Արաղչին ու Լավրովը քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ․ հայտնում են Իրանի ԱԳՆ-ից։

Զրույցի ընթացքում Արաղչին տեղեկացրել է ռուսական կողմին Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ կայացած բանակցությունների մասին։

Իրանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ նախարարները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տարան բանտ․ փաստաբան

18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են ՔԿՀ․ Facebook-ում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Այլ մանրամասներ պաշտպանը չի հայտնել։

Հիշեցնենք՝ Դավիթ Մինասյանին կալավարեց ապրիլի 1-ին․ նա մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակիցներից մեկն է։ Դպրոցական Դավիթին մեղադրում են «Խուլիգանություն» և «Պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» համար։

ԱՄՆ-ի հետ բանակցությունները կհանգեցնեն Իսրայելի հետ հրադադարի. Լիբանանի նախագահ

Վաշինգտոնում Լիբանանի և Իսրայելի դեսպանների միջև հանդիպումը ճանապարհ կբացի երկկողմ շփումների համար և կհանգեցնի սահմանին հրադադարի վերաբերյալ նոր համաձայնության․ TACC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

«Լիբանանի բանակցային թիմը կբանակցի՝ նպատակ ունենալով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և իրականացնել գործնական քայլեր՝ հարավային Լիբանանում վիճակը կայունացնելու համար», – ընդգծել է նա։

Աունի խոսքով՝ այժմ հնարավորություն կա ԱՄՆ-ի հովանու ներքո կայուն կարգավորման հասնելու, ինչին Լիբանանը ձգտում է։

Արցախի ԱԺ պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի հայոց թեմ

Արցախի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի հայոց թեմ․ տեղեկացնում է Արցախի Հանրապետության ազգային ժողովը։

Հայտարարության համաձայն՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, հանդիպումը տեղի ունեցավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը․ նշվեց այդ աշխատանքում միասնական ջանքերի կետրոնացման անհրաժեշտությունը` միջազգային մակարդակում հաջողություններ արձանագրելու համար։

«Մտահոգության առարկա էր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների կողմից սանձազերծված ոտնձգությունները։ ԱՀ Ազգային ժողովի նախագահը շեշտեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այդ մասին տեղեկացրել Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ին։

Գրիգոր Սրբազանը պատվիրակությանը ընկերակցեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի և ներկայացրեց եկեղեցու ու Ֆրանսիայի համայնքի պատմությունը»,- ասված է հրապարակման մեջ։

Լիբանանում Իսրայելի հարձակումներից զոհվածների թիվը գերազանցել է 2000-ը

Մարտի 2-ից ի վեր Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 2089 մարդ․ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Նախարարությունից նշել են, որ տուժել է առնվազն 6762 մարդ։

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․ կա 5 վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 35-ամյա Բարսեղ Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 58-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 43-ամյա Էդուարդ Գ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։

Այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։

Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը․ թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Փոփոխությունը թույլ կտա` քննությունը դարձնել ավելի նպատակային։

Փոփոխությունները հանդիսանում են Ներքին գործերի նախարարության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման հանձնառության հերթական դրսևորումը։

Կարգավորման ընդունումը կբարձրացնի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետությունը, քննությունները կկազմակերպվեն ավելի արդար և ճկուն, ինչպես նաև կապահովվի իրավական հստակություն։

Մրգաշեն բնակավայրում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նաիրի խոշորացված համայնքի Մրգաշեն բնակավայրի 1-ին փողոցի 8-րդ նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի. հայտում է Shamshyan.com-ը։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ մահացածը Մրգաշեն գյուղի բնակիչ 52-ամյա Արթուր Ավագյանն է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածի վրա դանակի մի քանի հարվածներ են եղել, ու նա գյուղում հարգված ու համեստ անձնավորություն էր և աշխատում էր որպես ատամնաբույժ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի ժամանակ էլ կպարզվի դանակի մե՞կ, թե՞ մի քանի հարվածի հետևանքով է մահացել Ա․ Ավագյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները ճշտել են կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Առաջադրումների ժամկետի առաջին օրը թեկնածուներ չեն գրանցվել․ ԿԸՀ-ն մանրամասներ է հայտնել

ԿԸՀ-ն կուսակցությունների, դաշինքների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել․ ABC Media-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։ 

Տեղեկացնենք՝ այսօրվանից՝ ապրիլի 13-ից մեկնարկում է ԱԺ հերթական ընտրությունների առաջադրումների փուլը, որը կտևի մինչև ապրիլի 23-ը։ 

Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ գործող 129-ը կուսակցություն կա։ ԿԸՀ-ից մեզ հետ զրույցում հայտնել են, որ մեծ մասը չի մասնակցում ընտրությանը՝ նախորդ փորձից ելնելով։ Բայց թե քանի կուսակցություն այս անգամ կփորձի ուժերը, դեռ հայտնի չէ։

2025 թվականի դեկտեմբերին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ՀՀ կուսակցական համակարգի ուսումնասիրության արդյունքներն էր հրապարակել։  Ըստ հետազոտության՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված էր 123 կուսակցություն։ 1 տարի, 3 ամիս, 10 օրվա ընթացքում 6 կուսակցություն է ավելացել։ Ըստ Թրանսփարենսիի տվյալների՝ տարեկան ֆինանսական հաշվետվություն ներկայացրել է հաշվետու 123 կուսակցությունից 118-ը, որոնցից ավելի քան 70%-ը՝ 83 կուսակցություն, ֆինանսական գործունեություն չի ծավալել։ 

Մանրամասները՝ ռեպորտաժում։

Dubai Mall-ի և Mall of the Emirates-ի այցելուների թիվը նվազել է Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով․Reuters

Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Դուբայում և Աբու Դաբիում կրճատվել է եվրոպական բրենդների վաճառքը․ գրում է Reuters գործակալությունը։

Մարտին բրենդները հայտնել են վաճառքի 30–50% անկման մասին Mall of the Emirates-ում՝ Դուբայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ:

Նշվում է, որ Mall of the Emirates-ում, որտեղ տեղակայված են Louis Vuitton-ը և Dior-ը, Gucci-ն, Cartier-ն, Chanel-ը և Rolex-ը, ինչպես նաև փակ լեռնադահուկային հանգստավայր և առողջարանային կենտրոն, մարտին այցելուների թիվը նվազել է 15%-ով։

Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Dubai Mall-ում այցելուների թիվը նվազել է մոտ 50%-ով, ինչը վկայում է վաճառքի հնարավոր ավելի մեծ անկման մասին։