Վալոդյա Գրիգորյանի գործը ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Մանե Թանդիլյան

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստերը խորքային ցավ են պատճառում բոլորիս, և դրանց ամեն անգամ ներկա գտնվելը հոգեբանական ծանր ազդեցություն է ունենում․ գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Ակնհայտ է, որ այս գործին առնչվող բոլոր վարկածները չեն ուսումնասիրվում, և առաջ է տարվում միայն մեկ վարկած։ Այսինքն, գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով։

Նման իրավիճակը չի կարող ընկալվել որպես արդարադատության նորմալ ընթացք։ Այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, իսկ իրավական համակարգը վերադարձվի իր իրական առաքելությանը՝ բոլոր գործերը քննելու առանց ուղղորդման և ճնշումների:

Մենք հետևողական ենք լինելու, որ Վալոդյայի սպանությունն ամբողջությամբ բացահայտվի, և բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշում է նա։

 

Թուրքիայում դպրոցում կրակոցներից մահացածների թիվը հասել է 9-ի

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի դպրոցում կրակոցներից զոհերի թիվը հասել է 9-ի․ հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարարությունը։

Ըստ Milliyet-ի՝ ձերբակալվել է նաև զինված հարձակում իրականացրած ութերորդ դասարանի աշակերտի հայրը։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցում հրաձգություն է իրականցրել 8-րդ դասարանի աշակերտ։ «Հնարավոր է՝ նա զենքը վերցրել է իր հորից, որը նախկին ոստիկան է»,- գրում են տեղական լրատվամիջոցները ։

Նշենք, որ ենթադրյալ կրակոցներ արձակած աշակերտը ևս սպանվել է վնասազերծման գործողությունների ժամանակ։

Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում

«Գեղարդ» հիմնադրամը Կոսովոյի անկախության հարցով Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունների մասին հոդված է հրապարակել, ինչը ներկայացնում ենք ստորև․

«Կոսովոյի խորհրդարանն անկախության մասին հռչակագիրն ընդունել է 2008 թվականի փետրվարի 17-ին։ Հաջորդ օրը Թուրքիան ողջունել է հռչակագրի ընդունումը և որոշել պաշտոնապես ճանաչել Կոսովոյի Հանրապետության անկախությունը։ Հետագա տարիներին Թուրքիան Կոսովոյի համար դարձել է անվտանգության երաշխավորներից մեկը: Անկարան Պրիշտինայի ռազմական առանցքային գործընկերն ու սպառազինության հիմնական մատակարարն է: Թուրքական ուժերը մեծապես ներգրավված են Կոսովոյի տարածքային և հասարակական անվտանգության ապահովման գործընթացներում: Թուրքիան, անշուշտ, Կոսովոյի հարցում ունի սեփական շահերը: Իր հերթին Կոսովոն Թուրքիան դիտարկում է որպես աջակից` ոչ միայն անվտանգության ապահովման և ռազմական ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցման հարցերում, այլև` անկախության միջազգային ճանաչման գործընթացում:

Ադրբեջանը, սակայն, չի կիսում Թուրքիայի մոտեցումներն այս հարցում: Դեռ 2008 թվականի փետրվարի 18-ին՝ Թուրքիայի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման օրը, Ադրբեջանը հայտարարել էր, որ ինքը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել էր, որ Կոսովոյի ինքնակառավարման ժամանակավոր մարմնի կողմից Սերբիայից անջատման վերաբերյալ բանաձևը հակասում է միջազգային իրավունքին։
Անկախության միակողմանի հռչակման օրինականությունը քննարկելու նպատակով Հաագայի միջազգային դատարանում 2009 թվականին կայացած լսումների ժամանակ Բաքուն վերահաստատել էր իր դիրքորոշումը: Ադրբեջանական կողմի համոզմամբ` ներքին օրենքների խախտմամբ անջատում հայտարարող մարզը չի կարող համարվել պետություն:

Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումներում նմանատիպ հակասությունները չեն սահմանափակվում միայն Կոսովոյի անկախության հարցով: «Եղբայրական» բնութագրվող այս երկու երկրների անհամաձայնություններն ընդգրկում են նաև Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը, Իսրայելի հետ հարաբերությունները, քրդական հարցը և այլն: Սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Անկարան և Բաքուն կարողանում են իրենց քաղաքականությունները համադրել։ Թուրքական կողմը, օրինակ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, թեկուզև Բաքվի ճնշմամբ, պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացով. Ադրբեջանի սերտ գործընկեր և քրդական պետության ստեղծման ջատագով Իսրայելի և նրա հակառակորդ Թուրքիայի միջև խնդիրները չեն խոչընդոտում նրանց տնտեսական համագործակցությանը, իսկ Հյուսիսային Կիպրոսի հարցում Բաքուն առերևույթ չի բացառում անկախության ճանաչումը: Կոսովոն այս համատեքստում ուշագրավ է նրանով, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Ավելին` հակամարտության մյուս կողմին՝ Սերբիային, դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում տարածքային ամբողջականության վերականգնման հարցում` արժանանալով սերբական կողմի գնահատանքին:

Ադրբեջանը Կոսովոյի հարցում ի սկզբանե որդեգրած քաղաքականությունը մեկնաբանել է Ղարաբաղի հակամարտության շրջանակներում: Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների ընթացքում Բաքուն փորձել է թույլ չտալ «նախադեպի» ստեղծումը: Դեռ 2007 թվականին ադրբեջանական կառավարությունը Եվրոպական միությանը (ԵՄ) կոչ էր արել մերժել Կոսովոյին անկախության կարգավիճակ տրամադրելու առաջարկները: Բաքուն անհանգստություն է հայտնել, թե Բալկանյան տարածաշրջանում այդօրինակ անջատումը կարող է Ղարաբաղի համար նախադեպ ստեղծել:

Այս քննարկման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը նշել էր, որ չնայած Կոսովոյի հարցը տարբերվում է «հայ-ադրբեջանական հակամարտությունից», սակայն միջազգային իրավունքի խախտմամբ տարածքային հարցի լուծումը` հօգուտ անջատման և անկախացման, կարող է բացասաբար անդրադառնալ Կովկասյան տարածաշրջանի վրա: ԵՄ-ին ուղղված կոչն ադրբեջանցի պաշտոնյան համեմել է շահագրգռությամբ` խոստանալով աջակցել եվրոպական երկրներին` դիվերսիֆիկացնելու էներգետիկ շուկան և նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից ու նավթից: Եվրոպացի պաշտոնյաները, տուրք տալով այս «գրավիչ» առաջարկին, ընդունել են, որ Ղարաբաղն «օկուպացված տարածք է», և Բաքվին վստահեցրել են, որ Կոսովոյի բանաձևը չի օգտագործվի ի վնաս հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների:

Սակայն եվրոպական երկրների հավաստիացումներն ու Կոսովոյի հարցում թուրքական մոտեցումները, փաստորեն, չեն կարողացել մեղմել Բաքվի անհանգստությունը։ Ադրբեջանը շարունակել է Թուրքիային և արևմտյան գործընկերներին հակառակ քաղաքականություն վարել բալկանյան այս հակամարտության հարցում։ Կոսովոյի անկախության վերաբերյալ քաղաքական դիրքորոշմանը համապատասխան՝ ադրբեջանական կողմը նաև ռազմական բնույթի «ըմբոստություն» է ցուցաբերել։ Իլհամ Ալիևի առաջարկությամբ և Միլլի մեջլիսի 2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ՝ ադրբեջանական 34 հոգանոց գումարտակը դադարեցրել է խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում տեղակայված թուրքական զորախմբի կազմում և վերադարձել Բաքու»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

։

Ապրիլի 16-ի լուսադեմին ջերմաստիճանը կնվազի մինչև -3 աստիճան

Ապրիլի 16-ի գիշերը՝ լուսադեմին, Արարատյան դաշտի առանձին հատվածներում ջերմաստիճանը կնվազի մինչև – 1 աստիճան․ տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի՝ սոցցանցում արած գրառումից։

Նա նշել է, որ Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C։ «Հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ»,- հավելել է Ազիզյանը։

Ծառուկյանը չի կարող հավակնել լինել ՀԱՕԿ նախագահ․ Հարությունյան

Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և ըստ ՀԱՕԿ կանոնադրության՝ նա 70-ից հետո չի կարող հավակնել լինել Օլիմպիական կոմիտեի նախագահ․ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Տարբեր հնարքներով՝ նրանք այս ընթացքում փորձում են արագ-արագ ընտրություն անել, ու քաղաքական այս թեժ փուլում՝ Ծառուկյանին ևս 4 տարով կարգել կոմիտեի նախագահ»,- նշեց Հարությունյանը։

Լրագրողների դիտրակմանը, թե Փաշինյանն է ասում, որ 65-70 ի՞նչ տարիք է, ու թաշակոռուներին պետք է երկար աշխատելու հնարավորություն տալ, Հարությունյանն արձագանքեց․ «Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ օրենսդրությունն այլ բան ասեր»։

Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին․ տեղեկանում ենք առաջին նախագահի Facebook-ի էջից։

«Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը՝ հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա»,-ասված է հաղորդագրությունում։

 

Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին․ տեղեկանում ենք առաջին նախագահի Facebook-ի էջից։

«Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը՝ հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա»,-ասված է հաղորդագրությունում։

 

Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է բացվել

Ադրբեջանի նկարիչների միության ցուցասրահում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է բացվել։ Նկարների հեղինակը նկարիչ Ալի Իսմայիլ Ալիևն է․ հայտնում է «Ազերթաջ» գործակալությունը։

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին նշել է, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեման առանձնահատուկ նշանակություն ունի նկարչի ստեղծագործության մեջ և որ նրա աշխատանքները «միշտ նրբությամբ և ճշգրտությամբ արտացոլում են այս շրջանի մշակութային հուշարձաններն ու ավանդույթները»։

Ադրբեջանում վերջին շրջանում ակտիվ կոչեր են հնչում ուժեղացնել ջանքերն «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» համար։

«Արևմտյան Ադրբեջանից փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է». որոշ ժամանակ առաջ Բաքվում հայտարարել էր Ազիզ Ալեքբերլին՝ կրկին տարածքային նկրտումներ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։

 

2025 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, թե «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, «որը պետք է հրաժարվի այս ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու ցանկացած փորձից»:

«Այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից, մինչև վերադարձի իրականացումը: Բնականաբար, իրենց հարազատ վայրեր վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ»,- ասել էր Ալիևը:

 

 

Երևանում օդի աղտոտվածության պատկերն՝ ըստ վարչական շրջանների

Երևանում ապրիլի 7-13-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Կենտրոնում՝ ապրիլի 7-9-ը և 12-13-ը,

Նոր Նորքում՝ ապրիլի 8-ին,

Շենգավիթում` ապրիլի 10-ին,

Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր Նորքում՝ ապրիլի 7-ին, ապրիլի 9-13-ը,

Կենտրոնում՝ ապրիլի 9-ին և 12-13-ը,

Արաբկիրում` ապրիլի 13-ին,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

 

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը ․ այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն, և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը»,- ասված է հայտարարության մեջ։