Աննա Հակոբյանը ծանր է տանում, որ իր դեմ հայցադիմում ենք ներկայացրել․ Դանիել Իոաննիսյան

Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում՝  տիկին Հակոբյանը ծանր է տանում, որ իր դեմ հայցադիմում ենք ներկայացրել․ ABC Media-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, այսօրվա հայտարարությունները «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

 «Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում, որ իրավական դաշտում մտադիր է մեր դեմ պայքարել, դա իր սահմանադրական իրավունքն է։ Ոչ մի կեղծ տեղեկություն չկա, ոչ մի սահմանադրական ու կոնվենցիոն իրավունք չի խախտվել։ Ինձ թվում է, ամենայն հարգանքով տիկին Հակոբյանի նկատմամբ, բայց ինքը կարիք ունի հասկանալու, թե օրինակ խոշտանգված չլինելու իրավունքը, նույնիսկ տեսականորեն, ով կարող է խախտել, իսկ ով, նույնիսկ տեսականորեն, չի կարող խախտել» ,-ասել է Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն այսօր հայտարարել է, թե Իոաննիսյանը խախտել է իր սահմանադրական  իրավունքը, ինչի համար որոշել է դատի տալ Իոաննիսյանին ու «Անկախ դիտորդ» դաշինքին։

Ո՞վ է Կանդազը․ հերոսական պատմություններից մինչև հակասական հրապարակումներ 

Արթուր Ավանեսյանը՝ Կանդազ մականունով հայտնի հետախույզը, իր զինվորական ճանապարհը սկսել է դեռ 90-ականների սկզբին։ Սկզբում նա բոլորովին այլ կերպ է պատկերացրել իր ապագայն․ ուզում էր ֆուտբոլիստ դառնալ և 1986 թվականին հայրենի Մաղավուզ գյուղից մեկնել է Մոսկվա՝ սպորտային ուսումնարանում սովորելու։

Սակայն 1988 թվականի իրադարձությունները փոխում են նրա կյանքի ընթացքը։

«1988 թվականին փողոցում տեսա՝ մարդիկ ցույց էին անում, պաստառների վրա գրված էր «Ղարաբաղ»։ Զարմացա, ասեցի՝ մեր Ղարաբաղի համա՞ր են ցույց անում։ Էդ ժամանակ ես իրականում չէի էլ հասկանում՝ ինչ է կատարվում Արցախում։

1990-ին վերադարձա Հայաստան։ Հայրս ավտոբուսի վարորդ էր, ավտոբուսի վրա կրակել էին։ Չէի հասկանում՝ ինչ է կատարվում, չէի պատկերացնում, որ Սովետական միությունում կարող են նման բաներ լինել։ Սումգայիթ, Բաքվի ջարդեր … ամբողջ աշխարհը խառնվել էր»,- հարցազրույցներից մեկում պատմել էր Ավանեսյանը։

Երբ վերադարձել է հայրենի գյուղ որոշել է միանալ Արցախի ինքնապաշտպանական ուժերին։ Ավանեսյանն ընդգրկվել է Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում, որտեղ էլ սկսել է իր մարտական ճանապարհը։ Խիստ կարգապահությամբ հայտնի այդ ջոկատում ծառայելու ընթացքում Արթուր Ավանեսյանը, ինչպես ինքն էր պատմում, շատ բան է սովորել թե՛ մարտ վարելու, թե՛ հետախուզական աշխատանք իրականացնելու մասին։

Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը իր անվան շուրջ պտտվող պատմությունների մասին հաճախ ասում էր՝ «առանց ծուխ կրակ չի լինում»։

Նա տարիներ շարունակ ծառայել է հետախուզական ստորաբաժանումներում՝ նախ որպես վաշտի հրամանատար, ապա նաև՝ զորամասի հետախուզության պետ։ Այդ ընթացքում, ինչպես ինքն էր նշում, բազմիցս մասնակցել է հետախուզական և դիվերսիոն առաջադրանքների՝ անցնելով հակառակորդի թիկունք։

Առաջին դիվերսիոն գործողությունը Ավանեսյանն իրականացրել է 1997թ․-ին։

Այդ օրերին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ դիրքապահ էր զոհվել։ Հակառակորդին պատժելու համար նա մտել է մոտակա ադրբեջանական գյուղ։

«Եթե շատ ուզեի, ինձ այդ գյուղում գյուղապետ էլ կընտրեին»,– կատակով պատմում էր Կանդազը։

Գյուղ մտնելուց հետո նա ականապատել է գյուղի մոտ գտնվող դիրքը և դուրս եկել։ Ադրբեջանցի դիրքապահները պայթել են այդ ականների վրա։

Հետագայում լեգենդար հետախույզը բազմաթիվ այդպիսի գործողություններ է իրականացրել։

Կանդազ մականունը ստացել է 1992 թվականին՝ Քարագլուխ բարձունքի պաշտպանության ժամանակ։ Նրա պատմելով՝ մարտական իրավիճակում առաջ շարժվելիս օգնականը նրան դիմել է «կանդա՞զ ես» բառով, ինչը թալիշերենում նշանակում է ինքնագլուխ, անկառավարելի մարդ։

Գրեթե բոլորը, ովքեր ծառայել են Արցախի Պաշտպանություն բանակում գոնե մեկ անգամ լսել են Կանդազի մասին պատմություններն ու լեգենդները։

Միևնույն ժամանակ, նրա անունը կապվել է նաև տարբեր վիճահարույց հրապարակումների հետ, որոնք վերաբերում են տարբեր տարիների իրադարձություններին։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով մասնակցելու հայտարարությունից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե նա 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Քոչարյանի հրամանով Արցախից ժամանած ստորաբաժանումների կազմում է եղել։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, գնդապետ-հետախույզ Արթուր Ավանեսյանը անդրադարձել էր Աննա Հակոբյանի՝ դասալիքների մասին հայտարարությանն ու ասել․ «Մեր զինվորները դասալիք չեն, նրանք կռվում էին առյուծի նման, իսկ ձեր ամուսինը թողեց մեր զինվորին անպաշտպան, առանց զենքի»:

Աննա Հակոբյանը որոշել էր անարձագանք չթողնել հետախույզի տեսանյութ-հիշեցումը:

«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած կլիներ անպայման, և, իհարկե, տպավորված կլիներ, դժվար թե մոռանայի։ Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացվածության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանը ուղիղ համեմատական են։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար (լուր) չունի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է՝ ենթադրյալ կաշառքի գործով։

Գերմանացի պահպանողականները ճնշում են գործադրում Ֆոն դեր Լեյենի վրա՝ Բրյուսելի «մեքենան» քանդելու համար․ Politico

Գերմանացի պահպանողականները պատրաստվում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կտրուկ վերջնագիր ներկայացնել` կա՛մ զսպել Բրյուսելի վերահսկողությունը և բյուրոկրատիան, կա՛մ բախվել Եվրահանձնաժողովի լիազորությունները սահմանափակելու նոր փորձի. գրում է Politico-ն։

Գերմանացի օրենսդիրներից երկուսը հայտնել են, որ Ֆոն դեր Լեյենը պատրաստվում է Բեռլինում մասնակցել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պահպանողականների հավաքին։ Խումբը նախատեսում է նրան ավելի խիստ պահանջներ ներկայացնել՝ կապված գերմանական բիզնեսի վրա ԵՄ ծանրաբեռնված կանոնակարգերի արագացված կրճատումների հետ։

Politico-ի ձեռք բերած փաստաթուղթը բացահայտում է գերմանացի օրենսդիրների կողմից Բրյուսելում իրենց ուզածին հասնելու համար կիրառվող ավելի կոշտ մարտավարությունը։ Անցյալ հինգշաբթի թվագրված վերջին նախագիծը, որ կոչվում է «ԵՄ մակարդակով բյուրոկրատիայի կայուն կրճատման օրակարգ», ներառում է Եվրահանձնաժողովին ուղղված 27 պահանջներից բաղկացած ցանկ։ Ռազմավարական փաստաթղթի նախագծում առաջարկվում է ստեղծել վերահսկողական մարմին։

Մեկ այլ առաջարկվող միջոցառում կոչ է անում եվրոպական ինստիտուտներին սահմանափակել իրենց լիազորությունները՝ «կրճատելով եվրոպական ինստիտուտների աշխատակիցների թիվը»։

 

Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար․ Պուտին

Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում գտնվող Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը։

Պուտինի կարևոր հայտարարությունները՝ կետերով․

  • Պուտինը հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդից ուղերձ է ստացել։
  • Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։
  • Հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերը՝ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու համար։

 

 

Սա Փաշինյանի «Իրական Հայաստանի» դեմքն է, երբ նա իրականություն է դարձնում Ալիևի վաղեմի երազանքները․ Արեգա Հովսեփյանը՝ Կանդազի ձերբակալության մասին

Այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում, ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը:

Կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը մանրամասներ է պատմել․ Ավանեսյանի բնակարանում իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում, նրանց խոսքով, «որևէ ապօրինի կամ քրեական վարույթին առնչվող առարկա չի հայտնաբերվել»։

Նշվում է, որ Ավանեսյանը մեղադրվում է ընտրակաշառքի գործով, նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը, և ներկայում ունի մեղադրյալի կարգավիճակ։

Ըստ նրա՝ սա Փաշինյանի «Իրական Հայաստանի» դեմքն է, երբ նա իրականություն է դարձնում Ալիևի վաղեմի երազանքները։

«30 տարի Ալիևը չկարողացավ ձերբակալել Կանդազին, դա այսօր անում են ՀՀ իշխանությունները։ Սա քաղաքական հետապնդում է։ Մենք վստահ ենք, որ այս գործընթացը մեզ չի կոտրի, և առաջիկա ընտրություններին ժողովուրդն իր ընտրությունը կկատարի»,- նշել է Արեգա Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ կողմնակիցները պատրաստվում են հավաքվել դատարանի դիմաց՝ սպասվող դատական գործընթացին հետևելու համար։

 

 

 

 

ԵՄ դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի ԱԳՆ է կանչվել երկրում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

Դեսպանը կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպման՝ կապված նրա հայտարարության հետ, որ նա արել էր Վրաստանի վերաբերյալ Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կազմակերպած միջոցառման ժամանակ։

«Բրյուսելի նման գործողությունները և Վրաստանի վերաբերյալ արված հայտարարությունները խաթարում են գործընկերների միջև վստահությունը, վնասում վրաց-եվրոպական հարաբերություններին և ուղղված են դրանց դեմ», – նշել է Բոճորիշվիլին։

Նախարարը նաև ընդգծել է Վրաստանի կառավարության հետևողական պատրաստակամությունը կառուցողական երկխոսության համար և հայտնել, որ  Եվրամիության կողմից արդար և հարգալից վերաբերմունք է ակնկալում երկրի նկատմամբ։

Ադրբեջանն ու Չեխիան բանակցություններ են վարում ռազմական արտադրանքի համատեղ արտադրության վերաբերյալ

Ադրբեջանը Չեխիայից գնում է ռազմական տեխնիկայի զգալի քանակություն, և ներկայում բանակցություններ են ընթանում համատեղ արտադրության հետ կապված կոնկրետ նախագծերի շուրջ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ մամուլի ասուլիսում։

Վստահություն հայտնելով այս ոլորտի ընդլայնման հարցում՝ նա ընդգծել է. «Քանի որ Ադրբեջանն ապահովում է իր պաշտպանական ներուժը, այդ թվում՝ տեղական արտադրության միջոցով, մեր ապագա համագործակցությունը Չեխիայի նման երկրների հետ, որոնք մեծ փորձ ունեն այս ոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունի»։

Իսրայելի նախկին վարչապետներ Յաիր Լապիդն ու Նաֆթալի Բենեթը միավորվել են՝ Նեթանյահուին տապալելու համար

Իսրայելի նախկին վարչապետներ Յաիր Լապիդն ու Նաֆթալի Բենեթը հայտարարել են իրենց կուսակցությունների՝ «Եշ Ատիդ»-ի և «Բենեթ-2026»-ի միավորման և Քնեսեթի թեկնածուների համատեղ ցուցակի պատրաստման մասին:

Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, սա կարող է փոխել ընտրությունների ընթացքը, որոնք, ինչպես սպասվում է, տեղի կունենան մինչև հոկտեմբերի վերջ:

Միավորված կուսակցությունը պաշտոնապես կկոչվի «Բե-Յախադ» («Միասին»)՝ Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ: Բենեթը կգլխավորի Իսրայելի խորհրդարանի թեկնածուների համատեղ ցուցակը:

Այս դաշինքի նպատակն է միավորել ընդդիմադիր դաշինքը և բարելավել վարչապետ Բենիամին Նեթանյահուին տապալելու հնարավորությունները, որը ձգտում է վերընտրվել 7-րդ անգամ:

 

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 39 համարի ավտոբուսում․ նոր մանրամասներ

ABC Media-ին մանրամասներ են հայտնի դարձել 39 համարի ավտոբուսում երեկ տեղի ունեցած միջադեպի մասին։ 

Մեզ պատմեցին, որ ավվտոբուսի վարորդը չի հարձակվել չվճարած երեխայի վրա։  Նա բարկացել ու նկատողություն է արել մեկ այլ ուղևորի, որը հարձակվել է այդ անչափահ երեխայի մոր վրա: 

Ականատեսները մեր խմբագրությանը փոխացնել են, որ ավտոբուսում երկու երեխա են եղել, որոնք կռվել են միմյանց հետ։

«Երկու երեխաներից մեկը կարծես աուտիզմ ուներ, ագրեսիվացավ ու հարվածեց մյուս երեխային։ Մինչ բոլորն իրավիճակն ուզում էին իրենց ձեռքը վերցնել՝ մի տղամարդ տեղից գոռաց աուտիզմ ունեցող երեխայի մոր վրա, ասելով՝ «հիվանդ երեխուդ տանից մի հանի»։ Միայն այդ պահին վարորդը միջամտեց ու բարկացավ այս տղամարդու վրա հորդորելով՝  նախ չգոռալ կնոջ վրա, ապա երեխային  հիվանդ չանվանել։ Վարորդը մինչ այդ լուռ էր, տեսանյութեր կան, կարող եք պահանջել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից»,-պատմեց ականատեսը։

Մեզ նաև տեղեկացրին, որ վարորդն ուղևորների հետ ողջ ընթացքում չի վիճել, չվճարողներին զգուշացրել է վճարել, եթե չեն վճարել չի շարունակել պնդել, լուռ իր աշխատանքն է կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Սոնա Աղեկյանը լացող երեխայի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով, թե վարորդը հարձակվել է երեխայի վրա։

Մենք զրուցեցինք նաև ավագանու անդամի հետ․ պարզ դարձավ, որ տեսանյութն ու տեղեկությունը նրան մեկ այլ տղամարդ է փոխանցել։

Ավելի վաղ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն հերքել էր տեղեկությունը, թե վարորդը հարձակվել է երեխայի վրա ու պահանջել է վճարել։ 

Մայր աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. Արա Զոհրաբյան

Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել քաղաքացիներին 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը. գրում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահրած հրաժարականի գործողության համար ներկայացած անձինք Մայր Տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ:

Այդ ամոթալի դեպքի կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել, որի քննարկմամբ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել: Դատախազությունը մերժել էր քննչական մարմնի այդ ապօրինի դիրքորոշման դեմ ներկայացված բողոքը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Սերժ Ռուշանյան) որոշել է բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՎ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ և իրականացնել նախաքննություն:

Դատարանն արձանագրել է, որ որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, հետևաբար՝ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարութային ակտերը հիմնավոր չեն:

Դատարանն արձանագրել է նաև, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներն առ այն, որ անձը «2025 թվականի դեպտեմբերի 18-ին բարձրանալով Մայր Տաճարի սյուների վրա, ագրեսիվ վարքով փորձել էր ցատկել Մայր Աթոռից դուրս եկող եկեղեցականների թափորի վրա, որի մեջ էր նաև Ամենայն Հայոց Հայրապետը, սակայն հանդիպելով եկեղեցու մուտքի մոտ գտնվող հոգևորականների և հավատացյալների դիմադրությանը, որոնք նրան կոչ էին անում իջնել Մայր Տաճարի պատերի վրայից և հեռանալ այդտեղից, վեճի է բռնվել այդ անձանց հետ: Չկարողանալով իր նպատակին հասնել, Մայր Տաճարի սյան վրայից իջնելու ընթացքում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, ընդգծելով սեփական անձի առավելությունը, Տավրոս Սափեյանը գոռում է հոգևորականների վրա, ասելով՝ «դու պտի ինձ չասես», այնուհետև թեքվելով դեպի մյուս անձանց, հայհոյում է, ասելով՝ «լսի, այ բ…ի տղա», պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:»:

Դատարանն ընդգծել է, որ «սույն դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հաղորդմամբ նշված գործողությունները որտեղ են կատարվել, քանի որ կատարման վայրը խուլիգանության հանցակազմի համար նախնական իրավական գնահատական տալու տեսանկյունից ունի վճռորոշ դեր: Մասնավորապես, հաղորդման մեջներկայացված փաստական հանգամանքների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ անձը, բարձրանալով Մայր Տաճարի սյան վրա, սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մարդկանց բազմության ներկայությամբ». գրում է Զոհրաբյանը։