«Opel»-ը Հաղթանակ թաղամասում, հայտնվել է ջրանցքում․ վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները

Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում, թաղամասով անցնող ջրանցք ավտոմեքենա է ընկել. հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Վ․-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրատարում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ջրից։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

 

 

Նեթանյահուն շագանակագեղձի չարորակ ուռուցքի դեմ բուժում է ստացել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ բուժում է ստացել շագանակագեղձի չարորակ ուռուցքի դեմ, որը հայտնաբերվել է 2024 թվականի դեկտեմբերին կատարված վիրահատությունից որոշ ժամանակ անց՝ պլանային զննման ժամանակ․ գրում է The Times of Israel-ը։

Նեթանյահուն այս մասին ասել է սոցիալական ցանցերում իր տարեկան առողջական գնահատման հրապարակմանը կից հայտարարության մեջ։ Նա չի հստակեցրել, թե երբ է ստացել բուժումը, սակայն նշել է, որ խնդիրը վերացվել է։

«Փառք Աստծո, սա էլ հաղթահարեցի», – ասել է նա։

Meta-մ ու Microsoft-ը կրճատում են մի քանի հազար աշխատակցի 

Meta և Microsoft ընկերությունները կրճատում  են մի քանի հազար աշխատակցի՝ արհեստական բանակության ներդրման պատճառով․ գրում է The Guardian-ը։

Meta-ն հայտնել է, որ կրճատել է ավելի քան 8.000 աշխատակից։ «Դա հնարավորություն է տալիս հավասարակշռել ընկերության ծախսերն ու ներդրումները բաշխել տարբեր ուղղություններով»,- փոխանցել են Meta-ից։

Իսկ Microsoft ընկերությունն իր աշխատակիցների 7 տոկոսին առաջարկել է գնալ «վաստակած հանգստի»։

Եթե իրականանա Փաշինյանի ցնորական գաղափարը «4-րդ հանրապետության» մասին, դա կլինի հայոց պետականության վերջը․ Հովիկ Աղազարյան

Եթե, Աստված չանի, իրականանա Նիկոլ Փաշինյանի ցնորական գաղափարը «չորրորդ հանրապետության» մասին, դա կլինի հայոց պետականության վերջը․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Երբ ինքն ասում է «Օսմանյան Թուրքիայում տեղի են ունեցել ցավալի դեպքեր», ուզում է ասի՝ ի՞նչ կապ ունենք Օսմանյան Թուրքիայի հետ, էն հայերի հետ։ Վաղը Քաղաքացու օրն է, խորոված կանենք, կուտենք, կխմենք, կմոռանանք, կկտրվենք արմատներից, որ ստեղծենք 4-րդ հանրապետությունը»,- հավելեց պատգամավորը։

Amazon-ի 2 ստորաբաժանումներում աշխատակիցները կզրկվեն իրենց պաշտոնական կոչումներից և կկոչվեն builders

Amazon-ի հարյուրավոր աշխատակիցներ կզրկվեն իրենց պաշտոնական աշխատանքային կոչումներից․ գրում է Reuters գործակալությունը։

Ընկերությունը շեշտում է, որ սա պատժամիջոց չէ՝ ցածր արդյունավետություն ցուցաբերած աշխատակիցների համար․ սա պարզապես ներքին փորձարկում է։

Այսպիսով, խելացի տան անվտանգության սարքավորումների արտադրությամբ զբաղվող Ring և Blink ստորաբաժանումների աշխատակիցները պարզապես կկոչվեն «մշակողներ» (builders), իսկ նրանց ղեկավարները՝ «մշակողների ղեկավարներ» (builder leads)։

«Մշակող» տերմինը Սիլիկոնյան հովտում դարձել է ընդհանուր անվանում այն աշխատակիցների համար, որոնք կարողանում են ինքնուրույն լուծել խնդիրներ՝ սովորաբար օգտագործելով արհեստական բանականություն այնպիսի նախագծերում, որոնք նախկինում պահանջում էին ինժեներների և նախագծերի ղեկավարների թիմեր։

