ԱՄՆ-Իրան բանակցություններ. Սպիտակ տունը դեռ չի բացում փակագծերը

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հետ բանակցությունների, որոնց, հավանաբար, կմասնակցեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

«Քննարկումներ են ընթանում ուղիղ բանակցությունների վերաբերյալ, բայց ոչինչ վերջնական չէ, քանի դեռ Սպիտակ տունը պաշտոնապես չի հայտարարել դրա մասին»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ մեկնաբանելով ամերիկյան պատվիրակության հնարավոր կազմը։

ԱՄՆ-ն և Իրանը, ինչպես սպասվում է, բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաքում։

Հիշեցնենք, որ Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադար է հայտարարվել։

Իրաքում առևանգված ամերիկացի լրագրողն ազատ է արձակվել. Ռուբիո

Իրաքում առևանգված ամերիկացի լրագրողն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես ուրախ եմ հայտարարել ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնի ազատ արձակման մասին, որին վերջերս առևանգել էին «Քաթաիբ Հեզբոլլահ» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության անդամները Իրաքի մայրաքաղաքում»,- հայտնել է նա։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն այժմ աշխատում է Իրաքից Քիթլսոնին անվտանգ դուրս բերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ լրագրողը առևանգվել էր ապրիլի սկզբին։ Քիթլսոնը Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հարցերով մասնագիտացած լրագրող է, որի աշխատանքները հրապարակվել են միջազգային, ամերիկյան և իտալական լրատվամիջոցներում։

Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ․ Truth Social-ում Թրամփը գրել է, որ Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող կործանարար հարվածները, ինչի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման։

Նրա խոսքով՝ հրադադարը կլինի երկկողմանի, իսկ հրադադարին համաձայնելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ն «հասել է իր ռազմական նպատակներին և գերազանցել դրանք»։

Մարդասպանը դատական նիստերի դահլիճում եղել է ծակող իրով՝ Աբովյանում սպանված 24-ամյա երիտասարդի եղբայրը դիմել է Սրբուհի Գալյանին

Աբովյանում սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը՝ Արսեն Զեյնալյանը, դիմել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

«2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում ամենադաժան ձևով սպանվեց մեր եղբայրը՝ Սարգիս Արմենի Զեյնալյանը։ Այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն մարդասպան երկու եղբայրները, մինչդեռ սպանության մյուս կազմակերպիչները շարունակում են ազատ շրջել՝ առանց պատասխանատվության։

Ապրիլի 1-ին կայացած առաջին դատական նիստում մարդասպանին բերում են առանց ձեռնաշղթաների և առանց ճաղավանդակի՝ այն դեպքում, երբ խոսքը մի անձի մասին է, որը երկրորդ անգամ է նման ոճրագործություն կատարում։ Դատարանի դահլիճում, բնականաբար օգտվելով իրեն ընձեռված ազատություններից, նա իրեն թույլ է տալիս սադրիչ և ցինիկ վարքագիծ, փորձում է վիրավորել սգակիր հարազատներիս։ Երբ հորեղբայրս արձագանքում է, նա հանում է ծակող ինչ-որ իր և նետում նրա ուղղությամբ՝ վնասելով ոստիկանին։ Բայց արդյունքում կալանավորվում է իմ հորեղբայրը՝ Կարեն Սարգիսի Զեյնալյանը և ևս 2 անձ, նրանց նկատմամբ ընտրվում է 2 ամիս կալանք։ Սա ի՞նչ արդարադատություն է։ Ինչպե՞ս կարող է մեղմ ասած վտանգավոր հանցագործը ազատ շարժվել դատարանում, սպառնալ մարդկանց կյանքին, իսկ տուժող կողմը՝ հայտնվել կալանքի տակ։ Եթե սա է արդարադատությունը, ապա մենք լուրջ հարց ունենք՝ ի՞նչ է իրական արդարությունը և ո՞ւմ համար է այն։

Հարգելի տիկին Սրբուհի Գալյան, բարձր գնահատելով Ձեր աշխատանքը, բայց անհասկանալի է, թե ինչպես է մարդասպանը դատարան բերվել զինված, առանց ձեռնաշղթաների և ճաղավանդակի։

Հուսով եմ Ձեր միջամտությամբ կտրվի գնահատական այս ամենին և նման դեպքերը կբացառվեն գոնե հետագայում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 24-ամյա երիտասարդի սպանության դեպքը, տեղի էր ունեցել 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ Աբովյան քաղաքում։

Թուրքիայում «Ավրորայի լուսաբացը» ցուցադրելու համար դատվող Ռոջհիլաթ Աքսոյը արդարացվեց․ «Հետք»

Երեկ՝ ապրիլի 6-ին, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի ունեցավ  քուրդ ռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյի դատավարության երկրորդ լսումը․ գրում է «Հետք»-ը։

Նա մեղադրվում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝  «թուրքական ազգին և պետական ​​կառույցներին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ 2024 թվականին Ռոջհիլաթ Աքսոյը Դիարբեքիրում անցկացվող «Which Human Rights?» կինոփառատոնի շրջանակում ցուցադրել էր (ստորագրել էր ցուցադրության դիմումը) Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը (ռեժ. Իննա Սահակյան)։ Տեղի դատախազությունը այս տարվա մարտին նրա դեմ վարույթ էր նախաձեռնել։

Կազմված մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ ֆիլմում «1915 թվականի իրադարձությունները ներկայացվել են որպես ցեղասպանություն, այդ ժամանակաշրջանի ապստամբությունները նկարագրվել են որպես «ազատամարտիկների արդարացված պայքար», իսկ տարածաշրջանում ապրող հայերը ներկայացվել են որպես բռնի կերպով փոխված և անմարդկային վերաբերմունքի ենթարկված անձինք»։ Ֆիլմի երկխոսությունները մեջբերվել են որպես մեղադրական ապացույց։

Երեկ թուրքական Bianet լրագրողական հարթակը լուսաբանել է Դիարբեքիրում կայացած երկրորդ դատական նիստը։ Ռոջհիլաթ Աքսոյի փաստաբան Ֆրաթ Յլդզը, ի պատասխան մեղադրանքների, ասել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ և միայն մասնակցել է ցուցադրությանը։

Նա ասել է, որ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում արվեստը։

«Նույնիսկ եթե նա լիներ ֆիլմի ռեժիսորը, սա դեռ պետք է գնահատվեր խոսքի ազատության շրջանակներում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպային որոշումներ այս հարցի վերաբերյալ։ Կան նաև արդարացման որոշումներ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունների համար հետապնդվող անհատների և հաստատությունների համար, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիայի»,- ասել է Աքսոյի փաստաբանը։

Պաշտպանության հայտարարություններից հետո Դիարբեքիրի առաջին ատյանի  դատարանը արդարացրեց քուրդ ռեժիսոր Ռոջիլաթ Աքսոյին։

Այս գիշեր կկործանվի մի ամբողջ քաղաքակրթություն․ Թրամփն՝ Իրանի մասին

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք չի վերականգնվի Իրանի մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, դա տեղի կունենա։ Այժմ, երբ տեղի է ունեցել ռեժիմի լիակատար և ամբողջական փոփոխություն, և գերակշռում են տարբեր, ավելի խելամիտ ու պակաս ծայրահեղական մտածողություն ունեցող ուժեր, գուցե հեղափոխական մասշտաբի հրաշալի բան տեղի ունենա, ո՞վ գիտի մենք դա կիմանանք հենց այս գիշեր՝ աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ «վերջապես» վերջ կդրվի 47 տարվա «կոռուպցիային և մահերին»։

«Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին», -գրառումը եզրափակել է Թրամփը։

Իրանի պատերազմը և էներգամատակարարման խափանումներն արագացնում են Հարավային Կովկասում համագործակցությունները․ Euronews

Երբ խոսքը վերաբերում է Ասիայի և Եվրոպայի մայրցամաքները կապող օղակին, Ադրբեջանն ու Վրաստանը կարևոր դեր են խաղում էներգիայի տարանցման գործում: Երկու երկրների ղեկավարներն ուրվագծել են, թե ինչպես են համատեղ աշխատելու «Միջին միջանցք»-ն ընդլայնելու համար. գրում է Euronews-ը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ Վրաստան այցին։

Քանի որ Իրանի պատերազմը և աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակվում է, Հարավային Կովկասի տարածաշրջանի դերն առաջնային պլան է մղվել:

«Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցությունը նոր հորիզոններ է բացում ամբողջ տարածաշրջանի համար», – նշել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն Ալիևի հետ հանդիպումից հետո:

Նա նաև նշել է, որ գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերն է՛լ ավելի են բարձրացրել «Միջին միջանցք»-ի կարևորությունը: Դրա նշանակությունը մեծանում է՝ հիմնականում Հորմուզի նեղուցի հետ կապված իրավիճակի պատճառով։ Այն ներկայում մասամբ փակվել է Թեհրանի կողմից՝ Իրանի հետ շարունակվող պատերազմի պատճառով, որը հանգեցրել է համաշխարհային էներգամատակարարման խափանումների:

Հորմուզի նեղուցից կախվածությունը նվազեցնելու համար քննարկվում է այլընտրանքային ուղի՝ Կասպից ծովը: Այն բազմամոդալ լոգիստիկ ցանց է, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջոցով։ Այն անցնում է Ադրբեջանի և Վրաստանի միջով՝ շրջանցելով Ռուսաստանը, այդպիսով՝ նվազեցնելով կախվածությունը ռուսական տարանցումից և կրճատելով տեղափոխման ժամանակը։

Այս զարգացումները նաև վերաձևավորում են իրավիճակն ամբողջ տարածաշրջանում։

Վրաստանը թույլ է տալիս իր տարածքն օգտագործել Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրի համար, ինչը նրա դերն ավելի տեսանելի է դարձնում այս հարևան երկրների միջև խաղաղության գործընթացին նպաստելու գործում։

