Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ձերբակալվել է 420 մարդ, այդ թվում՝ 166 անչափահաս

Ֆրանսիայում անտառային հրդեհների կապակցությամբ, որոնք այս ամռանը երկրին պատճառել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ վնասը, ձերբակալվել է 420 մարդ, այդ թվում՝ 166 անչափահաս, հաղորդում է BBC News-ը։

Նրանք կասկածվում են հրդեհների դիտավորյալ կամ պատահական առաջացման մեջ։

Ֆրանսիական իշխանությունների տվյալներով, երկրում անտառային հրդեհների մոտ տասը դեպքից ինը տեղի է ունենում մարդու մեղքով։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ նման դեպքերի միայն փոքր մասն է բաժին ընկնում դիտավորյալ հրկիզումներին. հրդեհների մեծ մասը տեղի է ունենում անզգուշության, շինարարական աշխատանքների, անսարք էլեկտրասարքավորումների, չմարված ծխախոտների կամ խարույկների պատճառով։

Ներկայիս հրդեհների մասշտաբներն ավելի են մեծանում երկարատև երաշտի և կլիմայի փոփոխության հետ կապված բարձր ջերմաստիճանների պատճառով։ Ամռան սկզբից Ֆրանսիայում կրակը ոչնչացրել է ավելի քան 300 հազար ակր տարածք։

Իշխանություններն ուժեղացրել են հրդեհների առաջացման մեջ կասկածվողների նկատմամբ հետապնդումը։ Ամենալուրջ դեպքերից մեկում 23-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել երկրի հարավ-արևելքում հինգ օրվա ընթացքում հրդեհի 10 օջախ դիտավորյալ հրկիզելու համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում և մինչև 150 հազար եվրո տուգանք։

Սակայն իշխանությունների կոշտ արձագանքը նաև քննադատության տեղիք է տալիս։ Իրավապաշտպաններն ու իրավաբանները կարծում են, որ որոշ դեպքերում պատիժը կարող է չափազանց խիստ լինել։ Մասնավորապես, ազատազրկման են դատապարտվել մարդիկ, որոնց մեղադրել են չմարված ծխախոտի մնացորդներ նետելու մեջ։

Ֆրանսիացի մասնագետներն ընդգծում են, որ ներկայիս երաշտի պայմաններում հրդեհի առաջացման և արագ տարածման համար բավական է նույնիսկ փոքր կայծը։ Փորձագետները նշում են, որ բարձր ջերմաստիճանի, ցածր խոնավության և քամու համադրությունը զգալիորեն մեծացնում է նույնիսկ պատահական հրդեհների վտանգը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի տուժած տարածքները և հարմարեցնի անտառները նոր կլիմայական պայմաններին։ Ըստ նրա, իշխանությունների գործողությունների վերլուծությունը և հրդեհների ներկայիս սեզոնից դասեր քաղելը պետք է հաջորդեն ավելի ուշ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *