Բնակիչներին հորդորում են ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։

«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր:

Փոփոխության մասին տեղեկացրեք «Վեոլիա Ջուր» ընկերությանը»,- նշում են ՀՎԿԱԿ-ից։

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր

«Արզական–Քանաքեռ–Զովունի» ջրատարի վթարի հետևանքով ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։ Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից, պարզաբանելով, որ ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն։

«Այս պահին առավել խնդրահարույց է ջրատարի տեխնիկական վիճակը։ Ստեղծված իրավիճակը պահանջում է լրացուցիչ մասնագիտական լուծումներ։ Ամբողջ գիշեր «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները լուսարձակների ներքո աշխատել են 6 մետր խորությամբ վթարի վայրում։ Թեպետ այս պահին ընկերությունը տեխնիկական և ինժեներական հնարավոր բոլոր լուծումներով փորձում է բնակավայրերում ջրամատակարարում ապահովել այլ տարածքներից, սակայն հաշվի առնելով վթարի բարդությունն ու ջրատարի տեխնիկական վիճակը՝ որոշ բնակավայրերում ջրամատակարարման խնդիրները, ցավոք, հնարավոր չէ բացառել»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Արզական-Քանաքեռ-Զովունի» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 23/24-ին Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում ջրամատակարարումն իրականացվում է ժամանակացույցի խախտումներով։

«Վթարի վերացման աշխատանքները շարունակվում են։ Ջրամատակարարման բնականոն ռեժիմը կվերականգնվի վթարի ամբողջական վերացումից հետո։ Ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 23-ին խոշոր վթար էր գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Ընկերությունը վթարի վերացման հետևանքով հայտարարել էր ջրանջատում՝ մեկտեղ ընդգծելով, որ ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։

Երևանի մի շարք համայնքների բնակիչներ համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են տարածում՝ ցույց տալով իրենց ծորակից հոսող պղտոր ջուրը՝ մեղադրելով այդ ամենի մեջ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցության եկած դատապարտյալի եղբորը: Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Արդյունքում՝ քաղաքացու թևատակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, ինչպես նաև՝ թմրամիջոցի նմանվող, 0,80 գրամ քաշով բուսական զանգված:

Քաղաքացին ձերբակալվել է ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված արգելված իրերի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին, սա համերաշխության և աջակցության հզոր նշան է. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ողջունում և անկեղծ շնորհակալություն է հայտնում ԵՄ անդամ պետություններին՝ հայկական ապրանքների նկատմամբ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ ԵՄ հանձնաժողովի առաջարկին հավանություն տալու համար։

«Սա համերաշխության և աջակցության հզոր նշան է և ևս մեկ հանգրվան Հայաստան-ԵՄ գործընկերության մեջ՝ մեր գագաթնաժողովի Հռչակագրին և Ռազմավարական օրակարգին համապատասխան»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Հիշեցնենք՝ այսօր հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության է արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։

Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի նախագահների կողմից ստորագրվելուց հետո կարգավորումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում և դրան հաջորդող օրը կմտնի ուժի մեջ։

ԵՄ այս կարգավորմամբ կազատականացնեն դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Հիշյալ միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և ՀՀ–ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը։

Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով:

Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցերը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Քրիս Ֆերնի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Նախարարները քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր: Ընդգծվել է երկկողմ առևտրի խթանման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների առաջմղման պատրաստակամությունը:

Քո մշակույթը ոչնչացնում են, դու ասում ես` խաղաղությո՞ւն է․ Լեռնիկ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Ես չեմ կարծում` այդպես խաղաղություն կլինի։ Խաղաղությունը միայն սահմանին կրակելը կամ միայն ռազմական գործողությունները չեն։ Պատերազմի և խաղաղության այդ հասկացությունները տարբեր ձևեր ու որակումներ ունեն։ Այս մասին Armat Media-ի հետ զրույցում ասաց Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին,

Հայաստանում Եվրոպական Միության առաքելությանը,

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին,

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության,

Ֆրանսիայի Հանրապետության,

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության,

Իտալիայի Հանրապետության,

Հունաստանի Հանրապետության,

Գերմանիայի Դաշնային Հանրապետության,

Լատվիայի Հանրապետության,

Լեհաստանի Հանրապետության,

Շվեյցարիայի Համադաշնության,

Բուլղարիայի Հանրապետության,

Բելառուսի Հանրապետության,

Չեխիայի Հանրապետության,

Կանադայի,

դեսպանություններին

ԲՈՂՈՔԻ ՈՒՂԵՐՁ

Հայաստանի եւ Արցախի քաղաքացիական հասարակությունը, խոր զարմանքով և ցավով արձանագրում է, որ Արցախում (Լեռնային Ղարաբաղում) Իլհամ Ալիևի վարչակազմի իրականացրած բացահայտ անօրինական և բարբարոսական քաղաքականությունը՝ բնիկ ժողովրդին բռնի տեղահանելու, էթնիկ զտմամբ ցեղասպանական գործողություն իրականացնելու, նրանց ունեցվածքը յուրացնելու, հայկական հազարամյա պատմական ժառանգությունը ոչնչացնելու, կեղծարարությամբ հայկական պատմամշակութային հուշարձաններն այլոց վերագրելու, արժանանում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և Ադրբեջանում գործող միջազգային այլ կառույցների ոչ միայն լռելյայն թողտվությանը, այլև փաստացի խրախուսմանը։

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և հանրային գործիչներս, վրդովմունքով նշում ենք, որ միջազգային դիվանագիտական կառույցների նման պահվածքը՝ այցելելու բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի տարբեր բնակավայրեր՝ Ալիևի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, և բնավ չհիշելու այդ տարածքի բնակիչների ճակատագրի, նրանց թողած հոգևոր և նյութական ժառանգության պահպանության, միջազգայնորեն ամրագրված տարրական իրավունքների պաշտպանության մասին, գործնականում հավանություն է տալիս Ադրբեջանի վարչակազմի այն գործողություններին, որոնք բացարձակ հակասության մեջ են մարդու իրավունքների, հակամարտությունները ուժով կամ ուժի սպառնալիքով չլուծելու սկզբունքներին։ Փաստացի նրանք կարծես մոռացել են իրենց դիվանագիտական կոչման և դավանած ժողովրդավարական արժեքների մասին՝ ակամա դառնալով այդ հանցագործությունների մեղսակիցը։

Հայ հասարակության համար հատկապես անհասկանալի և խորապես դատապարտելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների վարքագիծը, որոնք ավելի քան 3 տասնամյակ զբաղվել են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ անդամ մյուս պետությունների հետ համագործակցելով, նրանց մանդատով բազում անգամ այցելել են Արցախ, դիվանագիտական բանակցություններ վարել Արցախի Հանրապետության պետական և ռազմական ներկայացուցիչների, հոգևոր հայրերի հետ։ Դրանով նրանք ընդունել են օրինական ճանապարհով ձեռք բերված անկախության փաստը և պաշտպանել արցախցիների իրավունքները։ 2020 – 2023 թթ․ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և 2023 թ․ սեպտեմբերին լիակատար հայաթափման գործողություններից հետո դադարել են պաշտպանել նրանց իրավունքները։ Այնինչ Արցախի ինքնորոշման պայքարը ղեկավարած այրերը Բաքվի բանտերում պատանդ են պահվում և միջազգային տարբեր կառույցների կողմից ապօրինի ճանաչված դատավարությունների խոշտանգվող զոհերն են։

Ժողովրդավարական արժեքների գերակայության մասին պնդող պետությունների ներկայացուցիչները հարկ չեն համարում անգամ այցելել նրանց՝ հետևելու դատավարությունների և բանտարկյալների պահման պատշաճ պայմաններին, բայց ժամանակ և եռանդ են գտնում ադրբեջանական պաշտոնյաների հետ Արցախ գնալու և լսելու Գանձասարի, Դադիվանքի, Շուշիի, հայկական պատմության և մշակութային ժառանգության մասին ակնհայտ հակագիտական, ցինիկ պնդումներ, առանց անգամ մեկ բառ ասելու տեղաբնիկների ճակատագրի և մարդու իրավունքների ու ժողովրդավարության պաշտպանության մասին։

Հայտնելով մեր բողոքը և անհանգստությունը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ակնկալում ենք մեր այս բողոք-ուղերձի անաչառ քննարկում և դիվանագիտական անհրաժեշտ քայլերի ու արձագանքների կազմակերպում։

Մարդու իրավունքները և ժողովրդավարությունն անսակարկելի արժեքներ են, որոնք չեն կարող ստորադասվել տնտեսական, վառելիքաէներգետիկ, ռազմաքաղաքական ուժի և այլ շահերին։

Նարինե Դիլբարյան – «Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման Համակարգող խորհուրդ։

Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, > Հ/Կ գործադիր տնօրեն։

Խաչիկ Մանուկյան – Բանաստեղծ, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր։

Արցախի Ավագների խորհուրդ։

Սաթիկ Սեյրանյան – Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» կայքի գլխավոր խմբագիր։

Արմինե Օհանյան – «Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր։

Անժելա Թովմասյան – «Հայելի ակումբի» կայքի գլխավոր խմբագիր։

Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր։

Փիրուզա Մելիքսեթյան – «Irates.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր։

Արզիկ Մխիթարյան – Հոգեբան, ԱրՊՀ պրոֆեսոր, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ։

Լավրենտ Ղալայան-Նկարիչ-քանդակագործ, ԱրՊՀ պրոֆեսոր, ԱՀ ժողովրդական նկարիչ։

Ստեփան Հասան-Ջալալյան – քաղաքագետ, «Հասան-Ջալալյանների խորհուրդ» ՀԿ հիմնադիր-նախագահ։

Թաթուլ Մանասերյան – Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։

Ձյունիկ Աղաջանյան – ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Ժասմեն Ղևոնդյան – «Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միություն» ՀԿ։

Միհրան Շահզադեյան – Քաղաքագետների հայկական ասոցիացիա։

Հովիկ Ավանեսով – Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն։

Հասմիկ Միքայելյան – «Արցախի Մայրություն» ՀԿ։

Յուրի Քարամյան – «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ նախագահ։

Արմինե Պետրոսյան «Հայկի Սերունդ» կրթական, հայապահպան ՀԿ նախագահ։

Սարասար Սարյան – «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ։

Անահիտ Հակոբյան – ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար։

Սիլվա Մարգարյան – «Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետաքննական , իրավապաշտպան կենտրոն (ՏՎՀԻ) ՀԿ Նախագահ։

Ալեքսանդր Սահակյան – «Արցախի Արծիվներ-Կոմանդոս» ՌՀՄՊՈՒՄ ՀԿ։

Էլմիրա Հայրապետյան – Արցախի հանրապետության վաստակավոր մանկավարժ։

Աստղիկ Ավետիսյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան, մանկավարժության դոցենտ։

Դիվանագետների համահայկական խորհուրդ։

Նաիրա Զոհրաբյան – «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ։

Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ։

Ուղերձը բաց է ստորագրման համար։

25.09.2026թ․ սույն բողոքի ուղերձը կուղարկվի նշված կառույցներին։

Կանխվել է Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է

Ապօրինի արդյունահանման հերթական դեպքն են հայտնաբերել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները։ Նրանք ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները և չունենալով վարձակալության պայմանագիր, Արմավիրի մարզի Կողբավան գյուղի վարչական տարածքում շուրջ 20 օր կազմակերպել է հրաբխային տուֆի արդյունահանում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկությունը հաստատվել է: Սեպտեմբերի 18-ին հիշյալ տեղամաս այցելելիս իրավապահները նկատել են աշխատող էքսկավատոր և տուֆով բարձված բեռնատար։

Ըստ նախնական տեղեկության՝ ապօրինի արդյունահանվել է շուրջ 120 խորանարդ մետր տուֆ, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 3 միլիոն 600 հազար դրամի վնաս։ Բարձված բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են։

ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը

ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները, որոնց համաձայն՝ ԵՄ ներմուծման տուրքերը կվերացվեն հայկական արտահանման շուրջ 80%-ի համար։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքը։

Միջոցառումները նախատեսված են Հայաստանի տնտեսությանը աջակցելու համար՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների պայմաններում, և կգործեն երկու տարի։

Նոր ռեժիմով ներմուծման տուրքերը կվերացվեն հայկական ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։

ԵՄ Խորհրդի գնահատմամբ՝ այս քայլը կնպաստի Հայաստանից ԵՄ առևտրային հոսքերի պահպանմանն ու ընդլայնմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նպատակներին համապատասխան։

Պեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում

Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը, սակայն Երևանը պետք է կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կամ Եվրոպական միությանը (ԵՄ) իր մասնակցության հարցում, քանի որ այդ միավորումների չափանիշներն անհամատեղելի են։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ինքնիշխան բոլոր իրավունքներին, սակայն միևնույն ժամանակ Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից է, և այլ չափանիշների նկատմամավ աստիճանական վերակողմնորոշումը ամենատարբեր ոլորտներում չի համապատասխանելու ԵԱՏՄ չափորոշիչներին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով․ «Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ ընտրություն կատարելն անչափ կարևոր է»։

«Ու չափազանց կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկը հակասության մեջ չմտնի բոլորիս համար կարևոր այս ինտեգրացիոն միավորման կանոնների, չափորոշիչների ու սկզբունքների հետ»,- շեշտել է Պեսկովը։