Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նոր նախաձեռնություններով ընդլայնման հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել ԹՐԻՓՓ նախագծի իրագործման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը համագործակցության հարցեր են քննարկել

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև զարգացող քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին, ՀՀ-ԵՄ օրակարգի հետագա առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:

Քննարկվել են բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր:

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության կորպորատիվ հարաբերությունների տնօրեն (գլխավոր տնօրենի տեղակալ) Քրիստոս Հարպանտիդիսի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Հայաստան այցելության, ինչպես նաև «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին մասնակցելու համար։ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում կարևորել է ընկերության հետ ձևավորված բազմամյա արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն ընդգրկում է տնտեսության, կրթության և գիտության ոլորտները։

Նախագահը միաժամանակ շեշտել է, որ կրթության և գիտության զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաները և արհեստական բանականության ոլորտը Հայաստանի համար հանդիսանում են առաջնահերթություններ։ Այս ուղղությունները, ըստ նախագահի, լրացուցիչ խթան և անխոչընդոտ զարգացման հնարավորություններ են ստացել 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից հետո ձևավորված նոր իրողությունների և Հայաստանի ու տարածաշրջանի համար բացված հնարավորությունների համատեքստում։ Նա հույս է հայտնել, որ առկա գործընկերությունը շարունակաբար կընդլայնվի՝ նպաստելով նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը Հայաստանում։

Քրիստոս Հարպանտիդիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին։ Նա բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել այն առավել զարգացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթության և գիտության զարգացման կարևորությանը, ինչպես նաև ինժեներական քաղաքում ձևավորված համագործակցության արդյունավետությանը։

Անդրադարձ է կատարվել Philip Morris International ընկերության և Հայաստանի պետական մարմինների միջև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։

Կողմերը կարևորել են նաև հումանիտար և հանրային շահին ուղղված ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով դրանց դերը սոցիալական պատասխանատվության խթանման գործում։ Հանդիպման ավարտին վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ։ 

Հայաստանի՝ «Եվրոպայի սրտում լինելը» այրեց ՌԴ-ի ու ընդդիմության «սև սիրտը»

Երևանում վերջին օրերին տեղի ունեցող ԵՔՀ (Եվրոպական
քաղաքական համայնքի) 8-րդ գագաթնաժողովի փաստը իսկական շոկ ու ցնցում էր առաջիկա
խորհրդարանական կատաղի ընտրապայքարի մասնակցող ընդդիմության համար։ Այն
ընդդիմության, որը անթաքույց կերպով հովանավորվում, աջակցվում, ինչու չէ՝
կառավարվում է ՌԴ-ի կողմից՝ ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի։ Բնական է, որ այդ
մեգամիջոցառման փաստը արժեզրկելու, դրա հիմնական ուղերձները խեղաթյուրելու  համար ընդդիմությունը պետք է աներ ու
առաջիկայում էլ անելու է ձեռքից եկածն ու խելքի կտրածը։ Մասնավորապես՝ ԵՄ-ն,
գագաթնաժողովն անցկացնելով Հայաստանում հունիսի 7-ի ընտրություններից առաջ,
այսպիսով իր աջակցությունն է հայտնում Փաշինյանին, որը կատարել ու շարունակելու է
կատարել ԵՄ-ի բոլոր պահանջները, այն նույն ԵՄ-ի, որի ցուցումով ՀՀ վարչապետը
2022-ին Պրահայում «Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում» ու «լեգիտիմացրեց 2023-ի
ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիան՝ մասնակից լինելով ԼՂ-ի հայաթափմանը»։
Ցնորամիտների հայտնի քաղաքական խմբակն էլ վերջին մի քանի օրերին  «խոդի է գցել» 300 հազար ադրբեջանցիների՝
Հայաստան վերադարձի թեման՝ գագաթնաժողովը ընդհուպ դիտարկելով որպես
«ադրբեջանցիների վերադարձի» նախապատրաստություն։ Միջոցառման իմաստի և ուղերձի
մասին մյուս քարոզչական ցնդաբանությունները թերևս չտիրաժավորենք։   

Դառնալով  միջոցառման անցկացմանը՝ որպես փաստ, մի կարևոր դիտարկում։ Ինչպես նշել էր Եվրոպական
խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը
«իսկապես պատմական է, որովհետև առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային
Կովկասում, Հայաստանին դնելով Եվրոպայի սրտում, հենց այնտեղ, որտեղին որ Հայաստանը
պատկանում է»:
Սա եվրոպացի
բարձրաստիճան չինովնիկի զուտ էմոցիոնալ պոռթկումը չէ, ոչ էլ հերթապահ հաճոյախոսություն,
այլ Հայաստանի անկախության, սուվերենիտետի ընդգծման վկայություն, ինչպես նաև մեր
երկրի՝ եվրոպական արժեհամակարգի, քաղաքակրթական նվաճումների, դեմոկրատական
ավանդույթների անսակարկելի կրողն ու հարգողը լինելու արձանագրում։ Նման
գնահատականն ու վերաբերմունքը մի երկրի հանդեպ, որը մինչև վերջերս՝ 2020 թվականի 44-օրյա
պատերազմն ու հետպատերազմական արտաքին մարտահրավերները, համարվում էր ՌԴ-ի
հենակետ, վկայում են այն մասին, որ  Հայաստանը Հարավային Կովկասում ազդեցության օբյեկտից
վերածվել է գործուն սուբյեկտի, ինքնաբավ երկրի։ Երկիր, որն այլևս դադարել է
ընկալվել որպես «աշխարհաքաղաքական որբ» և պետք չունի արտաքին հովանավորների,
խնամակալների, կարող է ինքնուրույն հոգալ իր կարիքները՝ մասնավորապես պաշտպանական,
անվտանգային, ինքնուրույն կարող է լուծել հարևանների հետ ունեցած խնդիրները, առանց
երաշխավորների առաջ մղել խաղաղության գործընթացը։ Այսինքն՝ Հայաստանի թույլ ու
անպաշտպան, որբ ու հալածական, խեղճ  ու
անկյալ լինելու մասին միֆը փշրվել է, գործընթաց, որը ԵՄ անդամ դառնալ ձգտող երկրին
տրվել է մեծագույն զրկանքների՝ հետպատերազմական արհավիրքների, կորուստների, ցավալի
զիջումների, նաև՝ ներքաղաքական առումով ոչ պոպուլիստական որոշումների գնով։

Հայաստանի հենց այս նոր կարգավիճակի հետ է, որ ոչ մի
կերպ չի համակերպվում ռազմավարական դաշնակիցը՝ ՀՀ-ում կառավարող ուժին
վերաբերվելով որպես «անառակ որդու», որի «վերադարձի» ուղղությամբ ամեն ջանք պետք է
գործադրել՝ խաղաղության գործընթացը իրեն հասանելի եղանակներով խոչընդոտելով,
ԹՐԻՓՓ-ի իրագործումն իրեն առնչվող դրվագով (երկաթուղու) «տոռմուզ անելով»,
արժեզրկելով ամեն բան, ինչն ասոցացվում է եվրաինտեգրացիայի հետ,  տնտեսական սանկցիաներ գործադրելով և, վերջապես,
ՀՀ-ի նկատմամբ քարոզչական «հատուկ ռազմական գործողություն» իրականացնելով՝ որպես
այդպիսի գործողության  բացառիկ առիթ դիտարկելով
ՀՀ-ում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Իզուր չէ, որ
ռուսաստանյան տարբեր տրամաչափի չինովնիկներ գլխապատառ հայտարարում են, թե հունիսի
7-ի ընտրություններով պետք է «ուշքի բերել» Հայաստանին՝ կասեցնելով վերջինիս
ռազմավարական շրջադարձը դեպի ԵՄ։ Հենց այդ շրջադարձը կասեցնելու համար է, որ
Պուտինը Հայաստան է առաքել իր «վերջին մոհիկանին»՝ կալուգացի հայտնի բիզնեսմենին,
որին գործը գլուխ բերելու համար պետք է աջակցեն 
ռուսա-բելառուսամետ մյուս՝ թող որ հալումաշ եղած, սևսիրտ դարձած, բայց
Պուտինի արևով երդվող սուբյեկտները՝ Քոչարյանը, Ծառուկյանն ու Կիրիենկոյի
կոնտորայի մյուս «թևերն» ու «տոտերը»։        

Հ. Մ. 

 

 

 

 

 

Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը գոհունակությամբ ընդգծել են Վաշինգտոնյան համաձայնագրերը

Մայիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

 

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Վաշինգտոնյան համաձայնագրերն ու մատնանշել դրանց շրջանակում իրականացվող համագործակցության շոշափելի արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործման շրջանակում տարվող աշխատանքներին ու դրանց հետագա ընթացքին:

 

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ընդդիմության վայնասունը զարմանալի չէ․ ՀՀ-ն գուբերնիա սարքելու նրանց երազանքը չի իրականանալու

ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ընդդիմադիրների շրջանում լուրջ խուճապ
է առաջացրել։ Մասնավորապես Սամվել Կարապետյանը 300.000 ադրբեջանցիների վերադարձի և
այստեղ գալու ու բնակվելու կեղծ խոսույթը հիմա էլ փորձում է կապել վերոնշյալ գագաթնաժողովի
հետ։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի հետ։

«Զարմանալի չէ ընդդիմադիր դաշտի այս վայնասունը, որովհետև ցանկացած
լավ բան, որ տեղի է ունենում ՀՀ-ում և ՀՀ-ի շուրջ, նրանք շատ ծանր են տանում, իսկ այս
300.000 ադրբեջանցիների խոսույթը իրականում անգամ ադրբեջանական կողմն է հերքել, սակայն
մեր ընդդիմադիր դաշտը շարունակաբար խոսում է դրա մասին։ Սակայն երբ մեր ընդդիմադիր
դաշտն ակտիվանում է ու սկսում է նման կեղծ թեզեր շպրտել լրատվական դաշտ, մենք կարող
ենք վստահաբար ասել, որ ևս մեկ դրական առաջընթաց ունենք քաղաքական դաշտում»,- ասաց
պատգամավորը։

Նա ընդգծեց, որ «Ուժեղ Հայաստանի» խոսքերին որևէ կերպ չի կարելի
հավատալ, որովհետև նրանք կեղծ են ամեն ինչում, անգամ  քաղաքացիների հետ հանդիպումների այդ մոնտաժված տարբերակները,
որովհետև դրանք էլ են կեղծ:

Մեր զրուցակիցը պատմեց նրանց հետ պատահած մի միջադեպի մասին, որը
տեղի է ունեցել Արտաշատում. «Այնտեղ նրանց հետ կապ չունեցող պարի միջոցառում է եղել,
երեխաները հրապարակում պար են ներկայացրել, բայց նրանք այդ միջոցառման վիդեոն այնպես
են ներկայացրել, որ կարծես թե այդ համերգը հատուկ իրենց համար էր արված։ Այնինչ իրականությունն
այն էր, որ դադարեցվել է պարը, երեխաները խառնվել են իրար, ծնողներն են դժգոհել, թե՝
եկել պարը խանգարում եք, դեռ մի բան էլ ուզում եք մեզ ընդգրկել ձեր նախընտրական արշավի
մեջ, և թույլ չեն տվել նրանց որևէ կերպ նկարահանել։ Այսինքն՝ նրանց ամեն ինչը հիմնված
է կեղծ թեզերի, կեղծ, մոնտաժ արած վիդեոների վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան          

Հայտնի է՝ որ հասցեներում այսօր լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00-17:00 Թումանյան փողոց 15, 15/1, 22, 24, 26, 26ա, 39, 40, 42 շենքեր, Թումանյան 2-րդ անցուղի 2-21 առանձնատներ, Նալբանդյան փողոց 17, 19, 21, 23 շենքեր, Աբովյան փողոց 18 շենք, «Մոսկվա» կինոթատրոն, Մոսկովյան փողոց 37 շենք, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00–17:00 Հրաչյա Քոչարի փողոց 14 շենք,

Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

11:00–17:00 Ռուբինյանց փողոց 27/78–27/89 շենքեր, «Աթենք Մսամթերք» ՍՊԸ,

Երևանի Ավան վարչական շրջան՝

11:00–17:00 Աճառյան փողոց 7/6–35/74 շենքեր, Ծարավ Աղբյուրի փողոց 167/1–175/5, 66/1–177/6 շենքեր, ինչպես նաև «Սպորտ» հյուրանոց,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00-17:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Գայի պողոտա 3, 5, 7, 7/1 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ, «Լուսանշան», «Սեքյուրիթի Դրիմ», «Թուխար» ՍՊԸ-ներ, Գայի պողոտա 7/3 առանձնատուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոլդովական փողոց 2, 2/1, 2/2, 2/3, 4, 6/2, 92 շենքեր, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ, «Վազ-2» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թոթովենցի փողոց 11, 11/1 շենքեր, «Ջավախք» Համատիրությաւն շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00-16:00 Սիլիկյան 1, 2, 3, 4 փողոցներ մասնակի, ՀԱ Գ-1 թաղամաս 2, 4, 2/5 տեղամասեր մասնակի,