Աշխատակիցներին ուղղված նամակում Amazon-ի ներկայացուցիչը գրել է․ «Մենք հանձնառու ենք սա դարձնել ապագայի կազմակերպություն, իսկ դա նշանակում է լինել թափանցիկ և բաց փոփոխությունների համար։ Մենք անցում ենք կատարում դեպի մեկ միասնական աշխատանքային ընտանիք՝ «մշակողներ»։ Որպես մշակողներ՝ մենք սահմանում և գնահատում ենք հաջողությունը մեկ չափանիշով՝ ինչպիսի ծավալի և նշանակության արժեք ես ստեղծում հաճախորդի համար»։

 

Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ իրենց թույլ չեն տվել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը, Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ ցույց անցկացնել․ գրում է ekhokavkaza.com-ը։

Համայնքի խորհրդի անդամ Ժանետա Բաղդասարյանի խոսքով՝ նրանք սահմանված ժամկետում գրավոր դիմումներ են ներկայացրել քաղաքապետարան և Ներքին գործերի նախարարություն, սակայն մերժում են ստացել։

Ժանետա Բաղդասարյանի խոսքով՝ պատասխանում նշվում է, որ «Հավաքների մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը պարտավոր է ապահովել հավասարակշռություն հավաքների ազատության և ցույցերի անցկացման վայրերում բնակվող, աշխատող կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձանց իրավունքների միջև: Այս անձինք չպետք է սահմանափակվեն իրենց գործունեությունը շարունակելու հարցում:

ՆԳ նախարարությունը նաև պարտավոր է պահպանել հավասարակշռություն հավաքների ազատության և հասարակական անվտանգության, օրենքի և կարգուկանոնի, քաղաքացիների տրանսպորտի և ազատ տեղաշարժի, ինչպես նաև մարդու այլ իրավունքների և ազատությունների միջև: Այդ նպատակով Ներքին գործերի նախարարությունն իրավունք ունի քննարկելու հավաքի ժամանակը և/կամ վայրը կամ դրա երթուղին փոխելու նպատակահարմարությունը։ Հետևաբար, հաշվի առնելով նշված վայրը և դրա առանձնահատկությունները, հավաքի անցկացումը կարող է հանգեցնել այս պահանջների խախտման, ուստի՝ համայնքին խնդրել են քննարկել վայրի փոփոխության հարցը։

Ժանետա Բաղդասարյանն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է, որ իրենք չեն քննարկում հավաքն այլ տեղ անցկացնելու հարցը։ Նրանց համար կարևոր էր ցույցն անցկացնել հատկապես Թուրքիայի դեսպանատան մոտ, ինչպես դա արել են վերջին 20 տարիների ընթացքում։ Համայնքը նաև նշում է, որ «այս գործելակերպը չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին և խաթարում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը»։

Մոսկվան հույս ունի, որ ԵՄ առաքելությունը չի օգտագործվի ներքին գործերին միջամտելու և Երևանին արևմտյան աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու համար

Մոսկվան հուսով է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ երկրում ԵՄ նոր առաքելությունը Երևանին ներգրավի հակառուսական քաղաքականության մեջ․ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք հույս ունենք, որ մեր հայ դաշնակիցներն ու ընկերները թույլ չեն տա, որ այս նոր, այսպես կոչված, առաքելությունն օգտագործվի իրենց ներքին գործերին միջամտելու և Երևանին ներքաշելու արևմտյան աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնք կենթադրեն մեր երկրի հետ բարեկամական կապերի խզում և նրա ներգրավում Բրյուսելի հակառուսական քաղաքականության մեջ», – նշել է նա ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան ընդգծել է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպոստի, սակայն Երևանը չպետք է իրական օգնություն ակնկալի ԵՄ-ից։

 

Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը սգում է հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ․ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Այսօր մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին և, ինչպես միշտ, սգում ենք նրանց հետ այս օրը։ Ես նաև կցանկանայի բոլորին հիշեցնել, որ Ռուսաստանի դիրքորոշումն օբյեկտիվ և հետևողական է․ էթնիկ պատկանելության հիման վրա զանգվածային ոչնչացման համար որևէ արդարացում չի կարող լինել», – նշել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան ընդգծել է, որ հենց սկզբից Ռուսաստանն այս սարսափելի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ։

 

Հայոց ցեղասպանության նման ողբերգություններից քաղված դասերն ընդգծում են մշակութային հիշողության պահպանման և հաշտեցման խթանման կարևորությունը․ ռուսական «Առաջին ալիք»

Աշխարհի հայերն այսօր հարգանքի տուրք են մատուցում իրենց հայրենակիցների՝ 111 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշարձաններին ծաղիկներ են դրվում, երթեր և հիշատակի հանրահավաքներ են տեղի ունենում․ նշվում է ռուսական «Առաջին ալիքի» ռեպորտաժում։

Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու 80 եկեղեցիներում անցկացվում են պատարագներ։ Դրանք խորհրդանշում են վիշտը, հոգևոր միասնությունը և ժողովրդի պատմական հիշողությունը պահպանելու ցանկությունը։

Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել հիշատակի միջոցառումների մասնակիցներին։ ՌԴ նախագահը նշել է, որ զանգվածային ոչնչացման քաղաքականությունը որևէ արդարացում չունի, և աշխարհը պետք է միավորի ուժերը՝ դրա կրկնությունը կանխելու համար։

Այսօր նաև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով, որին տեսակապով մասնակցել է ֆրանսիացի գեներալ և Հինգերորդ հանրապետության առաջին նախագահ Շառլ դը Գոլի թոռը՝ Պիեռ դը Գոլը։

Նա նշել է. «Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի ցեղասպանության և Մերձավոր Արևելքում բնակչության կոտորածների ու տեղահանությունների նման ողբերգություններից քաղված դասերն ընդգծում են մշակութային հիշողության պահպանման և հաշտեցման խթանման կարևորությունը: Հետևաբար, մենք աջակցում ենք փաստերը հաստատելու, պատմական ժառանգությունը պաշտպանելու և խաղաղությունը խթանելու նախաձեռնություններին: Եվ որքան ավելի ակտիվ լինենք, այնքան ավելի մեծ կլինեն երկխոսության հնարավորությունները»:

 

Կիսում են հայ համայնքի՝ անցյալում ապրած ցավերը․ Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել։

«Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում կյանքից զրկված օսմանյան հայերին այս տարի ևս հարգանքով հիշում եմ և նրանց ժառանգներին մեկ անգամ ևս ցավակցությունս եմ հայտնում։

Օսմանյան կայսրության փլուզման շրջանում՝ օկուպացիայի, բախումների, ապստամբությունների, խմբավորումների գործողությունների, ահաբեկչական ակտերի և համաճարակների նման պատճառներով կյանքից զրկվածները, Բալկաններից, Կովկասից և Արաբական թերակղզու տարածքներից տեղահանվածները, Անատոլիայի տարբեր հատվածներում իրենց տներում դժբախտություն տեսած բոլոր օսմանյան ժողովուրդները մեծ ցավեր են կրել»,- ասված է ուղերձում։

Նրա խոսքով՝ Օսմանյան կայսրության իշխանության ներքո կյանքի բոլոր ոլորտներում գոյություն ունեցած և արժեքավոր ներդրում ունեցած «օսմանյան քաղաքացի հայերի մեջ» ևս, ցավոք, եղել են մեծ տառապանքներ կրածներ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք կարողացել են պետություն կառուցել՝ չմոռանալով այդ ցավերը, բայց նաև կարողանալով հաղթահարել դրանք։

«Խաղաղության, հանգստության և եղբայրության հիման վրա ավելի լավ օրերի հասնելու համար մենք աշխատում և պայքարում ենք՝ մեր բոլոր քաղաքացիների և բարեկամների հետ միասին՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։ Մենք ձգտում ենք ապագա սերունդներին թողնել ոչ թե վատ հիշողություններ, այլ մի ապագա, որտեղ ճշմարտությունները կհանդիպեն խղճի լեզվով։

Պատմությունից թշնամություն հանելու փորձ անողներին լավագույն պատասխանը տալիս ենք՝ չընկնելով գաղափարական շրջանակների մեջ, գերադասելով խաղաղության, համակրանքի և երկխոսության լեզուն, հիմք ընդունելով ոչ թե հակամարտությունը, այլ համաձայնությունը»,- ասել է նա ու ընդգծել՝ կիսում է հայ համայնքի՝ անցյալում ապրած ցավերն ու հարգանքով հիշում «կյանքից զրկված բոլոր օսմանյան քաղաքացիներին»։