ԱՄՆ-ն ու Իրանը պատրաստում են 15 կետանոց համաձայնագիր․ Թրամփ

Միացյալ Նահանգները և Իրանը պատրաստում են երկարաժամկետ, 15 կետանոց համաձայնագիր, որի շուրջ մասամբ համաձայնություն է ձեռք բերվել․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը AFP-ի հետ զրույցում։

«Մենք ունենք 15 կետանոց համաձայնագիր, որի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Կտեսնենք, թե կկարողանա՞նք արդյոք այն իրականացնել», – նշել է ամերիկացի առաջնորդը։

Ըստ Թրամփի՝ այժմ գոյություն ունի ամուր հիմք երկարաժամկետ համաձայնագրի համար։

Եթե Սյունիքն ընկնի ադրբեջանա-թուրքական ներխուժման տակ, արդյունքը կլինի ոչ միայն նոր ճանապարհը, այլև հայկական ամրոցի էթնիկ զտումը․ The National Interest

Իրանի պատերազմն աշխարհի ուշադրությունը սևեռեց Հորմուզի նեղուցի վրա։ Իրանական ռեժիմը կանգնած է գոյաբանական ճգնաժամի առջև, իսկ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ըստ լուրերի, անգործունակ է, հետևաբար՝ միջազգային հանրությունն արդեն մշակում է «Նոր Մերձավոր Արևելքի» նախագծեր: Սակայն, եթե այս ծրագրերն անտեսեն Հայոց ցեղասպանության դարավոր դասերը, դրանք կարող են կրկնել էթնիկական ոչնչացման ցիկլը, որը կարող է հրդեհի մատնել ամբողջ տարածաշրջանը․ գրել է The National Interest-ը։

Ինչպես նշվել է, ընթացիկ հակամարտության պատճառով Հայաստանն արդեն իսկ հայտնվել է վտանգավոր խաչմերուկում, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան, հնարավոր է, փորձում են օգտվել թուլացած Թեհրանից։ Հայաստանի հարավային Սյունիքի մարզը դարձել է Եվրասիայի ամենավիճելի հողակտորներից մեկը: Տարիներ շարունակ Ադրբեջանն ու Թուրքիան լոբբինգ են արել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, որը ցամաքային կամուրջ է հայկական տարածքով և կկապի թյուրքական աշխարհը։

Չնայած Թրամփի վարչակազմի կողմից «Թրամփի երթուղու» (TRIPP) ստեղծմանը՝ Հայաստանի ինքնիշխանության համար բավարար երաշխիքներ չկան: Դրա փոխարեն՝ այն կարող է հնարավորություն տալ կիրառել 1915 թվականի ցեղասպանությունից առաջ տեղի ունեցած նույն գիշատչական օրինաչափություններն՝ օգտագործելով գլոբալ հակամարտությունը՝ սահմանները շտկելու համար՝ բնիկ բնակչության հեռացման միջոցով:

Նմանատիպ սցենար արդեն եղել է նախկինում: 2020 թվականին համաշխարհային համավարակի և ԱՄՆ ընտրությունների քողի տակ Ադրբեջանն անօրինական պատերազմ սկսեց Հայաստանի դեմ, որը գագաթնակետին հասավ 2023 թվականին՝ ավելի քան 120,000 հայերի հարկադիր տեղահանությամբ։ Եթե Սյունիքը ընկնի ադրբեջանա-թուրքական ներխուժման տակ՝ իրանական պետության փլուզման քաոսի քողի տակ, արդյունքը կարող է լինել ոչ միայն նոր ճանապարհը, այլև տարածաշրջանում մնացած վերջին հայկական ամրոցի էթնիկ զտում:

Ահա թե ինչու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն խորհրդանշական ժեստ, այլև՝ ռազմավարական զսպող գործոն։ Այն Բաքվին և Անկարային ուղերձ է հղում, որ միջազգային հանրությունը վերջապես հետևում է։ Պաշտոնական ճանաչումը հայկական սահմանը տեղական վեճից վերածում է մարդու իրավունքների համաշխարհային սահմանի։

Հայոց ցեղասպանությունն այսօր ճանաչելը կանխարգելիչ դիվանագիտության ակտ է:

Շրջափակում՝ ներսից. ինչո՞ւ է Ադրբեջանը 6 տարի շարունակ փակ պահում իր ցամաքային սահմանը

Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որն այժմ արդեն մոռացված կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով իր ցամաքային սահմանը փակ է պահում ճանապարհորդելու համար: Երկրի խորհրդարանի անդամներն այս որոշումն ամեն անգամ երկարաձգել են 3 ամսով, վերջին անգամ՝ մարտին:

Իշխանությունները շեշտում են, որ խոսքը ոչ միայն COVID-19-ի դեմ պայքարի, այլև անվտանգության սպառնալիքների մասին է, չնայած նրանք որևէ մանրամասնություն չեն տրամադրել․ գրում է «Известия»-ն։

Սահմանների փակ լինելու պատճառով Ադրբեջանի ներքին տնտեսական հավասարակշռությունը զգալիորեն փոխվել է:

 Սահմանամերձ շրջանների բնակիչները նախկինում գոյատևում էին փոքրածավալ առևտրի և հարևան երկրներում գների տարբերություններից օգտվելու հնարավորության շնորհիվ:

«Այժմ այս մարդիկ բախվում են եկամուտների նվազմանը և ավելի ու ավելի հաճախ են տեղափոխվում Բաքու և այլ խոշոր քաղաքներ՝ աշխատանք փնտրելու համար»,- նշում է տնտեսագետ Ռաշադ Հասանովը:

Բացի այդ՝ նախկինում Վրաստանում կամ Ռուսաստանի հարավում բնակվող էթնիկ ադրբեջանցիները կարող էին ցամաքային ճանապարհով այցելել իրենց հարազատներին: Այժմ նրանք ստիպված են գնալ խոշոր օդանավակայան, թռչել Բաքու, ապա վերադառնալ իրենց հայրենի գյուղեր: Լրագրողների հետ զրույցներում նրանք բողոքում են, որ ավիատոմսերի գները բարձրանում են, և ճանապարհորդությունն ինքնին ավելի դժվար է դարձել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներից մեկում խոստովանել է, որ խնդիրը միայն կորոնավիրուսը չէ, այլ նաև «դրսից եկող սպառնալիքները»։

ԱՄՆ-ի և Իսրայելի համար պարզ դարձավ, որ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է․ իրանագետ

Մերձավոր Արևելքը և աշխարհը մի քայլ հետ դարձավ անդունդի եզրից․ այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը Պակիստանի միջնորդությամբ կայացավ Իրանի կողմից զրոյական զիջմամբ։

Աշխարհաքաղաքական առումով նույնիսկ կա կարևորագույն ձեռքբերում, քանի որ բոլորը գիտեն, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը մինչև պատերազմը կախված չէր Իրանի կամքից, իսկ այժմ հենց այդ երկիրն է բացում կամ փակում այն։

ԱՄՆ-ի և Իսրայելի համար պարզ դարձավ, որ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է, անհնարին է նաև այդ ճանապարհով հասնել իշխանափոխության, միջուկային և հրթիռային ծրագրերից հրաժարման, Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերին աջակցության դադարեցման և այլն։

Ընդ որում, ուշագրավ է, որ հրադադարի համաձայնագիրը պարտադրում է Իսրայելին դադարեցնել հարձակումը նաև լիբանանյան «Հիզբալլահի» դեմ։

Հայաստանի հարևան հինավուրց իրանական քաղաքակրթությունը շարունակելու է իր ընթացքը, իսկ այս պատերազմի դասերը ուսուցողական կարող են լինել նաև մեզ համար»,- գրել է  նա։

ԱՄՆ-Իրան բանակցություններ. Սպիտակ տունը դեռ չի բացում փակագծերը

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հետ բանակցությունների, որոնց, հավանաբար, կմասնակցեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

«Քննարկումներ են ընթանում ուղիղ բանակցությունների վերաբերյալ, բայց ոչինչ վերջնական չէ, քանի դեռ Սպիտակ տունը պաշտոնապես չի հայտարարել դրա մասին»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ մեկնաբանելով ամերիկյան պատվիրակության հնարավոր կազմը։

ԱՄՆ-ն և Իրանը, ինչպես սպասվում է, բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաքում։

Հիշեցնենք, որ Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադար է հայտարարվել։

Իրաքում առևանգված ամերիկացի լրագրողն ազատ է արձակվել. Ռուբիո

Իրաքում առևանգված ամերիկացի լրագրողն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես ուրախ եմ հայտարարել ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնի ազատ արձակման մասին, որին վերջերս առևանգել էին «Քաթաիբ Հեզբոլլահ» օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության անդամները Իրաքի մայրաքաղաքում»,- հայտնել է նա։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն այժմ աշխատում է Իրաքից Քիթլսոնին անվտանգ դուրս բերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ լրագրողը առևանգվել էր ապրիլի սկզբին։ Քիթլսոնը Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հարցերով մասնագիտացած լրագրող է, որի աշխատանքները հրապարակվել են միջազգային, ամերիկյան և իտալական լրատվամիջոցներում։

Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ․ Truth Social-ում Թրամփը գրել է, որ Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող կործանարար հարվածները, ինչի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման։

Նրա խոսքով՝ հրադադարը կլինի երկկողմանի, իսկ հրադադարին համաձայնելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ն «հասել է իր ռազմական նպատակներին և գերազանցել դրանք»։

Մարդասպանը դատական նիստերի դահլիճում եղել է ծակող իրով՝ Աբովյանում սպանված 24-ամյա երիտասարդի եղբայրը դիմել է Սրբուհի Գալյանին

Աբովյանում սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը՝ Արսեն Զեյնալյանը, դիմել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

«2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում ամենադաժան ձևով սպանվեց մեր եղբայրը՝ Սարգիս Արմենի Զեյնալյանը։ Այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն մարդասպան երկու եղբայրները, մինչդեռ սպանության մյուս կազմակերպիչները շարունակում են ազատ շրջել՝ առանց պատասխանատվության։

Ապրիլի 1-ին կայացած առաջին դատական նիստում մարդասպանին բերում են առանց ձեռնաշղթաների և առանց ճաղավանդակի՝ այն դեպքում, երբ խոսքը մի անձի մասին է, որը երկրորդ անգամ է նման ոճրագործություն կատարում։ Դատարանի դահլիճում, բնականաբար օգտվելով իրեն ընձեռված ազատություններից, նա իրեն թույլ է տալիս սադրիչ և ցինիկ վարքագիծ, փորձում է վիրավորել սգակիր հարազատներիս։ Երբ հորեղբայրս արձագանքում է, նա հանում է ծակող ինչ-որ իր և նետում նրա ուղղությամբ՝ վնասելով ոստիկանին։ Բայց արդյունքում կալանավորվում է իմ հորեղբայրը՝ Կարեն Սարգիսի Զեյնալյանը և ևս 2 անձ, նրանց նկատմամբ ընտրվում է 2 ամիս կալանք։ Սա ի՞նչ արդարադատություն է։ Ինչպե՞ս կարող է մեղմ ասած վտանգավոր հանցագործը ազատ շարժվել դատարանում, սպառնալ մարդկանց կյանքին, իսկ տուժող կողմը՝ հայտնվել կալանքի տակ։ Եթե սա է արդարադատությունը, ապա մենք լուրջ հարց ունենք՝ ի՞նչ է իրական արդարությունը և ո՞ւմ համար է այն։

Հարգելի տիկին Սրբուհի Գալյան, բարձր գնահատելով Ձեր աշխատանքը, բայց անհասկանալի է, թե ինչպես է մարդասպանը դատարան բերվել զինված, առանց ձեռնաշղթաների և ճաղավանդակի։

Հուսով եմ Ձեր միջամտությամբ կտրվի գնահատական այս ամենին և նման դեպքերը կբացառվեն գոնե հետագայում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 24-ամյա երիտասարդի սպանության դեպքը, տեղի էր ունեցել 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ Աբովյան քաղաքում։

Թուրքիայում «Ավրորայի լուսաբացը» ցուցադրելու համար դատվող Ռոջհիլաթ Աքսոյը արդարացվեց․ «Հետք»

Երեկ՝ ապրիլի 6-ին, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի ունեցավ  քուրդ ռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյի դատավարության երկրորդ լսումը․ գրում է «Հետք»-ը։

Նա մեղադրվում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝  «թուրքական ազգին և պետական ​​կառույցներին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ 2024 թվականին Ռոջհիլաթ Աքսոյը Դիարբեքիրում անցկացվող «Which Human Rights?» կինոփառատոնի շրջանակում ցուցադրել էր (ստորագրել էր ցուցադրության դիմումը) Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը (ռեժ. Իննա Սահակյան)։ Տեղի դատախազությունը այս տարվա մարտին նրա դեմ վարույթ էր նախաձեռնել։

Կազմված մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ ֆիլմում «1915 թվականի իրադարձությունները ներկայացվել են որպես ցեղասպանություն, այդ ժամանակաշրջանի ապստամբությունները նկարագրվել են որպես «ազատամարտիկների արդարացված պայքար», իսկ տարածաշրջանում ապրող հայերը ներկայացվել են որպես բռնի կերպով փոխված և անմարդկային վերաբերմունքի ենթարկված անձինք»։ Ֆիլմի երկխոսությունները մեջբերվել են որպես մեղադրական ապացույց։

Երեկ թուրքական Bianet լրագրողական հարթակը լուսաբանել է Դիարբեքիրում կայացած երկրորդ դատական նիստը։ Ռոջհիլաթ Աքսոյի փաստաբան Ֆրաթ Յլդզը, ի պատասխան մեղադրանքների, ասել է, որ իր պաշտպանյալը ֆիլմի ռեժիսորը չէ և միայն մասնակցել է ցուցադրությանը։

Նա ասել է, որ նման դատավարությունները սահմանափակում են խոսքի ազատությունը և ճնշում արվեստը։

«Նույնիսկ եթե նա լիներ ֆիլմի ռեժիսորը, սա դեռ պետք է գնահատվեր խոսքի ազատության շրջանակներում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի նախադեպային որոշումներ այս հարցի վերաբերյալ։ Կան նաև արդարացման որոշումներ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունների համար հետապնդվող անհատների և հաստատությունների համար, այդ թվում՝ Դիարբեքիրի փաստաբանական ասոցիացիայի»,- ասել է Աքսոյի փաստաբանը։

Պաշտպանության հայտարարություններից հետո Դիարբեքիրի առաջին ատյանի  դատարանը արդարացրեց քուրդ ռեժիսոր Ռոջիլաթ Աքսոյին։

Այս գիշեր կկործանվի մի ամբողջ քաղաքակրթություն․ Թրամփն՝ Իրանի մասին

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք չի վերականգնվի Իրանի մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, դա տեղի կունենա։ Այժմ, երբ տեղի է ունեցել ռեժիմի լիակատար և ամբողջական փոփոխություն, և գերակշռում են տարբեր, ավելի խելամիտ ու պակաս ծայրահեղական մտածողություն ունեցող ուժեր, գուցե հեղափոխական մասշտաբի հրաշալի բան տեղի ունենա, ո՞վ գիտի մենք դա կիմանանք հենց այս գիշեր՝ աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ «վերջապես» վերջ կդրվի 47 տարվա «կոռուպցիային և մահերին»։

«Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին», -գրառումը եզրափակել է Թրամփը։