Իսրայել–Լիբանան հրադադարը կերկարաձգվի ևս երեք շաբաթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը
համաձայնել են երեք շաբաթով երկարաձգել Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարը՝ հինգշաբթի
օրը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո։

 

Այս հանդիպումը երկու երկրների միջև անցյալ շաբաթվանից ի վեր անցկացված
բարձր մակարդակի երկրորդ բանակցությունն էր։ Նախնական 10-օրյա հրադադարը, որն ուժի
մեջ էր մտել անցյալ ուրբաթ, նախատեսվում էր ավարտվել երկուշաբթի օրը։

 

Վարչապետ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։ 

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը

։ 

– Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս է վարչապետ Փաշինյանը գնահատում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի ընթացքում մասնակիցները կրկին այրել են Թուրքիայի դրոշը։

– Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է։

Լավագույնը նրանք են, ովքեր ձեր հետ բիզնեսներում «օրթա՞խ» են եղել․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի (« Կալուգաի Սամո») վերջին հայտարարություններին՝ կապված Բաքվում գտնվող նախկին պաշտոնյաների հետ։

Պատգամավորը հարցականի տակ է դրել քաղաքացիներին «լավագույնների» և «մյուսների» բաժանելու ընդդիմադիր տրամաբանությունը։

Վահագն Ալեքսանյանը նկատել է, որ Սամվել Կարապետյանը «մեր լավագույն հայրենակիցներ» է անվանում Բաքվի բանտերում գտնվող Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին կամ Ռուբեն Վարդանյանին։ Պատգամավորը շեշտել է, որ թեև բոլորն էլ մաղթում են նրանց շուտափույթ վերադարձ, սակայն նման որակումներն առնվազն տարակուսելի են։

«Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում էլ ուրիշ լավագույն քաղաքացի չկա՞։ Օրինակ՝ հիմա զինվորական ծառայություն անցնող տղերքը լավագույնը չե՞ն։ Թե՞ լավագույնը հենց նրանք են, ովքեր ձեր հետ իշխանության մեջ են եղել կամ բիզնեսներում «օրթախ» (փայատեր) են եղել»,- նշել է Ալեքսանյանը։

Պատգամավորի խոսքով՝ նման հայտարարությունները վիրավորական են ՀՀ շարքային քաղաքացիների համար, ովքեր դուրս են մնում «լավագույնների» այդ նեղ ցանկից։

Ալեքսանյանն ընդգծել է, որ մարդկանց կարգավիճակը հարգելն ու ազատություն մաղթելը մեկ բան է, բայց նրանց բացառիկ «լավագույն» հռչակելը՝ բոլորովին այլ։

«Եթե այդ մարդիկ լավագույնն են, իսկ մյուսները ի՞նչ դասակարգումով են անցնում՝ վա՞տ, ավելի վա՞տ, թե՞ վատագույն։ Հայաստանի քաղաքացիներն էլ այդ կատեգորիայի՞ են բաժանվում»։

Հարևան երկրի դրոշ այրելը խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով դաշնակցականների կողմից Թուրքիայի դրոշը վառելու հերթական քայլին։

«Ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավել ևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա:

Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ»,- գրել է նա:

Երևանում կձևավորվի հինն ու ժամանակակիցը համադրող մշակութային միջավայր. որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի

Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Կասկադ համալիրի` «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի ազդեցության գոտում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։ Կասկադ համալիրի ավարտուն կառուցապատումը նպատակ ունի կյանքի կոչել Ալեքսանդր Թամանյանի և Ջիմ Թորոսյանի ճարտարապետական մտահղացումը՝ ապահովելով Երևանի կենտրոնի և հյուսիսային հատվածի ամբողջական, ֆունկցիոնալ ու մշակութային կապը։ Ծրագրի իրականացմամբ կձևավորվի հինն ու ժամանակակիցը համադրող բազմաֆունկցիոնալ մշակութային միջավայր, որը կբարելավի քաղաքի ճարտարապետական կերպարը և կստեղծի նոր հանրային ու մշակութային հնարավորություններ։ Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ապահովել «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի և ներդրումային ծրագրի իրականացումը՝ համալիրին հաղորդելով ամբողջական, ֆունկցիոնալ և ավարտուն տեսք։

Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, Իսակովի և Մոնթե Մելքոնյան պողոտաների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքով և Պասկևիչի բլուրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասերը և գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին» որոշում։ Նորագյուղ թաղամասի զարգացման քաղաքաշինական ծրագիրն իրականացնելու առաջարկ են ներկայացրել «Դիթի քոնսթրաքշն» և «Դիթի դևելոփմենթ» ՓԲԸ-ները, որոնց հետ կնքված պայմանագրի համաձայն վերջիններս հանդիսանալու են օտարման գոտում գտնվող սեփականության և այլ գույքային իրավունքներով ծանրաբեռնված գույքի ձեռք բերող և ծրագրի օպերատոր։

ԱՄՆ-ը կազմել է ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» դաշնակիցների ցուցակը. Politico

Միացյալ Նահանգների ղեկավարությունը կազմել է ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» երկրների ցուցակը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ Վաշինգտոն կատարելիք հերթական այցի նախաշեմին։ Ինչպես հաղորդում է Politico պարբերականը, այս ցանկում անդամ երկրները բաշխված են ըստ մակարդակների՝ կախված Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գործողություններին նրանց աջակցությունից։

Ըստ գործակալության աղբյուրների՝ այս կերպ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուղիներ է փնտրում պատժելու այն դաշնակիցներին, ովքեր հրաժարվել են աջակցել Իրանի դեմ պատերազմին։ Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Սպիտակ տունը դեռևս «հստակ գաղափարներ չունի», թե կոնկրետ ինչում կարող են արտահայտվել արտոնությունները կամ բացասական հետևանքները։

Ինչպես լրագրողներին հայտնել է մի անանուն եվրոպացի պաշտոնյա, այդ արձագանքի տարբերակներից մեկը կարող է լինել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղաշարժը։ Սակայն դա կարող է լինել թանկարժեք և ժամանակատար գործընթաց։

Politico-ն ենթադրում է, որ նման քաղաքականության հիմնական շահառուները կարող են դառնալ Լեհաստանը և Ռումինիան։ Վարշավան պաշտպանության վրա ծախսում է գրեթե ամենաշատը ՆԱՏՕ-ում, ինչպես նաև հոգում է երկրում տեղակայված 10,000 ամերիկացի զինվորականների պահպանման գրեթե ողջ ծախսը։ Իսկ Ռումինիայում վերջերս ընդլայնել են ավիաբազան, որն այժմ թույլատրվել է ԱՄՆ-ին օգտագործել Իրանում մարտական գործողություններ վարելու համար։

29 նավ ստիպված է եղել փոխել ուղղությունը ԱՄՆ ծովային շրջափակման պատճառով. CENTCOM

Ծովային շրջափակման մեկնարկից ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերը հրամայել են 29 նավերի, այդ թվում՝ Իրանի հետ կապված, փոխել ուղղությունը կամ վերադառնալ նավահանգիստներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։

Զինվորականները հայտարարել են, որ մի շարք առևտրային նավերի կողմից շրջափակումը ճեղքելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, ըստ զինվորականների պնդման, Hero II և Hedy տանկերները նախկինում կալանվել են և այժմ խարիսխ են գցած իրանական Չահբահար նավահանգստում։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Dorena նավը Հնդկական օվկիանոսում ուղեկցվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակրի կողմից՝ շրջափակումը խախտելու փորձից հետո։

«Ամերիկյան զինուժն ունի գլոբալ ընդգրկում։ Ամերիկյան ուժերը գործում և ապահովում են շրջափակման պահպանումը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս», — ասված է հաղորդագրության մեջ։

Կեցցե՜ք դուք, վառ պահեցիք Ազատության ջահը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. 

 

«23-ը ապրիլի, 2018 թ., Երևան

 

Սիրելի՜ ժողովուրդ, երբ ես վառեցի Ազատության ջահը Ազգային ժողովում, ես երազում էի էս օրվա մասին: Ես երազում էի, որ գամ ձեր առաջ՝ Հայաստանի ժողովրդի առաջ, վառեմ այն նորից ու ասեմ՝ կեցցե՜ք դուք, դուք վառ պահեցիք Ազատության ջահը, կեցցե՜ք, կեցցե՜ք, կեցցե՜ք…»: