Ձերբակալել են Հովիկ Աբրահամյանի եղբորը

Քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։

Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից Armat Media-ին հայտնեցին. «Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը»։

ՈւՂԻՂ. ԱԺ ՆԻՍՏԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՈւՂԻՂ. ԱԺ ՆԻՍՏԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ Է. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. իշխանությունն աշխատավարձերը կտրուկ բարձրացնում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններին, և փաստաթղթից պարզ է դառնում՝ իշխանությունը որոշել է պետական բյուջեի հաշվին էականորեն թանկացնել առաջին հերթին հենց բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքը։

Նախագծով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 19-ից դառնում է 32։ 83 հազար 200 դրամ բազային աշխատավարձի պայմաններում վարչապետի աշխատավարձը կհասնի 2 մլն 662 հազար 400 դրամի։

Նույն՝ 2 մլն 662 հազար դրամի սահմանագծին է հասնում նաև Հանրապետության նախագահի աշխատավարձը։

Փոխվարչապետների աշխատավարձը նախատեսվում է հասցնել 2 մլն 163 հազար դրամի, նույնքան կստանան նախարարներն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Նախարարի աշխատավարձը, ըստ ներկայացված հաշվարկի, գործող 998 հազար դրամից ավելի քան կրկնապատկվում է։

ԱԺ նախագահը կստանա մոտ 2 մլն 496 հազար դրամ, փոխնախագահը՝ 2 մլն 163 հազար, պատգամավորը՝ 1 մլն 497 հազար 600 դրամ։

Մարզպետի աշխատավարձը 832 հազարից դառնում է շուրջ 1 մլն 498 հազար դրամ, նախարարի տեղակալինը՝ 707 հազարից՝ 1 մլն 414 հազար դրամ։

Եվ սա այն Հայաստանում, որտեղ, Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակված տվյալներով, բնակչության 21.7 տոկոսն աղքատ է։

Համեմատության համար՝ կառավարության իսկ ծրագրային հաշվարկով 2026 թվականին միջին կենսաթոշակը պետք է կազմեր մոտ 68 հազար դրամ։ Այսինքն՝ վարչապետի նոր՝ 2 մլն 662 հազար դրամ աշխատավարձը հավասար է մոտ 39 միջին կենսաթոշակի։ Միայն վարչապետի աշխատավարձի ամսական շուրջ մեկ միլիոն դրամանոց աճով կարելի է վճարել մոտ 16 այդպիսի միջին կենսաթոշակ։

Ավելին՝ 2026 թվականին պետությունն անապահովության նպաստ ստանալու համար մեկ հաշվարկային անդամի եկամտի սահմանային շեմ է սահմանել ընդամենը 35 հազար 875 դրամ։ Այսինքն՝ վարչապետի մեկ ամսվա նոր աշխատավարձը ավելի քան 74 անգամ գերազանցում է այդ շեմը։

Իսկ կրթության ոլորտում պատկերը առավել խոսուն է։ Հանրակրթական հաստատությունների պաշտոնական հաստիքացուցակներում կարելի է հանդիպել 117 հազար 520 դրամ դրույքաչափով գրադարանավարի հաստիքի։ Վարչապետի նոր աշխատավարձը այդ գումարից ավելի քան 22 անգամ մեծ է։

Ուսուցիչների դեպքում իշխանությունը տարիներ շարունակ աշխատավարձի էական աճը կապում է կամավոր ատեստավորման, համապատասխան արդյունք ցույց տալու և հավելավճար ստանալու մեխանիզմների հետ։ Այսինքն՝ ուսուցիչը բարձր աշխատավարձ ստանալու համար պետք է քննություն հանձնի, ապացուցի իր մասնագիտական կարողությունները և համապատասխան արդյունք գրանցի։

Իսկ նախարարի համար «ատեստավորումը» շատ ավելի պարզ է՝ փոխել օրենքում գրված գործակիցը։

Ու սա միայն գործադիր իշխանությունը չէ։

Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը նախագծով հասնում է 2 մլն 412 հազար 800 դրամի, ՍԴ դատավորինը՝ 1 մլն 830 հազար 400 դրամի, ԲԴԽ նախագահինը՝ 2 մլն 163 հազար 200 դրամի, Վճռաբեկ դատարանի նախագահինը՝ շուրջ 2 մլն դրամի։

Գլխավոր դատախազի աշխատավարձը նախատեսվում է հասցնել 1 մլն 830 հազար 400 դրամի, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների նախագահներինը՝ նույնպես 1 մլն 830 հազար 400 դրամի։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը 998 հազար 400 դրամից դառնում է 1 մլն 830 հազար 400 դրամ։

Թվերը ներառում են հարկերն ու պարտադիր վճարները, բայց դրանից համեմատության էությունը չի փոխվում։

Ստացվում է՝ Հայաստանում ձևավորվում է երկու տարբեր իրականություն։

Մի իրականությունում թոշակառուի համար կառավարությունը 20 տոկոս անկանխիկ հետվճարման ծրագիր է իրականացնում՝ ամսական առավելագույնը 10 հազար դրամի սահմանաչափով։ 2026-ի ապրիլին փաստացի միջին հետվճարն ընդամենը 8 հազար 80 դրամ է եղել։

Մյուս իրականությունում նույն կառավարությունը պաշտոնյաների աշխատավարձերը մեկ որոշմամբ բարձրացնում է հարյուր հազարավոր, որոշ դեպքերում՝ շուրջ մեկ միլիոն դրամով։

Սա արդեն միայն աշխատավարձերի մասին չէ։ Սա պետական առաջնահերթությունների մասին է։

Եթե պետությունը մեկ նախարարի աշխատավարձը կարող է գրեթե կրկնապատկել, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն վճռականությունը չկա թոշակառուի, գրադարանավարի, ուսուցչի, բժշկի եկամուտների նկատմամբ։

Ուրեմն հարցը գուցե ոչ այնքան փողի բացակայությունն է, որքան՝ ում համար է այդ փողը գտնվում։

Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է՝ որպես Գյումրիում հեղինակություն վայելող մարդ․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է ․

«ԱԺ նախկին պատգամավոր, ապօրինի կալանավորված Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու իշխանական որոշումը ցույց է տալիս, որ գործող ռեժիմը ռեպրեսիոն համակարգից հետ կանգնելու նպատակ չունի, և անօրինականությունների շղթան շարունակվելու է:

Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է, առաջին հերթին, որպես Գյումրիում հեղինակություն ու վստահություն վայելող մարդ, և այնտեղ ՔՊ-ի հայտարարած արտահերթ պրոցեսների մտադրության ֆոնին տարբեր կերպ չեզոքացվել ու չեզոքացվելու են այն անձինք, ովքեր իշխանական մտահղացումների մեջ չեն տեղավորվում:

Խափանման միջոցի փոփոխության քննարկման ժամանակ Մարտունը հստակ նշեց, որ իր գնահատականներից ու սկզբունքներից երբեք չի հրաժարվելու, իսկ իշխանությունն էլ դրան ի պատասխան որոշում կայացրեց՝ երկարացրեց կալանավորման ժամկետը»։

Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

«Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը

ինչո՞ւ ենք քաղաքականությունը շփոթում իշխանության համար պայքարի հետ

Մենք ունենք կուսակցություններ, ընտրություններ, իշխանություն, ընդդիմություն, քաղաքագետներ, հրապարակախոսներ և բազմաթիվ քաղաքական քննարկումներ, բայց դրանց մեծ մասը պտտվում է նույն առանցքի շուրջ՝ ո՞վ պետք է գա իշխանության և ո՞վ պետք է հեռանա։ Սա քաղաքական պայքար է, բայց դեռ քաղաքական միտք չէ։

1. «Ո՞վ է կառավարելու» հարցը փոխարինել է «Ի՞նչ պետություն ենք կառուցում» հարցին

Հայկական քաղաքական բանավեճի մեծ մասը անձնավորված է։ Քննարկվում են Փաշինյանը, նախկին իշխանությունները, ընդդիմության այս կամ այն առաջնորդը, առանձին պաշտոնյաներ։ Սակայն անձերի փոփոխությունը դեռևս չի նշանակում քաղաքական համակարգի փոփոխություն։

Քաղաքական մտածողության ավելի բարձր մակարդակը պետք է սկսվի այլ հարցից.

Ի՞նչ ինստիտուցիոնալ համակարգ է անհրաժեշտ Հայաստանին, որպեսզի պետությունը կախված չլինի մեկ անձից։

Ո՞վ է վերահսկում բյուրոկրատիան։

Ո՞վ է վերահսկում ուժային կառույցները։

Ինչպե՞ս է ձևավորվում քաղաքական էլիտան։

Ինչպե՞ս է իշխանությունը փոխանցվում։

Ինչպե՞ս է սահմանափակվում իշխանությունը։

Ի՞նչ հարաբերություն պետք է լինի պետության, հասարակության, եկեղեցու, բանակի և սփյուռքի միջև։

Սրանք արդեն քաղաքական մտքի հարցեր են։

2. Կարգախոսը դարձել է գաղափարախոսության փոխարինող

«Ժողովրդավարություն», «խաղաղություն», «ազգային արժեքներ», «ուժեղ պետություն», «ինքնիշխանություն», «Արևմուտք», «Ռուսաստան» բառերը հաճախ վերածվում են քաղաքական դրոշների։ Բայց գաղափարախոսությունը պարզապես բառերի հավաքածու չէ։

Եթե ասում ես «ժողովրդավարություն», պետք է պատասխանես՝ ինչպե՞ս է այն աշխատում ինստիտուցիոնալ մակարդակում։

Եթե ասում ես «ուժեղ պետություն», պետք է բացատրես՝ ինչո՞վ է պետությունը ուժեղ՝ բանակո՞վ, տնտեսությա՞մբ, ինստիտուտներո՞վ, հասարակական համերաշխությա՞մբ, թե՞ իշխանության կենտրոնացմամբ։

Եթե ասում ես «ինքնիշխանություն», պետք է սահմանես՝ ինչպե՞ս է այն համատեղվում անվտանգային, տնտեսական և աշխարհաքաղաքական կախվածությունների հետ։

Առանց այդ հարցերի գաղափարախոսությունը վերածվում է քաղաքական մարքեթինգի։

3. Մենք շատ ենք խոսում արտաքին ուժերի մասին և քիչ՝ սեփական հասարակության մասին

Հայաստանում քաղաքական գործընթացները հաճախ բացատրվում են արտաքին կենտրոններով։

Ռուսաստան։

Արևմուտք։

Թուրքիա։

Ադրբեջան։

Իրան։

Իհարկե, Հայաստանի քաղաքականության վրա արտաքին միջավայրը հսկայական ազդեցություն ունի։ Փոքր պետությունը չի կարող անտեսել աշխարհաքաղաքականությունը։ Բայց արտաքին ուժերով ամեն ինչ բացատրելու դեպքում առաջանում է վտանգավոր պարզեցում։ Եթե ամեն ինչ բացատրվում է Մոսկվայով, Վաշինգտոնով, Անկարայով կամ Բաքվով, ապա մնում է առանց պատասխանի գլխավոր հարցը.

Իսկ մենք ինքներս ինչո՞ւ ենք այսպիսին։

Ինչո՞ւ են հասարակական ինստիտուտները թույլ։

Ինչո՞ւ են քաղաքական կուսակցությունները հաճախ կախված առաջնորդներից։

Ինչո՞ւ է ընտրական քաղաքականությունը գերակայում գաղափարական քաղաքականությանը։

Ինչպե՞ս են վերարտադրվում էլիտաները։

Ինչո՞ւ է հասարակությունը հաճախ քաղաքականությունից ակնկալում ոչ թե ինստիտուտների ստեղծում, այլ «ուժեղ մարդու» հայտնվել։

Սա արդեն ներքին քաղաքականության իրական տեսությունն է։

4. Պատմությունը պետք է դադարի լինել միայն փաստարկ և դառնա վերլուծության առարկա

Հայ քաղաքական մշակույթում պատմությունը հսկայական դեր ունի։ Բայց պատմական հիշողությունը և պատմական վերլուծությունը նույն բանը չեն։«Մեր նախնիներն այսպես են արել»՝ քաղաքական ծրագիր չէ։ Ավելի կարևոր հարցն է՝ ինչպիսի՞ սոցիալական կառուցվածքներ, տնտեսական հարաբերություններ, պետական ինստիտուտներ և աշխարհաքաղաքական պայմաններ են ստեղծել այդ պատմական իրադարձությունը։

Այս մոտեցումը թույլ է տալիս պատմությունից ոչ թե միայն հպարտության կամ վիրավորանքի նյութ վերցնել, այլ քաղաքական գիտելիք ստանալ։

5. Չկա բավարար խորությամբ հայկական «պետության տեսություն»

Մենք շատ ենք խոսում իշխանության մասին, բայց հաճախ քիչ ենք խոսում պետության մասին։

Իշխանությունը պետությունը չէ։

Կառավարությունը պետությունը չէ։

Քաղաքական կուսակցությունը պետությունը չէ։

Վարչապետը պետությունը չէ։

Պետությունը ինստիտուտների համակարգ է, որը պետք է կարողանա գոյություն ունենալ նույնիսկ այն ժամանակ, երբ իշխանության կոնկրետ մարդիկ փոխվում են։

Այստեղ է քաղաքական մտքի ամենակարևոր փորձությունը. կարո՞ղ ենք պատկերացնել Հայաստան, որտեղ ոչ մի քաղաքական առաջնորդ չի հանդիսանում պետության կենտրոնական հենարանը։

Եթե չենք կարող, ապա խնդիրը միայն քաղաքական գործիչների մեջ չէ։ Խնդիրը պետական կառուցվածքի մեջ է։

6. Հայկական քաղաքական մտքին պակասում է էլիտաների մասին սառը խոսակցությունը

Յուրաքանչյուր պետությունում գոյություն ունեն էլիտաներ։ Հարցն այն չէ՝ կա՞ն դրանք, թե՞ ոչ։ Հարցն այն է՝ ինչպե՞ս են դրանք ձևավորվում, ինչպես են վերարտադրվում և ինչպե՞ս են փոխարինվում։

Քաղաքական իշխանություն։

Բիզնես։

Բյուրոկրատիա։

Ուժային համակարգ։

Մեդիա։

Մտավորականություն։

Տեղական ազդեցիկ խմբեր։

Սփյուռքի կազմակերպություններ։

Այս համակարգերի փոխհարաբերությունների ուսումնասիրությունը կարող էր տալ Հայաստանի քաղաքական կյանքի շատ երևույթների բացատրությունը։

7. Պակասում է քաղաքական մարդաբանությունն` անտրապոլոգիան

Ամենախորը հարցը նույնիսկ պետության մասին չէ, այն մարդու մասին է։

Ինչպիսի՞ քաղաքական մարդ է ձևավորվել Հայաստանում։

Ինչո՞ւ է նա երբեմն նախընտրում հովանավորին՝ ինստիտուտի փոխարեն։

Ինչո՞ւ է ուժեղ առաջնորդի նկատմամբ վստահությունը հաճախ ավելի հեշտ ձևավորվում, քան ինստիտուտների նկատմամբ։

Ինչո՞ւ է քաղաքական հավատարիմ լինելը երբեմն ավելի կարևոր դառնում, քան քաղաքական ծրագիրը։

Ինչպե՞ս է ձևավորվում քաղաքական վախը։

Ինչպե՞ս է ձևավորվում քաղաքական ատելությունը։

Ինչպե՞ս է հասարակությունը ընկալում պետությունը՝ որպես սեփականություն, որպես ծառայություն, որպես վերահսկող ուժ, թե որպես ընդհանուր հանրային ինստիտուտ։

Առանց այս հարցերի քաղաքականությունը մնում է մակերեսային։

8. Մեզ պակասում է քաղաքական մտքի շարունակականությունը

Հայաստանում տարբեր ժամանակաշրջանների քաղաքական մտքի միջև բավարար չափով շարունակական երկխոսություն չի ձևավորվել։ Մենք հաճախ ոչ թե զարգացնում ենք նախորդ սերնդի գաղափարները, այլ սկսում ենք նորից։ Այդ պատճառով Հայաստանում քիչ են այն քաղաքական-փիլիսոփայական դպրոցները, որոնք տասնամյակների ընթացքում նույն հարցերը տարբեր սերունդներով զարգացնում են։ Պետք է կարողանալ վիճել ոչ միայն քաղաքական գործիչների, այլև գաղափարների հետ։

9. Քաղաքական միտքը պետք է վերադառնա մեծ հարցերին

Հայաստանի քաղաքական միտքը կարող էր կրկին սկսել դասական հարցերից.

Պլատոն — ի՞նչ է արդար պետությունը։

Արիստոտել — ինչպե՞ս են առաջանում և քայքայվում քաղաքական ռեժիմները։

Մաքիավելլի — ինչպե՞ս է իրականում գործում իշխանությունը։

Հոբս — ինչո՞ւ է մարդը համաձայնում պետության իշխանությանը։

Տոկվիլ — ինչպե՞ս է հասարակությունը ձևավորում ժողովրդավարական ինստիտուտներ։

Մարքս — ինչպե՞ս են տնտեսական հարաբերությունները վերածվում քաղաքական ուժի։

Վեբեր — ինչպե՞ս է իշխանությունը դառնում լեգիտիմ։

Շմիթ — ո՞վ է կայացնում վերջնական քաղաքական որոշումը։

Արենդտ — ինչպե՞ս են զանգվածային հասարակությունը և իշխանությունը փոխազդում։

Գրամշի — ինչպե՞ս է ձևավորվում գաղափարական և մշակութային գերիշխանությունը։

Օրտեգա-ի-Գասետ — ի՞նչ է տեղի ունենում, երբ զանգվածը դառնում է քաղաքականության գլխավոր դերակատար։

Սրանք պարզապես պատմական հեղինակներ չեն, սրանք գործիքներ են, որոնց միջոցով կարելի է ուսումնասիրել նաև Հայաստանը։

Վերջնական հարցը` Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն իշխանափոխության մասին մտածող քաղաքականություն, անհրաժեշտ է պետականության մասին մտածող քաղաքական միտք։

Տարբերությունը հսկայական է։

Առաջինը հարցնում է. ո՞վ է լինելու իշխանության։

Երկրորդը հարցնում է. ինչպիսի՞ պետություն պետք է կառուցենք, որպեսզի պետությունը կախված չլինի նրանից, թե ով է իշխանության։

Եվ հենց այստեղ է սկսվում իրական քաղաքական փիլիսոփայությունը։

Հ.Գ. Սա ես չեմ գրել, սա ChutGPT-ն է գրել` իմ մտքերն է “գողացել”» ։

ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում վերջին շրջանում լուրջ գործընթաց է սկսվել երկու անձի շուրջ՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանի եղբոր՝ Ավետ Կոնջոյանի, և ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի։

Մեր տեղեկություններով՝ իշխանական վերնախավը որոշում է կայացրել մանրամասն ուսումնասիրել երկու անձանց վարքագծին առնչվող բոլոր հանգամանքները։ Հարցը նախ պետք է քննարկվի ՔՊ վերահսկող հանձնաժողովում, որտեղ, ըստ մեր աղբյուրների, կուսակցական կառույցը պետք է ուսումնասիրի առկա փաստերը, համադրի հանգամանքներն ու դրանից հետո որոշում կայացնի նրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ։

