Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից բռնագանձել շուրջ 20 գույք, 1,6 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար (պաշտոնակատար) Աշոտ Բաբկենի Արզումանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

  • 16 անշարժ գույք, որից 14-ը գտնվում է Երևան քաղաքում՝ Կենտրոն վարչական շրջանում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, 1-ը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում.
  • 3 տրանսպորտային միջոց.
  • 8 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • բանկում ներդրված 60.726 ԱՄՆ դոլարի ավանդ.
  • 254 միլիոն 505 հազար դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք.
  • 269 միլիոն 226 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 1 միլիարդ 103 միլիոն 270 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ։ Այդ մասին հայտնում են ՀԾԿՀ-ից:

Որոշման համաձայն՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը պարտավոր է իր պաշտոնական վեբ կայքում հրապարակել տեղեկատվություն՝ սահմանված հզորության գործակցի թույլատրելի տիրույթների վերաբերյալ։

Համապատասխան տեղեկատվությունը վերաբերում է էլեկտրաէներգետիկական համակարգի սահմանազատման կետերին, որոնցում բաշխողը և որակավորված սպառողները պետք է ապահովեն իրենց տնօրինության ներքո գտնվող էլեկտրաէներգետիկական համակարգի համապատասխան աշխատանքը՝ սահմանված թույլատրելի տիրույթների պահպանմամբ։

Նոր կարգավորմամբ նախատեսվում է նպաստել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց միջև փոխհարաբերությունները։

Երևանում բացվեց «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիան

Երևանում բացվեց «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիան։ 

Ֆուտբոլը Երևանի բակային կյանքի կարևոր մասն է, և մեզ համար կարևոր է, որ երեխաներն ունենան խաղալու, մարզվելու և իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություններ։

2021–2025 թվականներին Երևանում կառուցել և հիմնանորոգել ենք 136 ֆուտբոլային դաշտ՝ ֆուտբոլը երեխաների համար ավելի հասանելի դարձնելու նպատակով։

Իսկ միջազգային հեղինակություն ունեցող ակումբի ակադեմիայի ներկայությունը Երևանում արդեն նոր հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ֆուտբոլում առաջ գնալ և զարգանալ ավելի պրոֆեսիոնալ միջավայրում։

Կարևոր է, որ Երևանում այս ճանապարհը լինի շարունակական՝ բակային դաշտից մինչև ավելի բարձր մակարդակի մարզում ու զարգացում։

Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով մի շարք շինություններ, որոնք տարբեր նպատակներով հատկացվել են Մայր Աթոռին, սակայն որևէ աշխատանք չի կատարվել և շենքերը գտնվում են անմխիթար վիճակում:

«Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են նախադպրոցական կրթության հնարավորությունից:

Կտրիճ Ներսիսյանը հանրային նշանակության շենքերը զավթելուց հետո դրանք վերածել է կամ փլատակների կամ բիզնեսի:

Սրանք ցցուն փաստեր են Եկեղեցում ճգնաժամի վերաբերյալ զեկույցից, թե ինչքանով է վնասակար Կտրիճ Ներսիսյանի գոյությունը վեհարանում»,- ասվում է գրառման մեջ:

838.jpg (220 KB)839.jpg (138 KB)840.jpg (216 KB)855.jpg (183 KB)856.jpg (195 KB)857.jpg (175 KB)

Եղեգնաձորում գնահատում են խաղաղությունը. ՔՊ թեկնածուն ներկայացնում է՝ ինչու ընտրել իրեն

Եղեգնաձորում գնահատում են խաղաղությունը. ՔՊ թեկնածուն ներկայացնում է՝ ինչու ընտրել իրեն

Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել. նախագիծ

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգել մինչև 2031թ․ դեկտեմբերի 31-ը։

Այդ մասին հայտնում են Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:

Միաժամանակ նախատեսվում է ծրագրում կատարել որոշակի փոփոխություններ՝

  • աջակցության չափը սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի չափից,
  • ընտանիքի՝ այլ գույք չունենալու պայմանն առավել նպատակային կիրառելու համար պայմանի ստուգումն իրականացնել դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների կտրվածքով, որպեսզի բացառվեն գույքի պայմանական օտարումները,
  • անշարժ գույքի արժեքի սահմանաչափը, անկախ երեխայի կարգաթվից, սահմանել 40 մլն դրամ՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը,
  • հաշվի չառնել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս մարումների առկայությունը և հնարավորություն տալ շահառուներին երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա 1 տարին լրանալը դիմել և ստանալ աջակցությունը։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարելի է ներկայացնել այստեղ:

