն է եղել և այսօր Մերձավոր Արևելքի հակամարտության պայմաններում դա մեզ համար դարձել է փակուղային խնդիր։ Համաշխարհային էներգակիրների գների տատանվողականությունը ցավալի վնաս է պատճառում մեր մրցունակությանը։ Բայց մենք ունենք նաև ակտիվներ՝ ԵՄ ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի՝ վերականգնվող էներգետիկայի տեսքով։ Պետք է մեր էներգետիկ կախվածությունը շատ ավելի հուսալի ու ամուր կապենք ներքին արտադրության ավելի էժան ու կանխատեսելի էներգիայի աղբյուրների հետ»,–ասել է նա՝ հավելելով, որ պետք է «էլեկտրականացնել ԵՄ-ն», որպեսզի ապահովվի դրա անկախությունը։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ երկրորդ մարտահրավերն անվտանգությունն է և  պաշտպանությունը։ «Վերջին 4 տարիներին եթե մեկ նոր բան գիտակցեցինք, դա այն է, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել։ Հենց այս պատճառով էլ 800 մլրդ եվրո ենք հավաքագրելու մինչև 2030 թվականը՝ այս ոլորտներում մեր բացերը լրացնելու համար, որ ավելի անկախ լինենք այս ուղղությամբ և կարողանանք կանխարգելման համակարգեր ունենալ»,-ասել է եվրոպացի պաշտոնյան։

Նա նշել է, որ խոսելով Եվրոպայի անկախության մասին՝ նկատի չունի դեպի ներս հայացքը։

«Հակառակը՝ դեպի դուրս, աշխատանք համախոհ գործընկերների հետ և այստեղ էլ խորհրդանշական հանգամանք կա, քանի որ  մեզ պետք են կայուն, հուսալի մատակարարման շղթաներ։ Դրանք մեզ պետք են գործընկերներից, ուստի դուք ականատես եք եղել, թե ինչպես ենք մենք ինտենսիվացրել ազատ առևտրի համաձայնագրերի ցանցը Լատինական Ամերիկայից մինչև Հնդկաստան։

 

 

Եկեք ազնիվ լինենք՝ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, քանի որ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ․ Մակրոն

Եկեք ազնիվ լինենք՝ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է․ այսօր Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«8 տարի առաջ այս սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից այս երկիրը (Հայաստանը-Խմբ․) դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, և Նիկոլը (Փաշինյան-Խմբ․) կազմակերպեց «Թավշյա հեղափոխություն», և այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը և շահեց դրա արդյունքում։ Այն որոշեց, որ խաղաղությունը և Եվրոպան առաջնային ձգտումն են»,- նշեց Մակրոնը։

 

ՀՀ-ն և Ադրբեջանը արդեն տեսնում ենք այդ խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին միացել է տեսակապով ու տեղեկացրել, որ առաջարկել է 2028-ի հավաքն անցկացնել Բաքվում։

«Հայաստանն աջակցեց այդ նախաձեռնությանը»,- ասել է Ալիևն ու ընդգծել, որ արդեն 9 ամի է Հայաստանն ու Ադրբեջանը սովորում են ապրել խաղաղության մեջ։

«Մենք նախաստորագրեցինք Խաղաղության պայմանագրի տեքստը և մեզ համար խաղաղությունն արդեն իրողություն է»,-ասել է Ալիևն ու հավելել, որ դրանից հետո Ադրբեջանի տարածքով հազարավոր տոննաներով բեռներ, այդ թվում՝ նավթամթերք է արտահանվել Հայաստան։

Ալիևի խոսքով՝ «Թրամփի ուղին» անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան՝ դառնալով «Միջին միջանցքի» մաս։

«ՀՀ-ն և Ադրբեջանը արդեն տեսնում ենք այդ խաղաղության պրակտիկ օգուտները»,–ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ի վերջին բանաձևերին ու կառույցին մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու համար։ Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը 5 տարում Ադրբեջանի դեմ 14 բանաձև է ընդունել, ինչը «սևեռում» է ցույց տալիս։

Վերջում Ալիևը շնորհավորել է Փաշինյանին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու կապակցությամբ։