Իշխանական շրջանակներում, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, այս երկու անձինք արդեն դիտարկվում են որպես կուսակցության համար լուրջ գլխացավանք։ Պատճառը նրանց շուրջ վերջին շրջանում առաջացած սկանդալներն ու հանրային լայն արձագանք ստացած պատմություններն են։

Ավետ Կոնջոյանի դեպքում խոսքը վերջին շրջանում աղմուկ բարձրացրած միջադեպի մասին է, որի շրջանակում նա հայտնվել էր ծեծկռտուքի և, ըստ հրապարակված տեղեկությունների, հուլիգանական վարքագծի հետ կապված պատմության կենտրոնում։

Հայկ Սարգսյանի պարագայում իրավիճակն այլ է։ Նախկին պատգամավորը վերջին շրջանում մի շարք հարցազրույցներով հանդես է եկել ՔՊ-ի և կուսակցության տարբեր ներկայացուցիչների հասցեին կոշտ հայտարարություններով՝ նրանց մեղադրելով տարբեր գործողությունների, այդ թվում՝ իրավական գնահատականի ենթակա արարքների մեջ։ Նրա հայտարարությունները իշխանական շրջանակներում դժգոհության պատճառ են դարձել։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքներն են պատճառ դարձել, որ երկու անձանց վարքագիծը կուսակցության ներսում ենթարկվի առանձին քննարկման։

Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահին ՔՊ վերահսկող հանձնաժողովում իրականացվում է փաստերի ուսումնասիրության և համադրման գործընթաց։ Քննարկվում են տարբեր հանգամանքներ, ուսումնասիրվում են առկա նյութերն ու երկու անձանց հետ կապված հրապարակումները, որից հետո պետք է ձևակերպվի վերջնական դիրքորոշումը։

Միևնույն ժամանակ, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վերնախավում արդեն կա քաղաքական որոշում՝ Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցության շարքերից։

Թե որքանով այդ որոշումը կստանա պաշտոնական ձևակերպում, պարզ կդառնա ՔՊ վերահսկող հանձնաժողովի ուսումնասիրությունների ավարտից հետո։ Կարճ ասած, այս գործընթացն այլևս ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է»։

Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի համայնքապետարանի աշխատակազմը երեկ յուրօրինակ ձեւով է շնորհավորել համայնքապետ Գեւորգ Փարսյանի 41-ամյակը։ Ողջ անձնակազմը՝ մի քանի տասնյակ մարդ, առավոտ կանուխ շարվել է համայնքապետարանի մուտքի մոտ եւ ծափողջույններով ու «շնորհավոր» բացականչություններով դիմավորել աշխատանքի եկած համայնքապետին: Տեսանյութն էլ վերնագրել էին՝ «Կապանատան բանալին ամուր ձեռքերում է»։

Այս տեսարանը ցնցումների մեջ է գցել իշխանական շրջանակներին, երեկ ոմանք փորձում էին Փարսյանին համեմատել Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդի հետ, այն դեպքում, երբ Փարսյանի բարի համբավի եւ լավ քաղաքապետ լինելու մասին յուրաքանչյուր կապանցի է խոսում։

Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամբիոնից իր առաջին ելույթով խայտառակված ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանը քաղաքական դաշտում, պարզվում է, նորեկ չէ։ Ընդամենը հինգ տարի առաջ նա բոլորովին այլ քաղաքական թիմում էր և ընտրողներին զգուշացնում էր պետականությունը կորցնելու ու «ծնկի գալու» վտանգի մասին։

Երեկ Վարդանյանը ԱԺ ամբիոնից պատմեց իր դպրոցական տարիներից մի դրվագ՝ ասելով, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանա կավիճը բռնել ու խնդիր լուծել։ Ի դեպ, պատգամավորը խոսում էր ոչ թե «գրատախտակի մոտ գնալու», այլ հենց գրատախտակի գնալու մասին։

Սակայն «մացեմածիկայի» շուրջ աղմուկից զատ՝ ուշագրավ է նաև նորահայտ ՔՊ-ականի քաղաքական անցյալը։

Արաքսյա Վարդանյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակով։ Նա ցուցակի 5-րդ համարն էր։ Այսօր արդեն Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ ԱԺ պաշտոնական կայքն էլ նրան ներկայացնում է որպես ՔՊ անդամ և խմբակցության պատգամավոր, որը Փարաքարու ավագանուց է խորհրդարան գնացել։

2021-ին Վարդանյանի քաղաքական բառապաշարը ևս էապես տարբերվում էր այսօրվա իշխանական դիրքավորումից։ Ընտրություններից առաջ նա հայտարարում էր.

