Գյումրիում որոշ փողոցներ փակ կլինեն․ ժամանելու է Մակրոնը

Մայիսի 5֊ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք այցելող բարձրաստիճան պաշտոնյաներով և մեծաթիվ հյուրերով պայմանավորված` քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ հայտնել էն Գյումրիի քաղաքապետարանից։

«Մայիսի 2-ից-5-ը մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայից մինչև Հասմիկ Կիրակոսյան փողոց (նախկինում՝ Սպանդարյան) տանող հատվածները ։

Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները։

​Խնդրում ենք վարորդներին և հետիոտներին նախապես պլանավորել իրենց երթուղիները և ցուցաբերել ըմբռնում»,- ասված է հաղորդագրությունում։

Տարածաշրջանում խաղաղությունն անհնար է, քանի չեն վերականգնվել արցախցու իրավունքները․ հայտարարություն

Արցախ միությունը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը, որոնք առնչվում են վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը և պատանդների ազատ արձակմանը (12-րդ և 13-րդ հոդվածներ), միությունը նման հայտարարություն է տարածել․ հայտնում է միությունը։

«Մենք առանձնացնում ենք հատկապես հետևյալ դրույթները․

  • Վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ՝ նրանց ինքնության, գույքի և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև համապատասխան միջազգային երաշխիքներով անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի նրանց իրավունքը»:
  • Կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մեղավորներին և միջազգային գնահատման առաքելություն կազմակերպել»:
  • Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորների և պատանդների անարդարացի ազատազրկումը. պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատում»:
  • Նկատի է առնում մինչ այժմ ձեռնարկված քայլերը և կոչ է անում հետագա վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել. կոչ է անում լիովին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները:

Արցախ Միությունը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ու խմբակցությունների հետևողական ու սկզբունքային դիրքորոշումը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, որն արտահայտվում է վերջին տարիներին ընդունված բանաձևերում՝ նույնիսկ կառավարությունների դիրքորոշումների կտրուկ փոփոխության պայմաններում։

«Եվրոպական խորհրդարանի բանաձևերը հստակ ուղենիշներ են Եվրոպական Միության և նրա անդամ երկրների գործադիր իշխանությունների համար, որոնք բացարձակապես անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի նեղ ընկալումներից ելնելով:

«Այս բանաձևը կարևոր ազդակ է մեր ժողովրդի համար, որ մենք ամբողջապես մոռացված չենք միջազգային հանրության կողմից և ունենք արժեքահեն բարեկամներ, որոնք շարունակում են աջակցությունը մեր հավաքական ու անհատական իրավունքներին: Հույս ունենք, որ մայիսի 4-5-ը Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան 1-ին գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական Միության և անդամ պետությունների ղեկավարները հաշվի կառնեն ԵԽ վերջին բանաձևը և դրանից բխող գործողություններ ու հայտարարություններ կկատարեն»,-նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը:

Մենք շեշտադրում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու ժողովրդավարական զարգացումն անհնար են, քանի դեռ չեն վերականգնվել ու պաշտպանվել Արցախի ժողովրդի իրավունքները և արմատախիլ չի արվել հայատյացության պետական քաղաքականությունը Ադրբեջանում»,- ասված է հայտարարության մեջ։

 

Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել.  վարորդները հոսպիտալացվել են

Երեկ՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Գագիկ Ա․-ի վարած «Suzuki» մակնիշի և 35-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն»,- նշում է կայքը։

 

Հաջիևը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց տեսանյութ է հրապարակել

Ալիևի օգնականը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց տեսանյութ է հրապարակել․ գրում եմ ադրբեջանական լրատվամիջոցը։

«Եկեղեցին վերականգնվել է բնօրինակ ճարտարապետական ​​ոճին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պաշտպանված, պահպանված և վերականգնված են ազգային օրենսդրությանը համապատասխան»,- սոցցանցի իր էջում նշել է նա։

Տեսանյութն՝ այստեղ։

Նոր փռած ասֆալտը արդեն քանդվել է․ Չախոյան

Նոր փռած ասֆալտը արդեն քանդվել է․ գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Երևանի քաղաքապետարանի հրապարակվող «պուպուշ» ասֆալտ փռելու տեսանյութերի իրականությունը սա է՝ որ կարճ ժամանակ անց նոր փռած ասֆալտը քանդվում է։

Մոտ մեկ ամիս առաջ փռած, բայց արդեն քանդված ասֆալտի նկարները երեկ՝ ժամը 20։21-ին եմ նկարել, և ընդամենը 3 ժամ անց քաղաքացիներից տեղեկացա, որ Գյուրջան փողոցում ասֆալտ են փռում առանց բիտումի։

Սա արդեն ոչ թե պատահականություն է, այլ ավանդույթ է՝ կարևորը արագ-արագ, ձևի համար փոսերը սևացնեն, հետո որ քանդվի, կասեն՝ Պուտինը նորից դիվերսիա է ուղարկել մասիվ, կամ «Գյուլնազ տատիի հեքիաթներով» կփորձեն արդարանալ՝ միայն թե չընդունեն, որ անորակ ասֆալտ են փռում»,- նշել է Չախոյանը։