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Հաղթանակ թաղամաս 11, 12 փողոցներ մասնակի, թիվ 113 դպրոց, Սեբաստիայի փողոց մասնակի, Սեբաստիայի փողոց 3Ա, 3Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00-16:00 Լազոյի փողոց 4, 6 շենքեր, Լազոյի, Կաշեգործների փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00-16:00 Դավիթ Բեկի 2 թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սասունցի Դավթի փողոց 70/2 շենք, Սասունցի Դավթի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մուրացանի փողոց, Սուվորովի նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ՝

11:00-16:00 Ուջան գյուղն ամբողջությամբ և Կոշ գյուղ մասնակի,

11:00-17:00 Արուճ, Շամիրամ և Դպրեվան գյուղերն ամբողջությամբ,

Արարատի մարզի՝

11:00-12:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Թովմասյան, Աղայան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Աբովյան, Ա. Խաչատրյան, Նար Դոսի, Չարենցի, Իսահակյան, Ս. Հակոբյան, Ներսիսյան, Մամիկոնյան, Իսահակյան, Մռավյան, Սպանդարյան, Խաչատրյան, Պռոշյան, Տերյան, Ավագյան, Շահումյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Գործարանային, Երևանյան, Խանջյան, Մյասնիկյան, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան գյուղ մասնակի,

11:00-13:00 Ջրահովիտ, Արևաբուր, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի,

11:00-14:00 Այնթափ գյուղ մասնակի,

13:00-14:30 Բերքանուշ գյուղ մասնակի

15:00-16:00 Նարեկ գյուղ մասնակի

Կոտայքի մարզի՝

10:00-16:30 Ծաղկաձոր քաղաք՝ Չարենցի, Օրբելի եղբայրների, Կեչառիսի, Գ. Մագիստրոսի փողոցներ, ՀՀՌՑ, «Վիվա-Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, «Վիարդո» հանգստյան տներ, «Ծաղկահովիտ», «Նարեկ» պանսիոնատներ, «Թեղենիս» առողջարանային համալիր, «Կապիտալ Բիլդ», «Եվրոպա Հաուս», «Դեջի Թեյն» ՍՊԸ-ներ, «Ռոսիա», «Գրողների տուն», «Կեչառիս» հյուրանոցներ, Խ. Մուրադյան փողոց 3, 5 շենքեր, Անտառային փողոց 1 թիվ 10 շենք և հարակից բաժանորդներ, Քաղսի գյուղ մասնակի,

11:00-13:00 Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամաս մասնակի, Հացառատի կինոթատրոն, Բուռնազյան, Ազատամարտիկներ, Կարեյաններ, Լևիկ Հարությունյան, Պետրովի, Կաբելագործների, Բարեկամության փողոցների առանձնատներ, «Գրանդ Քենդի» պահեստ, «Արայիկ Ավոյան» ՍՊԸ, «Ավետիք Վարդանյան» ՍՊԸ, Հայփոստի շենք, «Գառնիկ Սահակյան» ՍՊԸ, «Սուրեն Խաչատրյան» ՍՊԸ, «Վալյա Նիկողոսյան» ՍՊԸ, Նոր Գետաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

13:00-15:00 Գավառ քաղաք՝ Արծվաքար թաղամաս մասնակի, Սազայի փողոցի առանձնատներ, Սայադյան փողոց մասնակի, ԱԻՆ վարչական շենք, Կարմիր համայնք՝ «Թիմ Տելեկոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, Արծվաքար թաղամաս Մարտին Բարսեղյան տարածքի բնակիչներ,

11:15-12:15 Վարդենիս քաղաք՝ Գայի փողոց 26, 28, 30 փողոցներ մասնակի,

12:30-14:50 Վարդենիս քաղաք՝ Գ. Նժդեհի փողոց 1, 6, 7 փողոցներ մասնակի,

11:00-14:00 Մայակովսկի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16:00 Նոր Հաճն համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի և Նոր Արտամետ գյուղեր, Ալափարս և Ֆանտան համայնքներ, «Կար-Կոր» գազալցակայան, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Աբովյան քաղաք՝ 5, 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի,

12:00-14:00 Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12:00–15:00 Ջրաբեր համայնքի ավազի հանքեր, «Զատիկ» մանկատան անասնագոմեր, ինչպես նաև հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

10:00-12:00 Ենոքավան գյուղ՝ 2-րդ, 4-րդ, 7-րդ փողոցներ մասնակի,

12:30-14:30 Ենոքավան գյուղ՝ 8-րդ, 9-րդ փողոցներ մասնակի,

12:00-13:00 Հաղթանակ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

11:00-15:00 Լոռի-Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Հովնանաձոր և Կողես գյուղեր,

11:30-13:30 Շիրակամուտ, Նոր Պառնի և Սարալանջ գյուղեր,

Շիրակի մարզ՝

11:00–13:00 Արթիկի տարածաշրջան՝ Տուֆաշեն, Հայրենյաց և Հայկասար գյուղեր մասնակի,

Սյունիքի մարզ՝

11:00-16:45 Անգեղակոթ գյուղ մասնակի,

10:30-12:00 Սիսիան քաղաք՝ Սիսական փողոց 46, 46ա, 50, 50ա շենքեր, Ա. Մանուկյան փողոց մասնակի,

12:15-14:00 Սիսիան քաղաք՝ Ա. Մանուկյան փողոց 3 շենք, Իսրայելյան փողոց 39, 39ա, 39բ, 39գ շենքեր, Ն. Ադոնցի փողոց 1 շենք, Գ. Նժդեհի փողոց 3, 4 շենքեր, Իսրայելյան փողոց 35 շենք,

14:15-16:00 Սիսիան քաղաք՝ Իսրայելյան փողոց 63, 65 շենքեր, Սիսական փողոց 64 շենք և Սիսական փողոց մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Միսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակը․ վարչապետ

Երևանի Միսաք Մանուշյանի այգում բացվել է հանրային ներառական «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակը։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել։

Արարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Ջուրիչի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Գոհունակություն է արտահայտվել երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության ավելացման կապակցությամբ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա այլցերի միջոցով շարունակել խթանել երկուստեք շահավետ քաղաքական երկխոսությունը:

 

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց նկատմամբ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտել է մի շարք իրավախախտումներ։

Այսպես,  սահմանափակ պատասխանատվությամբ երեք ընկերություն, չունենալով Կենտրոնական բանկի կողմից տրամադրված արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա,  իրականացրել են արտարժույթի առուվաճառքի գործարքներ։Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, երեք ընկերության վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալների հիմքով, ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտման փաստի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով: Միաժամանակ, հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտեի` քրեական վարույթներ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

Մեկ այլ դեպքով` անհատ ձեռնարկատեր «Գ․Դ․»-ն 100․000 դրամը գերազանցող  առուվաճառքի գործառնությունների համար չի պահանջել հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ և գործարքը ձևակերպել է իր որդու անձնագրով՝ խախտելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված կարգի պահանջները։

Արտարժույթի փոխանակման կետերից մեկի աշխատակիցն էլ հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը չպահանջելու նպատակով 100․000 դրամը գերազանցող  առք ու վաճառքի գործարքը բաժանել է երկու մասի, որով ևս խախտվել է ՀՀ կենտրոնական բանկի հաստատված կարգի պահանջները։

Իսկ անհատ ձեռնարկատերեր «Ա․Մ․»-ն, «Հ․Հ․»-ն և «Հ․Ղ․»-ն, խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների պահանջները, իրականացրել են արտարժույթի փոխանակման գործարքներ և չեն տրամադրել սահմանած կարգով, ձևով և վավերապայմաններով արտարժույթի առուվաճառքի գործառնությունները հավաստիացնող անդորրագրերը:

Եվս 2 ընկերություն թաքցրել է շուրջ 60 մլն․ դրամի հարկվող շրջանառություն: Արդյունքում, պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 11 մլն․ ՀՀ դրամ հարկ։ Իրականացված միջոցառումների շրջանակում, վերջիններս վերականգնել են պետությանը պատճառված վնասը։ ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները, իսկ քաղաքացիներին՝ պահանջել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող անդորրագրեր:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները տրամադրվել են նաև ՀՀ կենտրոնական բանկ՝ խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։

Ծանուցում՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: