Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կրկին մեդալ է նվաճում:

Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 77 կգ կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Այս ձևում նա առաջինն է: Երկամարտի 240 կգ արդյունքով՝ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն:

«Հնարավոր է՝ գործարքը կնքվի մինչև Չինաստան կատարելիք իմ այցը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Միացյալ Նահանգները և Իրանը կարող են գործարք կնքել մինչև մայիսի կեսերին կայանալիք իր այցը Չինաստան: Այս մասին նա հայտարարել է PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Դա հնարավոր է, այո», – ասել է նա:

Թրամփի այցը Չինաստան նախատեսված է մայիսի 14-15-ին:

«Կարծում եմ՝ սա ավարտվելու շատ լավ շանսեր ունի, իսկ եթե դա տեղի չունենա, մենք ստիպված կլինենք նորից սկսել անխնա ռմբակոծել նրանց: Ամեն ինչ շատ պարզ է», – հավելել է ԱՄՆ նախագահը:

Նրան խնդրել են մեկնաբանել, թե արդյոք պահպանում է լավատեսությունը բանակցությունների հնարավոր արդյունքների վերաբերյալ: 

«Կարծում եմ՝ այո: Բայց ես նախկինում էլ էի այդպես մտածում նրանց հետ կապված, այնպես որ կտեսնենք, թե ինչ կլինի», – պատասխանել է ամերիկյան առաջնորդը:

Հայաստանի էլեկտրական ցանցերն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում մայիսի 6-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Շնայդեր էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Ռումինիայի, Մոլդովայի և Հայաստանի գլխավոր տնօրեն Լուչիան Էնարուին, որին ուղեկցել են «Շնայդեր էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Ավետիք Քալանթարյանը և ընկերության տեղական գործընկեր, «Էլեկտրոմոնտաժ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև «Էնթերփրայզ Արմենիա» («ներդրումների աջակցման կենտրոն») հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը և գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն Լևոն Օհանեսյանը: 

«Շնայդեր էլեկտրիկ Ռումինիա»-ն ֆրանսիական Schneider Electric ընկերության տարածաշրջանային ստորաբաժանումն է, որը գործում է Ռումինիայում և ընդգրկում նաև Մոլդովայի ու Հայաստանի շուկաները։

Schneider Electric-ը համաշխարհային առաջատար է էներգետիկ տեխնոլոգիաների ոլորտում և միտված է արդյունավետ ու կայուն զարգացման խթանմանը՝ էլեկտրաֆիկացման, ավտոմատացման և թվայնացման միջոցով։ Ընկերության լուծումները նպաստում են ենթակառուցվածքների, բիզնեսների և էներգետիկ համակարգերի արդյունավետության և դիմակայունության բարձրացմանը։

Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են համագործակցության հնարավորություններին՝ մասնավորապես էներգետիկ համակարգերի արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին։

Կարևորվել է նաև էլեկտրաֆիկացման, ավտոմատացման և թվայնացման ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը և համակարգերի դիմակայունության բարձրացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել պետական և մասնավոր գործընկերների հետ շարունակել աշխատանքային քննարկումները՝ ակտիվ փոխգործակցության շրջանակում ներկայացնելով էներգետիկ համակարգերի արդիականացմանն ուղղված նոր առաջարկներ։ 

Ընդգծվել է էներգետիկ համակարգերի արդիականացման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման և ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ նոր նախաձեռնությունների մշակման և ներկայացման կարևորությունը՝ ուղղված ոլորտի կայուն զարգացմանն ու արդյունավետության ամրապնդմանը։

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Կարլ Նեհամերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել բանկին՝ ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ ծրագրերի իրականացման ուղղությամբ շարունակական աջակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղությունների:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ընթացիկ ծրագրերի իրականացմանը և համագործակցության շրջանակի հետագա ընդլայնմանը։

Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր։ Նախարարը պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել։

 

Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

 

Այցի ընթացքում նախարար Պապիկյանը ծանոթացել է հուշահամալիրի պատմությանը:

Ովքեր ունեն Էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք․ երբ կմեկնարկի այն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, ինչպես նաև երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամներն արտերկրում էլեկտրոնային եղականով քվեարկելու իրավունք ունեն։

Բացի այս անձանց շրջանակից, այլ էլեկտրոնային քվեարկություն չի իրականացվում։

ԿԸՀ-ն մայիսի 6-ի արտահերթ նիստում, Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարները փոխանցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկում է մայիսի 29-ի ժամը 08:00-ից մինչ մայիսի 31-ի ժամը 20:00-ն։

էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը ԿԸՀ ներկայացվում է մինչև հունիսի 1-ի ժամը 12:00-ն։

Արգիշտի Մեխակյանը հանդիսավոր կերպով դիմավորել է մեր մեդալակիր մարզիկներին․ համայնքապետարան

Այսօր Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը հանդիսավոր կերպով դիմավորել է մեր մեդալակիր մարզիկներին: Այս մասին հայտնում են համայնքապետարանից։

 

Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, մարզիչ՝ Սիմոն Կարապետյան։ 

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, մարզիչ՝ Ժորա Վարդանյան։

 

Արգիշտի Մեխակյանը շնորհավորեց նրանց մեծահասակների առաջնություններում առաջին մեդալների կապակցությամբ՝ մաղթելով նոր հաղթանակներ ու բարձունքներ։

Առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Ինչպես հայտնել է ՊՆ-ն, Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս մակարդակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն արդյունավետորեն իրականացվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2026 թվականի երկկողմ պլանի համաձայն։

Որպես հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ռազմական կրթությունը, փորձի փոխանակումը և համատեղ վարժանքներին մասնակցությունը։

Քննարկվել է նաև ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը։

Նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները Երևանում։ Սուրեն Պապիկյանը Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշին հրավիրել է այցելել Հայաստան։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ բացելու վերաբերյալ։


Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

Վեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ 

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին։ 

Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նոր նախաձեռնություններով ընդլայնման հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել ԹՐԻՓՓ նախագծի իրագործման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: