Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում պարգևավճարները․ «Հետք»

Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4․3 միլիարդ դրամի պարգևավճար․ գրում է «Հետքը»։

«Մարզպետարանների մի մասը հրաժարվել է «Հետք»-ին ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգեւավճար: Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։

«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել բոլոր 10 մարզպետներին՝ խնդրելով տրամադրել 2021-2025թթ. պարգևավճար ստացած աշխատողների թվի, պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ։ Խնդրել էինք նաև առանձնացնել մարզպետների ու նրանց տեղակալների վերաբերյալ նշված տեղեկությունը։ Ութ մարզպետարանների աշխատակիցները մոտ 4 մլրդ 368 մլն դրամ պարգևավճար են ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարանների աշխատակիցների պարգևավճարները: Այս երկու մարզպետները չեն տրամադրել պարգևավճար ստացած աշխատակիցների ու պարգևավճարի չափի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ: Իսկ Արմավիրի ու Շիրակի մարզպետները չեն հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել:

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գրավոր պատասխանում նշել է, թե մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցները, այդ թվում՝ պարգևատրման գումարները, արտացոլվում են Հայաստանի՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

«Հայտնում եմ նաև, որ մարզպետը, մարզպետի տեղակալները, խորհրդականները և օգնականները հանդիսանում են հայտարարատու պաշտոնյաներ»,-նշված է մարզպետ Արսենյանի պատասխանում։ Նա, փաստացի, խուսափել է տեղեկություններ տրամադրել։

Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տրամադրած տեղեկատվությունն ամբողջական ու արժանահավատ չէ: Մեզ ուղղված պատասխանում նա նշել է, օրինակ, որ 2025թ. մարզպետարանի բոլոր աշխատակիցները  պարգևատրվել են 115 հազ. 444 դրամի չափով, 2024-ին՝ 132 հազ. 759 դրամի չափով և այլն: Չկա տեղեկատվություն, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևատրվել, որքա՞ն գումար է հատկացվել այդ նպատակով: Արդյոք վարչության պետը, տեխնիկական աշխատողն ու մարզպետը նույն չափով են վարձատրվել:

Մարզպետի ու իր տեղակալների՝ տարվա կտրվածքով ստացած պարգևավճարների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հղում է կատարվել հայտարարագրերին, որ այդ անձինք հայտարարատու են: Մինչդեռ տարին մեկ անգամ հրապարակվող հայտարարագրում չկա առանձնացված տեղեկատվություն, թե եկամուտների որ մասն է աշխատավարձը, որը՝ պարգևավճարը։

Հարկ է նշել, որ թե՛ մարզպետը, թե՛ տեղակալները պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։ Այսինքն՝ 2025թ. հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2026թ. մայիսի 31-ը, ինչը նշանակում է, որ դրանից շուտ տեսականորեն հնարավոր չէ պարգևավճարների վերաբերյալ տեղեկություն ստանալ:

Արմավիրի ու Շիրակի մարզպետարաններն էլ չեն հայտնել, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևավճար ստացել, հետևաբար հնարավոր չէ տվյալները միջինացնել»,- ներկայացնում է լրատվամիջոցը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Ի՞նչ ժամկետներում ու ի՞նչ ֆինանսավորմամբ կնորոգվի Օրբելյանների պալատը

Վայոց ձորի Հորս բնակավայրում գտնվող Չեսար Օրբելյանի պալատի և կից եկեղեցու վերականգնման համար ԿԳՄՍ նախարարությունը կծախսի 309 միլիոն դրամ․ ABC Media-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Պատմամշակութային ժառանգություն հանդիսացող կառույցի վերականգնման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթել է «ՖՈՒԼԼ-ՇԻՆ» ՍՊԸ-ն։

Վերականգնման աշխատանքները նախատեսված է իրականացնել 3-4 տարվա ընթացքում։

Տվյալ հուշարձանախմբի գիտանախագծային փաստաթղթերը կազմվել են «ՎԱՍԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից «Գ» դասի վերականգնող-ճարտարապետի արտոնագիր ունեցող մասնագետների ներգրավմամբ:

Արգելվել է Քանյե Ուեսթի մուտքը Մեծ Բրիտանիա․ նա երաժշտական փառատոնի մասնակցել չի կարող

Ռեփեր Քայնե Ուեսթի մուտքը Մեծ Բրիտանիա արգելվել է․ տեղեկացնում է BBC-ն։

«Ռեփերը նախատեսում էր ամռանը մասնակցել Լոնդոնում անցկացվող «Wireless» երաժշտական փառատոնին, բայց ըստ Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարության՝ նրա ներկայությունը կարող է վնասել «հանրության բարօրությանը»,- նշում է աղբյուրը։

Արմավիրի Շենիկ գյուղում 48-ամյա բնակիչը մահացել է համագյուղացու՝ որսորդական հրացանից արձակած կրակոցից

Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» ԲԿ-ից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է․ տեղեկացնում է ՆԳՆ Ոստիկանությունը։

«Պարզվել է, որ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական տվյալների, մեքենան անկանոն վարելու հետ կապված վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նույն համայնքի 41-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ։

Անհետաձգելի օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է 41-ամյա տղամարդու փախուստը հանրապետությունից։ Ոստիկանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերել և ձերբակալել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 41-ամյա բնակչին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Ձերբակալված անձն ու կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։

`

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի ընդունվել Հորմուզի նեղուցի մասին բանաձևը՝ Ռուսաստանի ու Չինաստանի վետո դրելու պատճառով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում չի ընդունվել Բահրեյնի առաջարկած Հորմուզի նեղուցի մասին բանաձևը, քանի որ վետո են կիրառ ել Ռուսաստանն ու Չինաստանը․ գրում է РИА Новости-ն։

Նշենք, որ նախագիծը Հորմուզի նեղուցից օգտվող երկրներին կոչ էր անում գործակցել պաշտպանական միջոցառումների շուրջ՝ ապահովելով նավարկության անվտանգությունն ու նեղուցի ամբողջական ապաշրջափակումը։

Հիշեցնենք, որ Թեհրանն օրեր առաջ էր հայտարարել՝ նեղուցով կարող են անցնել այն երկրների նավերը, որ Իրանին թշնամի չեն համարում։

Թեհրանը կտրականապես մերժում է ժամանակավոր զինադադար հաստատելու գաղափարը․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է, որ Թեհրանը կտրականապես մերժում է ժամանակավոր զինադադար հաստատելու գաղափարը․ գրում է ТАСС-ը։

Նշվում է, որ Իրանը կիրագործի անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ժողովրդի անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջությունը պաշտպանելու համար

«Պաշտոնական Թեհրանը հնարավոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը դնում է ԱՄՆ-ի և Իսրայելի վրա»,- գրում է աղբյուրը։

 

Երկրի բնակչության թիվը սկսել է գերազանցել մոլորակի հնարավորությունները․ հետազոտություն

Բրիտանական «Environmental Research Letters» ամսագիրը գրում է, որ Երկրի բնակչության թիվը սկսել է գերազանցել մոլորակի հնարավորությունները։

Նոր հետազոտությամբ՝ 21-րդ դարի երկրորդ կեսին բնակչության առավելագույն թիվը կարող է հասնել 11-12 միլիարդ մարդու։

«Իսկ մեծացնելու է գլոբալ տաքացման վտանգն ու բացասաբար ազդի էկոհամակարգերի վրա։ Որպեսզի այդ ամենը չունենա կործանարար հետևանք, ըստ տարբեր հաշվարկների, Երկրի վրա նվազագույնը 2․5 մլրդ պակաս մարդ պետք է բնակվի»,- գրում է ТАСС-ը։

 

Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանի առաջ ծառացած մարտահրավերները

Նորին Սրբություն Արամ Ա Վեհափառ Հայրապետին են այցելել «Ընկերվար առաջադիմական» կուսակցության քաղաքական գրասենյակի ներկայացուցիչները, գլխավորությամբ Ուալիտ Ջոնբլաթի որդի՝ Թեյմուր Ջոնպլաթի, ով միաժամանակ կուսակցության նախագահն է․ տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։

«Հանդիպմանը ներկա էին նաև Աքրամ Շիայեպն ու Ուաէլ Ապու Ֆաուրը, ինչպես նաև Լիբանանի խորհրդարանի հայկական մասի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին։

Մոտ մեկ ժամ տևած հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել Լիբանանին առնչվող ներքին և արտաքին դժվարությունները և մարտահրավերները։ Նորին Սրբությունն իր տեսակետը ներկայացրեց ներկայիս իրավիճակի մասին՝ շեշտելով ներքին միությունը պահպանելու առաջնահերթ կարևորությունը։ Հակոբ Բագրատունին իր հերթին ընդգծեց քաղաքական երկխոսության միջոցով համայնքներն ու կուսակցությունները միացնող հարթակը ամրապնդելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։