Մաքուր պոեզիա. Ինտերը Մխիթարյանի փոխանցման մասին գրառում է արել

Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ անդրադարձել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ հրապարակելով նրա մասնակցությամբ խաղային դրվագ․ գրում է ArmSport-ը։

«Տեղադրված տեսանյութում երևում է հայ ֆուտբոլիստի՝ խաղադաշտի կենտրոնից կատարած հեռահար և ոսկերչական ճշգրտությամբ փոխանցումը:

Միլանյան ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութին կից արել է ընդամենը մեկ կարճ գրառում․ «Մաքուր պոեզիա» (Pura poesia)»,- գրում է կայքը։

 

Ալիևի օգնականը մեկնաբանել է Ստեփանակերտի մայր եկեղեցու ոչնչացումը

Այսօր՝ մայիսի 1-ին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եղել է Ստեփանակերտում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խոսել է նաև Արցախի մայրաքաղաքի՝ հողին հավասարեցված մայր եկեղեցուց ու նշել, որ Հայաստանի տարբեր շրջանակներից հնչող դիրքորոշումները, կապված քաղաքի «վերականգնման հետ», սադրիչ են և սխալ։

«Այժմ վերականգնման և վերակառուցման լայնածավալ աշխատանքներ են կատարվում։ Եվ ապօրինի կառուցված որոշ շինությունների մասով կայացվում են համապատասխան որոշումներ»,- հայկական հետքի ոչնչացումն այսպես է մեկնաբանել Հեքմեթ Հաջիևը։

 

ԻՀՊԿ 14 զինծառայող է զոհվել չպայթած ռումբեր վնասազերծելիս

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 14 զինծառայող է զոհվել ռումբերի վնասազերծման ժամանակ․ գրում են իրանական ԶԼՄ-ները։

Դեպքը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններից մեկում։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կա նաև 2 տուժած։

 

Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմաբազաները շարքից դուրս են եկել․ CNN

CNN հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին ու հետաքննությանը, հայտնել է, որ Իրանի հարվածների հետևանքով՝ ամերիկյան առնվազն 16 ռազմաբազա շարքից դուրս է եկել՝ դառնալով շահագործման համար ոչ պիտանի։ «Այդպիսով, ԱՄՆ-ի՝ Պարսից ծոցում ունեցած ռազմաբազաների մեծ մասը, փաստորեն, խոցվել է»,- հայտնել է հեռուստաալիքը։

Աղբյուրը հայտնել է նաև, որ «Al Udeid Air Base» բազան, որ կարող է վերահսկել 21 երկրի օդային տարածք, հրթիռակոծվել է կրկնակի։

Թեհրանի առաջնահերթությունը պատերազմի ավարտն է, իսկ ամերիկացիների գործողությունները խաթարում են վստահությունը․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ բանակցային գործընթացում Թեհրանը մտադիր է կենտրոնանալ տարածաշրջանային հակամարտությունների դադարեցման վրա՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը շարունակում է լուրջ չվերաբերվել միջուկային գործարքին և պատժամիջոցների վերացմանը․ հաղորդում է IRNA-ն։

Բաղային նաև նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բնութագրվում են «կասկածի ծայրահեղ աստիճանով»: Նրա պնդմամբ՝ հիմնական խնդիրը մնում է ամերիկյան կողմի մոտեցումը։

«ԱՄՆ-ի հետ կապված խնդիրն այն է, որ նրանք բանակցությունների ընթացքում ծայրահեղ պահանջներ են ներկայացնում, բայց չեն սովորում անցյալի իրենց սխալներից: Մենք տեսնում ենք թշնամական գործողությունների շարունակություն՝ պատժամիջոցների ավելացում և ռազմական էսկալացիա, ինչը կասկածի տակ է դնում նրանց մտադրությունների անկեղծությունը», – ասել է նա:

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է երկուստեք հարաբերություններում. ԵՄ

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը կողմերի հարաբերություններում նշանակալի առաջընթաց կտա՝ հաստատելով Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, կայունությանը և բարեփոխումների օրակարգին․ ասված է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կայքէջում հրապարակված հայտարարությունում։

«Գագաթնաժողովին կմասնակցեն Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան՝ ներկայացնելով Եվրոպական միությունը, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնակցելու է նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։

Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում գրանցված վերջին առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, փոխկապակցվածության և անվտանգության ոլորտներում։ Նրանք նաև կքննարկեն Հարավային Կովկասում կայունության և կայուն զարգացման ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգում կլինեն տարածաշրջանային և գլոբալ զարգացումներ, ներառյալ Ուկրաինան և Մերձավոր Արևելքը։

Կողմերը նաև կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։

 

Հիմա մենք Հյուսիսային Կորեա՞ ենք գնում, թե՞ Եվրոպա. Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները` կետերով

ABC Media-ն առանձնացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ «Մեծ քաղաքականություն» փոդքասթից մի շարք ուշագրավ կետեր:

  • Ադրբեջանի գործողությունները կապված են այն հանգամանքի հետ, որ իրենք հաստատ գիտեն, որ այս իշխանությունները չեն արձագանքելու:
  • Եթե խաղաղությունը որևէ մեկ կողմին է պետք, ապա դա խաղաղություն չէ. միակողմանի խաղաղություն չի լինում:
  • Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի շահերը աղերս չունեն ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերի հետ: Ինքն ամեն ինչ անելու է ժողովրդին համոզելու համար, որ շանս չունի, ռեսուրս չունի: Այդ դեպքում հարց է առաջանում՝ բա էդ 8 միլիարդը որ վերցրել ես, ո՞ւր է գնացել:
  • Եթե տգետ չես ու տհաս չես, ընդամենը ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթերին ծանոթ լինելով կհասկանաս, որ եկեղեցու ոչնչացումը վանդալիզմ է համարվում… սա տարածքի հետ կապ չունի:
  • Ինձ համար պարզ էր, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան միշտ կապելու է Ադրբեջանի հետ հարաբերություններին: Իմ տպավորությամբ՝ Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է:
  • Ես շահագրգռված եմ եղել մեկ բանի մեջ՝ չանել որևէ քայլ, որը Թուրքիային և Ադրբեջանին ավելի կմոտեցնի իրար, և դա հաջողվում էր:
  • Ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ 2018-2020 թվականներին ՀՀ իշխանությունները ծայրահեղ հայտարարություններ էին անում նաև Թուրքիայի դեմ:
  • Հիմա մենք Հյուսիսային Կորեա՞ ենք գնում, թե՞ Եվրոպա ենք գնում. մի հատ կողմնորոշվեք: Իսկապես պետք է կողմնորոշվել:

Քերոլայն Քոքսը Բաքվում պահվող հայ գերիների հարցով եվրոպական ընտանիքին բաց նամակ է հղել

Բարոնուհի Քերոլայն Քոքոսը Հայաստանում եվրոպական ընտանիքի գագաթաժողովի նախօրյակին բաց նամակ է գրել, ինչը հրապարակել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Նամակում Քոքսը միջազգային հանրության ուշադրությունը սևեեռել երկու կարևոր հանգամանքների վրա։

Բաքվում հալածվող հայ քաղաքական բանտարկյալներ, պահվող անձինք,
Հայաստանում իշխանության հակասահմանադրական արշավն՝ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու»,- ասված է նամակում։

Տեղահանված արցախցիների 80 %-ը բնակվում է վարձով, աղքատության ու գործազրկության մակարդակն էլ 70 % է․ Արտակ Բեգլարյան

Մտահոգիչ թվեր՝ Արցախից տեղահանվածների աղքատության և գործազրկության վերաբերյալ․

Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը մի քանի ցավալի ցուցանիշ՝ Մայր Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին․ գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Աղքատության մակարդակը բռնի տեղահանվածների շրջանում, խիստ մոտավոր հաշվարկներով, շուրջ 70% է, ինչը մոտ երեք անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (մոտ 23%):

Գործազրկության մակարդակը աշխատունակ արցախցիների շրջանում մոտ 70% է, ինչը մոտ հինգ անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (14%):

Աշխատող արցախցիների միջին աշխատավարձը, 2024թ. տվյալներով, մոտ 40% ցածր էր ՀՀ միջին աշխատավարձից (թարմ տվյալ չունեմ, բայց դժվար թե էականորեն տարբերվի):

Տեղահանված արցախցիների շուրջ 80%-ը դեռևս չունի սեփական բնակարանը (տունը) և ապրում է գլխավորապես վարձով, ինչը նշանակում է, որ այդ ընտանիքների սպառողական զամբյուղի չափը պաշտոնական միջինից ավելին է:

Եվ այս իրավիճակն ունենք ՀՀ իշխանությունների ձախողված սոցիալական, զբաղվածության ու բնակարանային ծրագրերի պատճառով: Իսկ իրենք ներսում ու դրսում կուրծք են ծեծում, թե իբր ինքնուրույն հաղթահարել են «փախստականների մարդասիրական ճգնաժամը» և մի հատ էլ մատ թափ տալիս մեզ վրա, երբ մատնացույց ենք անում հիմնախնդիրները: Շուտով նման մի գովերգության «հրավառություն» ենք տեսնելու նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում՝ «խաղաղության» ու «մարդասիրական ճգնաժամի հաղթահարման» ծխածածկույթների տակ քողարկելով Արցախի ժողովրդի արյունահոսող վերքերը:

Եթե զուսպ ու բազմաչարչար արցախցիները չեն լացում, դա դեռ չի նշանակում, թե նրանց սոցիալական վիճակը բարվոք է: Ընդ որում, հաճախակի նույնիսկ Հայաստանի սովորական բնակիչներն են մտածում, թե լուծված են արցախցիների սոցիալական խնդիրները, այնինչ իրականությունը ցավալիորեն ու կտրականապես տարբերվում է այդ քարոզչական առասպելից:

Շնորհավո՛ր աշխատողների օրը. տարոսը՝ գործազուրկներին»,- նշել է նա

 

OZON-ի Հայաստանի ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է վաճառքի հետ կապված խնդիրները

Ռուսաստան ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման պահանջների փոփոխությունների հետևանքով առաջացել են ժամանակավոր դժվարություններ Հայաստանից ապրանքների առաքման գործընթացում. OZON-ում վաճառքի հետկապված խպնդիրները մեկնաբանել է ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Հայկ Կարապետյանը։

«Առաքման ուշացումների պատճառով պատվերների չեղարկումներից խուսափելու նպատակով մենք ժամանակավորապես սահմանափակել ենք այդ ապրանքների տեսանելիությունը ՌԴ հաճախորդների համար։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Ozon-ի պահեստներում գտնվող հայաստանյան ձեռնարկատերերի բոլոր ապրանքները շարունակում են վաճառվել առանց սահմանափակումների։

Հայաստանի ներսում նույնպես վաճառքը շարունակվում է ամբողջ ծավալով. հաճախորդները տեսնում են բոլոր ապրանքները և, ինչպես միշտ, կարող են պատվիրել ցանկացած ապրանք տեղական վաճառողներից։

Մենք արդեն աշխատում ենք մատակարարման շղթաների վերականգնման ուղղությամբ և նախատեսում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել ժամանակավորապես անհասանելի ապրանքների հասանելիությունը»,- նշել է նա։