Գիտնականները թարմացրել են սառցադաշտերի սառցի գլոբալ քարտեզը և հաշվարկել, թե որքան ջուր է պահվում սառցադաշտերում ամբողջ աշխարհում։ Scientific Data ամսագրում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ Երկրի սառցադաշտերում սառցի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 150 հազար խորանարդ կիլոմետր։
Եթե այս ամբողջ սառույցը հալչի, Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա մոտավորապես 32,3 սանտիմետրով։ Հաշվարկում չեն ներառվել Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե վահանները։
Հետազոտությունն իրականացրել են Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի գիտնականները՝ Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի Բևեռային գիտությունների ինստիտուտի հետ համատեղ։ Նրանք մշակել են IceBoost v2.0 մոդելը, որը հիմնված է մեքենայական ուսուցման վրա։ Այն ուսուցանվել է սառույցի հաստության ավելի քան 7 միլիոն չափումների հիման վրա, որոնք հավաքվել են աշխարհի տարբեր սառցադաշտերում։
Մոդելը հաշվի է առնում 26 ֆիզիկական և երկրաչափական պարամետր, այդ թվում՝ ռելիեֆը, մակերեսի թեքությունը, սառցի շարժման արագությունը և ջերմաստիճանը։ Դա հնարավորություն է տվել գնահատել Ռենդոլֆի անվան սառցադաշտերի գլոբալ ռեեստրում ներառված յուրաքանչյուր սառցադաշտի հաստությունն ու ծավալը՝ այս տեսակի ամենամեծ ժամանակակից տվյալների բազայում։
Սառցի ընդհանուր ծավալը համադրելի է եղել նախորդ գնահատականների հետ, սակայն նոր մոդելը զգալիորեն ավելի ճշգրիտ է ցույց տալիս, թե կոնկրետ որտեղ է կենտրոնացած սառույցը։ Նախկին հաշվարկների համեմատությամբ այն մոտ 40 տոկոսով բարելավում է համապատասխանությունը դաշտային դիտարկումներին։
Ամենանշանակալի օրինակներից մեկը դարձել է Արևելյան Գրենլանդիայի Գեյկիի բարձրավանդակի սառցադաշտը։ Դրա հաստությունը հասնում է 2 կիլոմետրի, իսկ սառցի ընդհանուր ծավալը, ըստ նոր գնահատականի, գրեթե կրկնակի գերազանցում է նախկին հաշվարկները։
Հետազոտողները նշել են, որ սառցադաշտերի հաստության մասին ճշգրիտ տվյալներն անհրաժեշտ են մինչև 2100 թվականը դրանց վիճակը կանխատեսելու և ծովի մակարդակի բարձրացման մեջ սառցադաշտերի հալման ապագա ներդրումը գնահատելու համար։ Նոր մոդելը նախատեսում են կիրառել GlacierMIP4 միջազգային նախագծի շրջանակում, որի արդյունքները հաշվի կառնվեն Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական փորձագետների խմբի (IPCC) գնահատականների պատրաստման ընթացքում։
Քարտեզը նաև ցույց է տալիս այն շրջանները, որտեղ գիտնականներին հատկապես չեն բավականացնում տվյալները։ Այդ տարածքների թվում են Հիմալայները, Կարակորումը և Պատագոնիայի խոշոր սառցադաշտերը։ Սա կօգնի որոշել ապագա արշավախմբերի և դաշտային չափումների առաջնահերթությունները։
Սառցի պաշարների վերաբերյալ տվյալները կարևոր են ոչ միայն կլիմայական կանխատեսումների համար։ Սառցադաշտերը սնուցում են գետերն ու էկոհամակարգերը և ջրով ապահովում գյուղատնտեսությունն ու բնակչությանը։ Հետազոտողների գնահատմամբ՝ սառցադաշտային ջրային ռեսուրսներից այս կամ այն չափով կախված է մոտ 1,9 միլիարդ մարդ։ Սառցի պաշարների ավելի ճշգրիտ գնահատականները թույլ կտան ավելի լավ կանխատեսել քաղցրահամ ջրի հասանելիությունը, հատկապես չորային շրջաններում։
Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ նման հաշվարկների ապագան կապված է ֆիզիկական մոդելների և մեքենայական ուսուցման համադրման հետ։ Միևնույն ժամանակ, տվյալները ճշգրտելու համար ժամանակն էլ ավելի է պակասում. միջին լայնությունների սառցադաշտերը, այդ թվում՝ Ալպերում, կարող են անհետանալ արդեն առաջիկա տասնամյակներում։