Իշխանությունն ամեն կերպ խոչընդոտում է արցախցիների՝ բնօրրան վերադառնալու իրավունքը կյանքի կոչելուն․ պատգամավոր

Ի հեճուկս հայաստանյան իշխանության ցանկության՝ նախօրեին Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո․ գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, որոնք տարբեր բանաձևերով և հայտարարություններով աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը և նրանց՝ սեփական բնօրրան վերադարձին, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը։

Դեռ չեմ խոսում գործող կառավարչի՝ ադրբեջանական ոճրագործությունների արդարացման և խայտառակ վարքագծի մասին»,- նշել է պատգամավորը։

 

Ծիծաղելի է, երբ պաշտոնյան հայտարարում է՝ «Վայլդբերիզ»-ում և «Օզոն»-ում սահմանափակումներ մտցրել են ընդդիմադիրները. քաղաքագետ

Առնվազն ծիծաղելի է, երբ պետական պաշտոնյան հայտարարում է, թե «ընդդիմադիր ուժերն» են հայկական արտադրողների համար սահմանափակումներ մտցրել «Վայլդբերիս»-ում և «Օզոն»-ում։ Այսինքն, ընդդիմադիր ուժերն են արել այնպես, որ կիրառվեն այդպիսի սահմաափակումներ․ գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Նշենք, որ նման հայտարարություն էր արել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սա իհարկե ծիծաղելի է մի կողմից, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ է, մի քանի պատճառով: Նախ, հերթական անգամ դրսևորում է, թե սեփական լսարանի ողջախոհության ու մտածելու կարողության հանդեպ ինչպիսի արհամարական և քամահրական վերաբերմունք ունի կառավարող ուժը: Դրանից բացի, սա դրսևորում է, թե իրականում ինչպիսին է այդ կառավարող ուժի աշխատանքի էֆեկտիվությունը: Որովհետև, եթե ընդդիմությունը կարողանում է երկրի գործարարների համար խնդիրներ ստեղծել այլ երկրի խոշոր ընկերությունների համակարգում, ապա դա նշանակում է, որ տվյալ պետությունը ՉՈՒՆԻ աշխատող կառավարություն:

Հակառակ պարագայում, եթե կառավարությունները աշխատում են արդյունավետ և պատասխանատու, աշխատում, են էֆեկտիվ և կոմպետենտ, որևէ ընդդիմություն չի կարող որևէ այլ երկրում խնդիր առաջացնել հայկական տնտեսությա համար: Եվ դա այդպես է գործնականում բոլոր երկրների պարագայում: Այսինքն, Գերմանիայի ընդդիմությունն օրինակ չի կարող Ինդոնեզիայում կամ Նահանգներում խնդիր ստեղծել գերմանական տնտեսվարողի համար, եթե երկիրն ունի կառավարություն՝ աշխատող կառավարություն: Այլ հարց է, որ հենց աշխատող կառավարությունն է իր վատ աշխատանքի և ոչ կոմպետենտության հետևանքով ստեղծում, առաջացնում այդ խնդիրները իր տնտեսվարողի համար:

Եվ մյուսը, այդ «պատճառաբանության» նպատակը նաև մանիպուլյատիվ քարոզչական էֆեկտն է, որպեսզի զանազան տնտեսվարողները, արտադրողները այսպես ասած՝ անբարյացկամ տրամադրվեն ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Սա էլ փաստորեն նշանակում է, որ կառավարող ուժը ոտնահարում է նաև տնտեսվարողների, արտադրողների ողջախոհության կանխավարկածը»,- նշել է նա:

Ինչպե՞ս են մայիսի 5-ին աշխատելու Կենտրոնի՝ ԿԳՄՍ նախարարությանը ենթակա հաստատությունները 

Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար․ հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության»,- փոխանցում են գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

Մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր է։

 

Խոշոր հրդեհ՝ Շիրակի փողոցում․ այրվել է պահեստային տարածք

Երեկ՝ մայիսի 1-ի ուշ երեկոյան, խոշոր հրդեհ էր բռնկվել Երևանի Շիրակի փողոցում։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

«Այնուհետեւ, դեպքի վայր օգնության է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մարվել՝ 04։18-ին։ Այրվել են լամինատ, դռների և հատակի շրիշակներ»,- նշել է կայքը։

Ըստ լրատվամիջոցների՝ այրված շինությունը պահեստային տարածք էր։

 

44-օրյա պատերազմում երկու տղաներին կորցրած կինը նորից որդի է ունեցել

44-օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած կինը նորից որդի է ունեցել․ տեղեկանում ենք «Պտղաբերության Կենտրոն»-ից

«Այս փոքրիկը չի ջնջում ցավը, չի փոխարինում եղբայրներին, բայց նորից շունչ է տվել մի ընտանիքի ևս։ Հպարտ եմ, որ այս պատմության մի փոքր մասն եմ դարձել»,- սոցցանցի իր էջում գրել է կենտրոնի բժիշկներից մեկը։