Երևանի 5 վարչական շրջանում և 7 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–13:00 Սարյան փողոց 2 շենք, Մոսկովյան փողոց 24, 28, 36, 38 շենքեր,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00–16:00 Ազատության պողոտա 24–244 շենքեր և 24 առանձնատուն,Հ. Ներսիսյան փողոց 1 շենք,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00–16:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Մոլդովական փողոց 2, 2/1, 2/2, 4, 4/1, 4/2, 6, 6/1, 8, 8/1, 10, 10/1, 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, Թոթովենցի փողոց 1–16 շենքեր, Գայի պողոտա 3, 5, 7, 7/1 շենքեր, Բագրևանդի փողոց 1, 1/3, 4/3 շենքեր, թիվ 2 առևտրի քոլեջ, թիվ 17 հատուկ դպրոց, թիվ 133, 164 դպրոցներ, թիվ 103, 104, 252 մսուր-մանկապարտեզներ, «Նոր Նորք» վարչական շենք, Նոր Նորքի զինկոմիսարիատի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

11:00–15:00 Ա․ Միկոյան փողոց 25, 27, 29 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի 30-րդ փողոցին հարող առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

10:00–16:00 Անդրանիկի փողոց 131/20, 131/19, 131/12 հասցեների բաժանորդներ, ՀԱ Բ-2 թաղամաս 139, 140 շենքեր, թիվ 87 մանկապարտեզ և թիվ 11 դպրոց,

11:00–17:00 Մոնթե Մելքոնյան փողոց 16 շենք,

Արագածոտնի մարզ՝

11:00–17:00 ՖՀԻ Գիտավան, Կարին գյուղ, Աշտարակ քաղաք՝ Արցախ թաղամաս, Արտակի փողոց մասնակի, Արա 2 թաղամաս, Էջմիածնի խճուղի,

Արարատի մարզ՝

11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Աղայան, Ղուկասյան, Ստեփանյան, Աբովյան, Ա. Խաչատրյան փողոցներ մասնակի,

11:00–14:00 Արտաշատ քաղաք՝ Արարատյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան–Երասխ մայրուղին մասնակի, Շահումյան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրավան, Նշավան գյուղեր, Արևշատ գյուղ մասնակի, Սայաթ-Նովա, Զորակ գյուղեր մասնակի, Մասիս քաղաք՝ Կայարան թաղամաս մասնակի, Գործարանային, Երկաթուղայինների, Շիրակի փողոցներ մասնակի, «Սալակիդ» ոչ բնակիչ-բաժանորդ,

13:00–14:30 Բերքանուշ գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11:00–13:00 Ազատեկ, Զառիթափ, Զեդեա և Փոռ գյուղեր,

Կոտայքի մարզ՝

11:00–13:00 Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–15:00 Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին թաղամաս, Հուշարձան թաղամաս, Վերին թաղամաս-2, Նոր թաղամաս, Արևմտյան թաղամաս, Ա/Ձ «Մարտիրոս Հանոյան», «Սև քար» իջևանատուն, Սեփականատեր «Ա․ Ղուկասյան», Սեփականատեր «Ա․ Պետրոսյան», Սեփականատեր «Գ․ Գրիգորյան», Սեփականատեր «Հ․ Հարությունյան», Սեփականատեր «Ա․ Աղաբեկյան», Սեփականատեր «Ռ․ Մարտիկյան», Սեփականատեր «Ա․ Մ․ Ապրեսյան», զինվորական մաս, «Եթեր» խմբագրություն,

11:00–16:00 Նուռնուս ամառանոցային զանգված, Գարուն թաղամաս 1, 2, Կոտայքի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ գյուղ մասնակի, Ս․ Ջալալյան, Բարեկամության, Շառլ Անզնավուրի, Գարեգին Նժդեհի, Ն․ Ավետիսյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

11:00–13:00 Նորատուս գյուղն ամբողջությամբ, Նորատուս գյուղի Սևանի փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից նրբանցքներ, թիվ 1, 2, 3 միջնակարգ դպրոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, թիվ 2 մանկապարտեզ, «Անդ-Մարիամ» ՍՊԸ գազալցակայան, Նորատուսի ՃՇՇ ասֆալտ-գործարան, «Ատոմաշեն» ՍՊԸ բետոն-հանգույց, «Վերադարձ» հյուրանոցա-ռեստորանային համալիր և Նորատուսի «Յուքոմ» բջջային օպերատորի կայան,

11:30–16:30 Սոթք գյուղի 4-րդ, 5-րդ, 3/1 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30–14:50 Շատվան համայնքի կենտրոնական խճուղի, 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

15:00–16:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Պողոսյան, Թովմասյան, Կամոյի, Չարենցի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

11:00–14:00 Լեռնավան, Ջրաշեն գյուղեր,

11:00–15:00 Ստեփանավան քաղաք՝ Բաղրամյան, Գ. Նժդեհի, Երիտասարդական փողոցներ մասնակի,

11:00–16:00 Ստեփանավան քաղաք՝ Կամոյի, Րաֆֆի, Արևելյան, Աշոտաբերդ, Պրոմեթեյ, Նար-Դոսի, Դուրյան, Մատրոսով, Պուշկինի, Պռոշյան, Տերյան, Խանջյան, Բաղրամյան, Երիտասարդական, Եկեղեցու և Չարենցի փողոցներ մասնակի,

11:00–17:00 Ակներ, Ծաղկաշատ և Հաղպատ գյուղեր,

Տավուշի մարզ՝

11:00–12:30 Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Կալինինի փողոց մասնակի, Աղավնավանք գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:00–16:00 Բերդ քաղաք մասնակի, «ԱԿԲԱ բանկ» ընկերություն, ոստիկանություն, զինվորական մաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը. 11 միլիոն դրամ շուկայական արժեքով 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2017 թվականի օգոստոսի 24-ին Ա.Ա.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 690 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում, մինչդեռ երկրորդ մասնակից Ս.Խ.-ն փաստացի մրցույթին չի մասնակցել։

Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։

Ուսումնասիրության արդյունքում Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Ա.Ա.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Նաիրի համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։

2026 թվականի սեպտեմբերի 24-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում՝ Նաիրի համայնքի տիրապետմանն է վերադարձվել 690 քմ մակերեսով հողատարածքը:

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի՝ փոքր արդյունաբերության և արդյունաբերական ավանների հարցերով տեղակալ Թահմորս Լահութիի հետ: Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Քննարկվել են երկու երկրների միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը նախորդել է ՀՀ դեսպանի այցելությունը «Շամսաբադ» արդյունաբերական ավան, որտեղ Գրիգոր Հակոբյանը ծանոթացել է արդյունաբերական ավանի հնարավորություններին, շրջայց կատարել ավանին պատկանող ապակու և ատամների իմպլանտների արտադրամասերում:

Անգամ ՀՀ վարչապետ դառնալու հեռանկարը չգերադասեց ՌԴ անձնագրից ու չհրաժարվեց դրանից. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի հայտարարությանը՝ արված Հանրայինի եթերում:

Վերջինը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտարարությունը՝ կապված ռուսամետ ուժերին Հայաստանում ընտրություններին մասնակցել թույլ տալու հետ։

«Ասում է՝ «Իմ կարծիքով ՌԴ նախագահը պաշտպանել է իր պետության անձնագիրը»։

Չեմ կարող վիճել այս պնդման հետ, 100%-անոց ճիշտ է, անձնագիրը խորհրդանշում է երկկողմ պայմանագիր՝ քաղաքացու և պետության միջև, և ՌԴ նախագահի այս հայտարարությունն ընդգծում է պետության գործառույթը սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու առումով։

Բայց չէ՞ որ քաղաքացու և պետության միջև կնքված պայմանագիրը՝ անձնագիրը, նաև պարտավորություն է նախատեսում քաղաքացու համար, օրինակ՝ քաղաքացին պարտավոր է գործել հանուն իր երկրի շահերի։ Հիմա կասեք՝ դե նա նաև ՀՀ անձնագիր ունի, ու ես չեմ կարող ձեզ հետ չհամաձայնվել, այո, ունի, բայց հիշում եմ 44-օրյա պատերազմի օրերին տվյալ եռաքաղաքացին կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, կոչ էր անում հանդարտության, այսինքն՝ հանդես էր գալիս մի երրորդ երկրի դիրքերից։ Այսինքն՝ վերջինս կողմնորոշված է իր սրտի քաղաքացիության հարցում, այդ պատճառով էլ անգամ Հայաստանի վարչապետ դառնալու հեռանկարը չգերադասեց ՌԴ անձնագրից ու չհրաժարվեց վերջինից։

Բայց որպեսզի երկրի ղեկավարի հարցում նման փորձության առաջ չկանգնեցվի երկիրը, հստակ կա պահանջ բարձրաստիճան պաշտոնի հավակնողների՝ այդ թվում վարչապետի թեկնածուի համար, ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ»,- գրել է Հակոբյանը: