OZON-ի Հայաստանի ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է վաճառքի հետ կապված խնդիրները

Ռուսաստան ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման պահանջների փոփոխությունների հետևանքով առաջացել են ժամանակավոր դժվարություններ Հայաստանից ապրանքների առաքման գործընթացում. OZON-ում վաճառքի հետկապված խպնդիրները մեկնաբանել է ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Հայկ Կարապետյանը։

«Առաքման ուշացումների պատճառով պատվերների չեղարկումներից խուսափելու նպատակով մենք ժամանակավորապես սահմանափակել ենք այդ ապրանքների տեսանելիությունը ՌԴ հաճախորդների համար։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Ozon-ի պահեստներում գտնվող հայաստանյան ձեռնարկատերերի բոլոր ապրանքները շարունակում են վաճառվել առանց սահմանափակումների։

Հայաստանի ներսում նույնպես վաճառքը շարունակվում է ամբողջ ծավալով. հաճախորդները տեսնում են բոլոր ապրանքները և, ինչպես միշտ, կարող են պատվիրել ցանկացած ապրանք տեղական վաճառողներից։

Մենք արդեն աշխատում ենք մատակարարման շղթաների վերականգնման ուղղությամբ և նախատեսում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել ժամանակավորապես անհասանելի ապրանքների հասանելիությունը»,- նշել է նա։

 

Ահազանգից հետո նախարարության աշխատակիցներն այցելել են «Հույսի օջախ» կենտրոն

Ի պատասխան «Հույսի օջախ» կենտրոնում բնակվող անձանց խնամքի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ մամուլի հրապարակումների՝ հայտնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործում են բացառապես պետական խնամքի հաստատությունները․ հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

«Նշված կենտրոնը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից, սակայն գտնվում է Միասնական սոցիալական ծառայության ուշադրության ներքո։

Կենտրոնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգից հետո ՄՍԾ աշխատակիցներն իրականացրել են այց, տեղում ծանոթացել պայմաններին, կապ հաստատել շահառուների հարազատների հետ։ Ներկայում ևս իրականացվում են մշտադիտարկման այցեր․ նոր ահազանգեր չեն ստացվել։ Նշենք, որ գործող կարգավորումներով խնամքի կենտրոնների պարտադիր հավաստագրումը վերաբերում է միայն պետական ֆինանսավորմամբ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, սակայն որդեգրվել է նոր մոտեցում, համաձայն որի՝ խնամք տրամադրող բոլոր կազմակերպություններն առաջիկայում պետք է պարտադիր հավաստագրված լինեն։ Այս նպատակով ԱՍՀ նախարարության կողմից մշակվում են խնամքի նվազագույն չափորոշիչներ, որոնք գտնվում են ավարտական փուլում։ Դրանց ուժի մեջ մտնելուց հետո կիրականացվի հավաստագրման գործընթացը»,- մանրամասնել է նա։

 

Պետք է ապահովել միջազգային մոնիթորինգ ու փաստագրում իրականացնող փորձագետների մուտքն Արցախ․ հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն իր խորին երախտագիտությունն է հայտնում Եվրոպական խորհրդարանին՝ 2026 թվականի ապրիլի 30-ին ընդունված բանաձևի համար, որով բարձրաձայնվում է Արցախի հայկական քրիստոնեական մշակութային, հոգևոր և պատմական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը. Ասված է խորհրդի տարածած հաղորդագրությունում։

«Խորհուրդը կարևոր է համարում, որ բանաձևում անդրադարձ է կատարվել հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանատների և այլ սրբավայրերի ոչնչացման, պղծման կամ ինքնության խեղաթյուրման վտանգին՝ ընդգծելով, որ այդ ժառանգությունը համամարդկային արժեք է։

Նշվում է նաև, որ անհրաժեշտ է ապահովել միջազգային մոնիթորինգ, փաստագրում և վերահսկողություն, ինչպես նաև միջազգային փորձագետների ազատ մուտք դեպի Արցախի մշակութային վայրեր։

Խորհուրդը կոչ է անում ԵՄ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին և այլ կառույցներին անհապաղ քայլեր ձեռնարկել, ընդգծելով, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը անբաժանելի է նրանց հոգևոր և մշակութային ժառանգությունից»,- նշված է հաղորդագրությունում։

Մեր վարչապետը 3-րդ անգամ պետք է նույն մարդը չլինի․ Նարեկ Կարապետյանի ասուլիսը՝ կետերով

Վստահ եղեք, եթե այդպիսի բան լիներ, իշխանությունները դա կօգտագործեին 50 անգամ ավելի ուժեղ ձևով․ այսօր Արտաշատի գործարաններից մեկում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրակաշառք բաժանելու մեղադրանքների մասին հարցին։

Ներկայացնում ենք նրա ասուլիսի կարևոր հայտարարությունները՝ կետերով․

  • ՀՀ վարչապետը 3-րդ անգամ պետք է նույն մարդը չլինի։
  • Կանանց կալանավորելով, անմեղ մարդկանց ձերբակալելով, քահանաներ ու սրբազաններ ձերբակալելո՞վ է այս իշխանությունը մի քայլ մոտեցել եվրոպական արժեքներին։ Մեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես իրենք չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում։
  • ՀՀ այսօրվա իշխանությունները խոսում են սիրուն, գործում են գեշ։
  • Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց պիտի թույլ չտանք, որ թուրքական գյուղմթերքը գա ու «ոչնչացնի» հայ գյուղացուն։
  • Ընկերություն կա՝ Կիպրոսում ենք գրանցել, որ մի օր մեկը չզարթնի ու որոշի բիզնեսմենին ունեզրկել։
  • Աշխարհի պատմության մեջ անթիվ են այն լիդերները, որոնց թվացել է, թե իրենք կարող են ժողովրդի կամքին հակառակ իշխանություն պահել։ Ես չեմ կարծում, որ այս ընտրությունը կեղծվելու է, ես կարծում եմ, որ անցնելու է նորմալ ընտրություն, և ամեն քաղաքացու ձայնը կարևոր է։
  • Զելենսկիի այցի մասով՝ կարծում եմ՝ պետք չէ սրել կապերը հյուսիսային գործընկերոջ հետ։

 

Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380 000 դոլար․ « Ազատություն»

Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն բարձրաձայնում ո’չ կառավարությունը, ո’չ էլ ՀԷՑ-ի սեփականատերերը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380 000 դոլար։

«Ազատություն» ռադիոկայանը գրավոր դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով հայտնել՝ իրենց կողմից ի՞նչ գնառաջարկ է ներկայացվել ՀԷՑ-ի բաժնետոմսերի դիմաց, ի՞նչ բանաձևի հիման վրա է որոշվել այդ գինը, որքա՞ն է կազմում ՀԷՑ-ի շուկայական արժեքը։ Ի պատասխան՝ նախարարությունից նշել են, որ ՀԷՑ-ը տասնյամյակներ առաջ եղել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում՝ անպատասխան թողնելով մյուս հարցերը։ Հետագայում ՏԿԵՆ-ից հաղորդեցին, որ «քննարկումներ են ընթանում ու հավելյալ տեղեկատվություն այդ մասով հաղորդել չեն կարող»։ Այնինչ գնառաջարկի շուրջ քննարկումներն այս փուլում ավարտվել են փետրվարի 17-ին, երբ ՏԿԵՆ նախարարը ԴԽ/21.1/5614-2026 գրությամբ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնման համար առաջարկել է 23.3 մլրդ դրամ, պայմանով, որ ՀԷՑ-ի սեփականատերը ՀԷՑ-ին պիտի վերադարձնի 23 մլրդ 158 միլիոնը։

«Ազատություն»-ը նաև գրավոր դիմել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, խնդրելով հայտնել, թե որքա՞ն է ընկերության շուկայական արժեքը, ինչ մեթոդով է փոխհատուցումը հաշվարկվել։ Ընկերությունից հարցմանը չեն արձագանքել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380 000 դոլար․ « Ազատություն»

Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն բարձրաձայնում ո’չ կառավարությունը, ո’չ էլ ՀԷՑ-ի սեփականատերերը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380 000 դոլար։

«Ազատություն» ռադիոկայանը գրավոր դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով հայտնել՝ իրենց կողմից ի՞նչ գնառաջարկ է ներկայացվել ՀԷՑ-ի բաժնետոմսերի դիմաց, ի՞նչ բանաձևի հիման վրա է որոշվել այդ գինը, որքա՞ն է կազմում ՀԷՑ-ի շուկայական արժեքը։ Ի պատասխան՝ նախարարությունից նշել են, որ ՀԷՑ-ը տասնյամյակներ առաջ եղել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում՝ անպատասխան թողնելով մյուս հարցերը։ Հետագայում ՏԿԵՆ-ից հաղորդեցին, որ «քննարկումներ են ընթանում ու հավելյալ տեղեկատվություն այդ մասով հաղորդել չեն կարող»։ Այնինչ գնառաջարկի շուրջ քննարկումներն այս փուլում ավարտվել են փետրվարի 17-ին, երբ ՏԿԵՆ նախարարը ԴԽ/21.1/5614-2026 գրությամբ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնման համար առաջարկել է 23.3 մլրդ դրամ, պայմանով, որ ՀԷՑ-ի սեփականատերը ՀԷՑ-ին պիտի վերադարձնի 23 մլրդ 158 միլիոնը։

«Ազատություն»-ը նաև գրավոր դիմել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, խնդրելով հայտնել, թե որքա՞ն է ընկերության շուկայական արժեքը, ինչ մեթոդով է փոխհատուցումը հաշվարկվել։ Ընկերությունից հարցմանը չեն արձագանքել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ադրբեջանը բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ է հաստատել իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև

Ադրբեջանը շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը․ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ըստ Հաջիևի՝ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ «միշտ առաջնահերթություն է տվել բարիդրացիական և խաղաղ հարաբերություններին բոլոր հարևանների հետ»։

«Այնուամենայնիվ, մենք չկարողացանք լիովին իրականացնել այս առաջնահերթությունը, քանի որ հակամարտության մեջ էինք Հայաստանի հետ։ Սակայն այսօր կարող եմ ասել, որ Ադրբեջանը բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ է հաստատել իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ», – ընդգծել է նա։

Հաջիևը նշել է, որ խաղաղությունը բարդ ու երկարատև գործընթաց է, որը պահանջում է դիվանագիտական ջանքեր։

Ռուսաստանում փոփոխվել են մաքսային կանոնները․ Wildberries-ը պարզաբանում է տարածել

Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ, Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) ներկայացնում է պարզաբանում․ այս մասին ասված է Wildberries-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։

Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր։ Ընկերության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացող հարցերը, լսել հետադարձ առաջարկությունները և շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումները։

Նաև նշենք, որ ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։

Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։

Բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան կողմերի մասնակցությամբ։ Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա և կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ջեյհուն Բայրամովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Երևան-Բաքու խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է տարածաշրջանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը․ գրում է ТАСС-ը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով։

«Հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցությունը երկարաժամկետ է և հիմնված է վստահության վրա, և նշվել է կողմերի միջև մշտական շփումների կարևորությունը։ Քննարկվել է տարածաշրջանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը, և նշվել է Ադրբեջանի կողմից աջակցության կարևորությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանցի նախարարը ԿԽՄԿ նախագահին տեղեկացրել է խաղաղության օրակարգի «առաջխաղացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումների» մասին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունն անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին։

Պավել Տալանկինի «Օսկար»-ը կորել է ԱՄՆ-ից Գերմանիա թռիչքի ժամանակ

Նյու Յորքից Մայնի Ֆրանկֆուրտ թռիչքի ժամանակ կորել է «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմի ստեղծողներից Պավել Տալանկինի «Օսկար» արձանիկը․ գրում է meduza.io-ն։

Ֆիլմը հաղթել էր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

Միջադեպի մասին պատմել է ֆիլմի համահեղինակ Դևիդ Բորենշտեյնը: Նրա խոսքով՝ ապրիլի 29-ին Տալանկինը ժամանել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայան, որտեղից պատրաստվում էր թռչել Գերմանիա:

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել Տալանկինին արձանիկը տանել ձեռքի ուղեբեռում: Նրանք նշել են, որ «Օսկար»-ը կարող է օգտագործվել որպես զենք:

«Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմի ստեղծողները փորձել են հեռախոսով խոսել օդանավակայանի աշխատակիցների հետ, բայց՝ ապարդյուն:

Ի վերջո, նշվել է, որ արձանիկը պետք է դնել ուղեբեռում: Տալանկինն իր հետ ուղեբեռ չի ունեցել, ուստի «Օսկար»-ը դրվել է արկղի մեջ և ուղարկվել Lufthansa-ի այն չվերթով, որով ճանապարհորդում էր ռեժիսորը: Սակայն արկղը չի հասել Ֆրանկֆուրտի օդանավակայան:

Այժմ տարվում են որոնողական աշխատանքներ։