«Իմ հայ ժողովուրդ՝ այսօր մենք բոլորս կանգնած ենք շատ կարևոր ու վճռորոշ պահի առաջ. այն է՝ կորցնել պետականությունը և ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով»։

Նա նաև կոչ էր անում քաղաքացիներին գիտակցել, որ «այլևս սխալվելու իրավունք չունենք» և դադարել «թուլանալ, ընկճվել, դեգերել և սգալ»։ Այդ ժամանակ Վարդանյանը ընտրողներին կոչ էր անում աջակցել Սամվել Բաբայանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ին։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանի մերձավոր շրջապատում այսօր էլ կան մարդիկ, որոնք «Հայաստան» դաշինքին հարող մարդիկ։

Մեր աղբյուրները ՔՊ-ում նրա ընդգծված կոշտ իշխանական հռետորաբանությունը կապում են նաև իր քաղաքական հավատարմության վերաբերյալ հնարավոր կասկածները փարատելու ձգտման հետ։ Սա, սակայն, մեր աղբյուրների գնահատականն է, և Վարդանյանի հրապարակային մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ դեռ չկա։

Այսպիսով՝ ընդամենը հինգ տարվա ընթացքում Արաքսյա Վարդանյանի քաղաքական ճանապարհը Սամվել Բաբայանի թիմից հասցրել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխող ՔՊ»։

Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, Սահմանադրական դատարանի դատավորների թափանցիկությունն ու հանրության համար նրանց գույքային դրությունը հասանելի դարձնելու նպատակով, շարունակում է ուսումնասիրել և ներկայացնել ՍԴ դատավորների հայտարարագրած ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի հայտարարագրերը՝ ներկայացնելով, թե այս տարիների ընթացքում ինչպես են փոփոխվել նրա անշարժ գույքը, եկամուտները, դրամական միջոցներն ու վարկային պարտավորությունները։

Վլադիմիր Վարդանյանը 2021 թվականից մինչև 2026 թվականի մարտը զբաղեցրել է Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և ղեկավարելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ ԱԺ պաշտոնական տվյալների համաձայն՝ նրա պատգամավորական լիազորությունները դադարել են 2026 թվականի մարտի 26-ին, իսկ 2026 թվականի մարտի 25-ին Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր՝ 67 կողմ ձայնով։

Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության կարևոր հանգամանքն այն է, որ 2026 թվականին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելուց հետո Վլադիմիր Վարդանյանի՝ պաշտոնը ստանձնելու հետ կապված նոր հայտարարագիրը դեռ հրապարակված չէ, ուստի նրա՝ որպես ՍԴ դատավորի պաշտոնավարման մեկնարկային գույքային պատկերը դեռ հնարավոր չէ համադրել 2025 թվականի հայտարարագրի հետ։

2021 թվական

2021 թվականին Վարդանյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 710 հազար 40 դրամ։ Ամբողջ գումարը ներկայացված է որպես Ազգային ժողովից ստացած աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։

Այդ ժամանակ նրա անունով եղել է մեկ բնակարան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Գույքը ձեռք է բերվել 2001 թվականի օգոստոսի 27-ին՝ ժառանգությամբ։

Տարեվերջին Վարդանյանի վարկային պարտավորության մնացորդը կազմել է 573 հազար 942.2 դրամ։ Բանկային հաշիվներում տարվա սկզբին նա ունեցել է 173 հազար 505.84 դրամ, իսկ տարեվերջին՝ 0 դրամ։ Միաժամանակ կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում աճել են՝ 2,500 ԱՄՆ դոլար, 800 հազար դրամ և 2,150 եվրո կազմելով տարեվերջին։

2022 թվական

2022 թվականին Վարդանյանի հայտարարագրած եկամուտը կտրուկ աճել է՝ հասնելով 59 մլն 785 հազար 538.48 դրամի։ Սակայն այս գումարի հիմնական մասը կազմել են ստացված վարկերն ու փոխառությունները։ Մասնավորապես՝ 48 մլն 570 հազար դրամը ստացվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ից, ևս 1 մլն 761 հազար 278.48 դրամը՝ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ից։ Ազգային ժողովից աշխատանքի վարձատրությունը կազմել է 9 մլն 454 հազար 260 դրամ։

Անշարժ գույքի մասով փոփոխություն չի եղել․ պահպանվել է 2001 թվականին ժառանգությամբ ստացած մեկ բնակարանը։ Տարվա վերջում վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 50 մլն 331 հազար 278.5 դրամ։

2023 թվական

2023 թվականին Վարդանյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 14 մլն 256 հազար 581.8 դրամ։ Դրանից 11 մլն 985 հազար 143 դրամը եղել է ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված վճարումները, 2 մլն 69 հազար 90 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված այլ եկամուտ, իսկ Վենետիկի հանձնաժողովից ստացած եկամուտը կազմել է 480 եվրո։

Անշարժ գույքի մասով կրկին փոփոխություն չի եղել․ նրա անունով մնացել է մեկ՝ Արաբկիրում գտնվող, 2001 թվականին ժառանգությամբ ստացած բնակարանը։ Տարեվերջին վարկային պարտավորությունը կազմել է 48 մլն 115 հազար 694 դրամ։

2024 թվական

2024 թվականին Վարդանյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 15 մլն 968 հազար 50 դրամ։ Դրանից 12 մլն 239 հազար 608 դրամը եղել է ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված վճարումները, իսկ 3 մլն 728 հազար 442 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամտային հարկի վերադարձ։

Անշարժ գույքի մասով փոփոխություն կրկին չի եղել․ տարվա սկզբին և տարեվերջին նա ունեցել է նույն՝ մեկ բնակարանը։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 48 մլն 52 հազար 162.2 դրամ։

2025 թվական

2025 թվականին արդեն էական փոփոխություն է արձանագրվել։ Վարդանյանը տարվա ընթացքում ձեռք է բերել ևս մեկ բնակարան՝ 53 մլն 974 հազար 300 դրամով։ Այսպիսով, տարեվերջին նրա անունով եղել է երկու բնակարան․ մեկը՝ 2001 թվականին ժառանգությամբ ստացած, մյուսը՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ին 53 մլն 974 հազար 300 դրամով ձեռք բերված։

2025 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 18 մլն 596 հազար 773.7 դրամ։ Դրանից 15 մլն 281 հազար 690 դրամը եղել է ԱԺ աշխատակազմից ստացած աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված վճարումները, իսկ 3 մլն 315 հազար 83.7 դրամը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամտային հարկի վերադարձ։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել է 46 մլն 753 հազար 749.6 դրամ։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 6 մլն 774 հազար 20 դրամ։

Միաժամանակ 2025 թվականի հայտարարագրում նշված է, որ Վարդանյանը տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է 2022 թվականի արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենայի, որը սեփականության իրավունքով իր անունով գրանցված չի եղել։

ՔՊ պատգամավորից՝ ՍԴ դատավոր

Այսպիսով, 2021-2025 թվականների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վարդանյանի անունով այդ ժամանակահատվածում պահպանվել է 2001 թվականին ժառանգությամբ ստացած բնակարանը, իսկ 2025 թվականին ավելացել է ևս մեկ բնակարան՝ 53 մլն 974 հազար 300 դրամ արժեքով»։

Փաշինյանը մեկնել է Գերմանիա՝ Հեսսեյան Խաղաղության մրցանակը ստանալու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ: