ԵԺԿ-ն կոչ է արել Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտությանը և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը գրառում է արել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին.

«Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ ի նշան հիշատակի և համերաշխության։ Մենք պարտականություն ունենք արժանապատվորեն պահպանել նրանց հիշատակը և շարունակել արդարության հետապնդումը։

Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտությանն ու անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ՝ բացելով ճանապարհ դեպի ավելի խաղաղ և համատեղ ապագա»։

 

Էթնիկ պատկանելության հիման վրա մարդկանց զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը չի կարող արդարացվել․ Պուտինը՝ Հայոց ցեղասպանության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է, որ անպաշտպան մարդկանց կոտորածի հետևանքները ցույց են տալիս կրոնական ատելության, ազգայնականության և քսենոֆոբիայի հրահրման հետևանքները․ գրում է РИА Новости-ն։

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առաջ։ Անպաշտպան, անմեղ մարդկանց դաժան կոտորածը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին և վտարվեցին իրենց հայրենի քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, և դրա աղետալի հետևանքները հստակ ցույց տվեցին կրոնական ատելության, ազգայնականության և քսենոֆոբիայի հրահրման հետևանքները», – նշվում է ուղերձում։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել, և դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որով դատապարտվել է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն, իսկ ավելի ուշ՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ։

Պուտինն ընդգծել է, որ էթնիկ պատկանելության հիման վրա մարդկանց զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը չի կարող արդարացվել։

«Մենք վստահ ենք, որ էթնիկ պատկանելության հիմքով մարդկանց զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը չի կարող և չի արդարացվի, և միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերն՝ ապահովելու համար, որ նման բարբարոսությունը երբեք չկրկնվի», – ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի նախագահը մաղթել է բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն և բարգավաճում։ Պուտինը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չսպիացած վերք են դարձել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն նրանց կրած ողբերգությունը միավորել է մարդկանց, որոնք ցուցաբերել են անսասան նվիրվածություն ավանդույթներին, իմաստությանը և քաջությանը։

«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք», – նշվել է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում։

 

Հալածանքների ու հետապնդումների գնով․ թուրք գործիչներ, որոնք բարձրաձայնում են Մեծ եղեռնի մասին

Կան թուրք գրողներ ու հասարակական գործիչներ, որոնք ոչ միայն չեն հերքում Մեծ եղեռնի իրողությունը, այլև բարձրաձայնում են դրա մասին՝ հալածանքների ու հետապնդումների գնով։

Ովքե՞ր են նրանք․

Օրհան Փամուք

Հայտնի է Հայոց ցեղասպանության ու Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուքն այն սակավաթիվ թուրքերից է, որ խոսել է 1915 թ. դեպքերի մասին։

Իր հայացքների պատճառով նա ենթարկվել է հալածանքների, տարագրվել, վերադարձել։ Ներկայում բնակվում է ԱՄՆ-ում։

Փամուքի դեմ քրեական մեղադրանքներն առաջ քաշվեցին 2005 թ. փետրվարին շվեյցարական «Դաս Մագազին» թերթի հետ զրույցի ժամանակ արված հայտարարությունների պատճառով, որոնք տարածվեցին մի շարք շվեյցարական թերթերում։ Հարցազրույցում Փամուքն ասել է. «Այստեղ սպանվել է շուրջ 30 հազար քուրդ և 1 միլիոն հայ։ Եվ գրեթե ոչ ոք չի համարձակվում ասել այդ մասին։ Ես ասում եմ։ Թուրք պատմաբաններն այս թեմայով մեկնաբանություններ խուսափում են անել»։

Փամուքը ենթարկվել է ատելության արշավների, որի պատճառով ստիպված հեռացել է իր հարազատ երկրից։ Հետագայում, երբ վերադարձել է 2005 թվականին, իր դեմ արդեն քրեական գործեր են հարուցված եղել։ BBC News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ինքը ցանկանում էր պաշտպանել խոսքի ազատությունը, որը Թուրքիայի միակ հնարավորությունն էր, որ հաշվի նստի իր իսկ պատմության հետ։

«1915 թվականին Օսմանյան հայերի հետ տեղի ունեցածը մեծ բան էր, որը գաղտնի պահվեց թուրք ժողովրդից, ասես՝ դա տաբու էր, բայց մենք պետք է կարողանանք խոսել անցյալի մասին»,- ասել է նա։

Սակայն, երբ թուրքական CNN TURK-ը հարցրել է Փամուքին իր ելույթի մասին, նա պնդել է, որ «հայերը սպանվել են», բայց մերժել է, որ «թուրքերն են սպանել հայերին» և չի նշել զոհերի թիվը՝ 1 միլիոն։

Այն ժամանակ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը սահմանում էր. «Մարդը, որը հրապարակայնորեն կվիրավորի Թուրքիայի Հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը, կպատժվի վեց ամսից մինչև երեք տարի ազատազրկմամբ»։ Փամուքին մեղադրանք առաջադրվեց այդ օրենքը խախտելու համար։ Հոկտեմբերին սկսված դատական գործընթացից հետո, Փամուքը վերահաստատեց իր տեսակետները Գերմանիայում մրցանակաբաշխության ժամանակ. «Կրկնում եմ, ես բարձրաձայնել եմ, որ Թուրքիայում 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ է սպանվել»։

Էլիֆ Շաֆաք

Թուրքական արմատներով հայտնի արձակագիր Էլիֆ Շաֆաքը տարիներ առաջ The Guardian պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր նկատմամբ հետապնդումների ու հաշվեհարդարների փորձերի մասին, երբ Թուրքիայում լույս է տեսել իր «Ստամբուլի բիճը» հայտնի վեպը (The Bastard of Istanbul)։

Վեպում արծարծվում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության թեման։

«Ես գրում էի ազգային փոքրամասնությունների մասին և ցանկանում էի դիմել անցյալ հարյուրամյակի անպատմելի ողբերգությանը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, կիսել ժողովրդի հետ այդ ցավն ու փորձել կամուրջներ կառուցել»,- ասել է Շաֆաքը։

Գրողի խոսքով՝ 2006թ. իր գիրքը սկսել է լայնորեն ընթերցվել ամբողջ Թուրքիայում, սակայն թուրքական ազգայնական տրամադրություններով ԶԼՄ-ները կոշտ քննադատության են ենթարկել վեպը, իսկ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ թրքությունը վիրավորելու համար։

Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ չեղարկվում են։

«Փողոցներում մարդկանց խմբերն այրում էին ԵՄ-ի դրոշն ու թքում իմ լուսանկարների վրա։ Չնայած նրան, որ ինձ դատարանում արդարացրին, դա շատ ծանր ժամանակ էր։ Ես ստիպված էի ամբողջ ժամանակ գտնվել թիկնապահի հետ»,- պատմել է Շաֆաքը։
Նրա խոսքով՝ իր թուրք փաստաբանը ստիպված է եղել պաշտպանել «իր մտացածին հայ կերպարին դատարանի դահլիճում»։

Ֆեթհիյե Չեթին

Ֆեթհիյե Չեթինը թուրք իրավաբան, գրող և մարդու իրավունքների պաշտպան է, եղել է Դինքի ընտանիքի փաստաբանը։

Լայն ճանաչում է ձեռք բերել 2004 թվականին իր «Մեծ մայրս» ինքնակենսագրական վիպակի հրատարակումից հետո։

Վիպակը պատմում է Ֆեթհիյեի մայրական տատիկ Հրանուշի մասին, որը մազապուրծ լինելով 1915-ի եղեռնից՝ իր փրկությունն է գտնում մի թուրք զինվորականի տանը որպես խորթ դուստր՝ ստանալով Սեհեր անունը, սակայն և արժանանում է աղախնի վերաբերմունքի խորթ մոր կողմից։ Հետագայում թուրքի հետ ամուսնանալով և դառնալով իսլամադավան ընտանիքի հարգված մայր` Հրանուշը երբեք չի մոռանում իր հայկական արմատները և կյանքի վերջին տարիներին իր ով լինելու գաղտնիքն է բացում թոռանը՝ Ֆեթհիյեին՝ խնդրելով գտնել Միացյալ Նահանգներում բնակվող իր հարազատներին՝ փրկված եղբորն ու Եղեռնից հետո ծնված քրոջը, որոնց Չեթինը հանդիպում է Նյու Ջերսիում տատիկի մահից հետո։

Վիպակն առաջին գրական գործերից է, որը լուսաբանում է Մեծ Եղեռնի տարիներին թուրքացված հայազգի նախնիներից սերած ժամանակակից թուրքերի գոյության փաստը, որոնց թիվը, տարբեր գնահատականներով, Թուրքիայում հասնում է գրեթե 2 միլիոնի։

Ֆեթհիյե Չեթինը և Այշեգյուլ Ալթնայը գրել են «Թոռներ» գիրքը, որը «Մեծ մայրս» գրքի նման ներկայացնում է 1915 թվականի ողբերգության ընթացքում իսլամ ընդունած, թրքացած հայ կանանց այսօրվա թոռների պատմությունները։ Հեղինակները գրքում բարձրաձայնում են կարևորագույն հարցեր, թե ինչու տատիկների ու պապիկների հայ լինելու մասին 100 տարի անց լսելն այդքան դաժան և ցավոտ է թոռների համար։

Լեհաստանի վարչապետը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի «հավատարիմությունը» Եվրոպայի պաշտպանությանը

Լեհաստանի վարչապետը կասկածի տակ է դրել, թե արդյոք ԱՄՆ-ն «հավատարիմ» կլինի ՆԱՏՕ-ի հանդեպ իր պարտավորությանը՝ պաշտպանելու Եվրոպան Ռուսաստանի հարձակման դեպքում, և կոչ է արել ԵՄ-ին դառնալ «իրական դաշինք» մայրցամաքը պաշտպանելու հարցում։ Դոնալդ Տուսկը Financial Times -ի հետ զրույցում նշել է, որ Եվրոպայի «ամենամեծ և ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է լինել այնքան հավատարիմ, որքան նկարագրված է ՆԱՏՕ-ի պայմանագրերում», քանի որ զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել դաշինքի անդամի վրա «ամիսների ընթացքում»։

Լեհ առաջնորդի անսովոր հայտարարությունն արտացոլում է Եվրոպայում աճող անորոշությունը նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից և մայրցամաքի պաշտպանության նկատմամբ տատանվող հանձնառությունից հետո։

«Ամբողջ արևելյան թևի համար, իմ հարևանների համար… հարցն այն է, թե արդյոք ՆԱՏՕ-ն դեռևս այն կազմակերպությունն է, որը պատրաստ է, քաղաքականապես և նաև լոգիստիկորեն, արձագանքել, օրինակ՝ Ռուսաստանի դեմ, եթե նրանք փորձեն հարձակվել», – նշել է նա։

Տուսկը հավելել է, որ ԱՄՆ-ի գլխավորած պաշտպանական դաշինքի որոշ անդամներ «ձևացրել են, թե ոչինչ չի պատահել», երբ անցյալ տարի մոտ 20 ռուսական անօդաչու թռչող սարքեր խախտել են Լեհաստանի օդային տարածքը։

«Եթե ուզում եք ունենալ իրական դաշինք՝  ոչ միայն թղթի վրա, ձեզ անհրաժեշտ են իրական գործիքներ և իրական ուժ, երբ խոսքը վերաբերում է պաշտպանական գործիքներին և երկրից երկիր զինվորականների շարժունակությանը և այլն։ Սա այսօրվա համար շատ գործնական խնդիր է», – նշել է նա։

 

 

 

Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ՀՀ-ն չունի որևէ տարածքային նկրտում․ Նարեկ Կարապետյան

Մեր պահանջը Հայոց ցեղասպանության ճանաչումն է․ Միացյալ Նահանգները ճանաչել է այն, սադրա՞նք է դա, Ֆրանսիան ճանաչել է, սադրա՞նք է դա․ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

«Մեզ պետք է, որ վաղ թե ուշ Թուրքիան ճանաչի հայերի կոտորածը»,- ասաց նա։

«Մենք, իհարկե, պետք է տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ հարևանների հետ, բայց դա պետք է չլինի արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով»,- հավելեց Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերություններն իրենք պատրաստ են վերականգնել առանց նախապայմանների, բայց «մենք թուրքական հասարակության հետ ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք»։

«Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ՀՀ-ն չունի որևէ տարածքային նկրտում։ Հայոց ցեղասպանության ճանաչումն արդարության վերականգնում է»,- ասաց նա։

 

Ցեղասպանությունը շարունակվում է բռնազավթված Արցախում՝ սպիտակ ցեղասպանության տեսքով․ Չալաբյան

Ցեղասպանությունը պատմական հիշողություն չէ լոկ․ այն, ցավոք, շարունակվում է, բռնազավթված Արցախում՝ տեղի ունեցող մեշակութային ոճրագործությունների ու սպիտակ ցեղապսանության տեսքով․ լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշել է, որ պետք է շարունակել պայքարը՝ ունենալու համար ուժեղ պետություն, որ կկանխարգելի հետագա ցեղասպանությունները։

«Ցեղասպանի ձեռքը նույնն է, հիմա էլ չի հանդարտվել, ուստի պետք է կարողանանք դառնալ միասնական ազգ, բռնենք այդ ձեռքն ու կոտրենք այն»,- ասել է նա։

Փաշինյանի բոլոր որոշումները կախված են նրանից, թե ինչպես կընթանան ընտրությունները․ ՌԴ պատգամավոր

Հայաստանը կընտրի զարգացման արևմտյան ուղին, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի խորհրդարանական ընտրություններում․ Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

Ըստ նրա՝ Հայաստանը հետևում է այն ուղուն, որն ընտրել են Ուկրաինան և այլ երկրներ, որոնք սպասարկում են եվրոպական շահերը։

Վոդոլացկին նշել է, որ Փաշինյանը սպասում է ընտրություններին։

«Նրա բոլոր որոշումները կախված են նրանից, թե ինչպես կընթանան ընտրությունները՝ նրա դուրս գալը ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ում աշխատանքի դադարեցումը և շատ այլ հարցեր, որոնք նա կանի, եթե իր կուսակցությունը հաղթի», – ընդգծել է Վոդոլացկին։

 

Պենտագոնի ներքին էլեկտրոնային նամակում խոսվում է Իսպանիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հնարավորության մասին

Պենտագոնի ներքին էլեկտրոնային նամակում ներկայացված են տարբերակներ, որոնցով Միացյալ Նահանգները կարող է պատժել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք, Վաշինգտոնի գնահատմամբ, չեն աջակցել Իրանի դեմ պատերազմի ընթացքում իրականացվող ամերիկյան գործողություններին․ գրում է Reuters գործակալությունը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ տարբերակների թվում են դաշինքին Իսպանիայի անդամակցության կասեցումը և Մեծ Բրիտանիայի՝ Ֆոլքլենդյան կղզիների նկատմամբ պահանջների հարցում ԱՄՆ դիրքորոշման վերանայումը։

Նամակում արտահայտվում է հիասթափություն որոշ դաշնակիցների նկատմամբ Իրանի դեմ պատերազմում ամերիկյան բազաներից և օդային տարածքներից օգտվելու իրավունքի տրամադրման հարցում դժկամության կամ մերժման կապակցությամբ․ ասել է պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով։

Պատիժների տարբերակներից մեկը նախատեսում է «դժվար» երկրներին հեռացնել ՆԱՏՕ-ում կարևոր կամ հեղինակավոր պաշտոններից։ Թրամփը նաև հայտարարել է, որ քննարկում է դաշինքից դուրս գալու հարցը։

«Եթե դուք իմ տեղը լինեիք, դա չէի՞ք անի», – ապրիլի 1-ին Reuters-ին տված հարցազրույցում ասել էր Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը հնարավոր է։

Պենտագոնի ներքին էլեկտրոնային նամակում խոսվում է Իսպանիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հնարավորության մասին

Պենտագոնի ներքին էլեկտրոնային նամակում ներկայացված են տարբերակներ, որոնցով Միացյալ Նահանգները կարող է պատժել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք, Վաշինգտոնի գնահատմամբ, չեն աջակցել Իրանի դեմ պատերազմի ընթացքում իրականացվող ամերիկյան գործողություններին․ գրում է Reuters գործակալությունը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ տարբերակների թվում են դաշինքին Իսպանիայի անդամակցության կասեցումը և Մեծ Բրիտանիայի՝ Ֆոլքլենդյան կղզիների նկատմամբ պահանջների հարցում ԱՄՆ դիրքորոշման վերանայումը։

Նամակում արտահայտվում է հիասթափություն որոշ դաշնակիցների նկատմամբ Իրանի դեմ պատերազմում ամերիկյան բազաներից և օդային տարածքներից օգտվելու իրավունքի տրամադրման հարցում դժկամության կամ մերժման կապակցությամբ․ ասել է պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով։

Պատիժների տարբերակներից մեկը նախատեսում է «դժվար» երկրներին հեռացնել ՆԱՏՕ-ում կարևոր կամ հեղինակավոր պաշտոններից։ Թրամփը նաև հայտարարել է, որ քննարկում է դաշինքից դուրս գալու հարցը։

«Եթե դուք իմ տեղը լինեիք, դա չէի՞ք անի», – ապրիլի 1-ին Reuters-ին տված հարցազրույցում ասել էր Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը հնարավոր է։

Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց պետականությունը․ Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

​Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։

Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին։ Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։

Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։

Աղոթենք և հայցենք, որ մեր նահատակ սրբերի բարեխոսությամբ խաղաղության երկնային շնորհները և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունն ու սերը բաշխվեն համայն աշխարհին, մեր հայրենիքին և ժողովրդին այսօր և միշտ. ամեն»: