Մայր աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. Արա Զոհրաբյան

Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել քաղաքացիներին 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը. գրում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահրած հրաժարականի գործողության համար ներկայացած անձինք Մայր Տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ:

Այդ ամոթալի դեպքի կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել, որի քննարկմամբ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել: Դատախազությունը մերժել էր քննչական մարմնի այդ ապօրինի դիրքորոշման դեմ ներկայացված բողոքը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Սերժ Ռուշանյան) որոշել է բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՎ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ և իրականացնել նախաքննություն:

Դատարանն արձանագրել է, որ որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, հետևաբար՝ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարութային ակտերը հիմնավոր չեն:

Դատարանն արձանագրել է նաև, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներն առ այն, որ անձը «2025 թվականի դեպտեմբերի 18-ին բարձրանալով Մայր Տաճարի սյուների վրա, ագրեսիվ վարքով փորձել էր ցատկել Մայր Աթոռից դուրս եկող եկեղեցականների թափորի վրա, որի մեջ էր նաև Ամենայն Հայոց Հայրապետը, սակայն հանդիպելով եկեղեցու մուտքի մոտ գտնվող հոգևորականների և հավատացյալների դիմադրությանը, որոնք նրան կոչ էին անում իջնել Մայր Տաճարի պատերի վրայից և հեռանալ այդտեղից, վեճի է բռնվել այդ անձանց հետ: Չկարողանալով իր նպատակին հասնել, Մայր Տաճարի սյան վրայից իջնելու ընթացքում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, ընդգծելով սեփական անձի առավելությունը, Տավրոս Սափեյանը գոռում է հոգևորականների վրա, ասելով՝ «դու պտի ինձ չասես», այնուհետև թեքվելով դեպի մյուս անձանց, հայհոյում է, ասելով՝ «լսի, այ բ…ի տղա», պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:»:

Դատարանն ընդգծել է, որ «սույն դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հաղորդմամբ նշված գործողությունները որտեղ են կատարվել, քանի որ կատարման վայրը խուլիգանության հանցակազմի համար նախնական իրավական գնահատական տալու տեսանկյունից ունի վճռորոշ դեր: Մասնավորապես, հաղորդման մեջներկայացված փաստական հանգամանքների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ անձը, բարձրանալով Մայր Տաճարի սյան վրա, սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մարդկանց բազմության ներկայությամբ». գրում է Զոհրաբյանը։

 

Եթե Հորմուզը փակ մնա, աղբի տոպրակներից մինչև դեղագործական արտադրանքի գները կբարձրանան․ BBC

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Արաղչին նախկինում այցելել է Պակիստան և Օման՝ երկրներ, որոնք միջնորդել են ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունները: Միևնույն ժամանակ՝ լրատվամիջոցների հաղորդագրությունները նշում են, որ Թեհրանն առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը և դադարեցնել պատերազմը՝ հետաձգելով միջուկային բանակցությունները․ գրել է BBC-ին։

Ինչպես նշվել է, Սանկտ Պետերբուրգն Արաղչիի երրորդ կանգառն է․ նա փնտրում է պատերազմը դադարեցնելու դիվանագիտական լուծում: Ուրբաթ նա մեկնել էր Պակիստան, որտեղ պետք է ժամանեին նաև ամերիկացի բանակցողները՝ ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Axios-ի աղբյուրներին հղում անելով՝ Արաղչին Պակիստանի, Օմանի, Թուրքիայի և Քաթարի միջնորդներին տեղեկացրել է, որ Իրանի ղեկավարությունը միասնական դիրքորոշում չունի այն մասին, թե ինչպես արձագանքել ԱՄՆ-ի պահանջներին՝ ուրանի հարստացումը 10 տարով դադարեցնելու վերաբերյալ։ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին փոխանցել նոր առաջարկ՝ բացել Հորմուզի նեղուցը, վերացնել նավահանգստի շրջափակումը և կամ բանակցել երկարաժամկետ հրադադարի շուրջ, կամ դադարեցնել պատերազմը՝ նախքան Իրանի միջուկային ծրագրի վերանայումը։

Իսլամաբադում ԱՄՆ-Իրան հանդիպման չեղարկումից հետո նավթի գները կրկին բարձրացել են։ Brent նավթի գինը բարձրացել է գրեթե 2%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 107.26 դոլարի։

Իրանի հետ պատերազմում հրադադարի երկարաձգումից ի վեր Brent նավթի գինը բարձրացել է ավելի քան 10%-ով։

Սինգապուրի կառավարման համալսարանի տնտեսագետ Գուո Ցզին Ռոնգի խոսքով՝ նավթի առևտրականները, կարծես, մեծ մասամբ չեն արձագանքում նորություններին և սպասում են «հավաստի» ապացույցների, որ հակամարտությունն ավարտվում է։

BNP Paribas-ի ռազմավար Սոֆի Հոյնը համարում է, որ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը, որի միջով խաղաղ ժամանակ անցնում էր աշխարհի հում նավթի և հեղուկ բնական գազի մոտ 20%-ը, կարող է հանգեցնել ապրանքների լայն տեսականու գների բարձրացման՝ «աղբի տոպրակներից մինչև դեղագործական արտադրանք»։

«Կարծում եմ՝ մենք թերագնահատում ենք նավթի պակասի ազդեցությունն ապրանքների լայն շրջանակի վրա», – նշել է նա BBC-ի հետ զրույցում։

 

 

 

Աննա Հակոբյանը քննարկում է Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հնարավորությունը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը դիտարկում է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը՝ «հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասի համար»․ այսօր հրավիրած հրատապ ասուլիսում ասաց Աննա Հակոբյանը։

Ըստ նրա՝ իր կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, ինչը «սահմանադրական իրավունքի խախտում է»։

Լրագրողի հարցին՝ եթե մարդիկ «Իմ քայլը» հիմնադրամից բարեգործություն ստանան, չե՞ք ասոցացվելու իշխանությունների կողմից ընտրակաշառքի հետ, նա պատասխանեց․ «Դուք դրանով խախտում եք իմ սահմանադրական իրավունքը։ Գնացեք ժողովրդին հարցրեք՝ ասոցացվո՞ւմ եմ, թե՞ ոչ՞»։

 

Բերման են ենթարկել Կանդազին․ Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնել

Առավոտ բերման են ենթարկել պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին․ տեղեկությունը հաստատել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը։

«Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն։ Ազերիների երազանքները իրականացնողներին պետք է փոխենք Հայերի երազանքները իրականացնողներով»,-գրել է նա:

 

ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում ոչինչ չի արել, բացի բարձրակարգ հայկական խոհանոցը համտեսելուց․ ՌԴ ԱԽ

Հավաքական Արևմուտքի անպատասխանատու քաղաքականությունը գործնականում հանգեցրել է համաշխարհային անվտանգության ճարտարապետության քանդմանը․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։

«Աշխարհն ապրում է գլոբալ փոփոխությունների շրջան», – նշել է նա։

Շևցովն ընդգծել է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Եվրամիության մոնիթորինգային և քաղաքացիական առաքելություններն անարդյունավետ են և լիովին սպառել են իրենց օգտակարությունը։

«Եթե վերցնենք, օրինակ, ԵՄ դիտորդական առաքելությունը, կամ, ինչպես նրանք են անվանում, քաղաքացիական առաքելությունը, դատելով լրատվամիջոցների հաղորդագրություններից, նրանք այնտեղ ոչինչ չեն արել, բացի բարձրակարգ հայկական խոհանոցը համտեսելուց, որը, ի դեպ, շատ լավն է։ Բայց թե որքա՞ն արդյունավետ էին նրանք ներգրավված անվտանգության հետ կապված ամեն ինչում, չգիտեմ»,-ասել է նա։

ՌԴ անվտանգության խորհրդի փոխքարտուղարն ընդգծել է, որ առանց «Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բոլոր անդամ պետությունների ներգրավվածության՝ անհնար է ստեղծել եվրասիական անվտանգության միասնական, անբաժանելի համակարգ և ճարտարապետություն»։

 

Լրագրողների նկատմամբ վիրավորանքների ու սպառնալիքների 8 դեպքից 7-ն իշխանության ներկայացուցիչների կողմից է եղել, սա մտահոգիչ է․ Աշոտ Մելիքյան

2026 թվականի առաջին եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների թիվը բոլոր կատեգորիաներով նվազել է, եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ բոլոր կատեգորիաներով խախտումների թիվը 30-ն է։ Այդ 30 խախտումներից մեկը ֆիզիկական բռնություն է, 7-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում, և 22-ը տարատեսակ ճնշումներ են, դրանք կարող են լինել սպառնալիքներ, ֆեյսբուքյան վիրավորանքներ, զրպարտություն և այլն, և այլն։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ վիրավորական արտահայտությունները, սպառնալիքները 8-ն են, և դրանցից 7-ը իշխանության ներկայացուցիչների կողմից է եղել, և այս փաստը, իհարկե, բավականին մտահոգիչ է»,- ասաց նա։

Առաջին եռամսյակի ընթացքում նաև ավելացել է դատական գործերի թիվը, այսինքն՝ լրագրողների և լրատվամիջոցների դեմ նոր դատական հայցերի ինտենսիվ հոսքը պահպանվել է։

«Դատական գործերի քանակն առաջին եռամսյակի ընթացքում 14-ն է։ Այդ ինտենսիվությունը մեծ հաշվով պահպանվում է, և դա մնում է խնդիր։ Եթե մենք այս հայցերին ավելի մասնավոր անդրադառնանք, ապա դրանցից 6-ը պաշտոնյաների կողմից է ներկայացված, 2-ը՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից, 2-ը՝ լրագրողների, այսինքն՝ այստեղ լրագրողներն ընդդեմ լրագրողների են հայցեր ներկայացրել, 1-ն ընդդիմադիր գործչի կողմից է, և 3-ը քաղաքացիների, ընդ որում՝ այդ 3 քաղաքացիներից երկուսն ընդդիմադիր գործչի հետ փոխկապակցված անձինք են»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Բոլոր դատական գործերը, ըստ նրա, վիրավորանքի և կամ զրպարտության հիմքով են։

Մոլդովայի և Հայաստանի ՀԿ-ները աշխատում են Ռուսաստանին վարկաբեկելու ուղղությամբ․ ՌԴ ԱԽ

Մոլդովայի և Հայաստանի բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են վարկաբեկել Ռուսաստանի հետ հարաբերությունները. հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Եթե նայեք վիճակագրությանը, Մոլդովայում ներկայումս գրանցված է մոտ 14,000 ՀԿ։ Հայաստանում կա մոտ 9,000-ը։ Եվ բոլորն էլ աշխատում են… Գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հստակ աշխատում է երկկողմ հարաբերությունները վարկաբեկելու, մերձավոր արտերկրի տարածքում ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկման ուղղությամ», – նշել է Շևցովը Մոսկվայում անցկացվող «Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական և վերլուծական գործընկերության արդիական հարցեր» կոնֆերանսի շրջանակներում։

Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը, դադարեցնել պատերազմը և հետաձգել միջուկային բանակցությունները․ Axios

Իրանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել Հորմուզի նեղուցի բացման և պատերազմի դադարեցման առաջարկ։ Սակայն, ինչպես գրում է Axios-ը՝ աղբյուրներին հղումով, Թեհրանն առաջարկում է հետաձգել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

Նոր առաջարկը փոխանցել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պակիստանցի միջնորդների միջոցով՝ Իսլամաբադում շաբաթավերջին (ապրիլի 25-26-ը) կայացած բանակցությունների ժամանակ։ Այն ենթադրում է հրադադարի երկարաձգում կամ պատերազմի մշտական ​​դադարեցման համաձայնություն։

Առաջարկի համաձայն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կսկսվեն Հորմուզի նեղուցի բացումից և իրանական նավահանգիստների ապաշրջափակումից հետո։

Սպիտակ տունը ստացել է Թեհրանի առաջարկը, սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է քննարկել այն։ Axios-ը նշում է, որ շրջափակման վերացումը և պատերազմի ավարտը կզրկեն ԱՄՆ նախագահին Իրանի վրա ազդեցության հիմնական լծակից՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, իր թիմի հետ կքննարկի առաջարկն ապրիլի 27-ին։

 

Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner

Հայաստանի կառավարությունը փորձում է ջերմացնել Իսրայելի հետ նախկինում լարված հարաբերությունները՝ ձգտելով վերանայել իր արտաքին քաղաքականությունը, սակայն նրա առաջարկները հանրության կողմից վրդովմունքով են ընդունվում․ գրում է The Washington Examiner-ը։

Իսրայելը սերտ հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ անկախությունից կարճ ժամանակ անց, և երկու պետությունները դարձել են կարևոր դաշնակիցներ։ Երուսաղեմը նաև աջակցություն է ցույց տվել Բաքվին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Հայաստանի կառավարության կողմից Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար վերջին տարվա ընթացքում ձեռնարկած հանկարծակի քայլերը, ինչպես և սպասվում էր, շատ հայերի կողմից վրդովմունքով են ընդունվել։ Օրերս Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելին՝ նրա անկախության 78-ամյակի կապակցությամբ։ Ուղերձն ավարտվել է խոստումով, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել երկու երկրների կապերը և «ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ»։

Հայրենիքում և սփյուռքում ապրող հայերն արտահայտել են իրենց վրդովմունքը՝ նույնիսկ հայհոյելով կառավարությանը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության տնօրեն Ալեքս Գալիցկին ուղերձն «անհեթեթ» է որակել։

«Երիտասարդ թուրքեր» լիբերալ լրատվական կազմակերպության հայազգի հաղորդավարուհի Անա Կասպարյանի գրառումն ամենավիրուսայիններից էր՝ ավելի քան 32․000 «հավանում»՝ Կառավարության գրառման 5000 «հավանման» համեմատ։

«Դուք խելագարվե՞լ եք», – գրել է նա։

Հայաստանի անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցները նույնպես քննադատաբար են մոտեցել ուղերձին։ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը The Washington Examiner-ին հայտնել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը, գույքային վեճերը և Երուսաղեմում հայ քահանաների նկատմամբ վատ վերաբերմունքը, ինչպես նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելը նպաստել են հայերի շրջանում Իսրայելի բացասական կերպարի ձևավորմանը։

Չնայած Իսրայելի հետ ջերմացող հարաբերությունների ակնհայտ անժողովրդականությանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ կառավարությունը կարծում է, որ բացասական արձագանքին դիմակայելն արդարացի փոխզիջում է երկրի արտաքին քաղաքականությունը վերափոխելու իր ձգտման մեջ։

Հայաստանն իր գոյության առաջին 3 տասնամյակում հույսը դրել է Ռուսաստանի հետ սերտ դաշինքի վրա՝ ապահովելով իր պաշտպանությունն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրավելու փորձերից։ Փաշինյանի արևմտամետ դիրքորոշումը հանգեցրեց Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացմանը՝ հարթելով Ադրբեջանի կողմից տարածքի բռնագրավման ուղին 2020-2023 թվականներին։ Աղետալի պատերազմից հետո Փաշինյանը փորձել է Հայաստանին կտրել Ռուսաստանի հետ հարաբերություններից՝ զարգացնելով կապերն ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ։

Վերլուծաբանները Հայաստանի նոր մոտեցումներն Իսրայելի նկատմամբ կապում են Փաշինյանի՝ ԱՄՆ-ի նկատմամբ մոտեցումների հետ։

«Իսրայելի հետ այս հանկարծակի ջերմացումը կապված է նախագահ Թրամփի, այսպես կոչված, խաղաղության նախաձեռնության հետ Հարավային Կովկասում։ Մի՛ թերագնահատեք Թրամփի դերն այս ջանքերում… Փաշինյանը կանի ամեն ինչ, որպեսզի շահի այս վարչակազմի բարեհաճությունը, նույնիսկ եթե դա կհանգեցնի Իսրայելի հետ լավ հարաբերություններ խաղալուն, որը և՛ ԱՄՆ-ի, և՛ Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է», – The Washington Examiner-ին ասել է հայ-ամերիկյան հաղորդակցության ռազմավար Ստեֆան Պեչդիմալջին։

Նա հավելել է, որ շատ հայեր կարծում են, որ Թրամփը «պարզապես աջակցում է Փաշինյանին, քանի որ նրան տեսնում է որպես խամաճիկ՝ խաղաղության քողի տակ Հայաստանն Ադրբեջանի նավթի համար վասալ պետություն դարձնելու փորձերի մեջ»։

Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրային հեռուստաընկերությունը

Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության  հետ և լուծել գործող պայմանագիրս․ այս մասին հայտնել է հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը։

«Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր։ Պատճառը՝ աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցը, որը նախատեսվում էր հրապարակվել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որևէ կետ չկա։

Ակնհայտ է, որ այս որոշումը դուրս էր մասնագիտական հարաբերությունների շրջանակից և պայմանավորված էր անձնական փոխհարաբերություններով։

Այսպիսով՝ չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։

Հավելեմ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ Հովհաննես Մովսիսյանը անձամբ է ինձ հայտնել հենց այս պատճառաբանությունը։

Հատկանշական է, կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ստեղծագործական անձնակազմով։

Ես միշտ զերծ եմ մնացել խաղատներ ու վնասակար սովորություններ գովազդելուց, մրցակցային դաշտում գտնվող այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցելուց, քաղաքական որևէ գործընթացի մասնակցելուց, և դա եղել է իմ անձնական որոշումը։ Փոխարենը՝ միշտ սիրով ընդունել եմ այն մասնագիտական առաջարկները, որոնք մշակութային են և ինձ համար հետաքրքիր։ Իմ այս իրավունքը սահմանափակելն անընդունելի եմ համարում։

Շնորհակալություն Առաջին Ալիքում աշխատող իմ գործընկերներին՝ գեղեցիկ ու հետաքրքիր համագործակցության համար։ Հույս ունեմ՝ մի օր կհանդիպենք արդար աշխատանքային մթնոլորտում։

Առաջին Ալիքը շարունակելու է մնալ իմ տունը, և թեև այս պահին հեռանում եմ, բայց տունդարձի ճամփան չեմ մոռանալու։ Սիրում եմ իմ բոլոր արդարամիտ գործընկերներին, իսկ մյուսներին՝ ներում՝ հուսալով, որ լավ չեն հասկանում, թե ինչ են անում»,- գրել է նա։