Ադրբեջանական նավթն ու գազը համաշխարհային շուկաներ են արտահանվում Վրաստանի միջոցով, իսկ Կասպից ծովի արևելյան ափերից նավթային պաշարները ևս տեղափոխվում են երկու երկրների միջոցով։

 

Մշակութային պաշտպանություն․ իրանցիները կենդանի պատ են կազմում էներգետիկ ենթակառուցվածքների մոտ

Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահի՝ Իրանի էլեկտրակայանները ոչնչացնելու սպառնալիքի, իրանցիները պատրաստվում են մարդկային շղթաներ ձևավորել այդ ենթակառուցվածքների շուրջ․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանցի հայտնի երաժիշտ, թառահար Ալի Ղամսարին արդեն սկսել է նշված ակցիան՝ գնալով Դամավանդի էլեկտրակայան։

Կից՝ այդ երաժշտի կատարումներից մեկն է՝ նվիրված Սպահանին»,- նշում է Ոսկանյանը։

Մշակութային պաշտպանություն․ իրանցիները կենդանի պատ են կազմում էներգետիկ ենթակառուցվածքների մոտ

Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահի՝ Իրանի էլեկտրակայանները ոչնչացնելու սպառնալիքի, իրանցիները պատրաստվում են մարդկային շղթաներ ձևավորել այդ ենթակառուցվածքների շուրջ․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանցի հայտնի երաժիշտ, թառահար Ալի Ղամսարին արդեն սկսել է նշված ակցիան՝ գնալով Դամավանդի էլեկտրակայան։

Կից՝ այդ երաժշտի կատարումներից մեկն է՝ նվիրված Սպահանին»,- նշում է Ոսկանյանը։

Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում պարգևավճարները․ «Հետք»

Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4․3 միլիարդ դրամի պարգևավճար․ գրում է «Հետքը»։

«Մարզպետարանների մի մասը հրաժարվել է «Հետք»-ին ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգեւավճար: Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։

«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել բոլոր 10 մարզպետներին՝ խնդրելով տրամադրել 2021-2025թթ. պարգևավճար ստացած աշխատողների թվի, պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ։ Խնդրել էինք նաև առանձնացնել մարզպետների ու նրանց տեղակալների վերաբերյալ նշված տեղեկությունը։ Ութ մարզպետարանների աշխատակիցները մոտ 4 մլրդ 368 մլն դրամ պարգևավճար են ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարանների աշխատակիցների պարգևավճարները: Այս երկու մարզպետները չեն տրամադրել պարգևավճար ստացած աշխատակիցների ու պարգևավճարի չափի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ: Իսկ Արմավիրի ու Շիրակի մարզպետները չեն հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել:

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գրավոր պատասխանում նշել է, թե մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցները, այդ թվում՝ պարգևատրման գումարները, արտացոլվում են Հայաստանի՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

«Հայտնում եմ նաև, որ մարզպետը, մարզպետի տեղակալները, խորհրդականները և օգնականները հանդիսանում են հայտարարատու պաշտոնյաներ»,-նշված է մարզպետ Արսենյանի պատասխանում։ Նա, փաստացի, խուսափել է տեղեկություններ տրամադրել։

Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տրամադրած տեղեկատվությունն ամբողջական ու արժանահավատ չէ: Մեզ ուղղված պատասխանում նա նշել է, օրինակ, որ 2025թ. մարզպետարանի բոլոր աշխատակիցները  պարգևատրվել են 115 հազ. 444 դրամի չափով, 2024-ին՝ 132 հազ. 759 դրամի չափով և այլն: Չկա տեղեկատվություն, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևատրվել, որքա՞ն գումար է հատկացվել այդ նպատակով: Արդյոք վարչության պետը, տեխնիկական աշխատողն ու մարզպետը նույն չափով են վարձատրվել:

Մարզպետի ու իր տեղակալների՝ տարվա կտրվածքով ստացած պարգևավճարների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հղում է կատարվել հայտարարագրերին, որ այդ անձինք հայտարարատու են: Մինչդեռ տարին մեկ անգամ հրապարակվող հայտարարագրում չկա առանձնացված տեղեկատվություն, թե եկամուտների որ մասն է աշխատավարձը, որը՝ պարգևավճարը։

Հարկ է նշել, որ թե՛ մարզպետը, թե՛ տեղակալները պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։ Այսինքն՝ 2025թ. հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2026թ. մայիսի 31-ը, ինչը նշանակում է, որ դրանից շուտ տեսականորեն հնարավոր չէ պարգևավճարների վերաբերյալ տեղեկություն ստանալ:

Արմավիրի ու Շիրակի մարզպետարաններն էլ չեն հայտնել, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևավճար ստացել, հետևաբար հնարավոր չէ տվյալները միջինացնել»,- ներկայացնում է լրատվամիջոցը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։